Չնայած համագյուղացիներ լինելուն` ես Պարույր Սեւակին առաջին անգամ տեսել եմ 1959թ-ին` գրականագետ, Սեւակի արյունակից բարեկամ, նրա կենսագիր, բանասիրական գիտ. դոկտոր Ալբերտ Արիստակեսյանի տանը: Ալբերտը իմ հորաքրոջ որդին էր (նաեւ մեր` իր երիտասարդ հարազատ-բարեկամների հոգեւոր ուսուցիչը), ապրում էինք նույն բակում:
Մինչ այդ հանդիպումը Ալբերտը մեզ հաճախ էր պատմում Սեւակի մասին, կարդում էր եւ արտասանում նրա դեռեւս հանրությանն անծանոթ (կամ քիչ ծանոթ), բայց իրեն հոգեհարազատ բանաստեղծություններ: Այս ամենի շնորհիվ մինչ հանդիպումը ես, թվում է, արդեն շա՜տ մոտիկից ճանաչում էի բանաստեղծին: Այնուամենայնիվ, այլ էր հանդիպումը. ինչպես առաջին, այնպես էլ հաջորդող հանդիպումներից յուրաքանչյուրը մի բացառիկ իրադարձություն, անբացատրելի երեւույթ էր ինձ համար:
Առաջին հանդիպման ժամանակ ես 9-րդ դասարանում էի: Ունեի երաժշտական ունակություն եւ երգում էի մեր բոլոր խնջույքների ժամանակ: Այդ օրն էլ երգեցի… ոչ բարով երգեի… եւ երգեցի գիտե՞ք ինչ, այն ժամանակներում խիստ տարածված եւ հնչեղություն ունեցող “Քուռ-Արազ-Արարատ… կարդաշ օլուբ Հայաստան-Ազերբայջան…”-ը (ի դեպ, այդ երգի համար փառատոնում պատվոգիր էի ստացել), մի հունական երգ, ընթացքում մեկ-երկու հատ էլ հայկական գուսանական երգեր:
Խնջույքի վերջում Սեւակն ինձ ասաց. “Սեւուկ ջան (Սեւուկն իմ մականունն է), դու պիտի Կոմիտաս երգես”,- ու պատմեց մի քանի դրվագներ Մեծն Կոմիտասի կյանքից: Ասում եմ` ընկեր Սեւակ:
— Այ տղա, ի՞նչ ընկեր:
— Բա ինչպե՞ս դիմեմ. քեռի ասեմ, դուք իմ հայրական կողմից եք բարեկամ, ամի ասեմ, ախր թուրքերեն է,- ասում եմ:
— Ո՛չ,- ասաց Սեւակը,- ո՞վ է ասել, կարող ես ամի ասել:
— Ամի ջան, ախր որ Կոմիտաս երգեմ, դահլիճը չի հասկանա, լավ չի ընդունի,-անկեղծանում եմ:
— Ձեր կուլտուրայի տան դահլիճը քանի՞ տեղանոց է:
— Մոտ 400,- պատասխանում եմ:
— Այդ 400-ից 4 մարդ կհասկանա՞:
— Հա, իհարկե:
— Ուրեմն, դու երգիր այդ 4 մարդու համար եւ անպայման կգտնես ու կկարդաս Լյուսի Թարգյուլի “Կոմիտաս” վեպը:
— Խոստանում եմ:
Դրանով ավարտվեց մեր առաջին` ինձ համար ճակատագրական զրույցը:
Արդեն այն, որ զրուցել եմ Պարույր Սեւակի հետ, ինձ համար մեծ հպարտություն ու պատիվ էր, իմ հասակակիցների շրջանում պարծենալու հրաշալի առիթ: Հաջորդ օրն իսկ գրադարանից (երանի այն ժամանակներին, ինչքան գրադարաններ կային) վերցրի բանաստեղծի հանձնարարած գիրքը եւ 2-3 օրում հափշտակությամբ կարդացի:
Կոմիտասն իմ ամբողջ էությունը գլխիվայր շուռ տվեց: Այդ օրվանից մի քանի շաբաթում անգիր արեցի երգարանում եղած այն բոլոր երգերը, որոնք թեկուզ քիչ, բայց գոնե հնչում էին ռադիոյով:
Անցան ամիսներ … Ձգտումս նորից հանդիպելու բանաստեղծին, լսելու նրա իմաստուն խոսք-խորհուրդները, ըմբոշխնելու նրա ջերմ ներկայությունը, անափ էր: Նաեւ պատրաստ էի քննություն հանձնել, հպարտանալ հանճարեղ Կոմիտասի իմ իմացությամբ… Եվ առիթը ներկայացավ…
Հորս՝ Նորայր Ղազարյանի (նա այդ տարիներին շրջխորհրդի գործկոմի կուլտուրայի բաժնի վարիչ էր) նախաձեռնությամբ մի կիրակի մեկնեցինք Ապարան՝ հանգստանալու բնության գրկում: Մեզ հետ էր նաեւ Սեւակը: Ամբողջ ճանապարհին մեր “բակային” երգչախումբը, որի “երգիչ դիրիժոր”-ը Ալբերտն էր, երգում էինք միայն Կոմիտաս եւ ազգային, ժողովրդական երգեր: Հենց ճանապարհին իմացանք, որ Սեւակի ամենասիրելի երգերից էին (բնականաբար Կոմիտասի երգերից հետո) “Հյուսվածքս զառ եմ նախշել, տուն արի յար…”-ը (որի համար ասաց` հրաշք երգ է) եւ Հրաչյա Հովհաննիսյանի խոսքերով գրված “Երթամ արտը հնձելու…” երգերը:
Բանաստեղծը գոհ էր. ես հրճվանքից գլուխս կորցրել էի: Մի բան ակնառու էր. սկսվում էր մի ջերմ բարեկամություն Մեծ բանաստեղծի եւ նրան պաշտող երկրպագու ընթերցողի միջեւ` Պարույր ամիի ու Սեւուկ “եղբորորդու” բարեկամությունը:
Անցյալի պատառ, որ ապագա է. Պարույր գիտնականը
Մեր մոտ ազգականներից մեկը, իմանալով որ Սեւակն ինձ շատ է սիրում, խնդրեց մի հարցով օգնեմ:
Այդ տարին Սեւակը Գերագույն Խորհրդի պատգամավոր էր: Պատահաբար փողոցում հանդիպեցի, ողջագուրվեցինք, ասացի.
— Ամի ջան, մեր բարեկամի տղային կալանավորել են, մայրը շատ խնդրեց քեզ ասեմ, որ միջնորդես պատիժը մեղմացնելու համար:
Պոռթկաց.
— Պարույր Սեւակը պատգամավոր է ընտրվել, որ հանցագործներին, թեկուզ բարեկամ, հովանավորի՞… ոչ մի դեպքում, հանցագործ է, պիտի պատժվի:
Հոգուս խորքում համամիտ էի նրան, բայց… Զգաց, նրբորեն զգաց վիճակս…
— Սեւուկ ջան, ես քեզ վրա չեմ զայրանում, ջանս, դու մի վիրավորվիր,- ապա համբուրեց ու բաժանվեցինք:
Որքան պոռթկուն, իմաստուն ու ուղղամիտ էր, այնքան նրբանկատ ու բարի:
Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ 60-70-ական թվականները մեր ժողովրդի համար ազգային ու ոգեղեն մշակույթի զարթոնքի բուռն տարիներ էին:
“Անլռելի զանգակատուն” պոեմի շռնդալից մուտքը հայ գրականություն, հայրենասիրական-ազգայնական մի քանի գաղտնի կազմակերպությունների (ՀԵՄ, ԱՄԿ եւ այլք) առկայությունը, 65-ի ապրիլի 24-ի (ԽՍՀՄ պատմության մեջ աննախադեպ) սգո երթ-ցույցը, մեծ եղեռնի հուշարձանի բացումը, գրական ու մշակութային բուռն կյանքն իրենց խորը կնիքը թողեցին մեր սերնդի գիտակցության ձեւավորման ու հոգեկերտվածքի վրա: Հիշեցի Ալբերտ Արիստակեսյանի բնութագրումը.
— Սեւակը գրում է այնպես, ինչպես 10-րդ դարում` Մեծն Նարեկացին:
Մինչեւ Ծիծեռնակաբերդի հուշարձանի բացումը, ամեն ապրիլի 24-ին այցելում էինք պանթեոն՝ Կոմիտասի շիրիմին ծաղիկներ դնելու: 66-ի այդ օրը ականատես եղա Սեւակի մեծությունը փաստող մի տեսարանի:
Գրական աշխարհի իր մի քանի ընկերների հետ մոտենում էր Կոմիտասի հուշարձանին, երբ քիչ այն կողմ նկատեց բարետես, սպիտակահեր մի ծերունու:
Կտրուկ թողեց ընկերներին, մոտեցավ ծերունուն, բռնեց-համբուրեց նրա աջը, ապա դիմելով ընկերներին` հուզված ու շատ պայծառացած ասաց.
— Խնդրում եմ ծանոթացեք, ընկ. Վարդան Հովսեփյանը իմ ուսուցիչն է…
1967թ-ի հուլիսի 27-ին կայացավ Պարույր Սեւակի “Սայաթ Նովա” ատենախոսության պաշտպանությունը բանասիրական գիտությունների թեքնածուի գիտական աստիճան ստանալու հայցով:
Սեւակի երկրպագուների թիվն այնքան մեծ էր, որ ոչ միայն գրականության ինստիտուտի դահլիճում, այլեւ միջանցքում եւ աստիճանների վրա “ասեղ գցելու” տեղ չկար: Պաշտպանության պաշտոնական ընդդիմախոսներն էին Ռուբեն Զարյանը, Սուրեն Աղաբաբյանը, Ասատուր Մնացականյանը եւ վաստակաշատ Մորուս Հասրաթյանը:
Դա լոկ գիտական թեզի պաշտպանություն չէր, այլ փայլուն գիտական բանավեճ հատկապես երկու մեծերի՝ թեզը պաշտպանող Պարույր Սեւակի եւ ընդդիմախոս՝ սայաթնովայագետ Մորուս Հասրաթյանի միջեւ (այդ բանավեճը տեւեց մոտ 4 ժամ):
Ընդդիմախոսի բոլոր 10 հարցապնդումներին Սեւակը իր բոլոր պատասխանները ուսուցչամեծար, խելացի սանին հատուկ ոճով սկսում էր “օգտվելով չարաճճի աշակերտի իրավունքից, իմ սիրելի ուսուցչին պետք է ասեմ” կամ “հայցելով իմ շատ սիրելի ուսուցչի ներողամտությունը” եւ նմանատիպ այլ խոսքերով, ապա, հանդես բերելով գիտական բանավեճին տիրապետողի իր ճարտասանական վարպետությունն ու գիտական հիմնավորումները, ապացուցում էր… անգամ “անապացուցելին”…
Մեծ գիտնականին հատուկ խոհեմությամբ Մորուս Հասրաթյանն ընդունում էր Սեւակի հիմնավորումները:
Բանավեճի գագաթնակետը եղավ վերջին հարցապնդմանը Սեւակի տված կրկին շատ հիմնավոր պատասխանը, որին հաջորդեց Մորուս Հասրաթյանի հիացմունքով լեցուն “հանդիմանական” խոսքը.
— Այ տղա, տաս անգամ ասացի ընդունում եմ, մի անգամ էլ դու ասա էլի, հո խանչալիդ զառ քարը վեր չի ընկնի:
Ներկաները բուռն ծափահարեցին:
Չնայած երկարատեւ բանավեճերին, հենց իրենք՝ ընդդիմախոսները պահանջեցին (“ինչ-որ օրենքի, ինչ-որ պահանջի համապատասխան”) Պարույր Սեւակին մի անգամից շնորհել բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան…
Բացառիկ երեւույթ գիտական աշխարհում՝ կիրառված բացառիկ անհատի նկատմամբ…
Մորուս Հասրաթյանը առաջինը գրկեց Սեւակին ու ճակատը համբուրեց:
Հիրավի, մեծերին հատուկ գիտական բանավեճ, ուր հաղթողը մեկն է` գիտությունը: Իսկական գիտությունը: Որ զերծ է մարդկային նախանձից…
Մինչեւ այսօր էլ շատ կարոտով ու հուզմունքով եմ հիշում 1966-ի ամռանը ԵՊՀ-ի դասախոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թադեւոս (Թաթիկ) Հակոբյանի ղեկավարությամբ, Պարույր Սեւակի եւ դոցենտ Գրիգոր Ավագյանի մասնակցությամբ համալսարանի աշխարհագրական ֆակ.-ի 3-րդ եւ մեր` 5-րդ կուրսի ուսանողների ուղեւորությունը Երեւան-Գորիս-Ղափան երթուղով: Ճանապարհին հայրենասիրական-ժողովրդական երգեր երգելով, պարելով հասանք Սիսիան: Մեր “ավագանի” եռյակը ավտոբուսից իջավ, գնացին շուկա: Քիչ անց եկան` ճմրթած թղթով բերանը փակած երկու շիշ քարահունջի օղի ձեռքներին: Սեւակը դրանք տվեց ինձ, ասաց` պահիր: Շշերը վերցրի, դրեցի փոքր ճամպրուկիս մեջ: Գորիսի ճանապարհին Սեւակն ինձ տվեց նաեւ նշումներով լցված երկու ընդհանուր տետր եւ ասաց` սրանք էլ պահիր: Ես էլ` “խելոքս” այդ տետրերն էլ դրեցի նույն ճամպրուկի մեջ: Երեկոյան հասանք Գորիս, Սեւակն ուզեց տետրերը: Բացեցի ճամպրուկը եւ ի՞նչ. սառը քրտինքը պատեց մարմինս. չարաբաստիկ քարահունջի օղին թափվել էր տետրերի վրա եւ համարյա կիսով չափ ջնջել նշումները: Ի՞նչ անեմ: Մեծագույն հանցանք գործածի նման, դողդողալով մոտեցա, ասացի. “Ամի, տես` ինչ են եղել տետրերը”:
— Ի՞նչ ես ասում, այ տղա,- վեր թռավ տեղից,- տու՛ր տեսնեմ:
Վերցրեց, հատ-հատ թերթեց. “Ոչինչ, սա էլ ոչինչ, սա էլ կհիշեմ” եւ այսպես… մինչեւ վերջ: Տեսնելով, որ մեռած եմ` թաղած չեմ, ասաց.
— Լավ, քիթդ մի՛ կախիր, տար` լավ պահիր:
— Ամի ջան, գուցե ուրիշի՞ն տաս:
— Ոչ, դու պիտի պահես,-ինչպիսի՜ նրբանկատություն:
Մինչեւ հյուրանոց գնալը, Սատանայի կամրջի վրա կազմակերպեցինք խնջույք` խարույկի շուրջ: 3-րդ կուրսի երեք թիկնեղ տղաներ, մինչեւ գոտկատեղը մերկացած, գլխներին սրբիչներ կապած, երեսները մրոտած, սասնա ֆիդայական շուրջպար բռնեցին. մի անմոռանալի տեսարան:
Սեւակը հիացած ասաց. “Հեթանոսների պարը` սատանայի կամրջի վրա, ես դրան կանդրադառնամ”:
Հաջորդ օրն առավոտյան իմացանք, որ Սեւակը գիշերը խնդրել էր Թաթիկ Հակոբյանին (ով, ի դեպ, շատ էր սիրում Սեւակին). “Ղարաբաղում ընդհանրապես չեմ եղել, Բագրատ Ուլուբաբյանն էլ Ստեփանակերտում է: Խնդրում եմ, Ղափանի փոխարեն գնանք Ստեփանակերտ”: Ի ուրախություն բոլորիս, առաջին անգամ առիթ ունեցանք լինելու Ղարաբաղում (այն էլ Սեւակի հետ): Այդ գիշեր “ավագանի” եռյակը հանդիպել էր (բնականաբար գաղտնի) Բագրատ Ուլուբաբյանին, ով շատ ցանկացել էր հանդիպել Երեւանից եկած գոնե մի երկու ուսանողների:
Հաջորդ օրը երեկոյան կիսախափանված ավտոբուսով մի կերպ հասանք Ղազախ (ամբողջ ճանապարհին ըմբոշխնելով Արցախի դրախտային բնության հմայքը), որտեղ “հյուրընկալվելու” տեղ չլինելու պատճառով գիշերեցինք ինչ-որ մի ավտոպարկում, որտեղ նաեւ վերանորոգում էին մեր ավտոբուսը: Ամբողջ գիշեր նվագեցինք ու պարեցինք: Այդ օրը բախտ ունեցա տեսնելու Մեծն Սեւակի պարը, հատկապես գովնդ եւ քոչարի: Հրաշալի էր պարում: Լուսադեմին հազիվ հասցրել էին ավտոբուսի շարժիչը նորոգել, եւ բռնեցինք վերադարձի ճամփան: Երեկոյան հասանք Սեւան: “Ավագանին” որոշեց իշխան ձուկ ուտել: Փողերը հավաքեցի, հաշվարկեցի, որ դրանով յուրաքանչյուրիս կհասնի մեկական ձուկ` իր մնացած “ատրիբուտներով”: Մոտեցա մատուցողին, ասացի, որ ամեն մեկիս առանձին-առանձին մեկական ձուկ մատուցի, նա թե` “հնարավոր չէ, ես ընդհանուր կբերեմ, դուք բաժանեք”: Ես` չէ, նա` հա, աղմուկ ստացվեց, եւ մեր շատ սիրելի պրոֆեսորը` Թաթիկ Հակոբյանը մատուցողին զայրացած ասաց. “Գիտե՞ք, որ ձեր խորտկարանում հյուրընկալվում է հայ նշանավոր բանաստեղծ Պարույր Սեւակը”: Սեւակն էլ պահը չկորցնելով թե` “իսկ նա պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թադեւոս Հակոբյանն է, մյուսը` դոցենտ Գրիգոր Ավագյանը: Խեղճ մատուցողը շշկռվեց, գնաց, ու քիչ անց իրենց սրահի վարիչի հետ եկավ, ով շատ հարգալից հարթեց եւ “լուծեց” բոլոր հարցերը: Քիչ անց մեզ հյուրասիրեցին մեր պատվիրածի կրկնակի չափով, իսկ “ավագանուն”` լի ու բոլ մի ճոխ սկուտեղ ընտիր կոնյակով: Սեւակը լրջորեն դիմեց “շեֆին”. “Ինչպե՞ս հասկանանք”: “Շեֆն” էլ թե` “Ընկ. Սեւակ, կողքի սենյակում Ձեր ջերմ երկրպագուներն են, ու իրենք են հյուրասիրում”:
Վերջում մեզանից իմ հաշվարկից էլ քիչ գումար գանձեցին եւ փառահեղ ճամփեցին մեզ:
Վազգեն Ղազարյան
“Լուսանցք” Թիվ 119, հոկտեմբերի 2 — 8, 2009թ.
“Լուսանցք” Թիվ 120, հոկտեմբերի 9 — 15, 2009թ.
“Լուսանցք” Թիվ 121, հոկտեմբերի 16 — 22, 2009թ.
Թողնել պատասխան