Հայ քաղաքական դաշտն այս տարի լուրջ վայրիվերումներ արձանագրեց, սակայն, ըստ էության, այդ վայրիվերումներն առավելապես իշխանափոխական բնույթի էին, քան սոցիալ-քաղաքական, ավելին՝ գաղափարախոսական:
Թերեւս միայն տարեվերջին իշխանությունների դեմ փոքրիշատե ձեւավորվեց մի ընդդիմադիր շարժում, որն իրապես ունի քաղաքական եւ գաղափարախոսական հակառակ եզրեր, հատկապես՝ արտաքին հարցերում:
Եթե մի թիմի ներկայացուցիչներ Ռուբերտ Քոչարյանի փոխարինումը Սերժ Սարգսյանով չհանդիպեր մարտիմեկյան տխուր իրադարձություններին, ապա մեր քաղաքական ոլորտը գուցե ավելի ազգային որակներ ձեռք բերեր:
Պատճառը հետեւյալն է.‘
1. Մարտիմեկյան իրադարձությունները պառակտեցին եւ ջլատեցին ազգային ու հանրային տարաբնույթ շերտերը: 2. Միջազգային պատժամիջոցներն ու այլեւայլ ազդեցությունները որոշակիորեն թուլացրեցին մեր պետականության եւ իշխանության դիրքերը:
Այս իրողությունները չէին կարող ազդեցություն չունենալ մեր քաղաքական դաշտի վրա: Եվ ունեցան: Ընդդիմադիր հռչակված Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ), որը կարողանում էր իր հանրահավաքներին եւ միջացառումներին հավաքել մեր երկրի գրեթե բոլոր շերտերի մարդկանց, քանի որ բողոքը իշխանությունների (երկրում առկա ծանր իրավիճակի) դեմ ամենուր էր, մարտիմեկյան իրադարձություններից հետո կորցրեց իր միանձնյա դիրքերը: Հազարավոր մարդիկ հասկացան, որ ելնելով իշխանափոխության պայքարի, պարզապես նախկին իշխանավորների նեղ շահերն են առաջ տանում, ովքեր հանուն իրենց շահերի կարող են գործակցել միջազգային եւ իշխանական ուժերի հետ՝ հանուն ամերիկա-եվրոպական միջազգային ուժերի նպատակների: Մարդիկ ի վերջո հասկացան, որ ՀԱԿ-ը դրսից հեռակառավարվող սարք ունի իր ներսում, եւ այս կառույցը տրամաբանորեն հետզհետե քանդվեց ու շարքերը նոսրացան: Այնքան նոսրացան, որ նույնիսկ հանրահավաքները դադարեցին: Չնայած այս հանգամանքին նպաստեց նաեւ իշխանությունների արտաքին քաղաքականությունը: Լեւոն Տեր-Պետրոսյանն իր թիմով Արեւմուտքին պետք էր հատկապես Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու եւ Արցախի ու ազատագրված տարածքների հարցը լուծելու (տարածաշրջանը իրենց ծառայեցնելու) համար, ինչը նախաձեռնեց նաեւ Սերժ Սարգսյանը եւ, այսպիսով, ՀՀ 1-ին նախագահի կարեւորությունը օտարների աչքին նվազեց: Եթե հայ-թուրքական արձանագրությունները վավերացվեն, ապա հաջորդ դաժան խնդիրը ՀՀ 3-րդ նախագահի համար լինելու է արցախյան հարցը: Եվ եթե այստեղ նա հապաղի (ինչպես հիմա թուրքերը մեր հետ հարաբերություններում), ապա գուցե վերստին արժեւորվի Լ. Տեր-Պետրոսյանին իշխանության բերելը:
Իհարկե, այս ժամանակահատվածում որոշակիորեն իր մասին զգացնել տվեց նաեւ ՀՀ 2-րդ նախագահը, սակայն, գուցե Ռ. Քոչարյանի կարեւորությունը ավելի զգացվի, եթե ռուսաստանյան ուժերը Արցախի եւ հայ-թուրքական հարաբերությունների հարցը բացառապես արեւմտամետ եւ ՆԱՏՕ -ամետ դիտարկեն:
ՀՀ 2-րդ նախագահը Ազգային Ժողովում ամուր դիրքեր ունի՝ ի դեմս ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, ՀՀԿ-ի որոշ անդամների: Չի բացառվում նաեւ ՕԵԿ-ի “գունափոխությունը”: Որոշակի դիրքեր մնացել են նաեւ կառավարությունում: Ուստի՝ Ս. Սարգսյանը խաղալու է դրսի 2 հովանավորյալ թեկնածուների հետ, այսինքն՝ միաժամանակյա շախմատ 2 տախտակների վրա: Լ. Տեր-Պետրոսյանը Արեւմուտքի թիմն է ներկայացնում, Ռ. Քոչարյանը՝ Ռուսաստանի: Հիմա ներկայիս նախագահը պետք է ե՛ւ արեւմտամետ լինի, ե՛ւ ռուսաստանամետ, իսկ որ ամենակարեւորն է՝ նա՛եւ հայամետ:
Հայամետ, քանի որ նրա վարած արտաքին քաղաքականությունը թուրքական եւ ադրբեջանական ճակատներում (նաեւ՝ վրացական) չի բավարարում մեր ազգային-ազգայնական ուժերին (թե՛ Հայաստանի, թե՛ սփյուռքի), որոնք մի նոր ընդդիմադիր բեւեռ ստեղծելու ճանապարհին են: ՀՅԴ-ի նախաձեռնությամբ մեկտեղ հավաքված կուսակցություններն ու հասարակական կազմակերպությունները հնարավոր միավորման դեպքում առավել զորեղ կգործեն, քան՝ ՀԱԿ-ը: Արտաքին քաղաքական վտանգները թերեւս ավելի շուտ մղեն իշխանափոխության, քան դա հնարավոր էր ներքին դժվար կացության պարագայով պայմանավորված: Այստեղ կա նաեւ սփյուռքահայերի հանգամանքը: Մեր ազգը արագ է արձագանքում հատկապես արտաքին վտանգներին, որի դեպքում նաեւ առավել արագ էլ համախմբվում է` ժամանակավորապես մի կողմ դնելով շատ ներքին խնդիրներ:
Հատկապես ո՛չ հայամետ արտաքին քաղաքականությունը ներկայիս վարչակարգի դեմ կարող է համախմբել նաեւ զուտ ազգայնական ուժերին, որոնք ունենալով փոքրաթիվ կառույցներ, այնուամենայնիվ, քանակով քիչ չեն, իսկ սփյուռքյան գաղափարակից ուժերի աջակցությամբ կարող են լուրջ դերակատարում ստանձնել երկրում: Ազգայնականների առավելությունը այն բանով է պայմանավորված, որ նրանք չեն խաղացել ո՛չ իշխանությունների, ո՛չ էլ ընդդիմադիր հռչակված ՀԱԿ-ի խաղերը: Նույնիսկ ներկայիս ազգային հռչակված ընդդիմության հարցին հայ ազգայնականները դեռեւս վերապահումով են մոտենում (եւ առայժմ միայն մասնակցում են հայ-թուրքական արձանագրությունների դեմ պայքարին): Այս, դեռեւս հզոր ուժ չդարձած հնարավոր ընդդիմությունը, կարող է համագործակցել ոչ միայն համահայկական ուժերի, այլեւ միջազգային ազգայնական կառույցների հետ, ինչը նոր թափ կհաղորդի հայ ազգայնականներին: Այս առումով Հայ Արիական միաբանության (ՀԱՄ) նախաձեռնած Հայ ազգայնականների համախմբումը (ՀԱՀ) կարող է ստանձնել նման առաքելություն, որովհետեւ համակիրների մեծ բանակ ունի ե՛ւ հայրենիքում, ե՛ւ սփյուռքում:
Հաջորդ տարին կլինի նոր զարգացումների տարի, եւ ազդեցությունը կթողնի հայության դերի ու նշանակության միջազգային արժեւորման առումով:
Հայկ Թորգոմյան
“Լուսանցք” Թիվ 131, դեկտեմբերի 25 — 31, 2009թ.
Թողնել պատասխան