ՀՀ մշակույթի նախարարության եւ Առաքելական Եկեղեցու աշխատանքը Վրաստանի տարածքում գտնվող հայկական եկեղեցիների պահպանության հարցերում Թբիլիսիում Վրաստանի հայկական համագործակցության կենտրոնի նախագահ Ալեքսանդր Օհանյանը գնահատում է ոչ շատ արդյունավետ, ոչ համապատասխան այն հարցերին, որոնց առջեւ կանգնած են մեր պատմական հուշարձանները: Մասնավորապես, 1356թ. կառուցված Թբիլիսի քաղաքի Մուղնեցոց Սուրբ Գեւորգ գմբեթավոր եկեղեցու փլուզումը նոյեմբերի 19-ին, նա հերթական անտարբերություն է համարում: Իսկ ավերված եկեղեցու հետագա ճակատագիրը հնարավոր է, որ ապահավաքակցումը լինի, քանի որ բնակելի թաղամասում է գտնվում: “Սա այն 5 եկեղեցիների շարքին է պատկանում, որոնց կարգավիճակը վիճելի է՝ հայկակա՞ն են, թե՞ վրացական: Այն Վրաստանի մշակույթի նախարարության ենթակայությամբ է: Մենք ականատեսն ենք պետական ապարատի աշխատանքին՝ ընդդեմ հայկական պատմական մշակութային հուշարձանների,- ասել է Ա. Օհանյանը,- մինչեւ կարգավիճակի որոշումը, հնարավոր է՝ ոչ մի եկեղեցի կանգուն չմնա”:
Վրաստանի տարածքում արդեն 2-րդ եկեղեցու փլուզումն է, 1-ը՝ Շամխորեցեց Սուրբ Աստվածածինն է, որը փլուզվեց 1989 թ.: Հայկական զլմ-ները նույնպես հարցումներ են արել, սակայն ապարդյուն, չկա պատասխան: Դիմել են նաեւ Մայր Աթոռ, սակայն պատասխանատուն արձակուրդում է, իսկ նման հարց չի էլ քննարկվել:
Բայց օրերս Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Գարեգին 2-րդ Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի է ուեցել Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով, որի ընթացքում քննության է առնվել Վիրահայոց թեմի Մուղնեցոց Սուրբ Գեւորգ հայոց եկեղեցու փլուզման խնդիրը: Գերագույն հոգեւոր խորհուրդը հայտարարություն է ընդունել, որով կոչ է ուղղել Վրաստանի իշխանություններին եւ Վրաց ուղղափառ եկեղեցուն՝ անհապաղ քայլեր ձեռնարկել Վրաստանի Հայոց Թեմին իրավաբանական անձի կարգավիճակ տրամադրելու, Վրաստանի հայկական եկեղեցիները Վիրահայոց թեմին վերադարձնելու՝ վիրահայության ազգային-եկեղեցական կյանքի բնականոն կազմակերպման ու հայկական սրբավայրերի ապահով պահպանության համար:
Դեռ 1763թ. Մուղնեցոց Սուրբ Գեւորգ եկեղեցին հիշատակվում է որպես Հաղպատի թեմի մեջ մտնող Թիֆլիսի 7 եկեղեցիներից մեկը: 1789թ. եկեղեցու արեւմտյան մասում կառուցվում է զանգակատունը: Խորհրդային տարիներին եկեղեցին փակվել եւ վերածվել է ազգագրական թանգարանի, ապա պահեստի, իսկ 1990թ. որակվելով որպես վթարային եւ ոչ ենթակա վերանորոգման, վերջնականապես փակվեց: Բոլոր դիմումները կամ կոչերը Վրաստանի իշխանություններին՝ մնացել են անպատասխան: Մուղնեցոց Սուրբ Գեւորգը Թիֆլիսի Նորաշեն, Շամխորեցեց Սուրբ Աստվածածին, Սուրբ Նշան, Երեւանցոց Սուրբ Մինաս եւ Ախալցխայի Սուրբ Նշան եկեղեցիների հետ Վրաց պատրիարքարանի կողմից արհեստականորեն հռչակվել է վիճելի, որով էլ “հարեւան եւ եղբայր” վրացիները “արդարացնում” են հայկական եկեղեցիների չվերադարձվելը:
Ավելին. արդեն ներկայիս Թուրքիայի-Արեւմտյան Հայաստանի տարածքում գտնվող (հատկապես՝ Անիում) մի շարք եկեղեցիներ նույնպես սկսել են “վրացականացնել” վրացիները եւ շուտով նոր բորբոքումներ կլինեն նաեւ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո: Այստեղ էլ՝ թուրքերի “աչքը լույս”…
Մեր պետությունը պարտավոր է վերջապես տեր կանգնել մեր ժառանգությանը եւ պատմական հուշարձաններին, այլապես օտարները դրանց տեր դառնալով՝ տեր են դառնում նաեւ մեր մասնատված հայրենիքի տարբեր հատվածներին:
Արման Դավթյան
“Լուսանցք” Թիվ 127, նոյեմբերի 27 — դեկտեմբերի 3, 2009թ.
Թողնել պատասխան