“Մի անգամ մարմնի զգայարանները սկսեցին քննարկել, թե իրենցից որն է ամենակարեւորը:
Յուրաքանչյուրը խոսում էր իր բացառիկության մասին, եւ գնալով զրույցը վերածվեց վեճի: Աղմուկն այնքան ուժգնացավ, որ ստիպված միջամտեց գիտակցությունը եւ առաջարկեց, որ զգայարանները հերթով հեռանան մեկամսյա ժամկետով: Եվ 5 ամսից բոլորին պարզ կլինի, թե որ մեկի բացակայությունն էր բոլորի համար ծանր: Եվ դրանով իսկ կպարզեն ամենակարեւորին:
5 ամսից, սպասվածին հակառակ, վեճը կրկնվեց նույն ոգով: Բոլոր զգայարաններն էլ խոսում էին, որ իրենք մյուսների կարիքը չունեն, քանզի մնացածի բացակայության ժամանակ իրենք ավելի են հզորացել ու նրբացել: Ստեղծված իրավիճակից գիտակցությունը բոլորովին շփոթվեց: Այն ժամանակ Ոգին խոսեց եւ հայտնեց, որ հեռանալու հերթը իրենն է: Չանցած 2 րոպե, բոլորը հասկացան, թե ով է ամենակարեւորը եւ աղերսեցին Ոգուն վերադառնալ` խոստանալով այլեւս չվիճել”:
Առակս ի՞նչ կցուցանե:
Նույն իրավիճակն է մոլորակի եւ, մասնավորապես, մեր Հայրենիքի հասարակական-քաղաքական ասպարեզում: Մի կուսակցություն գովում է իր տեսողությունը՝ տեսակետի բարձրությունն ու տեսածի բացառիկությունը, մյուսը` լսողությունը՝ լսածի թովչությունն ու զարմանալու կարողությունը, 3-րդը` հոտառությունը՝ հոտոտելու առանձնակի սրությունը, 4-րդը` համի զգացողությունը՝ ախորժակն ու որկոր կրելու ձիրքը, 5-րդը` շոշափելիքը՝ շոշափածն ու ճմրթածը: Եվ այդպես համադրելին ոչ միայն հակադրում են, այլ առճակատում ու իրար բախելով, այնուհետ մեկը մյուսին անհանդուրժուղության մեջ մեղադրում:
Եվ այդպես ազգեր են մեռել, քանզի Ազգային Ոգուն շատ են ձանձրացրել:
Սեւակի խոսքով ասած` “ազգերը մեռնում են տխմարությունից”:
Արթնացի՛ր, Հայ մարդ:
Հիշի՛ր Ցեղակարգդ, եւ նրանում վերահաստատվելով, դատարկի՛ր երկիրդ պառակտող կուսակցությունները:
Բա՛վ է քեզ ուղղված սուտը դիվանագիտական որակ համարես եւ հուսաս, որ քեզ խաբողը կկարողանա նաեւ անապատի խաբեբա զավակներին գերազանցել:
Խաբվածության վրեժխնդրությունը շատ դեպքերում ուղղված է լինում դեռեւս խաբել չփորձածներին, քանզի դժվար է խաբել հմուտ խաբեբաներին:
Ստին հավատալը սուտ խոսելուց ոչ պակաս զանցանք է:
Դու՛րս արի, Հա՛յ մարդ, ստի շղթայից:
Սուտը նման է ճահիճի: Նրանում որքան շատ ես շարժվում, այնքան շուտ ես ընկղմվում:
Սուտը հնարավոր չէ ներսից ճանաչել, քանզի ճանաչելու համար տեսնել է պետք: Իսկ տեսնելու համար տեսողությունից բացի լուսավորվածություն էլ է պետք:
Հիշի՛ր, Հայ մարդ:
Քեզ չեն կարողանա խաբել, եթե չկարողանան շահդ բորբոքել:
Շահդ չեն կարողանա բորբոքել, եթե չկարողանան քծնելով քեզ ծուլացնել:
Քեզ չեն կարողանա ծուլացնել, եթե չկարողանան քեզ բարկացնել:
Քեզ չեն կարողանա բարկացնել, եթե չկարողանան քեզ հետ գործակցել:
Անդրանիկ Աթոյան
Ռուսաստանի Դաշնություն, Կրասնոդար
“Լուսանցք” Թիվ 131, դեկտեմբերի 25 — 31, 2009թ
Թողնել պատասխան