ՀՀ-ն չպետք է անտեսի իսլամական առանցքը

by


Հայաստանը պետք է հարաբերություններն ընդլայնի ոչ միայն ամերիկյան, ռուսաստանյան կամ եվրոպական ուղղություններով, այլեւ՝ արեւելյան, հարավային եւ այլ: Այս վերջին ուղղություններում մի կարեւորագույն օղակ կա, որը հմտորեն օգտագործում են մեզ թշնամական պետությունները՝ Թուրքիան եւ Ադրբեջանը: Դա մահմեդական երկրների առանցքն է, որի առկայությունը զգալի է նաեւ մեր տարածաշրջանում, ինչը չի կարող անտեսվել ՀՀ կողմից, իսկ առ այսօր անտեսումը միայն վնասաբեր է եղել: Այս ուղղությունը կարեւոր է նաեւ համապարփակ հայկական հարցը արծարծելու եւ ավելի արագ հաջողության հասնելու համար:

Դեռ թարմ է այն դեպքը, երբ 2008թ. մարտի 14-ին, ՄԱԿ Գլխավոր Ասամբլեան ընդունեց Լեռնային Ղարաբաղի հարցով ներկայացված բանաձեւը: Չնայած այն հանգամանքին, որ ՄԱԿ-ի անդամ 192 երկրներից քվերակությանը մասնակցել էր 147-ը, որից 101-ը “ձեռնպահ” էր քվեարկել, իսկ 7-ը՝ “դեմ” (ներառյալ Մինսկի խմբի համանախագահ երկրները` ԱՄՆ-ն, Ռուսաստանը եւ Ֆրանսիան), այնուամենայնիվ, Ադրբեջանին հաջողվել էր բանաձեւն անցկացնել, քանի որ ստացել էր 39 երկրների աջակցությունը: Այդ բանաձեւին “կողմ” քվեարկած երկրների ցանկն ուսումնասիրելիս նկատում ենք, որ մեր անհաջողությունը պայմանավորված էր “Իսլամական կոնֆերանսի” կամ “իսլամական համերաշխության” առկայությամբ: Բացի “կողմ” քվեարկած Ադրբեջանից, 30 երկրները եղել են “Իսլամական կոնֆերանս” կազմակերպության անդամ, 3-ը՝ Ադրբեջանի դաշնակիցները ՎՈւԱՄ-ից, նաեւ Սերբիան (որը քվեարկել էր Կոսովոյի խնդրով պայմանավորված), ինչպեսեւ՝ Կամբոջան, Կոլումբիան, Մյանման եւ Տուվալուն, որոնք վստահաբար տեղյակ էլ չեն եղել, թե որտեղ են գտնվում Հայաստանը, Ադրբեջանն ու Արցախը:

Այս քվեարկությունը եւ նմանատիպ այլ քվեարկությունները (տարբեր միջազգային ատյաններում) ցույց են տալիս, որ ՀՀ-ի համար կարեւոր խնդիրներում անհրաժեշտ է լուրջ աշխատանք տանել ոչ միայն այդ խնդիրների լուծման մեջ ներգրավված երկրների, կազմակերպությունների ու մասնագիտացված կառույցների կամ գերտերությունների հետ, այլեւ՝ մյուս բոլոր, հատկապես՝ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ ընդհանուր հետաքրքրություններ ունեցող երկրների հետ:
Այս դեպքում մեր խնդիրը պետք է լինի քաղաքական, առեւտրատնտեսական, մշակութային եւ հատկապես տեղեկատվական համագործակցության միջոցով հասնել այն բանին, որ հիշյալ երկրները կամ ձեռնպահ մնան իրենց չվերաբերող ու իրենց շահերին չառնչվող հարցերի (նաեւ՝ ԼՂՀ հիմնախնդրի) վերաբերյալ որոշումների կայացմանը մասնակցելուց, կամ՝ հակառակ դեպքում պետք է մասնակցեն՝ ունենալով գոնե նվազագույն պատկերացում հակամարտության իրական պատկերի մասին, որ վարվեն այնպես, ինչը կհամապատասխանի մեր ազգային շահերին:

Իսլամական երկրների, Արաբական լիգայի կամ նմանատիպ այլ կառույցների երկրների ցանկը փոքրաթիվ չէ (Ալբանիա, Բոսնիա-Հերցեգովինա, Իրան, Աֆղանստան, Տաջիկստան, Ղրղզստան, Ղազախստան, Ուզբեկստան, Թուրքմենստան, Սուրինամ, Կամերուն, Գայանա, Մոզամբիկ, Տոգո, Բենին, Բուրկինա Ֆասո, Չադ, Կոտ դ’Իվուար, Գաբոն, Գվինեա, Գվինեա-Բիսաու, Եգիպտոս, Իրաք, Լիբանան, Մալի, Մավրիտանիա, Սիրիա, Ալժիր, Թունիս, Հորդանան, Քուվեյթ, Սաուդյան Արաբիա, Կաթար, Բահրեյն, Օման, Եմեն, ԱՄԷ եւ այլն) եւ հաճախ ունենում է վճռորոշ ազդեցություն միջազգային մակարդակի որոշումներ կայացնելիս:

Հատկապես հետաքրքիր է “Իսլամական կոնֆերանս” կազմակերպությունը, որը հիմնադրվել է 1969թ. եւ ստեղծման օրվանից հռչակվել է իսլամական համերաշխության պահպանման կառույց՝ սոցիալական, տնտեսական, մշակութային ու քաղաքական ոլորտներում, ինչպես նաեւ գաղութատիրության եւ ռասիզմի դեմ պայքարում: Կենտրոնակայանը գտնվում է Սաուդյան Արաբիայում՝ մահմեդականների համար սուրբ քաղաք Ջիդդայում: Անդամակցում է 54 երկիր, եւս 5-ը ունի դիտորդի կարգավիճակ: Դիտորդի կարգավիճակ ունեն նաեւ տարբեր միջազգային կազմակերպություններ ու առանձին երկրների տարածքում գործող մահմեդական կառույցներ:
ՀՀ-ն դիվանագիտական հարաբերություններ ունի ոչ բոլոր մահմեդական երկրների հետ, իսկ դիվանագիտական ներկայացուցչություններն ԻԿԿ անդամ երկրներում խիստ սահմանափակ են: Կարծում ենք` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Քուվեյթ կատարած այցը կդառնա օրինաչափություն եւ կօգնի այսուհետ լրացնել այդ բացը, իսկ առաջիկայում Երեւանը կփորձի երկխոսություն ծավալել իսլամական երկրների հետ, որոնք սփռված են բոլոր մայրցամաքներում:

Իսլամադավան երկրները աշխարհում կարելի է խմբավորել մի քանի հիմքով՝ դավանաբանական (սունի եւ շիա), էթնիկ-լեզվական (արաբներ, թյուրքական երկրներ, հնդարիական, իրանական, աֆրիկյան ժողովուրդներ եւ այլն), աշխարհագրական (Հարավային ու Հարավ-արեւելյան Ասիա, Կենտրոնական ու Առաջավոր Ասիա, Հյուսիսային ու Հասարակածային Աֆրիկա, Լատինական Ամերիկա):

Հայաստանը եւ հայերը որոշ երկրների եւ ազգերի հետ ունեն հազարամյա շփումներ եւ փոխադարձ ճանաչողության խնդիր չունեն, ինչը նույնպես պետք է օգտագործել իսլամական աշխարհի հետ հարաբերվելու համար: Իրանը, Սիրիան, Լիբանանը, Եգիպտոսը, Իրաքը եւ այլն, կարող են որոշակիորեն աջակցել մեզ այդ հարցում: Այս երկրներում կան նաեւ ինքնահաստատված հայկական գաղթօջախներ, գործում են հայկական ազգային ու կրոնական կազմակերպություններ, որոնք նույնպես կնպաստեն այդ գործին:

Կենտրոնասիական երկրների (Ղազախստան, Ուզբեկստան, Ղրղզստան, Թուրքմենստան, Տաջիկստան) հետ, ինչպես նաեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ Հայաստանը նույնպես ունեցել է շփումներ, ինչը կարելի է վերհանել նորովի:

Փոքրաթիվ հայկական համայնք ունեցող երկրներում (Քուվեյթ, Հորդանան, Կաթար, Արաբական Միացյալ Էմիրություններ, Պարսից Ծոցի այլ երկրներ, Ալժիր, Սուդան, Հասարակածային Աֆրիկայի որոշ երկրներ, Ինդոնեզիա, Մալայզիա, ասիական այլ երկրներ եւ այլն) կարելի է զարգացնել առեւտրա-տնտեսական, հոգեւոր-մշակութային հարաբերությունները եւ շփումները հայերի հետ:
Կենտրոնական կամ Հասարակածային Աֆրիկայի (Կոտ դ’Իվուարը, Նիգերը, Մալին, Մավրիտանիան, Կամերունը եւ այլն) ու Հարավային Ամերիկայի (Սուրինամ, Գայանա) կամ նմանատիպ իսլամադավան երկրների հետ Հայաստանն ընդհանուր շատ քիչ հետաքրքրություններ ունի, սակայն, փորձը ցույց է տալիս, որ առնվազն տեղեկատվական դաշտում լուրջ աշխատելու դեպքում անհրաժեշտ կապեր կստեղծվեն: Նույնիսկ իսլամական արմատականության արտահանողի համբավ ձեռք բերած Սաուդյան Արաբիայի ու Պակիստանի հետ կարելի է հարաբերություններ փնտրել:
Հուսանք, որ վերջերս ՀՀ նախագահի քուվեյթյան այցը մեկնարկ կլինի իսլամական երկրների հետ հարաբերությունների յուրովի հաստատման համար, ինչը կանխարգելիչ հանգամանք կդառնա Թուրքիայի եւ Ադրբեջանի հակահայ քաղաքականությունը բացահայտելու եւ մեղմելու համար: Իսկ Հայաստանի դիրքերը կամրապնդի տարածաշրջանում եւ աշխարհում:

Վահագն Նանյան
“Լուսանցք” Թիվ 127, նոյեմբերի 27 — դեկտեմբերի 3, 2009թ.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: