Հրաժարական

by

Երեւանի Պետական Համալսարանի ռեկտոր, ԵՊՀ Հայագիտական Հետազօտութիւնների Ինստիտուտի տնօրէն, ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆ. Արամ Սիմոնեանին,

Յարգարժան պր. Սիմոնեան,
Խնդրում եմ ընդունել իմ անկեղծ եւ խոր շնորհաւորանքները Մայր Բուհի փառապանծ 90-ամեայ յոբելեանի առթիւ, համալսարան, որի ուսանողը լինելու պատիւն ու երջանկութիւնն եմ ունեցել, թէեւ իմ ուսումնառութիւնը մնացել է կիսատ՝ Արցախեան շարժման մասնակցելու “աններելի յանցանքի” համար առեւանգումով եւ ԽՍՀՄի սահմաններից անմիջապէս արտաքսումով։ Նման հեռանկարը բացառուած չէ նաեւ այսօր` 21 տարի անց, ՀՀ իբրեւ թէ անկախ պետականութեան պայմաններում՝ իմ նոյնպիսի գործունէութեան համար:
Ցաւօք սրտի, 90-ամեակի տօնակատարութիւնը զուգադիպեց համազգային մի այնպիսի յուզական ալիքի, որի նմանը քիչ է պատահել մեր պատմութեան մէջ։ Արդարեւ, ՀՀ իշխանութիւնները, ՀՀ նախագահի գլխաւորութեամբ, ոչ միայն տանում են ազգակործան գործունէութիւն, այլեւ` կատարում են հայ-թուրքական գործընթաց կոչուող ազգային դաւաճանութիւն։
Անչափ վրդոված եմ, որ օրնիբուն հայոց պատմութիւնից բարբառող եւ Հայոց Ցեղասպանութիւնից ճառող տիտղոսաւորներ կա՛մ լռում են այս երեւոյթին ի տես, կա՛մ էլ, մասնակցում այդ դաւաճանութեան` փաստաբանի դեր կատարելով Սերժիկ Սարգսեան կոչեցեալի համար։ “Մեր ժամանակներում պատմաբանը պէտք է զինուոր լինի”,- ասում էր պատմաբան-հրամանատար, լուսահոգի Բագրատ Ուլուբաբեանը։ Նման տիտղոսակիրներին կարելի՞ է “զինուոր” պատուանունը շնորհել։ Եթէ այո, ապա այդպիսիք այսօր դասալիքներ են պարզապէս (այս նամակում չեմ ուզում աւելի ծանր որակումներ տալ)……
“Չկա՛յ աւելի մեծ պղծութիւն քան սեփական ժողովրդի պատմութեան չարամիտ աղաւաղումը”,- գրել է Գարեգին Նժդեհը (“Իմ Պատասխանը”), իսկ որ այս գործընթացը տանելու է նման պղծութեան` դրանում որեւէ կասկած չունեմ (բաւարար է միայն պատմական հարցեր քննելու կոչուած յանձնաժողովի մասին կէտը)։
Յարգարժան պր. Սիմոնեան,
Սոյնով իմ հրաժարականն եմ ներկայացնում Երեւանի Պետական Համալսարանի Հայագիտական Հետազօտութիւնների Ինստիտուտի Ցեղասպանագիտութեան Բաժնի վարիչի պաշտօնից։ Ինձ համար աներեւակայելի խայտառակութիւն է լինել աշխատակիցը — այն էլ` Ցեղասպանագիտութեան Բաժնի վարիչի պաշտօնում — մի կառոյցի, որի ղեկավարութիւնը լուռ ականատեսն է հայոց ազգային արժանապատւութիւնը հիմնայատակ քանդող դաւաճանական գործընթացի (յետագայում էլ հաւանաբար լինի անմիջական յանցակիցը` “պատմութեան վիճելի հարցեր քննարկելու” պիտակի տակ), փոխանակ լինելու առաջամարտիկը դա տապալող համահայկական շարժումի:
Այսպիսով Դուք ազատուած կլինէք ՀՀ իշխանութիւնների դաւաճանութեան դէմ իմ յետագայ գործունէութեան համար նոյն իշխանութիւնների կողմից Ձեզ պատճառուելիք հաւանական գլխացաւանքներից եւ պատասխանատուութիւնից։
Յարգանքներով`‘

Գէորգ Եազըճեան
(պատմ. գիտ. թեկնածու)
Երեւան, 5 հոկտեմբեր 2009թ.

Հ.Գ. — “Լուսնացք”-ն իր փոստին հասցեագրված նամակները տպագրում է առանց որեւէ փոփոխությունների` հարգելով հեղինակային բացարձակ իրավունքը:
Այս բովանդակությամբ նամակներ են ուղարկվել նաեւ բուհական բարձրաստիճան պատմաբանների:
Իսկ, առհասարակ, մի քանի տասնյակ պատմաբանների վերլուծական մտքի պապանձումն ու հիշողության կորուստն այլեւս զարմանալի չեն: Հիմա պատկերացրեք, թե պատմաբանների հանձնաժողովը ինչ վտանգավոր երեւույթ կդառնա… եթե…
“Լուսանցք” Թիվ 120, հոկտեմբերի 9 — 15, 2009թ.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: