Կկարողանա՞նք պաշտպանել մե՛ր շահերը

by


Եվ ի՞նչ է նախատեսում հայկական դիվանագիտությունը
Այն, որ Արեւմուտքը (Եվրոպա-ԱՄՆ) հայ-թուրքական հարաբերություններին զուգահեռ փորձելու է արագ կարգավորել Արցախի հիմնախնդիրը, այլեւս կասկած չի հարուցում (անկեղծորեն` չի էլ հարուցել): Արեւմուտքի տերերին հետաքրքիր չէ տարածաշրջանի ազգային խնդիրների իրական լուծումը գտնելը, նրանց խաղաղ եւ անդեմ մի տարածաշրջան է պետք՝ անունը Կովկասյան, սեփական երկրի տնտեսական ու ռազմա-քաղաքական շահերը պաշտպանելու եւ այնտեղ երկար (մտադիր են՝ մշտապես) հաստատվելու համար: Այս թեմայով “Լուսանցք”-ը բազմիցս գրել է: Իսկ այսօր շատերը ՀՀ-ում եւ սփյուռքում կարծում են, որ գոնե Ռուսաստանը, դեմ գնալով Արեւմուտքին, կպաշտպանի մեր շահերը: Բայց դա ամենեւին այդպես չէ:
Կարճ ժամանակ առաջ ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը Թուրքիա կատարած այցի ընթացքում հայտարարել էր, թե “Ղարաբաղյան հակամարտության լուծման ուղղությամբ շատ լուրջ եւ ակտիվ աշխատանք է տարվում: Ռուսաստանն ուզում է, որպեսզի այս հիմնախնդիրը արագորեն լուծում ստանա եւ դեմ է Կովկասում գոյություն ունեցող ցանկացած հակամարտությանը, որովհետեւ յուրաքանչյուր հակամարտություն ստվեր է գցում հարեւան երկրների հետ մեր հարաբերությունների վրա”: Նա նաեւ նկատել էր, թե Մոսկվան կարող է օգնել կողմերին՝ հակամարտության արագ լուծման հարցում փոխհամաձայնության գալ: Իսկ նման բարեհամբյուր տեսակետի պատճառը ՌԴ դրամա-տնտեսական շահերն են, իհարկե նաեւ՝ ռազմա-քաղաքական:

ՌԴ վարչապետը տնտեսական ծրագրերի մասին խոսել է Անկարայում: “Նաբուկո” ծրագրի մասին նույնպես արտահայտվել է եւ դիրքորոշման կտրուկ փոփոխությամբ է հանդես եկել՝ տեսակետ առաջացնելով, թե համակերպվել են անխուսափելիի հետ եւ փորձելու են առավելագույնս օգուտ ստանալ դրանից: Թուրքիայի վարչապետի նստավայրում, մինչ ասուլիսն սկսելը, նյարդային մթնոլորտ է տիրել (սա թուրքական դիվանագիտության հերթական ձեւերից է), եւ այդ պայմաններում պատմական նշանակության փաստաթղթեր, իհարկե, չեն ստորագրվում: Նյարդային իրավիճակի պատճառն այն էր, որ ասուլիսի դահլիճում բոլոր տեղերը զբաղեցրած են եղել լրագրողների կողմից (իհարկե՝ միտումնավոր), իսկ երբ ներս են մտել ռուսաստանյան պատվիրակության անդամները, պարզվել է, որ նրանց համար թուրքական արարողակարգը տեղեր չի հատկացրել, եւ նրանք կանգնած են մնացել… Թուրքիայի վարչապետի աշխատակազմի անդամների համար, ովքեր սեփական աչքերով են ցանկացել տեսնել իրենց վարչապետին ու Պուտինին, եւս նստելու տեղեր չեն հատկացվել: Եվ մի քանի րոպե անց դահլիճում այնպիսի աղմուկ-աղաղակ է բարձրացել, որ ըստ թուրքական զլմ-ների, նմանը չէր լսվել անգամ Անկարայի շուկաներում: Նախարարները վիճում էին լրագրողների, միմյանց հետ` իրենց պետական դրոշների ներքո: Լսվել են արտահայտություններ՝ “Դու ո՞վ ես”, “Իսկ դու ո՞վ ես” եւն…

Այս “ջերմ” մթնոլորտից հետո, հարեւան սենյակում եռակողմ բանակցություններ են ընթացել Պուտինի, Էրդողանի եւ Բեռլուսկոնիի մասնակցությամբ: Իտալիայի վարչապետն այդտեղ ներկայացրել է Եվրամիության շահերը, բայց այնպես, որ դրանք չվնասեն Իտալիայի եւ Ռուսաստանի ազգային շահերին:

Այնուհետեւ Պուտինն ու Էրդողանը ստորագրել են գազային ոլորտին առնչվող փաստաթղթերը: Համագործակցության վերաբերյալ արձանագրությունը թույլ է տալիս, ըստ թուրք վարչապետի, շարունակել գազի ներկրումը Ռուսաստանից (նախորդ փաստաթղթի ժամկետը սպառվում է 2011թ.-ին): Էրդողանը նաեւ ասել է, որ տարեկան 16 մլրդ. խմ հզորությամբ “Երկնագույն հոսք-2” գազամուղը, իհարկե, կառուցվելու է, եւ գազն էլ կգնա Սիրիա, Լիբանան, Կիրպոս, Իսրայել, ու այդ դեպքում Թուրքիան կդառնա խոշորագույն տարանցիկ ցանց: Նա ամեն դեպքում չի հրաժարվել ոչ մի ծրագրից՝ ո՛չ “Նաբուկո”-ից, ո՛չ “Հարավային հոսք”-ից, ո՛չ էլ “Երկնագույն հոսք”-ից:

Վ. Պուտինի ասելով` բանակցությունները բարդ էին. “Մեր թուրք ընկերները դժվար բանախոսներ են”: Եվ ահա, Ռուսաստանը հերթական անգամ, սեփական շահերից ելնելով (որի համար այս երկրին չենք մեղադրում, այլ` ինքներս մեզ` պատմությունից դասեր չառնելու համար), իր վարչապետի բերանով հայտարարում է, որ հարեւան երկրների վրա ոչ մի “ստվեր գցող” հակամարտություն պիտի չլինի: Արդյո՞ք սա նշանակում է, որ ազատագրված տարածքները պիտի զիջել Ադրբեջանին եւ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմամբ պիտի մոռանալ Արեւմտյան Հայաստանի մասին, որպեսզի “ստվեր գցող” հարցերը վերանան: Շատ հնարավոր է… Եթե մեր երկրի շահերը շարունակենք ստորադասել այլոց շահերին…

Իսկ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան այդ ընթացքում հայտարարել է. “ԼՂ-ի խնդրի խաղաղ ճանապարհով կարգավորմանն այլընտրանքներ չկան”: Նա նշել է, որ չի կարդում Ադրբեջանի նախագահի կողմից ամեն օր արված հայտարարությունները՝ խնդրի լուծման համար ուժի կիրառման պատրաստակամության մասին: Եվ կարեւորել է, որ վերջին ժամանակներս Ս. Սարգսյանի կողմից ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո “ակտիվացել են Ադրբեջանի եւ Հայաստանի իշխանությունների միջեւ շփումները, եւ դրանք ուղղված են ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանը”: Չմոռանալով վրաց-օսա-ռուսաստանյան պատերազմը` նա նշել է. “Ես գիտեմ միայն մի բան, որ որեւէ այլընտրանք ԼՂ խաղաղ կարգավորման համար չկա եւ այն, ինչ տեղի ունեցավ Կովկասում, մեկ անգամ եւս ապացուցեց, որ ուժի կիրառումը չի բերում երկրների միջեւ առկա հակասությունների լուծմանը: Միայն խաղաղ եւ փոխադարձ ընդունելի լուծումները կարող են Կովկասում անվտանգություն ապահովել”:

ՀԱՊԿ-ն կարծում է, որ Մինսկի խումբը բավական լավ է աշխատում խնդրի լուծման համար, եւ նախագահների հանդիպումը կբերի խնդրի խաղաղ կարգավորմանը: Խոսելով ՀԱՊԿ արձագանքի մասին այն դեպքում, երբ ՀԱՊԿ անդամ երկրներից մեկը հարձակման ենթարկվի որեւէ մեկի կողմից, Բորդյուժան ընդգծեց. “Երբ խոսքը վերաբերում է պատերազմին, ՀԱՊԿ-ն կհիմնվի Հավաքական անվտանգության համաձայնագրի վրա, որտեղ հոդված կա այն մասին, թե Կազմակերպության անդամներից մեկի նկատմամբ ցուցաբերած ագրեսիան համարվում է ագրեսիա յուրաքանչյուրի նկատմամբ”: Նա հերքել է այն լուրերը, թե իբր ՀԱՊԿ-ն չի կարող մասնակցել ԼՂ խնդրի կարգավորման խաղաղապահ առաքելությանը եւ դրանով իբր ճանաչում է Ղարաբաղը Ադրբեջանի մաս. “Նման հայտարարություններ չեն եղել, եւ Կազմակերպության ներուժի՝ խաղաղապահ առաքելությանը մասնակցության հարցը երբեւէ չի քննարկվել”: Ավելին, խաղաղապահ ներուժը նոր միայն ձեւավորվում է:

Վերստին անդրադառնանք Արեւմուտքին: Մյունխենում կայացավ Սարգսյան-Ալիեւ հերթական բանակցությունը եւ, ըստ խնդրով զբաղվողների, “պահպանվել են դրական միտումները”: Իսկ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ով պաշտոնական այցով Իտալիայում էր գտնվում, ասել էր. “Չեմ կարող ասել, թե նախագահների բանակցությունները հարթ եւ հեշտ ընթացան, բայց որոշ հարցերի առումով առաջընթաց եղել է, եւ կողմերին հաջողվել է վերջին հանդիպումների ընթացքում ձեռք բերած դրական միտումները պահպանել”: Կարծես կարդալիս լինենք եվրոպական որեւէ զլմ-ի տեսակետը: Այնուհետեւ նախարարն ավելացրել է. “Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահի արած վերջին հայտարարությանը, ապա կարող եմ ասել, որ Հայաստանի հայտարարությունները նախագահների հանդիպումներից հետո ներդաշնակ են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունենրին, այսինքն՝ համապատասխանում են իրականությանը”: Իսկը եվրոպական զլմ-ների “ստանդարտ” տեսակետ…

Այս հանդիպմանն ընդառաջ Ի. Ալիեւը հայտարարել էր, որ եթե այն անարդյունք լինի, Ադրբեջանը բանակցությունները կհամարի սպառված եւ կմտածի ռազմական ճանապարհով խնդիրը լուծելու մասին: ՀՀ փորձագիտական շրջանակները սա գնահատել էին որպես “հերթական ռազմատենչ հռետորաբանություն”:

Իսկ համանախագահները հայտարարել են, որ “պատերազմը ոչ մի դեպքում չի կարող այլընտրանք լինել: Մենք ասել ենք նախագահներին շատ ուժեղ եւ հստակ կերպով, որ Մոսկվայում, Փարիզում ու Վաշինգտոնում մեր կառավարություններն այն կարծիքին են, որ պատերազմն այլընտրանք չէ, քանի որ այն չի կարող լուծում ապահովել: Մենք ասել ենք նախագահներին, որ բանակցությունների այս նուրբ պահին ավելի լավ է ձեռնպահ մնալ միմյանց հանդեպ ծայրահեղ մեղադրանքներ հնչեցնելուց, առավել եւս՝ ուժային լուծման հնարավորության մասին”:

Իսկ ԼՂՀ-ում Սարգսյան-Ալիեւ հանդիպմանն արձագանքել են այսպես. “Մյունխենում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման դրական արդյունքն այն էր, որ Ալիեւն ու Սարգսյանը պայմանավորվել են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները,- ասել է ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար, ներկայումս ԼՂՀ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը,- կարեւոր է նաեւ այն, որ նախագահները պատրաստ են հետագա նոր հանդիպումներին եւ բանակցությունները շարունակելու ցուցումներ են տվել արտգործնախարարներին”:

Ալիեւի ռազմական ճանապարհով հարցը լուծելու պահելաձեւը Մ. Մայիլյանը որակել է որպես ՀՀ-ի վրա ճնշում գործադրելու հերթական փորձ. “Իր հայտարարությամբ Ալիեւը նաեւ փորձ արեց շանտաժի ենթարկել միջազգային միջնորդներին, ինչը կարծում եմ՝ չհաջողվեց”:

Իսկ թուրքական թերթերից մեկը, հղում կատարելով Ռուսաստանի ԱԳՆ անանուն աղբյուրին, տեղեկություն է տարածել, թե Մյունխենում նախագահները պայմանավորվել են, որ հայերը մինչեւ տարեվերջ հեռանալու են Քարվաճառի շրջանից: “Դա ռեալ չէ: Ոչ միայն Քարվաճառի, այլեւ մյուս տարածքների վերադարձի մասին խոսք լինել չի կարող”,- հայտնել է Մ. Մայիլյանը: ԼՂՀ նախկին փոխարտգործնախարարը նաեւ նկատել է, որ Հայաստան-Թուրքիա արձանագրություններով “թուրքերը փորձում են ավելի շուտ ոչ թե լուծել ղարաբաղյան հարցը, այլ հասնել տարածքային զիջումների”:

Սակայն, Իլհամ Ալիեւը շարունակում է սպառնալ՝ հակասելով ինքն իրեն: Որպես կանոն իր ելույթներում Ադրբեջանի ղեկավարն արտաբերում է մի քանի հերթապահ թեզեր.
ա/ Ադրբեջանը ցանկանում է հակամարտությունը խաղաղ լուծել, բայց հենց որ համբերությունը հատեց, զինված տարբերակով է հարցը լուծելու,
բ/ Ադրբեջանը հսկայական քայլերով առաջ է անցնում Հայաստանից, ուստի որոշ ժամանակ անց ոչ միայն Ղարաբաղը, այլեւ Հայաստանը, առանց պատերազմի էլ ինքնակամ կհանձնվեն Բաքվին:
Հիմա Ալիեւը պատերազմելու՞ է, թե հույսը դրել է “մեր հանձնվելու վրա”…

Ըստ Ադրբեջանի նախագահի հաշվարկների՝ “Հայաստանում այսօր ապրում է 1 մլն. 700 հզ. մարդ”, իսկ “մի քանի տարի անց Ադրբեջանի տնտեսությունը 15 անգամ կգերազանցի Հայաստանին”, իսկ բնակչությունը կկազմի 10 մլն. մարդ”: Այսպիսի “լուրջ” թվերի է տիրապետում Ալիեւը եւ պատրաստվում է պատերազմի… Շուրջ 3,3 մլն.-ոց Հայաստանի որոշակիորեն կայունացած տնտեսությունը “վրիպում” է Ադրբեջանի ղեկավարի “սրատես” աչքերից… Սակայն զավեշտն այն է, որ Ալիեւը նույն պահին սեփական ու միջազգային հանրություններին վստահեցրել է, որ բանակցությունները ձգձգողը Հայաստանն է:

Այսքանից հետո ադրբեջանական զլմ-ներում նույնպես հայտնվեց այն լուրը, թե “հայերը մինչեւ տարեվերջ կարող են ազատել Քարվաճառի (Քելբաջարի) շրջանը, ինչը հնարավորություն կտա Թուրքիային վավերացնելու հայ-թուրքական արձանագրությունները, իսկ Ադրբեջանին՝ մեղմելու իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համատեքստում”:
“Հայաստանում մենք արդեն վարժվել ենք այն բանին, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների յուրաքանչյուր հանդիպումից հետո, “խիստ իրազեկ” աղբյուրները հայտնում են իրականում գոյություն չունեցող ինչ-որ քննարկումների ու պայմանավորվածությունների մասին,- այսպես է արձագանքել այս հրապարակումներին ՀՀ նախագահի մամլո խոսնակ Սամվել Ֆարմանյանը,- դա պարզ ապատեղեկատվություն է եւ որեւէ առնչություն չունի իրականության հետ: Նման հարց չի քննարկվում, հետեւաբար, նման պայմանավորվածություն լինել չի կարող: Բազմիցս ասվել է, որ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ու քննարկումների առանցքային հարցը ԼՂ կարգավիճակի հարցն է: Մնացյալ հարցերն ածանցյալ են”: Նշվել է, որ ՀՀ-ն չի կարող անտարբեր լինել “ԼՂՀ ժողովրդի ճակատագրի հանդեպ, եւ հենց այդ պատճառով էլ ՀՀ նախագահը, այլ պաշտոնատար անձինք բազմաթիվ անգամ հայտարարել են, որ մենք պատասխանատու ենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության համար”:

ՀՀ պաշտոնատար մի շարք անձինք արդեն “լսեցնում” են, որ “աշխարհում կան ընդունված ձեւեր” եւ պատերազմի վերսկսման դեպքում ՀՀ-ն կարող է ճանաչել ԼՂՀ անկախությունը, կամ՝ ՀՀ-ն կարող է փոխօգնության պայմանագիր ստորագրել ԼՂՀ հետ:

Մյունխենում տեղի ունեցած Սարգսյան-Ալիեւ հանդիպման դրական առաջընթացի մասին, ինչպես հայտնել են համանախագահները, մնում է ենթադրություններ անել, քանի դեռ նախագահները չեն բացահայտել դրանք: “Ս. Սարգսյանն ապացուցել է, որ բաց քաղաքական գործիչ է: Նախեւառաջ պետք է հստակեցնել մի բան՝ ԼՂ-ի խնդրի կարգավորման բանալին Ստեփանակերտում է: Առանց Ստեփանակերտի որոշման հարցը չի լուծվելու”,- ասել ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Մինչ բանակցության առաջընթացի մասին ենթադրություններ անելը՝ Շարմազանովն ասել է. “Այս հանդիպումից առաջ Իլհամ Ալիեւը “փայլեց” իր ռազմատենչ ապակառուցողական հայտարարություններով, որի համար հակահարված ստացավ նաեւ համանախագահների կողմից, որոնք հայտարարեցին, որ խնդրի խաղաղ կարգավորումը չունի այլընտրանք: Ինչ վերաբերում է հանդիպման առաջընթացին, ապա միջազգային զլմ-ների լուսաբանումներից մենք տեսանք, որ բանակցություններում քննարկվել է ԼՂ-ի կարգավիճակի խնդիրը, հանրաքվեի միջոցով այն լուծելու հարցը: Մինչ այդ ադրբեջանական կողմը հերքում էր, թե բանակցություններում ընդհանրապես քննարկվում է ԼՂ-ի կարգավիճակի հարցը: Մեզ համար ամենակարեւորը ԼՂ-ի կարգավիճակի հարցն է”:

Իսկ հանրաքվեի հարցի քննարկման մասով (քանի որ ադրբեջանական կողմը բազմիցս ասել է, որ հանրաքվե պետք է անցկացվի ԼՂ-ն Ադրբեջանի կազմում լինելուց հետո) Շարմազանովն ասել է, թե “Ադրբեջանը նաեւ ասում էր, որ Մինսկի խումբ էլ պետք է չլինի, Մադրիդյան սկզբունքներ էլ չկան, ԼՂ-ի միջանկյալ եւ վերջնական կարգավիճակի հարց էլ չկա, բայց մենք տեսանք, որ կան” եւ հանրաքվեի հարց էլ կարող է լինել:

Ինչ վերաբերում է ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեի այն հայտարարությանը, թե այս հանդիպմանը քննարկվել են նաեւ առկա բոլոր բարդ խնդիրները, ապա ՀՀԿ խոսնակը նաեւ նշել է թե որոնք են եղել դրանք. “Կարծում եմ, որ դա վերաբերում է Ալիեւի ռազմատենչ հայտարարություններին”: “Մենք միակողմանի զիջումների չենք գնալու: Այս հանդիպումից հետո Հայաստանն ավելի վստահելի եւ կառուցողական դիրքերում է համանախագահ երկրների, միջազգային հանրության աչքերում”,- ավարտել է իր խոսքը Է. Շարմազանովը:

Այնուամենայնիվ, Արցախի եւ ազատագրված տարածքների հարցը շաղկապվում է հայ-թուրքական արձանագրություններին: Չնայած շատ քաղաքագետներ կարծում են, որ թուրքական կողմը հնարավորինս կձգձգի Ցյուրիխում ստորագրված արձանագրությունների վավերացումը, որպեսզի չխաղա ԱՄՆ-ի խաղը: Կարծիք կա, որ Վաշինգտոնը չի կարող է մինչեւ վերջ երաշխավորել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, մանավանդ, ո՛չ Երեւանը, ո՛չ էլ Անկարան պատրաստ չեն գործընթացը շարունակելուն եւ շատ հավանական է, որ սկսվում է հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացի ձգձգում, հատկապես Թուրքիան երբեք հետաքրքրված չի եղել արցախյան հարցի լուծմամբ:

Հնարավոր է, որ սա կատարվում է Ռուսաստանի թելադրմամբ եւ չի բացառվում, որ Թուրքիան ստորագրի արձանագրությունները, հանգստացնի ԱՄՆ-ին, բայց այդուհետ գործ ունենա Ռուսաստանի (գուցե նաեւ ԱՄՆ-ից անկախ գործել ցանկացող եվրոպական հատվածի հետ):
Իզուր չէ, որ Ադրբեջանի նախագահի աշխատակազմն ընդլայնել է ԱՄՆ դեմ մեղադրանքների շրջանակը: “Ադրբեջանը ԱՄՆ-ից ոչ մի աջակցություն չի ստանում: Հակառակը՝ շարունակաբար քննադատվում է արեւմուտքի կողմից՝ կապված մարդու իրավունքների եւ այլ հարցերի հետ”,- հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը: Նա նաեւ ասել է, որ Ադրբեջանը շարունակելու է “ԼՂ հարցում պաշտպանել իր դիրքորոշումը, եւ որ կարիք չկա որեւէ ֆորմատով ճնշումներ գործադրել պաշտոնական Բաքվի վրա”: Անդրադառնալով Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանը բացելու մասին ստորագրված արձանագրություններին՝ Ն. Մամեդովը ասել է, թե “հաճախ արեւմտյան դիվանագետներն ասում են՝ ամեն հարց քննարկելու ժամանակ եւ հնարավորություն միշտ չէ, որ ունեն: Սակայն, նրանք, սահմանը բացելու հետ կապված, անսպասելիորեն հավաքվեցին Ցյուրիխում, եւ շատ բարձր մակարդակով արձանագրությունները ստորագրվեցին”:

Իսկ մի շարք քաղաքագետներ պնդում են, թե առաջընթացը ավելի հավանական է համարվում հայ-թուրքական հարաբերություններում, քան՝ ԼՂ հիմնախնդրում: Որեւէ առաջընթաց չի արձանագրվել նաեւ Մյունխենում՝ Սարգսյան-Ալիեւ հանդիպման ընթացքում, իսկ հայ-թուրքական հարբերությունների եւ ԼՂ հիմնախնդրի կապն ակնհայտ է: Այս պահին Թուրքիայի առաջնային խնդիրը համարվում է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավումը եւ Ադրբեջանի հետ լավ հարաբերությունների պահպանումը:

Իսկ Հայաստանում հայ-թուրքական արձանագրությունների քննարկումը տեղափոխվում է ՀՀ Սահմանադրական դատարան: ՀՀ նախագահը արձանագրությունների մասին դիմումը ՀՀ ՍԴ է ներկայացրել նոյեմբերի 19-ին, իսկ դատարանն այն քննելու օրը կորոշի 15 օրյա ժամկետում՝ աշխատակարգային նիստում, չնայած մեր իշխանությունները հայտարարում են, որ արձանագրությունները փաստացի կմտնեն ՀՀ ԱԺ՝ միայն թուրքական խորհրդարանի վավերացումից հետո:

Ոմանց կարծիքով հայկական դիվանագիտությունը հայտնվել է ծուղակում եւ դրանից դուրս գալու ելքեր է փնտրում:

Հայկ Թորգոմյան
Վահագն Նանյան
“Լուսանցք” Թիվ 127, նոյեմբերի 27 — դեկտեմբերի 3, 2009թ.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: