Հայ-թուրքական հարաբերությունների “կարգավորման” գործընթացի ժամանակ Ադրբեջանում շարունակվում են պաշտոնական Անկարայի հասցեին հնչող մեղադրական ու քննադատական հայտարարությունները: Գերիշխող է այն կարծիքը, որ եթե Թուրքիան համաձայնի Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, կնշանակի թուրքերը դավաճանել են Ադրբեջանին:
Այս առնչությամբ Բաքվում հերթական հայտարարությունն է հնչել. “Վեստի.ազ” կայքի փոխանցմամբ՝ Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր, “Միասնական Ադրբեջանի ազգային ճակատ” կուսակցության ներկայացուցիչ Հուդրաթ Հասանգուլիեւը, սուր քննադատության ենթարկելով Թուրքիայի իշխանություններին, մասնավորապես ասել է, թե մինչեւ “Ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծումը Թուրքիայի կողմից սահմանի բացումը կհիասթափեցնի ոչ միայն Թուրքիայի, այլեւ Ադրբեջանի ժողովրդին”: “Չնայած այն հանգամանքին, որ Էրդողանը Թուրքիայի կառավարության ղեկավարն է, ես նրան՝ որպես քաղաքական գործչի, չեմ վստահում: Դրա համար էլ նրա ելույթի ժամանակ չմասնակցեցի խորհրդարանի նիստին: Ես դեռ այն ժամանակ հայտարարեցի, որ նրան չեմ հավատում: Ժամանակը ցույց տվեց, որ Էրդողանը խաբեց”, — ասել է Միլի մեջլիսի անդամն ու հորդորել ադրբեջանցիներին՝ կոչ անել թուրք եղբայրներին խոչընդոտել գործընթացի ծավալմանը. “Մենք իրավունք չունենք թույլ տալ նման արձանագրությունների ստորագրում, եւ մենք ամեն կերպ պիտի խոչընդոտենք դրան: Այդ արձանագրության ստորագրումը ադրբեջանցի թյուրքերի հանդեպ հանցագործություն է, դավաճանություն”: “Ի՞նչ կանեին մեր եղբայր թուրքերը, եթե մենք համագործակցության պայմանագիր ստորագրեինք Քրդական բանվորական կուսակցության հետ”: Այսպիսի տեսակետներ հնչում են պարբերաբար եւ գրեթե բոլոր ուժերի կողմից:
Վահագն Նանյան
“Լուսանցք” Թիվ 119, հոկտեմբերի 2 — 8, 2009թ.
Թողնել պատասխան