“Լուսանցք”-ը ս.թ. հոկտեմբերի 9-15-ի համարում Աստղինե Քարամյանի գրչով արծարծեց հույժ կարեւոր հարց՝ ՀՀ-ում կրթության էության խնդիրը՝ “Ապազգային դպրոց. Հայկական կրթակարգը խեղում է հայի հոգեբանությունը” վերնագրի տակ: Իմ համոզմամբ՝ վերնագրում կա հակասություն. արդարեւ, իսկական հայկական կրթակարգը չի կարող խեղել հայի, առավել եւս՝ հայ երեխայի հոգեբանությունը, այլ ընդհակառակը՝ կամրապնդի մեր նոր սերունդների՝ իբրեւ հայ անհատ ձեւավորման ընթացքը: Հետեւաբար, ճիշտ կլիներ վերնագրում “Հայկական կրթակարգը” բառերը փոխարինել “ՀՀ կրթակարգը”-ով, մանավանդ որ 2004թ. “ընդունված” այդ փաստաթուղթն էլ զուրկ է ազգային բնութագրիչից եւ պաշտոնապես կոչվում է “Հանրակրթության պետական կրթակարգ”:
Ա. Քարամյանը շատ ճիշտ եւ տեղին քննադատում է հայ երեխայի ապազգայնացմանն ուղղված անգլերեն դասագրքի փաստը: Ցավոք, այդ փաստերն այնքան շատ են ՀՀ այսօրվա դպրոցում, որի դիմաց միջնադարի հեղինակը կասեր՝ “զո՞րն ասեմ, զո՞րը խոստովանիմ”:
Եվ սա զարմանալի չէ երբեք, քանի որ հենց վերոհիշյալ “Հանրակրթության պետական կրթակարգ” փաստաթուղթն ինքն է “օրինականացրել” այս ամբողջ ապազգայնացումը, թեեւ մինչ այդ փաստաթղթի ընդունումն էլ ՀՀ կոչվող իբրեւ թե անկախ պետությունում գործող կրթակարգը աշոտբլեյանների, սերգեյերիցյանների ու նման ապազգային-հակազգային մարդանման էակների դավերով արդեն մեծ առաջընթաց էր արձանագրել ապազգայնացման ուղու վրա:
Այդ տարիներին աշխատում էի ՀՀ կառավարության առընթեր մի կառույցում, որի ղեկավարը ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանից հանձնարարություն էր ստացել ուսումնասիրել կրթակարգի նախագիծը եւ կարծիք հայտնել: Տողերս ստորագրողը սիրով համաձայնեց խորքային ուսումնասիրության ենթարկել կրթակարգն ու նրա շուրջ, հաճախ բեմականացված “քննարկումները” ու իր կարծիքը ներկայացնել իր պետական հիմնարկի ղեկավարության: Այդ կարծիքը բացասական էր (բերվում է ներքեւում): Փաստաթուղթը 1 շաբաթ անց քննարկվեց հիմնարկի փորձագետների շրջանակում, եւ մի քանի ոչ էական փոփոխություններով փոխանցվեց վարչապետին: Այդուհանդերձ, ՀՀ կառավարությունը, նժդեհական ցեղակրոնությունից բարբառող կուսակցության ղեկավար վարչապետի գլխավորությամբ, նույնությամբ հաստատեց Համաշխարհային բանկի հովանավորությամբ մշակված “կրթակարգը”: Երբ հետագայում հարցրեցի իմ պատրաստած եւ հիմնարկի փաստորեն վավերացրած կարծիքի նկատմամբ ՀՀ կառավարության, մեղմ ասած, թքած ունենալու մասին, ինձ պատասխանեցին, թե ՀԲ հայաստանյան կառույցի ղեկավարները ՀՀ վարչապետին սպառնացել են կրթակարգը նույնությամբ չընդունելու դեպքում վերանայել ՀՀ-ին տրամադրվող վարկերի չափերն ու մարման ժամկետները: Այսքանից հետո կարելի՞ է ասել, թե ՀՀ-ն անկախ պետություն է…
Ի դեպ, կրթակարգը ընդունվելուց հետո շուրջ հինգ տարի դա կիրառության դրվեց կրթության եւ գիտության ՀՅԴ անդամ նախարարների օրոք, իսկ այսօր իր հաղթական երթն է շարունակում հանրապետական նախարար Արմեն Աշոտյանի գլխավորությամբ… Այս փաստերից հետո կարելի՞ է դեռ խոսել ՀՀԿ եւ ՀՅԴ “ազգայնական” կուսակցություններ լինելու մասին…
Մյուս կողմից, այսօր ՀՀ-ում գործող կրթակարգը լիովին համահունչ է ՀԲ հովանավորած մեկ այլ ծրագրի, ըստ որի՝ 2020թ. ՀՀ-ն պատկերացվում է իբրեւ ծառայությունների (այդ թվում հասկանալ նաեւ՝ մարմնավաճառության), զբոսաշրջության, բանկային համակարգի եւ թեթեւ արդյունաբերության երկիր: Ընթերցողի ուշադրությունը հրավիրում եմ այն փաստի վրա, որ այս պատկերացման մեջ բացակայում են ազգային ու պետական անվտանգությունների համար այնպիսի կարեւորագույն ոլորտներ, ինչպիսիք են գյուղատնտեսությունը (որպեսզի պարենի հարցում կախված լինենք արտերկրից, մասնավորաբար՝ “բարի հարեւան” Թուրքիայից) եւ գիտատար ճյուղերը (ծանր եւ քիմիական արդյունաբերություններ, էներգետիկա, տեղեկատվական տեխնոլոգիաներ եւ այլն): Այստեղից էլ՝ ՀՀ գիտական հսկայական ներուժի փոշիացմանն ուղղված դավաճանական քաղաքականությունը:
Մեր թշնամիները երեւի մեզնից շատ շատերից ավելի լավ գիտեն, թե կարելի է որեւէ երկրի ու հասրակության հիմքերը քանդել հատկապես հանրակրթության ու հանրային հեռուստատեսության միջոցով: Ահա թե ինչու նրանք ամբողջովին իրենց ձեռքն են վերցրել այդ ռազմավարական նշանակության ոլորտները ու քանդում են, հա քանդում՝ մեզ, հատկապես նոր սերունդներին փորձելով վերածել մանկուրտի, ռոբոտի, կամ, առնվազն, ապազգային մարդանման ինչ-որ էակի:
Ա. Քարամյանի հետ ես եւս հնչեցնում եմ ահազանգը. “Անտարբեր չլինենք. երկրի ապագան դպրոցի ձեռքում է”: Ես կավելացնեի՝ “Նաեւ մեր բոլորի, հատկապես մանկավարժների ու ծնողների ձեռքում է”: Հետեւաբար, խիզախ հայուհու հետ կոչ եմ անում իրենց երեխաների ու ազգի ճակատագրով մտահոգված բոլորին՝ դեն շպրտել ՀԲ փողերով տպված մեր դպրոցական դասագրքերում առկա բոլոր այլանդակությունները՝ մինչեւ ՀՀ-ում կհաստատվի իսկական ազգային իշխանություն, որը կրթակարգը, նման դասագրքերը ու նրանց հեղինակներին կշպրտի հայկական մանկավարժության պատմության աղբանոցը:
Գեւորգ Յազըճյան
Կարծիք “Հանրակրթության պետական կրթակարգի” մասին
1. Թեեւ Կրթակարգում խոսվում է ազգային անվտանգության, ազգային արժեքային համակարգի հենքի վրա ուսուցման եւն. մասին, սակայն, Կրթակարգն ավելի շուտ նպատակ ունի մարդ անհատի եւ/կամ ՀՀ քաղաքացու, քան հայ ազգի անդամ անհատի ձեւավորումը: Ավելին. Կրթակարգում այս ուղղությամբ հանդիպում ենք աղաղակող հակասության. “Հանրակրթության կազմակերպման դրույթները” բաժնում ասվում է, որ կրթությունը “պետք է իրականացվի ազգային արժեքների հենքի վրա”, մինչդեռ հենց “Նախաբանում” գրված է. “Կրթակարգը մշակվել է միջազգային ժամանակակից փորձի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության սոցիալական, տնտեսական, քաղաքական, գիտակրթական, մշակութային գործոնների հաշվառմամբ” (ընդգծումներն իմն են,- Գ. Յ.): Ինչպե՞ս կարելի է “ազգային արժեքների հենքի վրաե կրթություն իրականացնել, երբ վերջինիս հիմնական ուղեցույցը՝ Կրթակարգը (ՀՀ ԿԳ նախարարի* բնորոշմամբ՝ Սահմանադրությունը) մշակվել է օտար հենքի վրա՝ Կրթակարգը մշակողների՛ իսկ խոստովանությամբ: Էլ չենք ասում ՀՀ հիշյալ ոլորտների գործոնների “հաշվառման” թույլ առկայության մասին Կրթակարգում:
2. Կրթակարգը նախատեսում է կրթության ոլորտում դպրոցների ինքնուրույնության, ոչ պետական կազմակերպությունների եւ ֆիզիկական անձանց գործունեության՝ ՀՀ պետության կողմից խրախուսում, ինչը հղի է ազգային անվտանգությանն սպառնացող վտանգներով:
3. Չափազանց թույլ է ազգային դաստիարակության եւ առհասարակ դաստիարակության դրվածքը Կրթակարգում: Շեշտն առավելաբար դրվել է ո՛չ թե դաստիարակության, այլ՝ գիտելիքների հաղորդման եւ աշակերտների մտածողության խթանման վրա, մինչդեռ կրթության նպատակը պետք է լինի գիտելիքների եւ դաստիարակության ներդաշնակեցումը, այս երկու հիմնարար բաղադրիչներից ոչ մեկը մյուսից չգերադասելու պայմանով: Մյուս կողմից, պահանջ է դրվում երեխայի մոտ զարգացնելու ինքնուրույն մտածելու ունակություններ: Ահա հենց այստեղ է, որ առավել ցայտուն երեւում է անտեսումը ՀՀ այսօրվա իրականությունների, որոնք իբր հաշվի են առնվել Կրթակարգը մշակելիս: Այսօրվա ՀՀ-ի միջին ուսուցիչը ինքն ունի՞ ինքնուրույն մտածողություն կամ այդ մտածողությամբ գործելու ազատություն, որպեսզի այդ որակները կարողանա զարգացնել իր աշակերտների մեջ:
4. Հիմնավորված չեն երեխայակենտրոն ուսուցման առավելությունները ուսուցչակենտրոն ուսուցման նկատմամբ, որը ներկայումս ՀՀ-ում ընդունված ու կիրառվող ձեւն է՝ ժառանգված խորհրդային ժամանակներից, եւ որը բավարար չափով ապացուցել է իր արդյունավետությունը: Այս հարցում, ինչպես եւ ընդհանրապես Կրթակարգը մշակելիս, անտեսվել է հայկական մանկավարժական մտքի դարավոր փորձը: Հայ դպրոցը, դեռեւս Մեսրոպ Մաշտոցի ժամանակներից, եղել է ուսուցչակենտրոն: Նշենք նաեւ, որ աշակերտակենտրոն համակարգը անհարիր է հայության հոգեկերտվածքին (այս մասին է վկայում Բեյրութում Վ. Թեքեյանի անվան դպրոցի փորձը: Աշակերտակենտրոն ուսուցման հետեւանքով, ընդամենը մի քանի տարվա ընթացքում, զգալիորեն նվազեց աշակերտների ոչ միայն գիտելիքի մակարդակը, այլեւ աշակերտների քանակը): Լավագույն տարբերակը կլիներ պահպանել ուսուցչակենտրոն համակարգը՝ այն պատվաստելով աշակերտակենտրոն համակարգի դրական, հայոց հոգեկերտվածքին պատշաճող կողմերով (այս մոտեցումը կիրառվել է Ֆինլանդիայում, որի կրթահամակարգն այսօր համարվում է ամենից արդյունավետը ամբողջ աշխարհում):
5. Կրթակարգում բավարար չափով չեն հիմնավորվել 12-ամյա դպրոցի անցնելու, կրտսեր, միջին եւ ավագ դպրոցների տարիները համապատասխանաբար 4, 5 եւ 3 տարիներ սահմանելու անհրաժեշտությունը, հստակորեն չեն նշվել բարեփոխումների մեխանիզմները, եւն.: 12-րդ դասարանում, ուսումնական տարվա երկրորդ կեսում նախատեսված ոչ-ուսուցողական գործընթացը սողանցքներ է թողնում կրկնուսուցման (ռեպետիտորության) համար, արդեն հենց դպրոցի ներսում` այսպիսով կոռուպցիան “օրինականացնելով” կրթահամակարգում:
6. 12-ամյա դպրոցի դեպքում, հաշվի առնելով 18 տարեկանում զորակոչը, տղաները մագիստրատուրան կարող են ավարտել ոչ շուտ քան 25 տարեկանում, իսկ ասպիրանտուրան՝ 28 տարեկանում (բանակում այլընտրանքային ծառայության դեպքում՝ հարկավոր է ավելացնել եւս 1.5-2 տարի): Մեկ խոսքով, տղաները գիտական աշխատանքով կարող են զբաղվել 30 տարեկանի սահմաններում, ինչը մեկնարկային չափազանց անբարենպաստ պայմաններ է ստեղծում նրանց համար՝ նեղ մասնագիտացման ուղղությամբ ընթացող համաշխարհային գիտության եւ գիտական ոլորտում ծայր աստիճան սուր մրցակցության պայմաններում: Դա հղի է հայկական գիտական ներուժի փոշիացման վտանգով:
7. Կան հակասություններ ո՛չ միայն Կրթակարգի ներսում, այլեւ Կրթակարգի եւ, ընդհանուր վերցրած, կրթական բարեփոխումների մյուս ծրագրերի միջեւ: Մինչ կրթակարգում խոսվում է ՀՀ-ում եվրոպական ստանդարտներով կրթության ձգտելու մասին, կրթական բարեփոխումներով նախատեսվում է ՀՀ դպրոցներում համակարգիչ/աշակերտ հարաբերությունն այսօրվա 1/360-ից հասցնել 1/40-ի, մինչդեռ աշխարհում միջին ցուցանիշը 1/25 է, իսկ Եվրոպայում՝ 1/7 կամ 1/8:
Այստեղ պետք է բարձրացնել կրթության ոլորտում վարկերի արդյունավետ ու նպատակային օգտագործման հարցը: Մեր հաշվարկով, Համաշխարհային բանկի՝ կրթական բարեփոխումների համար նախատեսված գումարով կարելի է ՀՀ յուրաքանչյուր դպրոց համալրել առնվազն 20 համակարգչով, այսինքն՝ համակարգիչ/աշակերտ ցուցանիշը դարձնել 1/20, որով ՀՀ ու Եվրոպայի այս ցուցանիշների միջեւ ճեղքվածքը կրկնակիորեն փոքրանում է: Դեռ չենք ասում այն մասին, թե ազատ մնացած գումարների հաշվին կարելի է զգալիորեն բարձրացնել ուսուցիչների աշխատավարձը կամ նրանց՝ նոր տեխնոլոգիաներով վերապատրաստելու հարցը լուծել արմատապես:
8. Հարցադրումների եւ մտորումների տեղիք է տալիս նույնինքն Կրթակարգի մշակման պատմությունը: ՀԲ տնօրենների խորհուրդը միայն ս.թ. հունվարի 22-ին հաստատեց 19 մլն. դոլարի կրթական վարկային ծրագիրը, որը նախատեսում էր նաեւ Կրթակարգի մշակումը: Սակայն, Կրթակարգը հանրությանը ներկայացվեց ընդամենը 2-3 շաբաթ հետո: Սակայն, պարզվեց, որ Կրթակարգը մշակվել է առնվազն 8 ամսում, այսինքն՝ Կրթակարգը մշակող խումբը կամ մշակումը նախաձեռնող ՀՀ ԿԳՆ Կրթական բարեփոխումների կենտրոնը (ԿԲԿ) նախապես իմացել է վարկային ծրագրի մասին: Այս համաշարադրանքում տարակուսանք է առաջացնում նաեւ այն փաստը, որ հիշյալ ԿԲԿ-ն հանկարծ վերափոխվել է Կրթության ազգային ինստիտուտ (ԿԱԻ) կոչվող կառույցի կամ ԿԲԿ-ի կից ստեղծվել է ԿԱԻ-ն՝ ԿԲԿ-ի նույնական գործառույթներով: Այս փաստերը խոսում են Կրթակարգի մշակման գործընթացում կոռուպցիայի առկայության մեծ հավանականության մասին:
9. Կրթական առարկաների ցանկում բացակայում է “Հայ եկեղեցու պատմությունը”, որը ներդրվեց ընդամենը այս ուսումնական տարում: Ավագ դպրոցում, “Հայոց պատմություն” առարկան ներգրավվել է “Անձ եւ հասարակություն” բնագավառում, փաստորեն, զրկվելով որպես ուրույն առարկա դասավանդվելու իրավունքից: Նման մոտեցումը հիշյալ երկու առարկաների նկատմամբ՝ անթույլատրելի է: Խնդրահարույց է “Ինֆորմատիկա” առարկայի եւ համակարգչային տեխնոլոգիաների ուսուցման լեզվի հարցը: Եթե դրանց ուսուցումը չկատարվի մայրենի լեզվով՝ հայերենով, աշակերտների լեզվամտածողության լուրջ խնդիրներ են ծագելու՝ այստեղից բխող կործանարար հետեւանքներով:
10. Կրթակարգում հաշվի չեն առնվել երեխաների առողջությանն առնչված խնդիրներն ու հոգեբանական առանձնահատկությունները: Տարօրինակ է, որ Կրթակարգը մշակող 18 հոգիանոց խմբում չկա ոչ մեկ մանկական բժիշկ, մանկական հոգեբան, էթնոհոգեբան, էթնոմշակութաբան, սոցիոլոգ, լեզվաբան: Անիմաստ է ՀՀ-ում կրթակարգ մշակել առանց հիշյալ ոլորտների մասնագետ ներկայացուցիչների գործոն մասնակցության:
11. Առաջիկա 15-20 տարում ակնկալվող արդյունքների շարքում հիշատակվում է, որ “Միջնակարգ կրթություն կստանա դպրոց ընդունված երեխաների առնվազն 80%-ը”: Սա չափազանց ցածր ցուցանիշ է գիտելիքի նկատմամբ ավանդական հակում ունեցող հայ ժողովրդի համար՝ 2020-2025 թվականներին, երբ աշխարհում երեւի մնացած չի լինի գիտական ներուժ ունեցող մի ժողովուրդ, որի մոտ այս ցուցանիշը հարյուր տոկոսի մոտ չլինի:
12. Կրթակարգում բացակայում է օրգանական կապը ուսման ամբողջ գործընթացի մյուս բաղադրիչների (մանկապարտեզ, պրոֆտեխուսումնարան, բուհ) հետ:
Միայն այս փաստարկները բավարար հիմք են կրթակարգը մերժելու համար այն տեսքով, ինչ այսօր ներկայացվել է հասարակության քննարկմանը:
Եզրակացություն.- “Հանրակրթության պետական կրթակարգի” նախագիծն անընդունելի է իր ոչ ազգային հիմքի վրա մշակված լինելու պատճառով: Նախագծի խմբագրումը, լրամշակումը, տարբեր փոփոխություններն անիմաստ են, քանի որ նրանք չեն շոշափում ամենաառանցքայինը՝ ազգային որակը, որը “Նախագծում” ստորադասվել է համամարդկայինին:
Հարկավոր է մշակել ամբողջովին նոր կրթակարգ՝ գրված իսկապե՛ս ազգայինի հենքի վրա՝ հաշվի առնելով միջազգային եւ սփյուռքյան ժամանակակից կրթական հարուստ փորձը:
Գեւորգ Յազըճյան
Երեւան, 17 մարտի 2004թ.
* Այդ օրերին նախարարն էր “օպտիմալացման հերոս”, տխրահռչակ Սերգեյ Երիցյանը — Գ.Յ.:
“Լուսանցք” Թիվ 122, հոկտեմբերի 23 — 29, 2009թ.
Թողնել պատասխան