Ապազգային դպրոց

by

ՀՀ դպրոցներում խաթարում են երեխայի հոգեբանությունը
Հարգելի “Լուսանցք”: Մշտապես հետեւում ենք Ձեր բոլոր թողարկումներին: Դուք իսկապես հավատարիմ եք Ձեր նպատակին` տեղ եք տալիս բոլոր նրանց ու այն գաղափարներին, ովքեր եւ որոնք շուկայական այս դարում լուսանցքում են հայտնվել: Սիրով արձագանքում եք Ձեր կոչին` անտարբեր չմնալ դասագրքային սխալների հանդեպ, վերհանել դրանք: Մեր երկու դուստրերն էլ 5-րդ դասարանում են սովորում: 12-ամյա կրթակարգի “շնորհիվ” 5-րդ դասարանում են “հայտնվել” մեր 9-ամյա աղջնակները: Նրանք անցնում են “Հայոց եկեղեցու պատմություն” դասագիրքը:
Ուզում եմ հարցնել կրթության ու գիտության նախարարությանը: Մի՞ թե կարելի է 9-ամյա երեխային ընկղմել կրոնական պատմությունների մեջ: Բայց ամենավատթարը եղավ մի օր: Եվ դա եղավ դասագրքում տեղ գտած ամենամեծ սխալի պատճառով, որ ես ինքս էլ չէի նկատել: Դուստրերիցս մեկը եկավ դպրոցից ու թե` “Մամ, մենք հրեա՞ ենք”: Զարմացա. “Ոչ, հայ ենք, ի՞նչ է, չգիտե՞ս”: “Մամ, տես, մեր գրքում Սողոմոն իմաստունի մասին կա, Սողոմոնն էլ հրեա է”: Ծիծաղեցի. “Դու էլ հայ ես, ի՞նչ կապ ունես Սողոմոն իմաստունի հետ”: “Մամ, — նյարդայնացավ երեխան,- բա սա հայ եկեղեցու պատմություն չի՞”: Մատս կծեցի: Հասկացա, որ երեխան ճիշտ է: Հետո ուշադիր թերթեցի ամբողջ դասագիրքը: Սարսափելի է, այն հեղեղված է հրեաների մասին պատմություններով, նրանց ընտրյալ ազգ լինելու մասին խոսքերով ու գրված է` “Հայոց եկեղեցու պատմություն” (գուցե դրա համա՞ր է զատված “Հայոց պատմություն”-ից):
Հիմա կրթության կոչվող նախարարությունից մեկը ինձ կարո՞ղ է ասել` ինչու՞ է այդպես, ես ի՞նչ պատասխան տամ իմ երեխային: Ի դեպ, մինչ խմբագրությանը նամակ գրելը, զանգահարեցի կրթության նախարարություն: Գիտե՞ք մեզ ինչ պատասխանեց հանրակրթության ոլորտի քաղաքականության պատասխանատուն (անկեղծ ասած` ազգանունն էլ չասացին, հեռախոսավարուհին ասաց` պատասխանատուն է այդպես ասում), այն, որ դասագիրքը Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ է:
Հարցիս հասցեատերն է փոխվում, բայց հո հարցս մնում է նույնը: Հարգելի կաթողիկոս, ի՞նչ ասեմ իմ հարցասեր երեխային, ախր մեկ-երկու դաս չէ, ամբողջ դասագիրքն է սխալներով լեցուն:
Մեկ այլ սխալի մասին էլ: Գրքում գրված է. “Մինչ քրիստոնեությունը մեր նախնիները… հեթանոսական կրոնի հետեւորդներ էին: Նրանք հավատում եւ աստված էին համարում… (տես լուսանկարներում — խմբ.) Հայկին, Արային, Տորքին, Աստղիկին, Վահագնին, Արամազդին, Անահիտին, Տիրին, որոնց վերագրում էին տարվա եղանակների փոփոխությունները… Կուռքերի պաշտամունքը կոչվում է հեթանոսություն…”: Ես ու ամուսինս տիրապետում ենք մի քանի օտար լեզուների. ես գերմաներենի մասնագետ եմ, ռուսերեն լավ գիտեմ, իսկ ամուսինս` ֆրանսերեն ու իտալերեն: Տարբեր բառարաններ ենք քրքրել, եւ ամեն տեղ բացատրված է, որ “հեթանոսություն” նշանակում է ազգային, հունարեն` էթնոս` ազգ եւ ասորերեն հեթանոս բառերից: Այսինքն` հեթանոսությունը կրոն չէ: Ավելին` դասագրքում գրված է` “կուռքերի պաշտամունքը կոչվում է հեթանոսություն”: Եվ հաջորդ էջում բացատրվում է. “Կուռք քարից, փայտից, մետաղից կամ այլ նյութից պատրաստված արձան է, որին վերագրվում է գերբնական կարողություն”: Ինչ անտրամաբանական ձեւակերպումներ են: Հարգելի կաթողիկոս, հիմա իմ տանը փայտից 3 Քրիստոսով խաչ կա, որ գնել եմ Սուրբ Սարգիս եկեղեցուց, ուրեմն` հեթանոս ե՞մ: Բայց չէ՞ որ կուռքերի պաշտամունքը կռապաշտություն է կոչվում, ուրեմն Սուրբ Սարգիս եկեղեցու սպասավորները կռապա՞շտ են, որ փայտե խաչեր են վաճառում… Մի խոսքով, այս դասագիրքը անհեթեթությունների գիրք է, դրա համար երեխաներիս խորհուրդ եմ տվել մատների արանքով վերաբերել այդ առարկային, որպեսզի չխաթարվի նրանց հոգեբանությունը…
“Լուսանցք” Թիվ 124, նոյեմբերի 6 — 12, 2009թ.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: