Արցախյան ազատամարտ՝ նոր ձեւակերպմա՞մբ

by

“Միացում” ազգային նախաձեռնությունը դիմել է Արցախ-ԼՂՀ-ի քաղաքական եւ ռազմական ղեկավարությանը, որում մասնավորապես ասվում է. “Թուրքական “Արձանագրությունները” եւ “Մադրիդյան սկզբունքները”, որպես Հայաստանին եւ հայությանը նետված դիվանագիտական պատերազմի մարտահրավերներ, թեւակոխել են ավարտական փուլ, այն է՝ փաստաթղթերի վավերացում եւ գործնական կիրառում: Այսօր որեւէ հայ մարդու անհրաժեշտություն չկա ապացուցելու, որ թուրքական “Արձանագրությունների” կյանքի կոչելը կասկածի տակ է դնում Ցեղասպանության իրողությունը, դրանից բխող բոլոր հետեւանքներով, ինչպես նաեւ ՀՀ-ին պարտադրվում է հաստատել 1921թ. Կարսի պայմանագրի ճանաչումը, այսինքն՝ Թուրքիան ներկայիս սահմաններով”:
Նախաձեռնության անդամները կարծում են, որ առավել ողբերգական հետեւանք կարող է ունենալ, եթե “Մադրիդյան սկզբունքների” հենքի վրա լուծվի Արցախի խնդիրը, որը մեզ համար գոյություն չունի: Ըստ նրանց, հայության համար կա մեկ գերխնդիր` դա Արցախի եւ ազատագրված տարածքների վերաբնակեցումն է: “Այլեւս իրողություն է, որ սեպտեմբերի 19-ին Սերժ Սարգսյանն ի լուր բոլորի հայտարարեց, որ եթե ճանաչվի Արցախը ԼՂԻՄ վարչատարածքային սահմաններում, ապա ՀՀ-ն ի դեմս իրեն պատրաստ է “անվտանգության գոտու” տարածքները, իմա՝ ազատագրված բոլոր 7 շրջանները զիջել Ադրբեջանին… Համոզված ենք, որ Արցախում բնակվող հայությունը, նրա քաղաքական եւ ռազմական ղեկավարությունը իրապես գնահատում են այսօր տեղի ունեցող գործընթացների ամբողջ լրջությունը եւ կդրսեւորեն համապատասխան կամք կանխելու հայակործան այն քաղաքականությունը, որը փորձում են իրականացնել գերտերությունների անմիջական պարտադրմամբ ՀՀ իշխանությունները”:
Դիմումն ավարտվում է ափսոսանքով, որ դժբախտաբար, ՀՀ անկախացումից մինչ այսօր չկարողացանք օգտագործել մեզ ընձեռված հնարավորությունը եւ բավականին մեծ ժամանակահատվածը՝ ազգային ու պետական հաստատությունները կայացնելու համար: “Եթե այդ հաստատությունները կայացած լինեին եւ ծառայեին իրենց նպատակին, ապա այսօր չէին ծնվի նման փաստաթղթեր: Միակ հաստատությունը, որն ի զորու է վիժեցնել այս դավաճանական ընթացքը, եւ անցնցում կանխել այն, դա ստեփանակերտյան անառիկ բերդն է: Ձեզ այսօր կրկին անգամ վերապահված է պատմական առաքելություն. լինել առաջամարտիկը հայության կենսական շահերի պաշտպանության գործում”:
Վահագն Նանյան

Ժողովուրդը գիտակցում է: Դեռ…
Արցախյան պատերազմի վետերանների “Երկրապահ” միությունը մի հայտարարություն է տարածել, որում ասվում է. “Իշխանությունները պարտավոր են մշակել եւ կիրառել երկրի անվտանգությունն ապահովելու, արտաքին ազդեցությունները վերահսկելու, կամայականությունները կանխարգելելու այնպիսի համակարգ, որ նվազագույնի հասցնի սուբյեկտիվ գործոնի ազդեցությունը, ապահովի քաղաքացու արժանապատիվ կյանքը եւ քաղաքացու անվտանգությունը: Մինչդեռ մեզանում ամրագրված հասարակական-քաղաքական հարաբերությունների տրամաբանությունը արմատապես հակառակն է ապացուցում”:
Երկրապահները կարծում են, որ իշխանությունների գործունեությունը վերահսկող քաղաքական կուսակցությունները, հատկապես նրանք, որոնց ծրագրային դրույթները խարսխված են ազգային գաղափարախոսության հենքի վրա (ՀՀԿ, ԲՀԿ եւ…), բնականորեն պետք է ցույց տային համապատասխան արձագանք առկա վտանգներին, բայց նրանք վարում են մեղմ ասած “ջայլամի քաղաքականություն”: Արցախյան ազատամարտի հաղթանակը եւ ձեռքբերումները իրականություն են դարձել ազատամարտիկների եւ նրանց նման հայորդիների կյանքի ու արյան գնով:
“Ո՛չ նախագահին եւ ո՛չ էլ նրա ձեռնասուն ուժերին իրավունք չի տրված արժեզրկելու կամ առուծախի առարկա դարձնելու արյունով, ցավոտ կորուստներով ձեռք բերված հաղթանակները, ազգային արժեքները, մեր ազգի չամոքվող վերքը՝ ցեղասպանությունը եւ հայ ժողովրդի արժանապատիվ ապրելու իրավունքը: Ժողովրդի, առայժմ, զանգվածորեն չընդվզելը խոսում է նրա բարձր գիտակցության մասին: Նա հասկանում է, որ երկիրն իր համար վտանգավոր եւ կարեւորագույն որոշման փուլի մեջ է, բայց դա չի նշանակում, որ ժողովուրդը կհանդուրժի վտանգել իր անվտանգությունը եւ վիրավորել իր արժանապատվությունը”:
Ուստի երկրապահները պահանջում ու հորդորում են հայրենի իշխանություններին՝ չստեղծելու այնպիսի իրավիճակ, որ այս անգամ ժողովուրդն ընդվզի: Հայտարարում են թե՛ հայրենի եւ թե՛ սփյուռքի հայրենակիցներին, որ իրենք դեմ ենք նախաստորագրված փաստաթղթերին եւ սատարելու են ժողովրդի ընդվզմանը:

Արտակ Հայոցյան
* * *
Ազատ, անկախ եւ միացյալ Հայաստանի ճանապարհին…
Հայ Արիական միաբանության (ՀԱՄ) “Ոգու պահապաններ” ուսանողական եւ երիտասարդական կազմակերպությունը Երեւանում համատեղ լսումներ է կազմակերպել կառույցի Հայաստանի, Արցախի եւ Ջավախքի երիտասարդների հետ, որտեղ քննարկվել են “Հայ-թուրքական հարաբերությունները եւ Արեւմտյան Հայաստանը”, “Արցախը եւ ազատագրված տարածքները”, “Ջավախքի եւ Նախիջեւանի խնդիրները” թեմաները:
Որոշվել է այս թեմաների քննարկումները շարունակել նաեւ սփյուռքահայ երիտասարդների շրջանում:

Սեփ. լրատվություն
“Լուսանցք” Թիվ 120, հոկտեմբերի 9 — 15, 2009թ.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: