Քաղ

by

Ընթերցողիս թերեւս ծանոթ կլինի իրավիճակը, երբ մարդիկ հանրակառքում (ավտոբուս) տրտունջներով գրեթե ծանոթանում են միմյանց: Նրանք կյանքից դժգոհում են գրեթե նույն խոսքերով եւ դժգոհ մնալու հաստատակամությամբ:
1996 թե 97թ. ընկերոջս հետ Երեւանից Աբովյան էինք գնում: Դաժան կյանքի օրինակներով, ուղեւորների՝ մեկը մյուսին զարմացնելու ջանքերում բոլորից առաջ անցավ Աբովյանի գյուղերից մեկի մի բնակչուհի, ով սկսեց բղավել. “Ժողովուրդ, բա գիտե՞ք, մեր գյուղում սովից մարդ ա մեռել:

Ուղեւորները դրան արձագանքեցին վրդովված բվվոցով, եւ գլխի դրական տմբտմբոցով ըմբռնողություն արտահայտեցին: Սակայն, հանրակառքի հերոսուհին փառքը երկար չվայելեց:
— Ո՞րն է ձեր գյուղը,- հարցրի ես:
Կ……., — հաղթողի հպարտ քմծիծաղով պատասխանեց նա:
— Ամո՛թ ձեր գյուղին եւ անձամբ Ձեզ:
— Ինչի՞ համար:
— Անտարբերությամբ ձեր համագյուղացուն սպանելու համար:

Ուղեւորների բվվոցը փոխեց բնույթը, նրանք մի պահ հիշեցին, որ հային վայել չէ դրկիցի հանդեպ անտարբերությունը: Սակայն շուտով երթուղին ավարտվեց, եւ թերեւս յուրաքանչյուրը նորից տրվեց իր անձնական հոգսերի ունայնության գգվանքներին:

Շատ բան է կյանքում գլխիվայր:

Մեր օրերում վաղուց արդեն ընդունված չէ հեքիաթների եւ Դյուցազներգությունների հավատալ եւ դրանցով զավակներ դաստիարակել: Ընդհակառակը, ծնողները աշխատում են զավակների մեջ հեքիաթների հանդեպ “իմունիտետ” ձեւավորել եւ դրանով նախանշում են իրենց ետեւից դեպի վիշապի երախ տանող ուղին: Մարդիկ դադարել են կերպարների լեզուն հասկանալ: Եվ չեն էլ գիտակցում, որ իրենք իսկ հեքիաթային իրողության բաղկացուցիչ են: Չեն էլ հասկանում, որ հեքիաթների վիշապը, որի ճաշին մարդիկ ժամանակ առ ժամանակ իրենց զավակներին են հրամցնում, աղբյուրից մի պուտ ջուր ստանալու համար, դա մեր օրերի իշխանավորն է, աշխարի որ ծայրում էլ լինի: Հեքիաթների ջուրը մեր օրերի փողն է, որի ակունքներին վիշապազունները բացել են երախները ողջը կլանելու ախորժակով: Եվ մարդիկ որքան շատ են կերակրում վիշապազուններին, այնքան շատ են իրենք քաղցում:

Երբեմն մարդկանց համբերությունը սպառվում է, եւ նրանք հարձակվում են վիշապներից մեկի վրա, բռնում նրա պոչից: Բայց վիշապը մողեսի պես արձակում է պոչը, անհետանում: Հետո մարդիկ վիշապի գահին են կարգում մի նոր մարդակերպ վիշապի:

Սրան էլ են լավ կերակրում: Հետո փոշմանում, որ հնին գահընկեց արին` կարծելով, թե նա արդեն կուշտ էր եւ այս նորի նման շատ ուտել չէր կարող:

Արթնացի՛ր, Հայ մարդ:

Մինչեւ ե՞րբ պիտի վիշապների մեջ մարդկություն փնտրես:

Մինչեւ ե՞րբ պիտի քաղցր խոսքին կուլ գնաս ու չհասկանաս, որ դրանից հետո կոպիտին ես կլանվելու:

Մի՞թե դեռ չես հասկացել, որ քծնանքը քեզ տոկոսադրույքով են տալիս, որ հետո հանապազօրդ ապահովելու համար ճարահատյալ բազմապատիկը վերադարձնես:

Մի՞թե դեռ վիշապազունին քայլվածքից ու կեցվածքից չես ճանաչում:

Բա՛վ է ժամանակդ ու ջանքդ վիշապազունին տրամադրես:

Հիշի՛ր Ինքնությունդ, Հայ մարդ:

Անդրանիկ Աթոյան
Ռուսաստանի Դաշնություն, Կրասնոդար

“Լուսանցք” Թիվ 130, դեկտեմբերի 18 — 24, 2009թ.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: