Վերջերս Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն ելույթ է ունեցել Լոնդոնի “Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտ”-ում եւ հայտարարել է, որ Վրաստանի իշխանություններն իրենց արտաքին քաղաքականությունը վարում են “Ռուսաստանին մոռանալու ցանկությամբ”: ԱԳ նախարարը միաժամանակ ասել է, որ Վրաստանը կարող էր Ռուսաստանի լավագույն դաշնակիցը լինել, բայց “դա դեռեւս չի ստացվում”:
Ներկայումս Թբիլիսին նոր ռազմավարություն է մշակում երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար եւ, ըստ Գ. Վաշաձեի, այդ նպատակին հասնելու համար վրացական կողմը պատրաստ է օգտագործել միայն խաղաղ միջոցներ: Թբիլիսին մտադիր է վերադարձնել Աբխազիան եւ Հարավային Օսիան, այնուհետեւ, Եվրամիության օժանդակությամբ համաձայնության հասնել հետագա գործողությունների հարցում. “Սակայն այս ամբողջ գործընթացը կլինի առանց Ռուսաստանի”,- նշել է վրաց արտգործնախարարը:
Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Մոսկվան դեռ շարունակում է Վրաստանի մասնատմանն ուղղված իր արտաքին քաղաքականությունը, ապա Թբիլիսիի այս վերաբերմունքը նման է նոր ու մեծ մարտահրավերի: Կարծում ենք` Ռուսաստանի իշխանությունները կընդունեն այս մարտահրավերը եւս ու թույլ չեն տա Թբիլիսիին “մատ թափ տալ” իրենց վրա Եվրամիության կամ ԱՄՆ-ի անունից:
Հետաքրքիր է նաեւ, որ Մոսկվան դեռ հիմնավորապես չի խաղարկել Աջարիայի եւ Ջավախքի տարբերակները (ինչպես Աբխազիայի եւ Հարավային Օսիայի դեպքում), չնայած հայ-վրացական սահմանային տարաձայնությունները կարող են Հայաստանին եւս ներքաշել այս հակամարտության մեջ, ինչից թերեւս Երեւանը հնարավոր է շահած դուրս գա՝ կարգավորելով իր սահմանային խնդիրները եւ վերամիավորելով Ջավախքը (կամ նպաստելով Ջավախքի անկախությանը՝ գուցեեւ Աջարիայի հետ սերտ համադաշնությամբ):
Վրաստանը հետզհետե կորցնում է իր նպաստավոր աշխարհագրական դիրքը, քանի որ տարածաշրջանում որպես գործոն ուժեղանում է Հայաստանի դիրքը եւ չի բացառվում, որ այս հանգամանքը դառնա Վրաստանի մասնատման պատճառ: Այս երկիրը գոյատեւել է հիմնականում իր աշխարհագրական դիրքը շահարկելով եւ այս կամ այն գերտերությանը իր տարանցիկ տարածքը տրամադրելով, ուստի, եթե չլինի տարանցիկ երկիր՝ չի լինի նաեւ այդ երկիրն ամեն գնով պաշտպանելու այլոց շահագրգռվածությունը:
Գուցե այլեւս եկել է Հայաստանի օգտվելու՞ պահը, երբ հայերը կարող են վերականգնել իրենց պապենական երկիրն ու իրավունքները Պատմական Հայաստանի տարածքում:
Անի Մարության
“Լուսանցք” թիվ 121, 16-22 հոկտեմբեր 2009թ.
Թողնել պատասխան