Երեւանը Անկարայից առաջ է վազում… Դեպի ու՞ր…

by


Հունվարի 11-ին, ժամը 16.30-ի սահմաններում Երեւանի Շահումյանի անվան հրապարակը բազմամարդ էր: Չնայած դեռեւս տոնական օրերին, հազարավոր մարդիկ էին հավաքվել հանրահավաքի՝ ընդդեմ հայ-թուրքական կոչված արձանագրությունների ստորագրման: ՀՅԴ-ն եւ մի քանի տասնյակ ազգային քաղաքական ու հասարակական կազմակերպությունները հավաստեցին եւս մեկ անգամ, որ վտանգներ են նկատում հիշյալ արձանագրությունների ստորագրման դեպքում, որի համար հերթական անգամ զգուշացնում են ՀՀ իշխանություններին:
Ելույթներ ունեցան ՀՅԴ անդամ Արմեն Ռոստամյանն ու Արտյուշա Շահբազյանը, ՆԺԿ եւ ՀՌԱԿ ղեկավարներ Արամ Կարապետյանն ու Հարություն Առաքելյանը, ովքեր նորից ու նորից ներկայացնում էին արձանագրություններում առկա անորոշություններն ու հայության շահերին վնասող կետերը:
Ներկաները հույս ունեին, որ Սահմանադրական դատարանը ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները սահմանադրությանը չհամապատասխանող կճանաչի, եւ այդ օրվա հանրահավաքիի իմաստն էլ դա էր, որ առաջարկություններով նամակը փոխանցվի ՍԴ նախագահին:
Հանրահավաքից հետո կազմակերպիչներն ու մասնակիցները անցկացրին ջահերով երթ, որին մասնակիցներից բացի միանում էին նաեւ անցորդները: Երթն ուղեկցվում էր հայրենասիրական երգերով: Ցույցի մասնակիցները ՍԴ ղեկավարությանը հանձնեցին հանրահավաքն անցկացնող ուժերի համատեղ հայտարարությունը, որում արձանագրությունների վավերացմանը դեմ ուժերը ՍԴ անդամներին հիշեցնում էին իրենց բուն գործը, ներկայացվում էին իրավական ու քաղաքական անհրաժեշտ հիմնավորումները: Ակնկալվում էր, որ «Բարձր դատարանը արձանագրություններով ստանձնած պարտավորությունները ամբողջությամբ կամ մասամբ Սահմանադրությանը չհամապատասխանող ճանաչելու մասին որոշում կկայացնի»: Ընթերցվեց 6 էջանոց նամակը` իրադարձությունների մանրամասն վերլուծությամբ ու գնահատմամբ:
Լրատվամիջոցների եւ քաղաքական գործիչների հարցերն ու պարզաբանումները գնալով թեժանում էին: Հայաստանյան եւ սփյուռքյան լրատվամիջոցներին հարցազրույցներ էին տալիս նաեւ Հայ Արիական միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանն ու Հայ ազգայնականների համախմբման խորհրդի անդամ Գեւորգ Յազըճյանը: Հայ ազգայնական գործիչները, հանգամանալից ներկայացնելով հայությանը սպառնացող վտանգները, առավելապես՝ պատմական հայկական տարածքների վերատիրմանը եւ հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը ուղղված, նշում էին, որ նույնիսկ արձանագրությունների ստորագրումը չի կարգավորելու Հայաստան-Թուրքիա հարաբերությունները, բայց հնարավորինս վնասելու է Արցախի խնդիրն ու Հայ դատի միջազգայնորեն լուծման հարցը: Հարցազրույցներում նրանք նշեցին, որ միեւնույնն է, թուրքերը, Հայաստան այցելելով, անվտանգ չեն լինելու այնպես, ինչպես հայերը՝ Թուրքիա այցելելով: Եվ սա շուտով կերեւակվի: Իսկ կազմակերպիչները նշում էին, որ արձանագրությունների վավերացումն այս տեսքով ոչ միայն դիվանագիտական ձախողում է, այլ` հակասահմանադրական քայլ: Կոչ արվեց միանալ շարժմանը, մասնակցել ստորագրահավաքին, որի արդյունքում արդեն 70 հազար ստորագրություն է հավաքվել:
Այդ օրվա թիվ 1 հարցն այն էր, թե արդյո՞ք Սահմանադրական դատարանը մասնակից է այս խայտառակ գործընթացին, թե՞ ոչ: Գագիկ Հարությունյանը եւ մյուսները՝ որպես հայ ժողովրդի մասնիկ, հասկանու՞մ են այն ամենը, ինչ անում են, թե՞ ոչ: Պատասխան տալու՞ են հայ-թուրքական արձանագրությունների պատճառով Արեւմտյան Հայաստանի, Ցեղասպանության, Արցախ ԼՂՀ-ի խնդիրների ձախողման համար:
Շատերն էլ կարծում էին, թե իշխանություններն անմտորեն մտել են այս գործընթացի մեջ ու չեն հասկանում` ինչպես դուրս գալ այնտեղից:
Խոսվեց նաեւ սփյուռքյան հատվածի պայքարի մասին. այնտեղ էլ շարունակվում է հայ-թուրքական արձանագրությունների դեմ պայքարը, ու թող որեւէ մեկը չմտածի, թե սփյուռքում պայքարը մարել է:
Իսկ հաջորդ օրը՝ հունվարի 12-ին, ՍԴ-ի դիմաց նոր ցույց էր կազմակերպվել, որպեսզի «ՍԴ-ի զգոնությունը չբթանա»:
Այդ նպատակով մտածված ցույցը եղավ, սակայն «ՍԴ-ի զգոնությունը» բթացավ… Եվ ընդունվեց հետեւյալ որոշումը: Ներկայացնում ենք ՀՀ Սահմանդրական դատարանի մամլո ծառայության հաղորդագրությունը.
«ՀՀ սահմանադրական դատարանը 2010թ. հունվարի 12-ին քննության առնելով 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխ քաղաքում ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ հարաբերությունների զարգացման մասին» արձանագրություններում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը, մասնավորապես, իրավական դիրքորոշումներ է արտահայտել այն մասին, որ.
ա) նշված արձանագրություններով ստանձնվող փոխադարձ պարտավորությունները՝ միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան, ունեն բացառապես երկկողմանի միջպետական բնույթ եւ չեն կարող վերաբերել ու տարաբնույթ հղումներով վերագրվել որեւէ երրորդ կողմի կամ վերջինիս հետ նշված արձանագրություններն ստորագրած կողմերի փոխհարաբերություններին.
բ) միջազգային պայմանագրերի նախաբաններում համընդհանուր ճանաչում ու լայն կիրառում գտած՝ «հաշվի առնելով», «նկատի ունենալով», «ճանաչելով», «նշելով», «ղեկավարվելով», «ձգտելով», «գիտակցելով», «կարեւորելով», «հաստատելով», «վերահաստատելով», «հավաստելով», «վկայակոչելով», «հիշեցնելով», «ընդունելով», «համոզված լինելով» եւ այլ եզրույթներն արձանագրում են գոյություն ունեցող, փաստացի իրողություններ, ցանկություններ, նպատակներ, ձգտումներ, որոշակի ընդհանուր սկզբունքներ եւ այլն, որոնք նկատի ունենալով՝ պայմանագրի կողմերը փոխադարձության սկզբունքով համաձայնում են ստանձնել որոշակի միջազգային իրավական պարտավորություններ: Հիշյալ արձանագրություններով ստանձնվող երկու կոնկրետ պարտավորությունները՝ «…հաստատել դիվանագիտական հարաբերություններ» եւ «…բացել ընդհանուր սահմանը», ունեն փոխպայմանավորված ելակետային նշանակություն: Հետեւաբար, այդ արձանագրություններում ամրագրված մյուս բոլոր պարտավորությունները միջազգային իրավական ուժ կարող են ունենալ Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ փաստացի սահմանի բաց լինելու եւ կոնկրետ դիվանագիտական հարաբերությունների առկայության դեպքում, որը ենթադրում է անհրաժեշտ նախադրյալների ապահովում կողմերի ստանձնած պայմանագրային պարտավորությունները կատարելու համար.
գ) նշված արձանագրությունները չեն նախատեսում վիճելի հարցերի լուծման, պայմանագրային պարտավորությունների կասեցման կամ դադարեցման ընթացակարգեր ու պայմաններ: Առավելապես շեշտադրումը կատարվում է ցանկությունների, նպատակների, հարաբերությունների հետագա զարգացման նախադրյալների ստեղծման մտադրությունների վրա: Ուստի, սահմանադրական դատարանը նկատի է առնում, որ երկու երկրների միջեւ տարբեր ոլորտներում հարաբերությունների հետագա հաստատումն ու զարգացումը խարսխված կլինի 2 պետությունների միջեւ գրավոր ձեւով կնքված եւ միջազգային իրավունքով կարգավորվող կոնկրետ համաձայնությունների վրա (համաձայն Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի 1969թ. կոնվենցիայի 2-րդ հոդվածի 1-ին կետի ա) ենթակետի), որոնցով ստանձնվող պարտավորությունների սահմանադրականության գնահատման հարցը ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի եւ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածի համաձայն կդառնա ինքնուրույն քննության առարկա.
դ) «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությամբ նախատեսված՝ ընդհանուր սահմանը բացելու վերաբերյալ կողմերի հանձնառության շրջանակներում Հայաստանի Հանրապետության հանձնառությունը վերաբերելի է սահմանային անցակետերի բնականոն գործունեությունն իր կողմից ապահովելու հետ կապված իրավակազմակերպչական ու կառուցակարգային խնդիրները լուծելու պատրաստակամությանը:
ՀՀ սահմանադրական դատարանն ընդգծել է նաեւ, որ միջազգային պայմանագրերը Հայաստանի Հանրապետության համար իրավաբանական ուժ կարող են ունենալ միայն ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածով նախատեսված իրավակարգավորման շրջանակներում՝ նկատի ունենալով միջազգային իրավունքի տեսանկյունից դրանց վավերականության ու ՀՀ Սահմանադրությամբ սահմանված ընթացակարգով Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մաս լինելու հանգամանքները:
ՀՀ սահմանադրական դատարանը գտել է, որ «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ հարաբերությունների զարգացման մասին» արձանագրության դրույթները Հայաստանի Հանրապետության օրինաստեղծ ու իրավակիրառական պրակտիկայում, ինչպես նաեւ միջպետական հարաբերություններում չեն կարող մեկնաբանվել ու կիրառվել այնպես, որը կհակասի ՀՀ Սահմանադրության նախաբանի դրույթներին եւ Հայաստանի անկախության մասին հռչակագրի 11-րդ կետի պահանջներին:
Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարել, որպեսզի Հայաստանի Հանրապետության կողմից ձեռնարկվող քայլերը՝ նախատեսվող պարտավորությունների ստանձնման եւ դրանց կատարումն անհրաժեշտ օրենսդրական ու կառուցակարգային երաշխիքներով ապահովելու ուղղությամբ, ներդաշնակ լինեն դատարանի որոշման մեջ ներկայացված իրավական դիրքորոշումներին եւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված սահմանադրական կարգի հիմնարար սկզբունքներին:
ՀՀ սահմանադրական դատարանը, հաշվի առնելով որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշումները, գտել է, որ «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ հարաբերությունների զարգացման մասին» արձանագրություններում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը»:
Այսպիսով՝ ՀՀ սահմանադրական դատարանը Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել երկկողմ եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հայ-թուրքական արձանագրությունները:
Դահլիճից ՍԴ-ի հասցեին անմիջապես հնչեցին՝ «դավաճաններ» եւ նմանատիպ այլ վանկարկումներ: Մինչ ՍԴ-ն խորհրդակցական սենյակում էր, դատարանի բակում շարունակվում էր բողոքի ցույցը, եւ ավելի սուր վանկարկումներ էին հնչում:
Վերահաստատվեց նախկինում հնչող այն տեսակետը, թե ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն
արձանագրությունների վերաբերյալ իր տեսակետն արդեն հայտնել էր, երբ միացել էր Սերժ Սարգսյանի սփյուռքյան շրջագայությանը:
ՍԴ-ն այսպես արագորեն կայացրեց իր վժիռը, երեւի թե Ազգային Ժողովի պատգամավորներին հասկացնելով, որ հարցը պետք է այսօրինակ լուծում ստանա…
Իսկ ԱԺ-ի Հանրապետական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը այն կարծիքն էր հայտնել, թե Սահմանադրական դատարանը պետք է համակողմանի քննարկի արձանագրությունները: Նա հայտարարել էր, որ հայ-թուրքական արձանագրություններում նախապայմաններ չկան, ավելին, դրանք չպետք է անտեղի փնտրել: Ինչեւէ, դեռ պատասխան տալու ժամանակներն առջեւում են…
Հայտնի քաղաքագետ, Կարնեգիի կենտրոնի մոսկովյան մասնաճյուղի փորձագետ Ալեքսեյ Մալաշենկոն էլ հայտարարել է. «Կարծում եմ, որ ի վերջո, հայ-թուրքական արձանագրությունները 2 երկրներում էլ կվավերացվեն»: Նա նշել է, թե գործընթացի շուրջ որոշակի «ինտրիգներ կլինեն իհարկե, որում հայտնի չէ, թե ինչպես իրենց կդերսեւորեն կողմերը»: Այնուամենայնիվ, փորձագետը համոզված է, որ 2 երկրների ներկայիս իշխանությունները ամեն ինչ անում են, որպեսզի հայ-թուրքական արձանագրությունները վավերացվեն: Նաեւ նշել է, որ վավերացման գործընթացը ՀՀ խորհրդարանում ավելի շատ դժվարությունների կհանդիպի, քան թուրքական խորհրդարանում: Չնայած այդ հանգամանքին, նշյալ արձանագրությունները կվավերացվեն՝ լինի դա 1-ին, թե 2-րդ փորձից:
Ինչեւէ, արձանագրությունների մասով վերապահումները ՍԴ-ի կողմից չընդունվեցին, հայ-թուրքական արձանագրությունները ճանաչվեցին սահմանադրական, եւ հարցը տեղափոխվում է ՀՀ կառավարություն եւ Ազգային ժողով: Օրենսդրության համաձայն՝ ՍԴ-ի որոշումից հետո ԱԺ-ն պետք է վավերացնի այդ արձանագրությունները: Որոշ պատգամավորներ ՍԴ-ի հրապարակած որոշումից հետո լրագրողների հետ զրույցում նշում էին 2 ճանապարհ, որոնք պետք է անպայման իրականացնել՝ ընդունել վերապահումներ:
1. ԱԺ-ն պետք է վերականգնի իր իրավունքը եւ փոխի կանոնակարգը: Պետք է ուղղակի վերապահումների իրավունքը վերապահել Ազգային ժողովին:
2. ՀՀ նախագահը, ստանալով ձեւակերպումները, ինքը կարողանա այդ լուծումն անել, առանց սպասելու ԱԺ որոշմանը, այսինքն՝ դրանք վերածի վերապահումների: Առանց դրա այս փաստաթուղթը ներքին սպառման փաստաթուղթ կդառնա:
Այսպիսով, հայ-թուրքական հորջորջվող արձանագրությունների վավերացման հարցը թեւակոխեց նոր փուլ, որը կարող է շրջադարձային եւ ճակատագրական լինել ոչ միայն հայ-թուրքական տարաբնույթ հարցերում, այլեւ՝ կարող է ներքաղաքական-ներիշխանական խնդիրներ առաջացնել, ինչը հնարավոր է եւ հանգեցնի նաեւ իշխանափոխության:
Ըստ ամենայնի, շուտով հայ քաղաքական դաշտը նոր ծավալումների կենթարկվի, որը գուցե նոր ընդդիմադիր ալիք եւ պայքար առաջացնի:

Հայկ Թորգոմյան
Արման Դավթյան

“Լուսանցք” Թիվ 132, հունվարի 15 — 21, 2010թ.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: