Հուդան եւ 30 արծաթը հասան նաեւ որոշ “քրմերի՞”

by

Պարզաբանում է Հայ Արիական Միաբանությունը

Oրեր առաջ Հայ Արիական միաբանությունն (ՀԱՄ) ու Հայ ազգայնականների համախմբումը հայտարարություն էին տարածել Երեւանում Արիական-հեթանոսական մայր տաճար կառուցելու նախաձեռնության մասին: Եվ այդ նախաձեռնությանը, ինչքան էլ մեզ համար տարօրինակ ու ցավալի է, բացասաբար վերաբերեցին… “Արորդիների Ուխտ”-ի որոշ քրմեր: Պատճառը, ցավոք, հետո պարզ դարձավ, ինչին առիթի դեպքում կանդրադառնանք…
Այժմ ՀԱՄ Գերագույն Խորհուրդն ընդամենը արձանագրում է, որ “Արորդիների Ուխտ” կոչվող քրմական խորհուրդը վերջնականապես պախարակեց իրեն եւ սկիզբ դրեց այս` արդեն ձեւական դարձած կառույցի զանգվածային անտեսմանը, արհամարհմանը: Քրմական խորհուրդ կոչվածը անբարո կերպով ապատեղեկատվություն է տարածել ՀԱՄ անդամների մասին` նշելով, թե ՀԱՄ-ականները “Արորդիների Ուխտ”-ի անդամներ են: ՀԱՄ անդամներն օծվել են Արորդիներին հատուկ ծեսով (մեծ մասը նախկին քրմապետ Սլակ Կակոսյանի կողմից, ում հետ համեմատվել այսօր ոչ մի քուրմ չի կարող), բայց դա չի նշանակում, թե այդ կառույցի անդամներ են: Ի՞նչ է, մե՞նք պետք է քրմերին իրենց իսկ կանոնադրությունը բացատրենք: “Արորդիների Ուխտ”-ն ու ՀԱՄ-ը տարբեր կառույցներ են, ի՞նչ կա չհասկանալու կամ չհասկացողի կերպարանք ընդունելու: Բացի այդ` “Արորդիների Ուխտ”-ի որոշ քրմեր իրենց փորձում են նույնացնել Հայաստանի հեթանոսական համայնքի հետ, ինչը, մեղմ ասած, ճիշտ չէ ու նաեւ ծիծաղ է առաջացնում: Այդ որոշ նյութականացված քրմերը, ովքեր իրական պատկերացում անգամ չունեն Հայ Աստվածներից, արիական ապրելակերպից, կարծել են, թե հեթանոսական համայնք ասելով մարդիկ իրենց են ընկալում: Չնայած այս ամենն այնքա՜ն դժվար է բացատրել որոշ “հոգեւոր” քրմերի, ում ձեռքին թուղթ ու գրիչ երբեք չի լինում ու ասելիք էլ չունեն ընդհանրապես:
Եվ բարոյականությունից խոսող ու “Ուխտագիրք”-ից մեջբերումներ անող այդ “հոգեւոր” քրմերը այդպես էլ չհասկացան, որ “Արորդիների ուխտ”-ին ՀԱՄ-ի տարիների աջակցությունը հանուն գաղափարի ու հավատի է եղել, այլ ոչ թե ինչ-որ անձի (կամ անձերի) սնապարծությունը բավարարելու միջոց, ով գրպանից լումա անգամ չի հանել հանուն ազգային ու հավատքային գործերի: Իսկ եղած իսկապես Սուրբ գիրքն էլ` “Ուխտագիրք”-ը կազմել եւ տպագրել է լուսահոգի Սլակ Կակոսյանը: Ի՞նչ են արել այդ որոշ քրմերը քրմապետի մահից հետո: Ոչինչ: Եվ եթե չլիներ նաեւ ՀԱՄ օժանդակությունը, հետզհետե մարող ծեսերն էլ չէին կազմակերպվելու: Հիմա թրփոշացել են, “մոռացել” հավատի ու կրոնի տարբերությունն անգամ, նախկինում քրիստոնյաներին ատողներն այսօր քրիստոնեասեր են դարձել (դա էլ իր գինն է ունեցել, ընդ որում` էժան) ու վեհանձնությունից են խոսում: Իսկ ու՞ր էր նրանց վեհանձնությունն ու դիմացինին` քրիստոնյային առանց կրոնական խտրականության սիրելու կարողությունը, երբ իրենց` քրմերին սնող աղբյուրը քրիստոնեական չէր… Ի դեպ, երբ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը հրապարակեց իր “Հայ-Արիականություն. Հեթանոսություն-քրիստոնեություն. հաշտեցման եզրեր” գիրքը, առաջին ընդդիմացողները դարձյալ այդ քրմերից էին` այնժամ քրիստոնեատյաց, այդ ինչպե՞ս հիմա քրիստոնեասեր դարձան: Ներկայումս եկեղեցու շարքային քահանաներն էլ են այդպես. օրավարձը ստացան` ջերմեռանդ քրիստոնյա են, օրավարձից կտրվեցին` եկեղեցու ներսում խժդժություններ են սարքում: Հիմա ՀԱՄ-ի համար ի՞նչ տարբերություն` մտածելակերպով շարքայինը քահանա՞ է, թե՞ քուրմ:
Միայն մի բան է շատ ափսոսում ՀԱՄ-ը` երբեմն ստիպված է լինում պատասխանել այս ու այն ստահակների, որոնց բացահայտելու համար էլ, ցավոք, երկար ժամանակ է կորցնում: Բայց դե, կյանք է… Ու դրանց ամբողջ գոռգոռոցի իմաստը Արիական-հեթանոսական մայր տաճար կառուցելու նախաձեռնության հետ կապված այն է, որ մայր տաճարը Գառնին է: Թե սրանք իրենց կանոնադրությունում ինչ են գրել Արիական մայր տաճարի համար, ՀԱՄ-ին քիչ է հուզում, Գառնին էլ որպես տաճար` իրապես մայր տաճար չէ (պատմության դասե՞ր էլ տանք), սակայն դա ոչինչ չի նշանակում, այն մեր հավատքի միակ կանգուն եւ պաշտելի տաճարն է այսօր (տաճարները վերականգնել ու նորերը կառուցել է պետք, ոչ թե մեկով բավարարվել): Ուստի, այդ “քրմերը” թող տարին գոնե մեկ անգամ թերթեն “Ուխտագիրք”-ը եւ բացի կիսատ-պռատ մեջբերումներ անելուց ապրեն ըստ այդ գրվածքների…
Այլապես, շատ հեշտ է որոշ քրմերի նման առավոտյան գնալ լավ վարձատրվող աշխատանքի, թարմացնել սեփական տան գործերը, ավտոմեքենան կամ մեկ այլ բան, հեզաբարո ծառայել գործատերերին, երեկոյան հանգստանալ տանը եւ հետո, ուրիշի գումարներով ամպագոռգոռ խոսել զոհաբերությունից, ազգայնականությունից ու արիական հավատից: Այ սա՛ է ստորությունը, երբ չը-զոհաբերելով` այլոց զոհաբերություններով են պատսպարվում:

Նմանները մեզանում այլեւս տեղ չեն ունենա, եւ եթե քրմերը իրավիճակը չշտկեն, ապա Հայ Արիական միաբանությունը, ըստ ամենայնի, ձեռնամուխ կլինի “Ուխտագիրք”-ի սկզբունքների հիման վրա նոր հոգեւոր դասի` իրական ու իմաստուն քրմական դասի ձեւավորման գործին, եւ այդ մասին կանի համապատասխան հայտարարություն:
ՀԱՄ ԳԽ-ն իր անդամներին եւ համակիրներին կոչ է անում` այլեւս չդիմել սին քրմական խորհրդին, եւ անհրաժեշտության դեպքում ՀԱՄ-ը կմիջնորդի, որ հենց նույն քրմական խորհրդից իրապես հավատ ունեցող քրմերը կատարեն անհրաժեշտ ծեսեր` մինչեւ ճշմարիտ քրմական դասի ձեւավորումը:
Իսկ ինչ մնում է Երեւանում Արիական-հեթանոսական մայր տաճար կառուցելու նախաձեռնությանը, ՀԱՄ-ը հետամուտ է լինելու այս վեհ նպատակին եւ սույն հարցում բոլորովին անարժեք է համարում “Արորդիների Ուխտ”-ի մի քանի հոգու կարծիքը եւ առհասարակ նրանց գոյությունը, այն քրմերի գոյությունը, ովքեր Արտի, Արիական օրենքներից են խոսում, բայց ՀԱՄ-ի` 150-ից ավելի կենսադրույթների միայն 1%-ը հասկանալու ծանրության տակ կճկռեն, ուր մնաց թե հետեւեն դրանց ու ապրեն այդպես:

Արձագանքում են հայ ազգայնականները
Նմանատիպ մի գրություն էլ խմբագրությունը ստացել է Հայ ազգայնականների համախմբումից (ՀԱՀ), որտեղ մասնավորապես ասված է. “Ինչու՞ է “Արորդիների Ուխտ”-ը անընդհատ կառչում ՀԱՄ-ից ու նրա առաջնորդ Արմեն Ավետիսյանից: Արիական-հեթանոսական մայր տաճար կառուցելու նախաձեռնությունը միայն ՀԱՄ-ը չի արել, այլ նաեւ` ՀԱՀ-ը, որի կազմում կան ազգայնական կազմակերպություններ (Հայաստանից, Արցախից, Ջավախքից եւ արտերկրից) եւ տասնյակ մտավորականներ: Մենք ապշած ենք “Արորդիների Ուխտ”-ի կողմից արված անձնավորված այս ճղճիմ քայլից: Սա մեզ ստիպում է մտածել “Արորդիների Ուխտ”-ի հետ մեր հետագա համագործակցության այլեւս աննպատակահարմարության մասին: Ափսոս, որ որոշ քրմեր մեր այս դժվարին ճանապարհին երկնչեցին եւ ընտրեցին ինքնամեկուսացման ուղին՝ կարծելով թե նվիրյալ հավատավորների փոխարեն շահն է (նկատելի է՝ նաեւ անձնական) հավատքի գործոնը: Բայց լավն էլ գուցե այդ էր, այլապես մի օր այս քրմերը գլխներիս մի նոր 301 թիվ էին բերելու…”:

Արձագանքում են հեթանոսական համայնքները
Որոշ քրմերի “անարի ու ճղճիմ կեցվածքը վրդովեցրել է” Հայաստանի եւ սփյուռքի հեթանոսական համայնքի շատ մարդկանց: Ստացվում են գրավոր հայտարարություններ: Չարենցավանից մեզ գրում են. “Մենք` Չարենցավանի Արորդիների համայնքի ներկայացուցիչներս, հայտարարում ենք անվստահություն “Արորդիների Ուխտ”-ի քրմական խորհրդի նախագահ Զոհրաբ Պետրոսյանին…”, եւ առկա հարցերը չկարգավորելու դեպքում “համայնքը հրաժարվում է քրմական դասից…”:
Նույնաբովանդակ նամակներ են ստացվել Աբովյանի, Հրազդանի, Երեւանի, Կապանի, Վանաձորի եւ այլ համայքներից, ԱՄՆ-ի, Կանադայի, Լիբանանի, Իրանի, Ռուսաստանի եւ այլ սփյուռքյան ներկայացուցիչներից (նամակները խմբագրությունում են-խմբ.): Ինչի մասին չենք գրում` տեղի սղության պատճառով, բայց կանդրադառնանք ըստ անհրաժեշտության: Հատկապես Երեւանի մի շարք հեթանոս հայեր գրում են. “Մեկ-երկու քուրմ իրենց շատ երեւակայեցին երեւի (գուցե մենք շատ մեծարեցինք) ու ինչպես հանրապետական կուսակցության որոշ հին անդամներ ցեղակրոնությունը դարձրեցին “քաղաքական ցեխակրոնություն”, այդպես էլ այս քուրմ կոչվածները ցեղակրոնությունը փորձում են դարձնել “հոգեւոր ցեխակրոնություն”, ազգային հավատը իսկական ապազգային կրոնի վերածելու այս փորձերը թույլատրելի չեն եւ կպատժվեն…”: ՌԴ-ի հայ արորդիները մասնավորապես գրում են. “Ոմն Հ. Գալաջյան “Օդնոկլասնիկ”-ում Արիական Մայր Տաճարի առումով թեմա էր բացել, երեւի թե հույսով, որ վատ աղմուկ կբարձրանա, սակայն, նրա սպասածին հակառակ, արձագանքները թեկուզ քիչ, բայց դրական են եղել… Անհասկանալի ջղաձգումներ եւ ծայր անհեթեթություն: Ի՞նչ է, եկեղեցին դադարե՞լ է “Արորդյաց Ուխտ”-ը աղանդ համարել, ուրախացե՞լ են ոմանք… Այս ի՞նչ բոլշեւիկա-կղերական խաղեր են, փոխանակ խանդավառվելու եւ այդ Մեծ նախաձեռնությունը անձամբ ստանձնելու… անարգում են Տիար Սլակի հիշատակը, խանդից վառվում եւ… օտար ուժերի գործիքների գործիք են դառնում, հատկապես՝ Զորիկը…”:

Արձագանքում է “Արորդիների Ուխտ”-ի քուրմ Մանուկը
Հայ հավատքի շուրջ վերջին օրերին դիտվող թոհուբոհի մասին
Ամեն ինչ սկսվեց այն բանից, երբ ՀԱՄ-ը, ՀԱՀ-ը եւ “Լուսանցք”-ը հայտարարություն հղեցին առ բոլոր հայորդիները` համատեղվել Էրեւան մայրաքաղաքում նոր ազգային (հեթանոսական) տաճարի կառուցման գաղափարի ու իրագործումի շուրջ: Տողերիս հեղինակը` “Արորդիների Ուխտի” քուրմս եւ ՀԱՀ-ի խորհրդի անդամս շատ ուրախացա հիշյալ հայտարարությամբ (մեր օրերում սնկի պես աճող օտար կրոնական կառույցների` տարբեր տեսակի եկեղեցիների գոյության պարագայում հայի ուշադրությունը իր` նոր տաճար-մեհյան կառուցելու գաղափարի շուրջ կենտրոնացումը հույժ կարեւոր է), թեեւ դեմ եմ կառուցվելիք տաճարը Մայր անվանելը: Հայտարարությանը հետեւեց մեր օրերի դեմոսական թերթերից մեկում` “Իրավունք”-ում Արման Արամյան անուն-ազգանունով հանդես եկողի “Արիականությունը սեփականաշնորհողները” հոդվածը, որտեղ հեղինակը կարճ հարցազրույց վերցնելով “Արորդիների Ուխտ”-ի քրմական խորհրդի նախագահ Զոհրաբ Պետրոսյանից` առիթից օգտվելով քիթը փորձեց խոթել ՀԱՄ-ի խոհանոցը` կարծես ուրախանալով վերջերս ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի (նաեւ` մեր բոլոր հայերիս) հետ կատարված ողբերգությամբ` շահարկեց այն եւ առիթից օգտվելով` իր մաղձը թափեց, ընդ որում` երկու կողմերի վրա էլ: Մի կողմ թողնենք, սակայն, հոդվածի լրագրողական անբարո մասը: Ինձ` “Արորդիների Ուխտ”-ի քրմիս, ցավ է պատճառում հարցազրույցում Զոհրաբ Պետրոսյանի պատասխանի այն հատվածը, որտեղ նա ասում է, որ նոր տաճարի կառուցման գործին պետք է ներգրավվի “նաեւ եկեղեցին”: Հարցնենք` ինչպե՞ս կարող է հայոց տաճարները հիմնավեր ավերող (հային, նրա ամեն ինչը սպանող) եհովայական եկեղեցին, որի բուն նպատակը ի վերուստ հենց դա է եղել` օժանդակել Հայոց Աստվածներին նվիրված տաճար կառուցելուն: (Չշփոթենք, սակայն, Հայաստանյայց, ոչ հայ եկեղեցին նրա հայ անդամ անհատների հետ. ովքեր ինչ խոսք կարող են մասնակցել հայոց տաճարի կառուցման գործին, բայց` մի պայմանով, եթե նրանք թողնում են եկեղեցական գաղափարախոսությունը, գիտակցում են եկեղեցու` հայի, նրա բնօրրանի ու նրա հայրենիքի հանդեպ արած ոճրագործությունները կամ էլ, վատագույն դեպքում, իրենց՝ եկեղեցում սպասավորությունը դիտում են որպես միայն աշխատանք:) Այս հարցում է, որ ես սկզբունքորեն համաձայն չեմ իմ քուրմ հավատակցի հետ (մի կողմ թողնեմ այն, որ նա չպետք է թույլ տար հոդվածագրին նույն հոդվածում իր խոսքերը համեմել չարախինդ խոսքերով…):
Բնականաբար, այդ հոդվածին հետեւեց Արմեն Ավետիսյանի հետ (ով իր հետ ողբերգորեն տեղի ունեցածից ետքը ընկերոջ կարիքը կամ գեթ ընկերոջ կողմից հարվածներ չստանալու սպասելիքն ուներ…) “Լուսանցք”-ում լույս տեսած հարցազրույցը, որտեղ նա իր` քուրմ Զոհրաբի դեմ զգացմունքային բեկբեկումները (որի հիմքերը նա ուներ. նույն հոդվածում նա քրմի խոսքերը մեկտեղված էր տեսնում լրագրողի չարախինդ խոսքերի հետ…) շաղախել էր առողջ հավատքային պատկերացումների (հատկապես` եկեղեցու հետ տաճար կառուցելու անբնականության կտրվածքով) հետ: Տողերիս հեղինակը ոչ լիովին ընդունելով հարցազրույցում արտահայտված Արմեն Ավետիսյանի զգացմունքային պոռթկումները (թեեւ հասկանալով դրանց ծագումը), չի կարող չկիսել նույն տեղում նրա արտահայտած հոգեւոր ցավը` պետք է դիմանալ, հաղթահարել օրնիբուն իշխանությունների ու եկեղեցու կողմից մեր մեջ սրսկվող տեսակ-տեսակ զուտ աշխարհիկ գայթակղությունները…
Արմեն Ավետիսյանի հարցազրույցին հաջորդեց քրմական խորհրդի հայտարարությունը “Հետաքննություն”-ում: Մի կողմ թողնեմ այն, որ ես, որպես քրմական խորհրդի անդամ, հայտարարության վերջնական տեքստին ծանոթ չեմ եղել (ծանոթ եմ եղել միայն նախնականին, որի հետ ընդհանուր առմամբ, համաձայնել եմ). հայտարարված տեքստում, սակայն, կարդացի բաներ, որոնք է՛լ ավելի գրգռեցին իմ ու քրմական խորհրդի մյուս անդամների հավատքային ըմբռնումների տարամիտումները: Օրինակ, հայտարարության մեջ ասվում է, որ չպետք է շեշտադրել հավատքի (ստացվում է` նաեւ հավատքի տաճարի) եւ կրոնի (ստացվում է` նաեւ դրա կառույց եկեղեցու) հակադրությունը: Ինչպե՞ս չասել, որ հակադիր բաները` հոգե-ոգեկանն ու մարմնական-նյութականը, աստվածայինն ու զուտ մարդկայինը (Նիցշեն կասեր` չա՜փազանց մարդկայինը) հակադիր չեն: Այդ հակադրությունը չշեշտելով եւ սողանցք թողնելով դրանց ի մի գալուն` դուրս է գալիս, սկզբունքորեն չի բացառվում, որ հայ հավատքը (նրա տաճար-մեհյանը) այլափոխվի քրիստոնեական կրոնի (դրա կառույց եկեղեցու), ինչպես նաեւ հակառակը: Դուրս է գալիս` աշխարհիկ կյանքում մեր իշխանությունները հորդորում են բարեկամություն անել մեր հակառակորդների` թուրքերի հետ, հոգեւոր կյանքում էլ մեր քրմերը կոչ են անում (համենայնդեպս, դա է հետեւում նրանց ասածներից) բարեկամություն անել մեր շուրջ երկհազարամյա թշնամու՝ հուդայա-քրիստոնեության ու նրա նույնածին, վերին Երուսաղեմի կարոտաբաղձությունն ունեցող եկեղեցու հետ:
Ելնելով վերոշարադրյալից` ես հայտարարում եմ, որ դադարեցնում եմ գործունեությունս “Արորդիների ուխտ”-ի քրմական խորհրդում. այսուհետ գործելու եմ որպես անհատ քուրմ. նաեւ գալիքը ցույց կտա, թե ու՛մ հավատքային պատկերացումներն են ավելի բըն-ական:

“Լուսանցք” Թիվ   119, հոկտեմբերի 2 — 8, 2009թ.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: