Հայտարարություն Հայ ազգայնականների համախմբման (10.09.2009թ.)

by

Հայ-թուրքական հորջորջվող նախապայմանագիրն առավելապես օտար եւ իրենց աշխարհի տերերը հռչակած ուժերի շահերից բխող պարտադրանք է, քան՝ հայկական ու թուրքական կողմերի բարի կամեցողության արգասիք: Սա ակնհայտ է, եւ դա ավելի ընդգծվեց կողմերի լուռ համաձայնությունից եւ հետագա ճնշումներից հետո:

Երկու կողմերը պնդում են, որ այս նախապայմանագիրն ընդունված է առանց նախապայմանների, ինչը հավասար հնարավորություններ է ստեղծում համագործակցության համար: Եթե նույնիսկ համագործակցելու հավասար պայմաններ ստեղծվեն էլ, միեւնույնն է, նախապայմանագրի շարադրանքը հետագայում (ստորագրելուց հետո) առաջ է քաշելու տասնյակ նախապայմաններ, ինչն այլեւս կողմերի համար վերահսկելի չի լինելու, քանզի շոշափելու է ոչ միայն երկու երկրների շահերը ներառող հարցեր:

Հայ ազգայնականների համախմբումը, մտահոգված այս նախապայմանագրի բացվող վտանգներից, կոչ է անում ՀՀ իշխանություններին, ԱԺ պատգամավորական խումբ-խմբակցություններին՝ զերծ մնալ առաջ քաշված փաստաթղթի վավերացումից եւ հայ-թուրքական պայմանագիր առաջարկել հայության կենսական շահերը պաշտպանող մի շարք նախապայմաններից հետո՝ ինչպիսիք են օրինակ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը, հայկական պատմական տարածքների խնդիրը եւ հայության իրավունքները Թուրքիայում:

Բացի այդ, ներկա նախապայմանագրային փաստաթղթում առկա են մի շարք հիմնահարցեր, որոնք կարճ ժամանակ անց դառնալու են հիմնախնդիրներ եւ խոչընդոտելու են հայության պայքարին՝ մեր իրավունքների ու խնդիրների պաշտպանության մեջ:

  1. Հայաստանի Հանրապետությունը չունի դիվանագիտական հարաբերություններ Թուրքիայի Հանրապետության հետ, չի ճանաչել այդ երկրի տարածքային անձեռնամխելիությունը, ուստի մեզ համար անհասկանալի է “հայ-թուրքական սահմանի բացում” ձեւակերպումը: Այդ այսպես կոչված սահմանի երկու կողմերում էլ հայկական տարածքներ են՝ Արեւմտյան եւ Արեւելյան Հայաստանները, ուստի՝ դա Հայաստանի երկու հատվածների միջեւ արգելափակված սահմանի բացում է իրականում: Եվ կարիք չկա ներկայիս Թուրքիայի սահմանները վավերացնել հենց այնպես՝ մեկ հարվածով:

2. Այս իրողությունից ելնելով՝ “հայ-թուրքական պայմանագիր” ձեւակերպումը նույնպես չի համապատասխանում իրականությանը: Սա հիմնականում Հայաստանի Հանրապետություն-Թուրքիայի Հանրապետություն հարաբերություններն են նախանշում, քանզի հայության զգալի մասն այսօր սփյուռքում է, իսկ սփյուռքահայության եւ հայաստանահայության (նաեւ՝ արցախահայության) զգալի հատվածը դեմ է սույն նախապայմանագրին եւ այն չի կարող համարվել հայ-թուրքական:
3. Այս փաստաթուղթն առանց նախապայմանների վավերացնելով՝ մենք կճանաչենք Թուրքիայի ներկայիս սահմանները՝ առանց Արեւմտյան Հայաստանի խնդիրը, սիրիական Ալեքանդրեթի սանջակի թուրքական բռնազավթումը եւ քրդերի որոշ հատվածի իրավունքներն արծարծելու:
4. Նախապայմանագրում նշված է, որ կողմերը համագործակցելու են ահաբեկչական պայքարների դեմ: Ակնհայտ է, որ հայկական ՀԱՀԳԲ (ԱՍԱԼԱ) կազմակերպությունը եւ քրդական ՔԲԿ-ն թուրքերը համարում են ահաբեկչական կառույցներ, ինչը դժվարին կացության մեջ է գցելու ՀՀ իշխանություններին՝ հետագայում ազատագրական պայքարները (նաեւ՝ արցախյան) պաշտպանելու հարցում:
5. Ճանաչելով Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության իրավունքները՝ Թուրքիայի Հանրապետությունն օրինականացնելու է ոչ միայն Հայաստանի արեւմտյան հատվածի բռնազավթումը իր կողմից, այլեւ՝ Արցախ-ԼՂՀ-ն եւ ազատագրված տարածքները դիտարկելու է հայերի կողմից բռնազավթված հողեր եւ այս պայմանագրի երեւան գալուց անմիջապես հետո պաշտպանելու է Ադրբեջանի Հանրապետության տարածքային անձեռնամխելիության հարցը: Այսինքն՝ սույն պայմանագրով մենք վավերացնելու ենք Հայաստանի արեւմտյան ու արեւելյան հատվածների (նաեւ՝ Նախիջեւանի ու Ջավախքի) բռնազավթումները:
6. Վավերացնելով այս նախապայմանագիրը՝ Հայաստանի Հանրապետությունը, կամա թե ակամա, նպաստելու է Արեւմտյան Հայաստանի թուրքացմանը, ինչը առ այսօր տեղի չի ունենում հայկական տարածքներում‘ թույլ զարգացած տնտեսության եւ քրդական դիմադրության պայմաններում: Բազմաթիվ թուրքեր էլ ի վերջո սպասում են, որ հայերը մի օր հետ կպահանջեն իրենց հողերը, որի վրա նրանք այդպես էլ չեն բնավորվում հիմնականում: Այսպես կոչված հայ-թուրքական սահմանների բացումից հետո տնտեսական զարգացումն անխուսափելի կդառնա եւ հայկական հողերը կթուրքացվեն՝ պայմանավորված ֆինանսա-տնտեսական գործոնով, բայց բացի տնտեսական գործոնից կփոխվի նաեւ հոգեբանական գործոնը, որ այդ հողերն ի վերջո հայկական են, եւ կդիտվեն այլեւս թուրքական:

7. Նախապայմանագրում նշված տարաբնույթ հանձնաժողովների քննարկումներում միտումնավոր կերպով կասկածի տակ կդրվեն Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, մշակութային ու պատմական տարբեր իրողությունները, ինչը էապես կթուլացնի հայկական դիվանագիտության հիմքերը եւ, առհասարակ, հայկական արտաքին քաղաքականությունը տարածաշրջանում: Կարելի է էլի շարունակել, սակայն այսքանն էլ բավարար է հայ-թուրքական հորջորջյալ նախապայմանագիրը պատմության աղբանոցը նետելու համար: Հետաքրքիր է, որ նախապայմանագրի առաջադրումից հետո, 2 ամսվա ընթացքում (ինչը սույն փաստաթուղթը վավերացնելու ժամկետն է), հոկտեմբերին հասնում ենք Կարսի պայմանագրի ստորագրման օրերին եւ վստահորեն նշենք, որ ստորագրելով նման պայմանագիր, մենք վերստին, 88 տարի անց վերավավերացնում ենք Կարսի 1921թ. խայտառակ պայմանագիրը՝ հավելյալ խայտառակություններով ու նոր անվանումով:

Կոչ ենք անում նաեւ համայն հայությանը՝ վերոնշյալ նախապայմանագրի վավերացմանը դեմ կանգնել ու պարտադրել հայրենի իշխանություններին հեռու մնալու թուրքական եւ այլ օտար ուժերի օրինականացված խարդախություններից՝ այսպիսով հայությանը եւ Հայաստանին զերծ պահելով հնարավոր վտանգներից: 

“Լուսանցք” Թիվ 116, սեպտեմբերի 11 — 17, 2009թ.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: