Սոկրատեսի դեմոնապաշտությունը եւ իմաստասիրությունը

by


Երկիրը` տիեզերական ձմռանը

Ըստ հին ավանդական-դիցաբանական (հայկական, վեդայական, հունական, եգիպտական…) եւ նախնական-իմաստասիրական (հնդկական, չինական, հունական…) պատկերացումների՝ երկրային կյանքի ժամանակը ընթանում է ոչ միայն ըստ սովորական երկրային, այլեւ ըստ՝ ուշ-ուշ եկող՝ տիեզերական տարվա պարբերության: Տիեզերական 1 տարին մոտավորապես տեւում է 12 հազար երկրային տարի: Դա էլ, ինչպես երկրային տարին, իր եղանակներն ունի՝ գարուն, ամառ, աշուն, ձմեռ (եղանակների անվանումները տարբեր ավանդույթներում տարբեր են, բայց էությունը նույնն է), յուրաքանչյուրը, դարձյալ մոտավորապես, 3.000 երկրային տարվա պարբերությամբ: Երկիր մոլորակն ու երկրային կյանքը, վերջին 2.5-3.0 հազար երկրային տարիներին ապրում է իր վերջին տիեզերական տարվա ձմեռային դարաշրջանը: Տիեզերական ձմռանը երկրում սկզբունքորեն նույնպիսի փոփոխություններ են տեղի ունենում, ինչ երկրային ձմռանը, բայց, պարզ է, մե՜ծ ընդգրկումներով ու խորություններով. այդ՝ հայ հեքիաթի լեզվով ասած՝ երբ “երկիրը հեռանում է երկնքից” ընթացքում, երկրի՝ տիեզերքից (տիեզերական զորություններից, դրանց մեջ առանցքայինից-հուր-զորությունից) սնուցումը նվազագույնի է հասնում, որի հետեւանքով այն կարծես պարփակվում է ինքն իր մեջ, դառնում “իր մեջ եւ իր համար” մի գնդի, այն կարծես անկախանում է երկնքից, որի հետեւանքով գլուխ են բարձրացնում զուտ երկրային ուժերը, “հողը,- հայ էպոսի լեզվով ասած,- թուլանում” է, զրկվում իր՝ նախորդ դարաշրջաններում իրեն հատուկ կենսունակությունից: Համապատասխան փոփոխություններ է ապրում նաեւ երկրային կյանքի մի արտահայտություն՝ մարդկային կյանքը. այդ՝ դարձյալ հայ էպոսի լեզվով ասած՝ “աշխարհի վերջ”-ում մարդը “պզտգնում է”, նրա հողածին, զուտ երկրածին տեսակն է դառնում նրա աշխարհի գլխավոր դերակատարը, որի հետեւանքով մարդը քաշվում է իր երկրա-մարդկային “քարանձավը”, ձմռանը “չմրսելու” համար տեսակ-տեսակ արտաքին՝ “տաքացնող” զգեստներ ու տաքացուցիչներ է ստեղծում, նախկին՝ աստվածային տիեզերական իմաստություններին նրանում փոխարինելու են գալիս երկրակենտրոն ու մարդակենտրոն աշխարհընկալումներն ու իմաստասիրությունները, նա դառնում է Արարչին, Աստվածներին ու նրանց արարած զորությունները (բնություն, ազգ, ցեղ, հայրենիք, ծագում…), դրանք արտահայտող ավանդույթները մոռացող կամ մերժող… Երկրային կյանքի տիեզերական ձմռան ընթացքում մարդ աշխարհում առաջացան մինչ այսօր մարդկությանը ձմեռային քնի մեջ պահող երկրակենտրոն ու մարդակենտրոն կրոնները (հուդայականություն, բուդդայականություն, զրադաշտականություն, քրիստոնեություն, մահմեդականություն), իմաստասիրությունները, արվեստներն ու գիտությունները՝ իրենց մարդ-կուռքերով: Երկրագնդի արիա-եվրոպական հատվածի մարդաշխարհում երեւան եկած այդպիսի (ոչ, իհարկե, առանց սեմական հողածին աշխարհի ազդեցության) հոգեւոր երեւույթներից էր հին հունական իմաստասիրությունը, որի չափ տվողը, վերջ ի վերջո, եղավ ոչ այլ ոք, քան… “շուկայի իմաստասեր” Սոկրատեսը, ինչպես նրան ատող ժամանակակիցներն են նրա մասին ասում: Հետեւաբար, քննելով Սոկրատեսի իմաստասիրութունը, դրա ծագումնաբանությունը, դրանով հիմքեր կստեղծվեն ընդհանրապես հին հունական իմաստասիորւթյան ծագումնաբանությունն ու որպիսին լինելը հասկանալու համար: Դրա հետ մեկտեղ նաեւ` հունական իմաստասիրության հիմքի վրա առաջացած եվրոպականինը:

Սովորաբար հետազոտողները, Սոկրատեսի իմաստասիրությունը ներկայացնելիս, դրա “հավատքային” հիմքը՝ դեմոնապաշտությունը չեն նշում՝ չհասկանալո՞վ, թե դա ինչ է. ցանկանալով սքողե՞լ Սոկրատեսի իմաստասիրության թերին ու այն ինչ-որ բացարձակ, ժամանակից դուրս մի բան ներկայացնելու մտադրությունն ունենալո՞վ. իրենց՝ անհավատության դիրքերից ընդամենը հասկանալո՞վ Սոկրատեսին ու ըստ այդմ վերակազմելո՞վ նրա իմաստասիրությունը. Սոկրատեսի իմաստասիրության նկատմամբ իրենց կռապաշտությու՞նը դրսեւորելով. թե՞ չկարողանալով վերապրել ու հասկանալ ժամանակի իրարամերժ հոգեւոր խմորումներն ու ուժագծերը, որոնցից մեկի՝ դեմոնականի գլխավոր կրողներից ու ներկայացնողներից մեկը Սոկրատեսն էր,- դրա պատճառների մասին որոշակի մի բան դժվար է ասել: Բայց դե չխոսելը դեռ չի նշանակում, թե դա չկա:

Սոկրատեսի դեմոնապաշտության մասին խոսում են անմիջականորեն նրա ժամանակակից հեղինակներ Պլատոնը, Քսենոփոնը եւ Արիստոփանեսը, առանց սակայն պարզորոշ բացատրելու, թե ինչ է դեմոնն ու ինչ՝ դրա պաշտամունքը: Այդպես են նրանք վարվել, թերեւս, իրենց ու իրենց ժամանակակիցների համար դա ինքնին հասկանալի լինելու պատճառով: Բայց քանի որ մեզ համար էլ այդպես չէ, փորձենք դա հասկանալի դարձնել:

1. Հունական դիցաբանության դեմոնը:
Ի՞նչ է դեմոնապաշտությունը

Հունական դիցաբանությունում դեմոնը հանդես է գալիս որպես մի այնպիսի անորոշ ու տարերային, հանկարծակի առաջացող ու անսպասելի անհետացող երկրային ու մարդու ներսից եկող բավականաչափ զորեղ, հիմնականում չար ուժի ընդհանրացված արտահայտություն, որը մարդու կյանքի ընթացքի վրա որոշակիորեն ազդելու “գայթակղանքն” ունի: Այդ ուժին անուն տալ, դա հասկանալ, դրա հետ կապի մեջ մտնել` հնարավոր չէ. այն անսպասելի ու հանկարծահաս վրա է տալիս, կայծակնորեն իրենն անում ու անհետանում է՝ հանդես գալով որպես տվյալ ակնթարթի մի յուրահատուկ տիրակալ: Հոմերոսի “Իրիական”-ում ու “Ոդիսական”-ում դեմոնի հետեւյալ վարքագրությանն ենք ականատես լինում. նա “Ժանտ աղետներ է հորինում” մարդու համար (Ոդիսեւս, 12, 295), գայթակղեցնում ու “դյութում” (16, 194), “տանջանք ու անչափ վիշտ” է շնորհում (19, 513), “չարագույժ երազներ է բերում” (20, 87) նրան: Դեմոնը մարդուն անսպասելի այս կամ այն միտքն է ներշնչում (3, 27), նրա խելքն է առնում, երբեմն` կուրացնում: Հին հունական դից ընկալման մեջ երկրային կյանքում դիտվող բոլոր անբացատրելի ու չարաղետ երեւույթները (ջրհեղեղ, փլուզում, երկրաշարժ, փոթորիկ, համաճարակ, երաշտ եւ այլն) կապվում են դեմոնների հետ: Ըստ Հոմերոսից հետո եկող հույների, դեմոնը մարդու՝ ողջ կյանքի ընթացքը որոշող ճակատագիրն է (Էսքիլլես). կա ծննդյան դեմոն ու մահվան դեմոն, ինչպես նաեւ՝ բարի դեմոն ու չար դեմոն (Պինդարոս). մարդու բնավորությունը նրա դեմոնն է (Հերալիտես). ամեն մարդ ծնվելուց մինչեւ մահ ունի իրեն առաջնորդող դեմոնը (Պլատոն): Հեսիոդոսը դեմոնի մեկ այլ՝ որպես նախնյաց ոգի՝ տեսակ էլ է նկատում. ըստ նրա, երբ ոսկե դարաշրջանի “ցեղը հողը ծածկեց իր ընդերքում”՝ Զեւսի կամքով այդ ցեղի մարդիկ դարձան “բարի դեմոններ, պահպանելով երկրի վրա մահկանացու բոլոր մարդկանց ու հսկելով նրանց արդարացի ու անարդար արարքները” (“Աշխատանքներ եւ օրեր”, 121-124):

Այսպիսով՝ ըստ հունա-դիցաբանական ընկալման՝ դեմոնները Աստվածներ՝ տիեզերական բացարձակ զորություններ չեն, դրանք աստվածների հետ համեմատած, զորությունների աստիճանակարգում ցածր տեղ են գրավում (կիսաստվածներ կամ ոչ աստվածներ են), քանի որ երկրային (կամ մերձերկրային) ու երկրային մարդ արարածի հետ կապվող, դրանցից ծնված ուժերի մարմնավորումներ են հանդիսանում (դրանք, ըստ Հոմերոսի, երբեմն նույնիսկ աստվածներին ընդդեմ են գործում): Ընդհանուր առմամբ, հունական դիցաբանության մեջ դեմոնները երկրածին ու մարդածին չար (բացասական կարգի) ոգիների կարգավիճակն ունեն: Եվ դա այդպես է, որովհետեւ արիական աշխարհընալում ունեցող հին հույնը հասկանում էր, որ երկիր մոլորակը ինքնին բացասականորն լիցքավորված մի սառը գունդ է եւ, հետեւաբար, դրանից ծնված ուժերն էլ նույնպիսին են: Նույնը երկրածին (հողածին) մարդու, մասամբ նաեւ՝ հրածին մարդու, վերաբերյալ ասած:

Հունական դիցաբանության դեմոնը ավելի պարզորոշ պատկերացնելու համար այն թարգմանենք հայ լեզվամտածողությամբ: Դա հայ դիցաբանությունից, ասք-էպոսներից, հեքիաթներից ու գրականությունից հայտնի դեւերն1 են (սրանք երկրային բացասական-դիվային ուժերն են մարմնավորում), ինչպես նաեւ, այլ անվանումներով, երկրածին ոգիները (անտառի ոգիները, ջրի ոգիները, ընդերքի ոգիները, քարանձավի ոգիները եւ այլն), հրեշտակները, փերիները, պայիկները եւ այլն: Հայոց լեզվում դեւ բառ-խորհրդից են ածանցվել նույնպիսի բացասական իմաստ արտահայտող դիվային, դիվոտել, դիվապաշտ, դիվահար, դիվակործան, դիվահալած,…, ըստ երեւույթին, նաեւ դիվան բառերը:

Ավելացնենք նաեւ, որ բուն հույն՝ արիական ծագում ունցող այդ ազգի մեջ նախասկզբնապես դեմոնապաշտությունը (դիվապաշտությունը) հատուկ չի եղել: Այդ պաշտամունքը Հունաստան են բերել հողածին սեմականները (փյունիկիացիները, եգիպտացիները…), որոնց ի վերուստ, իրենց ծագումի բերումով, հենց այդ պաշտամունքն է հարազատ եղել (սեմական բոլոր հավատքները՝ ոչ բացահայտ, եւ կրոնները՝ բացահայտ,- ոչ այլ ինչ են, եթե ոչ դիվապաշտություն): Գանք, սակայն, Սոկրատեսի դեմոնին:
Հիշեցնենք ընթերցողին, որ հին հունական դիցաբանության դեմոնը բացասական ու չ-ար ուժերն է մարմնավորում ի հակադրություն տիեզերական դրական (բարի) ուժերի, որոնց մարմնավորումն են աստվածները, հունական դիցաբանական հասկացողությամբ՝ դիոսները: Դեմոնը հայ դիցաբանության՝ երկրային բացասական ուժերի մարմնավորում դեւն է: Հետեւաբար՝ հունարենի դեմոնոպաշտությունը հայ լեզվամտածողությամբ ստացվում է դիվապաշտություն: Այսպիսի մի պաշտամունք ուներ Սոկրատեսը՝ հունական իմաստասիրության հայրը:

Ամբողջ Աթենքին հայտնի Սոկրատեսի դիվապաշտությունը պաշտոնական հաստատումը գտավ աթենական դեմոկրատական՝ Սոկրատեսի նախընտրած վարչաձեւի դատարանում: Սոկրատեսի դեմ այդ դատարանում մեղադրական հայց է ներկայացվում առ այն, որ նա “այլասերում է երիտասարդներին եւ չի ընդունում այն աստվածներին, որոնց ընդունում է քաղաքը, այլ դավանում է ինչ-որ նոր դեմոնների” (Պլատոն), որ նա իր զրույցներում երբեք չի երդվում ու վկա չի բերում հունական աստվածներին, այլ դա անում էր ինչ-որ դեմոնների դիմելով, որ “Զեւսի, Հերայի եւ մյուս աստվածների փոխարեն զոհեր է մատուցում ինչ-որ նոր դեմոնների” (Քսենոփոն): Հետագայում “իմաստունի մարմնացում” հորջորջվածը այն աստիճան արհամարհած ուներ հին հունական ավանդույթները, որ անգամ դատարանում բոլոր հույների առաջ երդվում է ոչ թե հունական աստվածների, այլ “շուն” եգիպտական դեմոնի անունով (Պլատոն):

Դատարանում մեղադրողներն ու վկաները Սոկրատեսի այս գլխավոր հանցանքից ածանցվող այլ հանցանքների մասին էլ են խոսում. նա “սրբապղծություն, տան կողոպուտ, մարդկանց ստրկացում, պետական դավաճանություն” կատարելու (Քսենոփոն), “քիթը” հունական ընտանքների մեջ խոթելու եւ զավակներին ծնողների դեմ հանելու, մարդկանց խաբելու՝ իր ճարտասանությամբ սուտն ու կեղծիքը ճշտի տեղ անցկացնելու, “վատ խոսքը որպես լավ ներկայացնելու” (Պլատոն) մեջ էլ է մեղադրվում: Մի զզվելի հանցանքի՝ տղամարդկանց հետ “սիրային հարաբերությունների” մեջ լինելու մասին է վկայում հունական իմաստասիրության պատմիչ Դիոգեն Լաերտացին: Ինչու՞ միայն նա, այլեւ այլոք էլ, այդ թվում՝ Սոկրատեսի սիրելի աշակերտ Պլատոնը:

Սոկրատեսի վարք ու բարքը մեղադրողներին գրգռում էր ոչ միայն այն, որ նա իմաստազուրկ էր համարում հունական ավանդական արժեքները, այլեւ դրանց կրողներին, այդ կրողների կողմից այդ արժեքների իմացությունը: Ով պատահեր՝ նա բռնում էր եւ “ապացուցում”, որ նա տգետ է, թեեւ գիտունի ու իմացողի տեղ է դնում իրեն: Դարեր ի վեր հույնը իմաստապաշտ ազգ է եղել: Ճիշտ է՝ այդ որակը Սոկրատեսի ժամանակներում հույնի մեջ բավականաչափ թուլացեր էր, եւ նա ավելի շատ իրեն իմաստունի տեղ էր դնում, քան իրականում էր, բայցեւ այնպես՝ բանը չպետք է հասներ դա լիովին ժխտելուն, ինչպես վարվեց Սոկրատեսը, ոչ ազնվական այդ՝ Աթենքի շուկաներում, արհեստանոցներում ու փողոցներում “իմաստասիրող” հույնը. “կեղտաջրի” (որն անտարակույս հույն կյանքում առկա էր) հետ մեկտեղ նա “երեխային” էլ դեն շպրտեց: Ահա թե ինչ է ասում այդ կապակցությամբ Սոկրատեսը հույներին դատարանում. “Աթենացի՛ այրեր, այդ (իմաստուն այրի,-Ս.Մ.) համբավը վաստակել եմ ոչ այլ բանի, քան ինչ-որ իմաստնության շնորհիվ: Ի՞նչ իմաստություն է դա: Գուցե մարդկային: Այդպիսի իմաստություն կարծես իսկապես ունեմ, իսկ նրանք, ում քիչ առաջ հիշատակեցի, կարծես աչքի են ընկնում ավելի մեծ, մարդկայինից ավելի բարձր իմաստությամբ, որի մասին չգիտեմ էլ ինչ ասեմ: Ես չեմ հասկանում այդ (աստվածային,-Ս.Մ.) իմաստությունը, իսկ նա, ով ասում է, թե հասկանում եմ, ստում է” (Պլատոն): Ասվածից հետեւում է, որ Սոկրատեսը այն, ինչը (այսինքն՝ աստվածային բացարձակ իմաստությունը) իրեն հասու չէ՝ համարում է չգո` այդպես համարելով նաեւ այլոց համար: Նա այդպես հստակեցրեց հույն հոգեւոր կյանքում վաղու՜ց, սեմականների հետ խառնվելու հետեւանքով սկսված՝ աստվածային իմաստությունը մարդկային “իմաստությամբ” փոխարկվելու ընթացքը: Հետագայում հունական ու եվրոպական իմաստասիրության դիրիժոր դարձածն իր “իմաստությունը” հասկանալով որպես ամեն մի իմաստության, անգամ ամեն մի իմացության ժխտում՝ խոստովանում է, որ “ես գիտեմ, որ ոչինչ չգիտեմ”, դա պարտադրելով նաեւ ամեն մեկին. “Երբ հեռանում էի նրանից (խոսքը գիտունի համբավ ձեռք բերած հույներից մեկի մասին է,-Ս.Մ.), ինքս ինձ մտածում էի, որ ես ավելի իմաստուն եմ, քանզի մեր երկուսից ոչ ոք կարգին ոչինչ չգիտի, մինչդեռ նա չիմանալով կարծում է, թե գիտի, իսկ ես թեեւ չգիտեմ, բայց չեմ էլ կարծում”: Ահա Սոկրատեսի կողմից մարդկային իմաստությունը ժխտող մեկ այլ վկայություն էլ. “Իմաստունն աստված է` մարդկային իմաստությունը չնչին արժեք ունի եւ ոչինչ է”,-ասում է նա դատարանում: Ելնելով այդ գիտակցումից՝ ահա թե ինչպես է պատկերացնում իր “դերը” աթենական իրականության մեջ. “Ինձ (աստված) կցել է քաղաքին, ինչպես մի մեծ ու ազնվացեղ ձիու, որը, սակայն, իր պարարտությունից ծուլացած՝ կարիք ունի, որ նրան ուշքի բերի մի ինչ-որ բոռ: Ես կարծում եմ, աստված ինձ կցել է քաղաքին իբրեւ մեկի, որն ամբողջ օրը առանց դադարի կշրջի ամենուր եւ ձեզնից յուրաքանչյուրին կսթափեցնի, կհամոզի ու կնախատի”: Ա՜յ թե դեր է…

Սոկրատեսն այսպիսով ելնելով իր դիվապաշտությունից՝ ըստ ամենայնի ծաղրում, ձեռք է առնում հին հունական ավանդական արժեքները, այն տիեզերական զորությունները, որոնցից ծնունդ էին առել այդ արժեքները:

Սոկրատեսի դեմ մեղադրանքները նրա դատից առաջ էլ հունական իրականության մեջ հա՜ հնչում էին: Դա հնչեցնողներից մեկը՝ Արիստոփանեսը, հույն կատակերգու գրողն էր: Սա իր “Ամպեր”-ում Սոկրատեսին ներկայացնում է որպես աստվածամերժ, եթերին, ամպերին աստված ներկայացնող, ավանդամերժ, նախնյաց օրենքներն ու կանոնները ժխտող, ճամարտակող, շաղակրատ, իր աշակերտներին “խոսքով հաղթել սովորեցնող”, “միտքն ու ուղեղը” օդի մեջ կախող, հասարակական չար ուժերը ուղղորդող, արվամոլ, “մտածմունքներ հերձող”, “գազազած մարդ”, “ամեն ճշմարիտ բան բացասող”, ընտանեական ու հասարակական խռովություններ սերմանող, մարդկանց վարք ու բարքի սանձարձակության (“ազատության”) դրդող (Արիստոփանես, “Ամպեր”):

Վերադառնանք, սակայն, Սոկրատեսի ներմուծած “նոր դեմոններին”: Դրանցից մեկը, նախ, իր՝ Սոկրատեսի ներսից եկող կույր, անբացատրելի, իռացիոնալ, անվերահսկելի ուժերն են, որոնք դրանք կրողին, որպես կանոն, բացասական գործողությունների են դրդում: Այսպես, այդ դեմոնը Սոկրատեսին դրդում է դատարանում խոսել ոչ թե նախօրոք պատրաստած ճառով, այլ՝ “առաջին իսկ պատահած բառերով”, այն լեզվով, որով նա “սովոր է եղել խոսել ագորայում՝ դրամափոխների հետ” (Պլատոն): Ըստ դիվապաշտի՝ այդ ներքին դեմոնն է (ժամանակակից հոգեբանության լեզվով ասած՝ ներքին անգիտակցական ու ենթագիտակցական եսը) միշտ եղել իրեն ներսից ուղղորդողը՝ ինչ անել եւ ինչ խոսել: “Ինձ դեմոնային ինչ-որ բան է պատահում,-ասում է նա դատարանում,- դա ինձ մոտ նկատվել է դեռ մանկուց. առաջանում է մի դեմոնային ձայն, որն ամեն անգամ ինձ շեղում է որեւէ (բարի,-Ս.Մ.) մտադրություն կատարելուց, բայց երբեք չի ուղղորդում դեպի մեկ ուրիշը”: Այդ դիվային ձայնը, դժվար չէ կռահել, Սոկրատեսի (ու նրա պես “հույների”) մեջ գլուխ բարձրացրած “չափազանց մարդկային”-ի (Նիցշե)՝ ամենայն աստվածայինից խզված ձայնն է:

Սոկրատեսի ներմուծած, հիշատակվածին հար նման մյուս դեմոնը ամբոխային, դեմոսական, կյանքը չստացվածների դժգոհության ձայնն է: Այսպես, դրանցից մեկի՝ “նոր հույների” դեմոնի մասին նա ասում է. “… Երիտասարդները, որոնք լինելով հարուստների որդիներ՝ կատարյալ պարապության են մատնված, լսելով, թե ինչպես եմ փորձում (հիմարացնում,-Ս.Մ.) մարդկանց, իրենք էլ հաճախ ընդօրինակել են ինձ եւ փորձել ուրիշներին”: (Մեր օրերում էլ չե՞նք լսում այդ դեմոնական ձայնը, որը սակայն Սոկրատեսի պես մշակողներ չկան:) Հունաստանում այդ ժամանակներում դեմոսական մի ահավոր ավերիչ ուժ էր խմորվում: Սոկրատեսը դրան ձեւ ու ուղղություն տվող գլխավորներից էր: Նա համոզված էր, որ իր մահից հետո (աթենական դատարանը նրան գրեթե միաձայն մահվան դատապարտեց) այդ՝ հասարակական դեմոնն իրեն արդարացնելու, իմաստուն էր հռչակելու, իսկ իրեն դատ տվողներին՝ դատապարտելու ու սպանելու: Այդպես էլ եղավ: Հույնը դարձավ դիվապաշտ: Հունական՝ Ապոլլոն աստծուց իրեն տրված իմաստությանը փոխարինելու եկան անհատ հույների անհատական “իմաստությունները”, որոնցից էլ հետո սերվեցին քրիստոնեությունն ու եվրոպական իմաստասիրությունը:
1 Նախաարիական մայր լեզվի (որի կրողը հայոց լեզուն է) այս խորհուրդը Հունաստան տարվելով՝ դարձել է դեմոն:

Հունական դատարանի վճռով պայմանավորված Սոկրատեսի մահը վերջ չտվեց դեմոնապաշտությանը եւ դրանից բխող իմաստասիրությանը Հունաստանում: Ճիշտ հակառակը. քանզի նա խառնածին՝ ոչ զտարյուն հույն էր1 (որպիսիներով լեփ լեցուն էր Հունաստանը)՝ նրա մահից հետո այդպիսիք նրան՝ իրենց հոգեմտային “որակների” լավագույնս արտահայտչին աստվածացրին ու նրա ասածները այս կամ այլ կերպ հիշելով-իրենց մեջ որոճալով՝ ի՜նչ իմաստասիրություններ ասես չստեղծեցին: Հունական հոգեւոր մթնոլորտը դեմոնային՝ երկրակենտրոն ու մարդակենտրոն իմաստասիրություններով ողողվեց, որոնք այն աստիճան կլանեցին զտարյուն հույնի միտքն ու հոգին, որ նրա ավանդական իմաստության աղբյուր՝ Ապոլլոն աստծուն նվիրված Դելփյան տաճարն արդեն սկսեց նրան քիչ հետաքրքրել: Նա աստիճանաբար դադարեց իր՝ “Աստծո զարմից” լինելը (տես Հոմերոս), դրանով պայմանավորված՝ իր բացարձակ որակները գիտակցելը՝ տրվելով զուտ երկրային ու մարդկային անցողիկ մղումներին ու ցանկություններին: Երբեմնի՝ տիեզերքում, տիեզերական զորությունների մեջ իրեն տեսնող հույնը սկսեց, լավագույն դեպքում, տիեզերքը, նրա զորությունները իրենում տեսնել, իրենից դրանց մակաբերել, այդպես իրենից տիեզերքի մասին հազար ու մի սխալ ու կեղծ պատկերներ հանելով, իսկ, վատագույն դեպքում, նույնիսկ դա էլ չտեսնել ու չանել, այլ, պարզապես, բավարարվել ինքնահայեցմամբ. Դելփյան տաճարի՝ հի՜ն արիական ժամանակներից եկող “Ճանաչիր ինքդ քեզ եւ կճանաչես աստվածներին (կամ՝ աստվածայինը քո մեջ,-Ս.Մ.)” պատգամին փոխարինելու եկավ եսապաշտական “ճանաչիր ինքդ քեզ”-ը, — խնդիր, որը Հունաստանի խառնածիններն իսկապես որ ունեին. ինչ իմանային՝ ում վաստակածն են: — Դեռեւս Հոմերոսի ու Հեսիոդոսի ժամանակներից սկիզբ առած հունական ոգու այդ այլասերումին2 թափ հաղորդողը եղավ Սոկրատեսը, որն էլ արագացնողը՝ նրա մահը: (Նմանատիպ մի բան էլ հետո՝ Հունաստանի ժառանգորդ Հռոմի հետ տեղի ունեցավ. այս անգամ այդ ամենի սուբյեկտը Հիսուսը՝ Սոկրատեսին հար նմանն էր):

Որպեսզի ասվածները ավելի հիմնավոր դառնան՝ խոսքը տանք Սոկրատեսին ամենից խորը հասկացածին՝ Նիցշեին, ումից իմաստասերներն խույս են տալիս՝ իրենց սոկրատականությունը քողարկելու համար. “Ես Սոկրատեսին ու Պլատոնին ճանաչել եմ որպես անկման ախտանշաններ, որպես հունական քայքայման գործիքներ, որպես կեղծահույներ, որպես հակահունականներ: Սոկրատեսն իր ծագմամբ պատկանել է ամենացածր ժողովրդին. նա խաժամուժ էր: Մենք գիտենք,…, թե ինչ այլանդակ է եղել նա: Սոկրատեսն ընդհանրապես հու՞յն էր արդյոք: Այլանդակությունը բավական հաճախ խաչասերված, խաչասերմամբ արգելակված զարգացման արտահայտություն է… Տիպական հանցագործն այլանդակ է… Սոկրատեսը տիպական հանցագործ էր: Սա առնվազն չի հակասում այն դիմագետի հռչակավոր դատողությանը, ով Աթենքով անցնելիս Սոկրատեսի երեսին ասաց, որ նա իր մեջ կրում է բոլոր հոռի արատներն ու կրքերը… Սոկրատեսով հունական ճաշակը շուռ է գալիս ի նպաստ դիալեկտիկայի… Դրանով պարզվում է՝ ազնվականական ճաշակը խաժամուժը դիալեկտիկայի հետ վերեւ է բարձրացնում… Սոկրատեսի հեգնանքը խռովության արտահայտություն է, խաժամուժի ռեսենտիմենտ (ոխակալության արտահայտություն,-Ս.Մ.): Նա, որպես ճնշված, իր սեփական արյունառուշտությունն է ճաշակում հետեւաբանության (տրամաբանության,-Ս.Մ.) դանակի հարվածներով, նա ազնվականներից վրեժ է լուծում… Նա ազնվական աթենացիների հետեւը նայեց. նա հասկացավ, որ իր դեպքը արդեն ամենեւին բացառիկ դեպք չէր: Այլասերման նույն կերպը նախապատրաստվում էր ամենուր լռության մեջ. հին Աթենքը առ վախճան էր գնում: Եվ Սոկրատեսը հասկացավ, որ բոլորն իր կարիքն ունեն”: Դա հասկացողներից, գլխավո՜ր հասկացողներից մեկը Պլատոնն էր՝ Սոկրատեսի սիրելի աշակերտներից մեկը, ով ջերմեռանդորեն զարգացրեց Սոկրատեսի դեմոնապաշտության ատահայտություններից հատկապես մեկը՝ գաղափարա(կաղապարա)պաշտությունը՝ ողջը համահարթեցնող, աստիճանակարգությունը, կյանքի բազմազանությունը ժխտող մտածողության այդ եղանակը:

Կրկին խոսքը տանք շատ առումներով ազնիվ Նիցշեին. “Ես նրան հելլենների բոլոր հիմնաբնազդներից այնքան շեղված եմ գտնում,…, այնքան քրիստոնեական նախաձեւ…, որ ես Պլատոնի ողջ երեւույթի համար ավելի շուտ խիստ “բարձրագույն խաբեություն” բառը կօգտագործեի, քան այլ մի բառ:
Ստիպված են եղել (հույները,-Ս.Մ.) թանկ վճարել, որ այդ աթենացին եգիպտացիների (Սոկրատեսի հետ մեկտեղ,-Ս.Մ.) մոտ է դպրոց գնացել ( — թե՞ Եգիպտոսում հրեաների մոտ…): Քրիստոնեության ճակատագրական մեծ իրադարձության մեջ Պլատոնն այն “իդեալ” կոչեցյալ երկդիմությունն ու դյութանքն է, որը հնադարի ավելի ազնիվ բնավորությունների համար հնարավոր դարձրեց թյուր ըմբռնել իրենք իրենց եւ ոտք դնել այն կամրջին, որը դեպի “խաչը” տարավ… Եվ դեռ ինչքա՜ն շատ Պլատոն կա “եկեղեցի” գաղափարի մեջ”: Այս իմաստասերի՝ իր ուսուցչից ժառանգած մի՝ արվամոլական իմաստասիրման բնույթի (որը ժխտում է իմաստասիրման մեկ այլ գլխավոր աղբյուր` ծնող զորություն մորը, կնոջը…) մասին էլ հարկ համարենք երկու խոսք ասել: Ըստ այդ “մեծ” իմաստասերի, Հունաստանում ոչ մի մաքուր փիլիսոփայություն չէր լինի, եթե այդտեղ գեղեցիկ պատանիներ չլինեին. այդ նրանց հմայիչ տեսքն էր, որ, նախ, իմաստասերների հոգին գցում էր էրոտիկական աբշռանքի մեջ եւ նրան հանգիստ չէր տալիս, մինչեւ այն ամենայն վսեմի սերմերը գցեր իմաստասերի գեղեցիկ հողի մեջ:

Եթե նկատի ունենաք, որ Սոկրատեսից, նրանով հաստատված կամ ստեղծված` հին հունական պես-պես դպրոցներից հետագայում սերվեց գրեթե ողջ եվրոպական իմաստասիրությունը (այդ թվում՝ այդ իմաստասիրության մերօրյա արտահայտություն պոստմոդեռնիզմ կոչվածը), ապա պարզ կդառնա, թե Սոկրատեսը, նրա դեմոնապաշտությունը ի՜նչ “դեր” է կատարել համաշխարհային իմաստասիրության պատմության մեջ:

Երկիր մոլորակը վերջին 2.5-3 հազ. տարիներին տիեզերական ձմեռ է ապրում, եւ այդ ընթացքում, պարզ է, մարդու, այդ թվում՝ արի մարդու հոգին պետք է սառչեր, կորցներ մեծ թե փոքր կյանքերի, դրանց աստիճանակարգության բնական զգացողություն-գիտակցումը: Բայց, միեւնույն է, գարուն է գալու, եւ արարչածին մարդը գալու է իր արարչատու հավատքին ու իմաստությանը:

Սերգեյ Մանուկյան
ԵՊՀ փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի դոցենտ

1 Այն, որ նա ոչ ազնվական հույն, այլ խառնածին (սեմականի, ըստ երեւույթին, փյունիկիացու կամ եգիպտացու եւ հույն արիացու) է՝ դա անտարակուսելի է. չէ՞ որ այդպիսին է չարացած լինում, ճանաչողական թերարժեքության գիտակցումն եւ զանազան նմանատիպ այլ` բացասական ապրումներն ունենում: Այդ մասին են վկայում նաեւ Սոկրատեսի ոչ ազնվական վարք ու բարքը:
2 Հիշենք, որ Հոմերոսի էպոսը ավարտվում է ոդիսեւսապատումով. Տրոյայի պատերազմում բոլոր՝ “Աստուծո զարմից” սերված աքայացիները զոհվել էին, “մարդու որդի” Ոդիսեւսը կենդանի էր մնացել. եւ նա ու նրա պեսներն էին հետայդու Հունաստանի ընթացքը որոշելու (այս ողբերգական անցումը Հոմերոսն արդեն զգացել էր):

“Լուսանցք” Թիվ 129, դեկտեմբերի 11 — 17, 2009թ.
“Լուսանցք” Թիվ 130, դեկտեմբերի 18 — 24, 2009թ.
“Լուսանցք” Թիվ 131, դեկտեմբերի 25 — 31, 2009թ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: