Հայ-թուրքական դիմակայության առաջին գծում

by

Եվրոպայում բողոքողներ եղան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հիմնականում ավարտել է իր սփյուռքյան հանդիպումները՝ հայ-թուրքական կոչվող հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:
Եվրոպայի ամենահայաշատ երկրի` Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում, ՀՀ նախագահը հանդիպում է ունեցել Եվրոպայի հայկական (հայաշատ) գաղթօջախների ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ժամանակ ՀՀ նախագահը ելույթ է ունեցել, որտեղ անդրադարձել է հայ-թուրքական գործընթացի վերաբերյալ առկա բոլոր խնդիրներին ու մտահոգություններին:
Ավելի վաղ ՀՀ նախագահը Ֆրանսիայի մայրաքաղաքում հանդիպել է ՀՀ ազգային հերոս Շարլ Ազնավուրի հետ, այնուհետեւ ծաղիկներ է դրել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին՝ Փարիզի կենտրոնում գտնվող Կոմիտասի հուշարձանին:
Հուշարձանի մոտակայքում հարյուրավոր ցուցարարներ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների կապակցությամբ եւ կարծիք հայտնել, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առաջին քայլը պետք է լինի Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը:
Ֆրանսահայերն առաջին անգամ ծեծի ենթարկվեցին Փարիզում այդ հանդիպման ժամանակ: Թեեւ Ս. Սարգսյանի լրատվական ծառայությունը բոլորովին այլ հաղորդագրություններ է տարածում սփյուռքում նրա հանդիպոմների մասին, սակայն ՀՀ նախագահին ջերմությամբ չէին սպասում ո՛չ Եվրոպայում, ո՛չ էլ ԱՄՆ-ում՝ Լոս Անջելեսում եւ Նյու-Յորքում:

Ամերիկահայերի՝ ընդդեմ հանրահավաքը
Հոկտեմբերի 4-ին, տեղական ժամանակով ժամը 15-ին ավելի քան 12.000 ամերիկահայեր հավաքվել էին Լոս Անջելեսի “Beverly Hilton Hotel” հյուրանոցի մոտ՝ իրենց բողոքն արտահայտելու հայ-թուրքական կոչված արձանագրությունների ստորագրման դեմ: Հենց այս հյուրանոցում էր հյուրընկալվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը, որը համահայկական ուղեւորություն է իրականացնում:
Բարձրացվել էին ցուցապաստառներ հետեւյալ բովանդակությամբ՝ “Սերժ, մի՛ դավաճանիր հայ մարդկանց”, “Թուրքիա, ընդունի՛ր Ցեղասպանությունը”, “Ո՛չ արձանագրություններին” եւ այլն: Այսպես ամերիկահայերն իրենց “ո՛չ”-ն էին ասում հայ-թուրքական երկկողմ արձանագրություններին:
Մինչ ամերիկահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումը, Ս. Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հյուրանոցի 12-րդ հարկի պատշգամբից հետեւել է ցուցարարներին: Ցուցարարները հուսով էին, որ ՀՀ նախագահը, անսալով իրենց կոչերը, կհանդիպի իրենց հետ: Սակայն, Ս. Սարգսյանը չի ընդունել նրանց կոչը:
Ի դեպ, մինչ այս հանդիպումը, մոտ 200 հոգի հավաքվել են Կալիֆորնիայի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանի մոտ՝ սպասելով ՀՀ նախագահին: Սակայն վերջինս չի եկել, եւ 3 ժամ անց ցուցարարները շարժվել են դեպի “Beverly Hilton Hotel”՝ միանալով այնտեղ հավաքվածներին:
Հիշեցնենք, որ օրեր առաջ լոսանջելեսահայերը եւս մեկ հանրահավաք էին անցկացրել՝ գրեթե 10-15 հազարանոց, որում կրկին բողոքել էին հայ-թուրքական հարաբերությունների ձեւավորման դեմ:

Լիբանանում նույնպես խաղաղ չանցավ
Լիբանանյան հանդիպումը, որոշ աղբյուրների համաձայն, հատուկ նախապատրաստված էր անցել, ավելի կազմակերպված բողոքներով՝ ընդդեմ հայ-թուրքական հարաբերությունների:
Լիբանանահայությունը, Իրանի եւ արաբական աշխարհի (մերձավորարեւելյան) հայությունը հնարավորինս միասնական իր բողոքի ձայնը բարձրացրեց եւ լսելի դարձրեց ՀՀ նախագահին: Այստեղ հայ ցուցարարների եւ ոստիկանության միջեւ նույնպես բախումներ եղան ու… քարանետումներ:

Վերջաբանը` Դոնի Ռոստովում
ՀՀ նախագահն իր սփյուռքյան հանդիպումների ավարտական փուլը նախատեսել էր ռուսաստանահայերի հետ հանդիպումով: Հրավիրվել էին ՌԴ-ի հայկական կազմակերպությունների ղեկավարները: Դոնի Ռոստովում Ռուսաստանի հայ համայնքի 250 ներկայացուցիչների հետ հանդիպումն անցավ խաղաղ պայմաններում, սակայն ռուսաստանահայերի տասնյակ կազմակերպություններ արդեն հրապարակավ հայտնել են իրենց մտահոգությունների եւ հայ-թուրքական արձանագրություններին դեմ լինելու մասին:

Իշխանությունները պատրաստ են ստորագրելու
Կոալիցիոն կուսակցությունների ԱԺ խմբակցությունները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել: Հայաստանի հանրապետական, “Բարգավաճ Հայաստան” եւ “Օրինաց երկիր” կուսակցությունների խմբակցությունները նշում են, որ այս օրերին բոլորը միասին վկա են հայ-թուրքական հարաբերություններում այնպիսի մի գործընթացի, ինչը դժվար էր պատկերացնել ընդամենը ամիսներ առաջ: “Անցյալ տարվա սեպտեմբերին ՀՀ նախագահի նախաձեռնությամբ մեկնարկած Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացն արագ քայլերով առաջ մղելու նախաձեռնողականությունը միանգամայն իրատեսական դարձրեց երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման ելքը: Գործընթացն իր վրա է սեւեռել ոչ միայն Հայաստանի եւ Թուրքիայի, այլեւ միջազգային հանրության ուշադրությունը՝ նոր թափով միջազգային քաղաքական օրակարգ վերադարձնելով հայ-թուրքական հարաբերություններում առկա խնդիրների պատճառահետեւանքային կապերը: Հստակ է, որ այս գործընթացը չի նշանակում մոռանալ անցյալը, հարցականի տակ առնել Հայոց Ցեղասպանության իրողությունը: Ամենեւին չանտեսելով պատմական անցյալի ողբերգական էջերը՝ ՀՀ-ն այսօր ցուցաբերում է հայրենիքի ապագայի հանդեպ մեծ պատասխանատվության զգացումով թելադրված խիզախություն երկու երկրների միջեւ հարաբերությունները կարգավորելու համար”:
Այս ուժերը կարծում են, թե նախաստորագրված արձանագրություններն արտացոլում են ՀՀ-ի առաջ քաշած՝ առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորելու դիրքորոշումը, իսկ դրանց իրագործումը ոչ միայն չի փակում համազգային նպատակների եւ իղձերի իրականացման որեւէ դուռ, այլ ընդհակառակը՝ “ձեւավորում է աշխատանքի նոր հարթակներ ու մեխանիզմներ, ստեղծում նոր հնարավորություններ”: “Եվ մենք ողջունում ենք այս քաղաքականությունը՝ կոչ անելով Հայաստանի բոլոր քաղաքացիներին, քաղաքական, հասարակական կազմակերպություններին, ինչպես նաեւ աշխարհասփյուռ հայությանը ստեղծել անհրաժեշտ պայմաններ այդ գործընթացը հաջողությամբ ավարտին հասցնելու համար”,- ասվում է այդ հայտարարության մեջ:

Ազգայիններն ընդդիմանում են
Մի շարք ազգային կուսակցություններ ստորագրել են համատեղ հայտարարություն ընդդեմ հայ թուրքական նախաստորագրված արձանագրությունների…
Ստորեւ ներկայացնում ենք այդ քաղաքական ուժերի համատեղ հայտարարությունը:
Առանց նախապայմանների՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման Հայաստանի նախաձեռնությունը լրջագույն քայլ չէր, եւ պետք է դառնար միակ զիջումը, որ կատարում է Ցեղասպանություն վերապրած, շրջափակման ենթարկված կողմը:
Հրապարակված արձանագրությունների բովանդակությանը չեն համապատասխանում եւ մեր ժողովրդի զգոնությունը թուլացնելուն են կոչված այն պնդումները, թե, իբր, դիվանագիտական հարաբերությունների հաստատման, Թուրքիայի կողմից ցամաքային շրջափակման վերացման գործընթացն իրականացվում է առանց թուրքական նախապայմանների բավարարման:
Ակնհայտ իրողություն է, որ
— Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առկա սահմաններն ամրագրող այլ պայմանագիր՝ բացի Մոսկվա-Կարս փոխկապակցված եւ ապօրինի պայմանագրերից, գոյություն չունի: Ուստի, ճանաչելով այդ սահմանները, մենք առաջին անգամ, որպես անկախ պետություն, վավերացնում ենք այդ պայմանագրի՝ Թուրքիայի համար ամենաանհրաժեշտ հատվածը: Այդպիսով, բավարարվում է նրա գլխավոր նախապայմաններից մեկը՝ այսօրվա սահմանների ճանաչումը:
— Հնարավորություն տալով ձեւավորել պատմական հարթության վրա քննարկումներ իրականացնող ենթահանձնաժողով՝ չստեղծելով անհրաժեշտ որեւէ նախադրյալ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար, կասեցվում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, նոր հնարավորություններ են առաջանում Թուրքիայի կողմից իրականացվող ուրացման քաղաքականության ակտիվացման համար: Այդպիսով, բավարարվում է Թուրքիայի նաեւ հաջորդ պահանջը՝ կասեցնել Հայոց Ցեղասպանության ճանաչման՝ վերջին ժամանակներում թափ առած միջազգային գործընթացը:
— Հայ-թուրքական հարաբերությունների եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացների՝ ժամանակային առումով փաստացի փոխպայմանավորումը, տարածքային ամբողջականության սկզբունքի ամրագրմանը զուգահեռ, ազգերի ինքնորոշման իրավունքի հարգման պարտավորության բացակայությունը լայն ճանապարհ են հարթում վերոնշյալ գործընթացների փոխկապակցման եւ դրանց հանգուցալուծման գործում Թուրքիայի դերակատարության մեծացման համար: Այդպիսով, Թուրքիան հնարավորություն է ձեռք բերում հասնել իր հաջորդ նախապայմանի բավարարմանը՝ պահանջելով Հայաստանից եւ միջնորդներից իրեն ձեռնտու զարգացումներ ապահովել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում:
— Վերջապես, միակողմանիորեն փակելով սահմանները եւ այն բացելու երկկողմ որոշում արձանագրելով, Թուրքիան սահմանների՝ մինչ օրս փակ լինելու պատասխանատվությունը, փաստորեն, կիսում է Հայաստանի հետ:
Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքական ուժերս, պահանջում ենք չստորագրել հրապարակված արձանագրություններն այս տեսքով եւ իրականացնել վերոնշյալ վտանգները չեզոքացնող փոփոխություններ:
Ստորագրել են Հայ Հեղափոխական Դաշնակցությունը, Ժողովրդական կուսակցությունը, Հայաստանի Ռամկավար Ազատական Կուսակցությունը, “Նոր ժամանակներ” կուսակցությունը, “Ժառանգություն” կուսակցությունը, Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը, “Գոյամարտ” համազգային կուսակցությունը, “Մայր Հայրենիք” կուսակցությունը, Հայաստանի Աշխատավորական Սոցիալիստական կուսակցությունը, “Միավորված Հայերը”, “Ազգային Միասնության Ուխտ” կուսակցությունը, Հայ Արիական միաբանությունը եւ Հայ ազգայնականների համախմբումը:
Վերջին երկուսը (Արմեն Ավետիսյանը եւ Գեւորգ Յազըճյանը) հայտարարությանը միացան ընթացքում եւ ավելացրեցին, որ չնայած ՀԱՄ-ն ու ՀԱՀ-ը առհասարակ դեմ են Հայաստան-Թուրքիա այսօրինակ հարաբերություններին, քանզի թշնամու հետ պետք է ունենալ թշնամական հարաբերություններ, սակայն միանում են այս “ընդդեմ” համախմբմանը, որպեսզի պայքարը ընդհանուր ճակատով եւ ավելի զորեղ լինի: Նրանք նշեցին, որ սահմանի երկու կողմերում էլ Հայաստանն է` Արեւմտյան եւ Արեւելյան, եւ այս իրականությունն անտեսողները ոչ միայն դավաճանական քայլ են անում, այլեւ կպատժվեն հայության կողմից` վկա հայ վրիժառության հրաշալի փաստը…
Ընդհանուր առմամբ, հայտարարությունը ստորագրել են 13 կուսակցություններ եւ քաղաքական ուժեր, սակայն փաստաթուղթը բաց է, եւ ցանկացողները կարող են միանալ հայտարարությանը: Այս թեմայով քննարկումները դեռ շարունակվում են:

Հայկ Թորգոմյան

“Լուսանցք” Թիվ 120, հոկտեմբերի 9 — 15, 2009թ.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: