Հայ-թուրքական արձանագրությունները դեռ քննարկման փուլում են, բայց Երեւանում, հատկապես Գարեգին Նժդեհի անունը կրող փողոցում, բացվել է թուրքական ապրանքների մասնագիտացված խանութ, որի պաստառի վրա հայերեն ու թուրքերեն գրված է “Անկողնային պարագաներ”: Լեզվի պետական տեսչության աշխատակից Մարիամ Ալեքսանյանն արդեն հասցրել էր նկատողություն անել խանութի տերերին` “Լեզվի մասին” օրենքին հակասող ցուցանակի համար եւ պահանջել էր վերացնել խախտումը` թուրքերեն ցուցանակն ավելի մեծ էր: “Հայերենը պետք է ոչ թե զուգակցել օտար լեզվի հետ, այլ օտար լեզուն` հայերենի հետ”,- ասել է տեսչության աշխատակիցը:
Այդ ցուցանակի համար խանութ են եկել նաեւ Շենգավիթի թաղապետարանի աշխատակիցները: Պարզվում է հենց թաղապետարանն էլ թույլտվություն է տվել. “Ի՞նչ են ուզում հիմա մեզնից”,- բողոքում էր խանութի սեփականատերը: Այսինքն` թաղապետարանից ասել են` “վահանակի համար վճարեք, վճարել են ու…”:
Խանութի նախաձեռնողները 2 քույրեր են, արմատներով մշեցի, ապրել են Գյումրիում, երկրաշարժից հետո տեղափոխվել Երեւան: “Մենք քաղաքականությունը չենք խառնում բիզնեսի հետ: Ինչպես Սերժ Սարգսյանն ասել է` առանց նախապայմանների ենք առեւտուր անում: Աշխատունակ տարիքի կանայք ենք, որոշեցինք Թուրքիայից ապրանք բերել: Թուրքական ապրանքներ բերում էին անհատներ ու վաճառում էին, մենք էլ որոշեցինք ֆիրմային խանութ բացել` ավելի էժան, ձեռնտու ժողովրդի համար”,- ասել է Լուիզա Մանուկյանը: Քույրերը պայմանավորվել են թուրք գործարարների հետ, որ իրենց արտադրանքը բերեն ու տեքստիլ խանութ բացեն:
Քույրերը “ազգայնորեն” “Ա1+”-ին վստահեցրել են, որ իրենք “ոչ Ղարաբաղյան հարցն են մոռանում, ոչ էլ Ցեղասպանությունը”: Բայց “21-րդ դարում ենք ապրում, մենք քաղաքակիրթ ժողովուրդ ենք, չէ, Եվրախորհուրդ ենք գնում, եվրոպական տերմիններով պետք է շարժվենք”,- այսպես են կարծում “գերեվրոպացված”… նախկին գյումրեցիները:
Դե, իսկ առանց “նախապայմանների առեւտուրը” խոսում է քույրերի “բարձր գիտակցության” եւ “հայ ու թուրք ժողովուրդների բարեկամությունը անշահախնդիր խթանելու” նրանց ձգտման մասին… Նաեւ ՀՀ նախագահին միանգամից ըմբռնելու “ունակության” մասին:
Թե ինչու եվրոպական ապրանք չեն բերում, Լ. Մանուկյանն ասել է. “Հնարավորություն ունենանք` կբերենք, էլ ինչի ենք էսպես անում… Դե որ էդպես է` Գերմանիայից էլ կբերենք… տեսնենք էլի կդժգոհե՞ն: Ուրախանալու տեղը, որ Երրորդ մասում մի հատ պրեստիժնի խանութ է բացվել` բողոքում են, վայ”,- դժգոհել են “ժողովրդասեր” քույրերը:
Ինչպես ասում են` “էշն էր պակաս, պառախոդով եկավ…”: Եվ սա դեռ սկիզբն է: Առջեւում ավելի “գրագետ” ու “եվրաարժեքների հետեւորդ” կադրեր են հերթի կանգնած…
Հայկ Թորգոմյան
“Լուսանցք” Թիվ 125, նոյեմբերի 13 — 19, 2009թ.
Թողնել պատասխան