Բարեկամական ու պաշտոնական խրատներ` Թուրքիային

by


Հայ-թուրքական հարաբերությունների բնականոնացման եւ արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացների փոխկապակցումը երկու խնդիրների լուծումն էլ կհետաձգի, կդժվարացնի. Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ այսպես է արտահայտվել ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը: «Հաշվի առնելով, որ եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, եւ հայ-թուրքական հիմնախնդիրը առանձին վերցրած բարդ խնդիրներ են, ես ճիշտ չեմ համարում դրանց ներառումը մեկ ընդհանուր փաթեթում: Դրանցից յուրաքանչյուրի դեպքում արդեն իսկ բարդ է լուծումներ գտնելը: Իսկ եթե մենք դրանք կուտակենք իրար գլխի, ապա լուծումների հեռանկարն ինքնըստինքյան ավելի կհետաձգվի»,- ասել է Պուտինը: Իհարկե ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ նույնպես հանդիպեց Թուրքիայի վարչապետը, սակայն առանցքային համարվեց Ռուսաստանի վարչապետի հետ հանդիպումը:
Այսպես պաշտոնական Մոսկվան ամենաբարձր մակարդակով վերահաստատեց իր այն դիրքորոշումը, որ հայ-թուրքական հարաբերություները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների: Եվ միաժամանակ դա արվեց Էրդողանի ներկայությամբ: Ըստ էության, Թուրքիայի վարչապետը մինչ օրս ստանձնել է նախապայմաններ առաջադրողի եւ Ադրբեջանին ինչ-ինչ խոստումներ տվողի դերակատարումը ու, հետեւաբար, նրա իսկ ներկայությամբ գործընթացի հովանավոր երկրներից մեկի` ՌԴ-ի փաստացի առաջնորդի կողմից հստակ ու կտրուկ դիրքորոշում ցուցաբերվեց:
Մինչ այս, Էրդողանի նույն խնդրանքը մերժվել էր նաեւ մեկ այլ միջնորդի` ԱՄՆ-ի կողմից: Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Թուրքիայի վարչապետին հասկացրել էր, որ Հայաստանի հետ հարաբերություններն անհրաժեշտ է կարգավորել առանց նախապայմանների, իսկ հայ-թուրքական արձանագրություւնների վավերացման ձգձգումը կարող է հանգեցնել Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունմանը:
Սակայն Վաշինգտոնում Թուրքիային ներկայացված զգուշացումները ոչ պաշտոնական էին` խոսակցությունների մակարդակով, իսկ մոսկովյան հանդիպման ընթացքում դիրքորոշումը հրապարակավ էր ու պաշտոնական:
Վ. Պուտինի հայտարարությունը պետք է ընկալել որպես Թուրքիային արված զգուշացում` տարածաշրջանում ավելորդ բարդություններ չստեղծելու առումով, եւ ՌԴ վարչապետը ակնարկել է նաեւ, որ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ողջամիտ ժամկետներն արդեն իսկ սպառվում են:
Այսպես միջնորդ երկրները առայժմ զբաղվում են Թուրքիայով, տեսնենք Հայաստանի հերթը երբ է գալու: Չնայած Երեւանը կարծես Անկարայից առաջ է ընկել արձանագրությունների ստորագրման հարցում եւ երեւի արժանանա միջնորդ երկրների «Ադամանդ» մրցանակին… Քանի որ ադամանդյա գործ է անում դեպի Եվրոպա ճանապարհները բացելու եւ այս կամ այն երկրի շահերը տարածաշրջանում առաջ տանելու համար… թեկուզ Հայաստանի ու հայության շահերը ոտնահարելու գնով:
Այնպես որ, գուցե միայն «Ադամանդ» պարգեւը քիչ համարվի եւ դրամական պարգեւներ էլ լինեն…

Կարեն Բալյան

Հանդիպում` վասն հանդիպման

Հունվարի 13-ին Մոսկվայում կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի աշխատանքային հանդիպումը: Քննարկվել են 2 երկրների ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության, տարածաշրջանային անվտանգության, ինչպես նաեւ ՌԴ ռազմաուսումնական հաստատություններում հայ զինծառայողների ուսուցմանն առնչվող հարցեր: Անդրադառնալով ռազմական ոլորտի երկկողմ փոխհարաբերություններին՝ Ա. Սերդյուկովն ընդգծել է, որ «ռազմական բնագավառում ռուս-հայկական համագործակցությունը կրում է ռազմավարական բնույթ»: Ըստ երեւույթին ռուս-թուրքական բանակցություններին զուգահեռ Մոսկվայում կայացավ այս հանդիպումը, որը ՌԴ-ի հերթական «նեյտրալ» քաղաքականության տպավորությունը պիտի ապահովեր:

Գոհար Վանեսյան
“Լուսանցք” Թիվ 132, հունվարի 15 — 21, 2010թ.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: