Թուրք-իսրայելական ճգնաժամը շարունակվում է: Մեր նախորդ թողարկումներում նշել էինք, որ այդ դիվանագիտական բախման մեջ կարող է նաեւ հայկական հարցը արծարծվել: Այդպես էլ եղավ: Հայկական գործոն նկատվել է օրերս, “Սաբահ” օրաթերթում, որտեղ քննարկվել է թուրք-իսրայելական հասունացող ճգնաժամը:
Այսպես՝ եվրոպացի գիտնականներն ու լրագրողներն արդեն սկսել են ավելի շատ հետաքրքրվել Թուրքիայի մերձավորարեւելյան քաղաքականությամբ, քան` Եվրամիություն-Թուրքիա բանակցային գործընթացով: Արեւմտյան փորձագետների մեծ մասն արդեն միտված է կարծելու, որ Թուրքիան Արեւմուտքի ու Արեւելքի միջեւ տարվող հավասարակշռման իր արտաքին քաղաքականությունը բխեցնում է բացառապես ազգային շահերից. “Ընդհանուր տպավորությունն այնպիսին է, որ Անակարան իր բոլոր “ձվերը” Եվրոպայի ու ԱՄՆ-ի, այսինքն տրանսատլանտյան հարաբերությունների զամբյուղի մեջ դնելու փոխարեն արդեն եւ՛ Արեւմուտքին եւ՛ Արեւելքին նայող, միեւնույն ժամանակ Ռուսաստանի հետ համագործակցության պլատֆորմ ձեռք բերող տարածաշրջանային ուժի տպավորություն է թողնում”:
Հիշեցնելով Իսրայել-Թուրքիա հարաբերությունների ամենաջերմ ժամանակաշրջանը՝ 1996թ., երբ 2 երկրները ռազմական համագործակցության փաստաթղթեր էին ստորագրում, մտահոգություն է հայտնվում թուրք-իսրայելական հարաբերությունների այսչափ արագ ու այսչափ խորը վատթարացման կապակցությամբ: Իսրայել-Թուրքիա հարաբերությունների կարեւոր ճակատը Վաշինգտոնն է: “Անցյալում Թուրքիան Իսրայելի հետ հարաբերություններին նայում էր ամբողջապես ամերիկյան հրեական լոբբիի տեսանկյունից: Քանի որ, որպես ԱՄՆ-ի հայկական եւ հունական հզոր լոբբիին հակակշռող գործոն, մեծապես զգացվում էր հրեական լոբբիի կարիքը”,- գրում է թուրքական նշյալ թերթը: Եթե Անկարան Երեւանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ սահմանի բացման հարցում արագ տեղաշարժ չանի, ապա “Հայկական լոբբին ԱՄՆ կոնգրեսում Ցեղասպանության օրինագիծն անցկացնելու համար գործի կանցնի: Իսկ եթե Թուրքիան չի ուզում այդ հարցերում կախման մեջ մնալ իրեն բարկացրած հրեական լոբբիից, ապա պետք է հնարավորինս շուտ Արձանագրությունները մեջլիսում վավերացնի”:
Եվ ահա, այս ամենից հետո, Թուրքիայի վարչապետ Էրդողանը պատրաստվում է մեկնել Գազա: Թուրքական “Թայմ թուրք” լրատվական կայքը, վկայակոչելով Լոնդոնում հրապարակվող “Շարքուլ” արաբալեզու թերթը, հայտնում է, թե հնարավոր է Էրդողանը մեկնի Գազայի հատված: Այնտեղ մուտք է գործելու Եգիպտոսի Ռաֆահ սահմանադռնից: Արդեն սկսվել են նախապատրաստական աշխատանքները:
Իսկ իսրայելական հետախուզությանը մոտ կանգնած “Դեբկա” ինտերնետային կայքի տեղեկացմամբ՝ Թուրքիայի վարչապետի հետ Գազա են այցելելու նաեւ Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Յակոբ Զուման եւ Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը:
Արման Դավթյան
“Լուսանցք” Թիվ 133, հունվարի 22 — 28, 2010թ.
Թողնել պատասխան