21 տարի անց էլ կառուցումներ` սեյսմիկ մեծ ռիսկով

by

Ահավոր երկրաշարժից անցել է 21 տարի: 1988թ. դեկտեմբերի 7-ին, ժամը 11:41-ին ՀՀ տարածքի շուրջ 40%-ը մի քանի ակնթարթում վերածվեց ավերակների: Պաշտոնական տվյալների համաձայն՝ երկրաշարժը խլեց 25 հզ. մարդու կյանք: Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնում, որն ընդգրկում էր Սպիտակ քաղաքն ու նրա շրջակա 12 գյուղերը, կազմել էր 10 բալ, հիմնական ցնցման մագնիտուդը՝ 7: Երկրաշարժից տուժեց 363 բնակավայր՝ 21 քաղաք եւ 342 գյուղ, անօթեւան մնաց 514 հզ. մարդ, լիովին ավերվեց երկրի բնակֆոնդի 17%-ը:

Չնայած կատարված հսկայական վերականգնողական աշխատանքներին, աղետի գոտի հասկացությունը դեռ չի վերացել:

Ըստ պաշտոնական տվյալների, Երեւանն ամենավտանգավոր սեյսմիկ գոտում է, իսկ ժամանակին Սպիտակի երկրաշարժի զոհերի թիվը մոտ 8000-ով հնարավոր կլիներ կրճատել, եթե մարդիկ իմանային սեյսմիկ պաշտպանության վարքականոնները: Դա անհրաժեշտ է, քանզի Հայաստանը 100%-ով սեյսմիկ վտանգի գոտում է, եւ մենք պետք է միշտ պատրաստ ու զգոն լինենք:

Ինչ վերաբերում է մեր մայրաքաղաքին, ապա սեյսմիկ ամենամեծ ռիսկն այստեղ է, քանի որ այն գտնվում է 8-9 բալանոց գոտում: Այդ ռիսկայնությունը պայմանավորված է նաեւ այն բանով, որ այստեղ շատ են բավականին խիտ կառուցված բարձրահարկ շենքերը, այստեղ է կենտրոնացված ՀՀ-ի բնակչության մեծ մասը, ինչպես նաեւ՝ Երեւանն աչքի է ընկնում ենթակառուցվածքների, վթարավտանգ, պայթունավտանգ օբյեկտների խտությամբ:

Ըստ մասնագետների, Երեւանի կենտրոնում տեղի ունեցող կառուցապատումը սեյսմիկ պաշտպանության տեսանկյունից այնքան էլ ճիշտ չէ, որն ուժեղ երկրաշարժերի դեպքում կմեծացնի մարդկային եւ նյութական կորուստների թիվը: Շատ նորակառույցների դեպքում չեն պահպանվում սեյսմակայունության նորմերը: Շինարարություն իրականացնում են մասնավոր կազմակերպությունները, որոնք շատ դեպքերում շրջանցում են օրենքը, շենքի նախագծի փորձաքննության ժամանակ չեն ներկայացնում սեյսմակայունության մասին տեղեկանք եւ այլն:
Իհարկե, շենքը կարող է նաեւ ամուր լինել, սակայն երկրաշարժի ժամանակ` կողքի ընկնել ու վնասել մյուս շենքերին՝ մեծացնելով սեյսմիկ վտանգը: Այնուամենայնիվ, տարեցտարի երկրաշարժերի քանակը նվազում է. եթե 2008թ. գրանցվել է 50 երկրաշարժ, ապա 2009թ. այդ թիվը 35 է:

Ամենալավ պաշտպանվածությունը, այդուհանդերձ, ամուր կառուցված շենք-շինություններն են եւ իմացությունը՝ երկրաշարժերի ու դրանցից ճիշտ պաշտպանվելու մասին:

Անի Մարության

“Լուսանցք” Թիվ 129, դեկտեմբերի 11 — 17, 2009թ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: