Եվրոպայի խորհրդարանի պատգամավոր Սիլվի Գիյոմը սեպտեմբերի 15-ին նամակով դիմել է Եվրամիության Արտաքին հարաբերությունների եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար տիկին Բենիտա Ֆեռերո-Վալդներին՝ ուշադրություն հրավիրելով Եվրամիության համապատասխան մարմիններին ջավախքահայ հասարակական ու քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի գործի շուրջ ընթացող զարգացումներին:
Ստորեւ ներկայացնում ենք նամակի հայերեն թարգմանությունը՝ կատարված “Երկիր” միության կողմից:
Եվրամիության Արտաքին հարաբերությունների եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար տիկին Բենիտա Ֆեռերո-Վալդներին
Ստրասբուրգ, սեպտեմբեր 15, 2009թ.
Տիկին,
Ես կուզենայի ահազանգել խտրականության զոհ հանդիսացող Վրաստանի էթնիկական եւ կրոնական փոքրամասնությունների շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ:
Մասնավորապես, հայ փոքրամասնությունը ենթարկվում է լեզվական, սոցիալական եւ կրոնական խտրականության, իսկ տարածաշրջանը, որտեղ այն մեծամասնություն է կազմում, գրեթե զուրկ է տարանցիկ ճանապարհներից, էներգետիկ, առողջապահական եւ սոցիալական ծառայություններից:
Վրացահայերի քաղաքական առաջնորդներից մեկը՝ Վահագն Չախալյանը ձերբակալվել է 2008թ. հուլիսին եւ դատապարտվել է 10 տարվա ազատազրկման հույժ կասկածելի մեղադրանքներով:
Նրա ղեկավարած շարժման պահանջները խաղաղ բնույթի են, դրանք ուղղված են ոչ թե անկախացմանը կամ ինքնավարության հաստատմանը, այլ Վրաստանի հայ բնակչության քաղաքացիական իրավունքների ճանաչման նպատակ են հետապնդում այն պայմաններում, երբ վրացական իշխանությունները հայաբնակ շրջաններում վարում են ձուլման քաղաքականություն, հատկապես 2005թ. ռուսական ռազմաբազաների դուրս բերումից հետո:
Դեռեւս վերաքննիչ բողոքն ընթացքի մեջ՝ Վահագն Չախալյանը Թբիլիսիի մեկուսարանից տեղափոխվել է մեկ այլ բանտ, որը գտնվում է քաղաքից 30 կմ հեռավորության վրա, եւ որտեղ նա իր անվտանգության հետ կապված մտահոգություններ ունի:
Նրա վերաքննիչ բողոքի դատալսումը նախատեսված է վերսկսվելու այս ուրբաթ (սեպտեմբերի 18-ին), բայց նրա ձերբակալությունը, գործի նախաքննության եւ առաջին ատյանում դատաքննության ընթացքը ուղեկցվել են լուրջ օրինախախտումներով (Վրաստանի արդարադատության նախարարությունն անգամ մերժել է նրան ֆրանսիացի փաստաբան ունենալու իրավունքից):
Մենք իրավունք չունենք հանդուրժելու վրացական իշխանությունների արդար դատաքննության իրավունքի միջազգային նորմերի ոտնահարման գործելաոճը, նամանավանդ, որ Վրաստանը Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացվող Եվրոպական հարեւանության ծրագրով ստացել է 15 մլն Եվրո՝ դատաիրավական ոլորտում բարեփոխումներ իրականացնելու նպատակով:
Կարո՞ղ եք Դուք հանձնարարել Թբիլիսիում Եվրամիության ներկայացուցչությանը հետեւել Չախալյանի դատավարությանը: Արդյո՞ք մենք չպետք է պահանջենք վրացական իշխանություններից հաշվետու լինել դատաիրավական ոլորտի բարելավմանն ուղղված միջոցների համար, ինչպես նաեւ միջոցներ ձեռնարկենք՝ Վրաստանին իր ստանձնած պարտավորությունների կատարմանը մղելու ուղղությամբ:
Տիկին, խնդրում եմ ընդունել հարգանքներիս հավաստիքը:
Սիլվի Գիյոմ
Հ.Գ. — “Լուսանցք”-ի կողմից — Այս ահազանգը դեռ միայն Վահագն Չախալյանի դեպքի մասին է, սակայն, վրացական “հարեւան ու բարեկամ” իշխանությունների հայահալած քաղաքականությունից արդեն հարյուրավոր հայորդիներ են տառապել, ձերբակալվել, բանտարկվել, վտարվել ու սպանվել… Իսկ մեր երկրում, առանց ամոթի, պաշտոնական կերպով ընդունում, պատվում ու ճանապարհում են (դեռ մեդալ են նվիրում) Վրաստանի՝ Սահակաշվիլի կոչված նախագահին:
“Լուսանցք” Թիվ 117, սեպտեմբերի 18 — 24, 2009թ.
Թողնել պատասխան