Թուրքերը հայերի պես բարի քրիստոնյա չեն…

by

Հայ-վրացական սահմանի Ախալցխայի հատվածում 3 վրացի սահմանապահ սպանվել, 4-ը անհետ կորել են: Այս մասին տեղեկացնում են վրացական լրատվամիջոցները՝ հղում անելով Վրաստանի ներքին գործերի նախարարությանը:

Միջադեպը տեղի է ունեցել N1 Ադիգենի-Հայաստան պահակակետում: Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը, որի կազմում են ընդգրկված նաեւ ՀՀ սահմանապահ զորքերը, հերքել է վրացական ՆԳՆ հայտարարությունը՝ սահմանապահների‘հայ-վրացական սահմանին սպանված լինելու մասին:

“Այդ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում, հայ-վրացական սահմանին որեւէ միջադեպ չի գրանցվել”,- ըստ “ՌԻԱ Նովոստի”-ի, հայտնել են ՀՀ ԱԱԾ-ից: Մինչ այդ Վրաստանի ՆԳՆ աշխատակազմի ղեկավար Շոթա Խիզանիշվիլին հայտնել էր, որ սպանված 3 զինծառայողները հայտնաբերվել են հայ-վրացական սահմանի պահակակետի մոտ:

ՀՀ ԱԱԾ-ն, ինչպես նաեւ վրացական որոշ աղբյուրներ չեն բացառում, որ միջադեպը տեղի է ունեցել սահմանի վրաց-թուրքական հատվածում, քանի որ Ադիգենի շրջանը սահմանակցում է նաեւ Թուրքիային:

Միջադեպի առնչությամբ Վրաստանում առայժմ որեւէ հստակ տեղեկություն չի տրամադրվում:

Շրջանառվող գլխավոր վարկածն այն է, որ 3 սահմանապահները սպանվել են անհետ կորած մյուս 4 ծառայակիցների հետ վիճաբանության արդյունքում: Հիշյալ 4 զինծառայողներին առայժմ չի հաջողվել հայտնաբերել: Սակայն տեղեկություն կա, որ վրաց իրավապահներն արդեն ունեն հստակ մեղադրյալ, որի անունը չի հրապարակվում:

Այս ամենը կատարվեց հայ-վրացական սահմանային, ավելին՝ տարածքային հերթական անհամաձայնությունից հետո, ուստի՝ առաջին կասկածը հայերի վրա էր ընկնում: Հիշեցնենք, որ խոսքը օրեր առաջ կատարված միջադեպի մասին է, երբ վրացի սահմանապահներն արգելել էին հայ գյուղացիներին Բավրայի շրջակայքում հավաքել սեփական ցանած բերքը: Հայ գյուղացիները դիմել էին ՀՀ իշխանություններին, սակայն ապարդյուն, վրացիները խորանալով ՀՀ սահմանից ներս, տնօրինում են իրավիճակին եւ հավանաբար դեմ չեն լինի հավաքելու հայ գյուղացիներին պատկանող բերքը:

Այս միջադեպն առաջինը չէ եւ Լոռու ու Շիրակի մարզերի հետ Վրաստանի սահմանային հատվածներում պարբերաբար լինում են միջադեպեր: Իսկ ՀՀ ԱԳՆ-ն միայն տեղեկացնում է, թե բանակցությունները վրացիների հետ շարունակվում են:

Ստացվում է այնպես, որ թուրքը, ադրբեջանցին կամ վրացին երբ ուզեն, ոնց ուզեն, այնպես էլ կպահեն իրենց ՀՀ սահմաններին: Դիցուկ մեր սահմանապահները բերքահավաքի ժամանակ չեն կրակում ադրբեջանական սահմանամերձ գյուղերի վրա, իսկ ադրբեջանցիք կրակում են, վրացիները մտնում են հայկական տարածքներ եւ վրացական են համարում հայերի եկեղեցիները ու մշտապես ձրիակերի պես փորձում են տիրել հայ գյուղացիների աշխատանքին, իսկ մենք դեռ բանակցում ենք… ու ազնիվ հարեւան խաղում:

Թուրքերը չեն բանակցում, պարզապես վրացի զինվորներին այն աշխարհ են ուղարկում, որ երբ գնան հանգրվանեն վրացական հողում, մյուսներին դա լավ դաս լինի ու ավել-պակաս շարժումներ չանեն, նույնը՝ ադրբեջանցիք… Իսկ մենք վրացի զինվորին սիրում ենք, չէ՞ որ քրիստոնյա ենք, սիրում ենք նաեւ մեր թշնամիներին, ովքեր հալածում են մեր իսկ գյուղացիներին, մեր իսկ տարածքում եւ այլն:

Հիմա էլ զլմ-ներում լուրեր են պտտվում, թե Ռուսաստանի հետ գործակցող հայ գործարարները (որոնցից շատերը կուսակցապետեր են) պայմանավորվել են Հայաստանում երիտասարդական խմբեր ստեղծել՝ հակավրացական ուղղվածությամբ, որոնք պիտի նաեւ Ջավախքը պահանջեն: Է՜, հայ ազգայնականները էն գլխից են Ջավախքը պահանջել ու պահանջում: Ինչու՞ չեն ռուսաստանասերները ժողովրդավարական եվրախմբեր ստեղծում ու փորձում են ազգայնական խաղալով հարամել եւ՛ ազգայնական դաշտը եւ՛ Ջավախքի հարցը…

Այսպես էլ հարաբերվում ենք վրացիների հետ ու զիջում տարածք, պատիվ ու արժանապատվություն: Ջավախքի ու մեր ազգային այլ հարցերի մասի՞ն էլ ենք ուրիշների միջոցով ու ուրիշներին համապատասխան անելու…

Արտակ Հայոցյան

“Լուսանցք” Թիվ 29 (115), սեպտեմբերի 4 — 10, 2009թ. Հրատարակման Գ տարի

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: