Մոսկվան կմասնատի Վրաստանը շտապենք վերատիրել Ջավախքը

by


Ռուսաստանի Դաշնությունը կարծես թե չի բավարարվում մասնատված Վրաստանի ներկա վիճակից: Ըստ երեւույթին քիչ է համարում այն փաստը, որ Թբիլիսին այլեւս իրավունքներ չունի Աբխազիայում եւ Հարավային Օսիայում:

Եվ, շատերի կարծիքով, Ռուսաստանն ու Վրաստանը կանգնած են նոր ռազմա-քաղաքական տարաձայնության առջեւ, թեպետ մի շարք փորձագետներ հիմնավորում են, որ “տաք” բախումից հնարավոր է դեռեւս խուսափել:

Ակնհայտ է, որ այս հարցի լուծումը ոչ միայն Մոսկվա-Թբիլիսի առնչություններին է վերաբերում, այլեւ՝ հընթացս Վրաստանից պահանջներ (նաեւ՝ տարածքային) կարող են ներկայացնել Հայաստանն ու Ադրբեջանը, անգամ Թուրքիան եւ Իրանը: Թեհրանը չունենալով տարածքային հարցեր, այնուամենայնիվ վերլուծելով եւ վերագնահատելով Հարավօսական պատերազմը` հանգել է այն եզրակացության, որ սահմանները Կովկասում այլեւս հաստատուն չեն, ինչը արդեն իսկ վտանգավոր է:

Որոշ վերլուծաբաններ օրինակ են բերում 2-րդ աշխարհամարտից ու նշում են, որ պատերազմից հետո Բեռլինը բաժանվեց 3 մասի (Գերմանիան էլ իր հերթին) եւ ոչ մեկի մտքով չէր անցնում, որ դա աննորմալ եւ անտրամաբանական երեւույթ է: Կովկասում էլ նման գործողությունները կարող են իրական դառնալ, եթե բոլորը գործեն ընդեմ մեկի: Այսօրինակ վտանգ վաղուց սպառնում է “Կովկասյան փոքրիկ կայսրությանը”, որին առայժմ դեռ անվանում են Վրաստան:

Այս երկրի մասնատման ծրագիր կարելի է լսել թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական տեսակետներում (թեկուզ՝ ոչ պաշտոնական): Նախկինում, Հարավօսական պատերազմից առաջ, ռուսաստանյան փորձագետները հիմնականում ծայրահեղորեն վատ էին տրամադրված Վրաստանի մասնատման ծրագրին` կարծելով, որ դա ուղղակի կնպաստի հակառուսական տրամադրությունների խթանմանը Կովկասում:

Իսկ ծովով կամ ցամաքով Ռուսաստան-Հայաստանի կապը (ըստ տեսաբանների) հնարավոր է ուղղորդեր Երեւանին (թեկուզ երրորդ կողմի միջոցով) դեպի Արեւմուտք: Բաքուն, այսպես թե այնպես, հակառուսական քաղաքականություն ուներ, իսկ ահա, ռուսաստանամետ Երեւանը, Մոսկվայի վերջին ու լուրջ հանգրվանը տարածաշրջանում, նույնպես կարող էր… թեքվել դեպի Արեւմուտք: Ահա թե ինչու, որպեսզի չիրականանար հանկարծ նման մի ծրագիր (Հայաստանը դա կարող էր ժամանակին անել` ազատագրելով Ջավախքը եւ դաշնակցելով Աջարիայի հետ), պետք էր գոնե մի փոքրիկ պատերազմ, որպեսզի Վրաստանի անխուսափելի մասնատումը (Աբխազիան եւ Հարավային Օսիան արդեն անկախացել էին) Մոսկվայի հաշվարկներում տեղավորվեր, եւ Կովկասյան 5-օրյա պատերազմն ընդդեմ Վրաստանի դարձել էր խիստ անհրաժեշտ: Սրան նպաստեց նաեւ ԱՄՆ-ի աննախադեպ ծավալումը Կովկասում եւ Սեւ ծովում:

Այս պատերազմը Մոսկվայի տեսանկյունից պետք է լիներ ոչ թե երկկողմ՝ ռուս-վրացական, որը կթուլացներ ռուսաստանյան դիրքերն աշխարհում, այլ գոնե եռակողմ՝ ուրիշ պետությունների մասնակցությամբ եւս, որը Ռուսաստանի Դաշնությանը կդարձներ պարզապես փրկարար երկիր (այսպիսի իրավիճակ հաճախ է ցույց տալիս Մոսկվան, նաեւ հայերիս հանդեպ է ցուցադրել…): Եվ բացի Ռուսաստանից ու Վրաստանից, Կովկասյան պատերազմին մասնակցեցին նաեւ Աբխազիան եւ Հարավային Օսիան: Վերջինիս էլ փրկեց Մոսկվան Թբիլիսիի “ճանկերից”, իսկ օսերին ազատեց ցեղասպանվելու վտանգից…

Այս դեպքում Վրաստանը “կերավ” Ռուսաստանի նախապատերազմյան “կուտը”՝ իբր Մոսկվան չի խառնվի Վրաստանի ներքին գործերին, նաեւ անիմաստ հույսեր փայփայեց ԱՄՆ-ի համարժեք միջամտության առումով` Ռուսաստանի հետ բախման դեպքում…
Ինչպես եւ ծրագրված էր, Մոսկվան արագորեն հաղթեց ոչ միայն “տաք” պատերազմում, ինչը սպասելի էր, այլեւ՝ տեղեկատվական-լրատվական կռվում՝ ինչն իրապես անակնկալ էր, քանի որ միջազգային տեղեկատվական կենտրոնները ընդգծված պաշտպանում էին վրացական կողմին, բայց…

Հիմա Ռուսաստանը կանխազգում է, որ Արեւմուտքը Վրաստանին նորից կօգտագործի իր դեմ, իսկ Հայաստանը, Ադրբեջանը եւ Թուրքիան դեռեւս շարունակում են տարածքային պահանջների հեռանկար ունենալ, ինչը վերստին առաջ է քաշում Ռուսաստանի դիրքերի հնարավոր թուլացման հարցը մեր տարածաշրջանում:

Սկզբունքորեն Մոսկվան համոզված չէ, որ ռազմական նոր բախումը կարող է ավարտվել նույն դրական արդյունքով, նույն արագությամբ (չեչենական օրինակը դեռ առկա է), եւ միջազգային հանրություն կոչվածն էլ առաջվա պես թույլ կաղաղակի: Ուստի՝ “վրացական հարց”-ը փակելու համար Մոսկվային նորից երրորդ երկրներ են պետք:

Առճակատման հավանականությունը կա, որովհետեւ Ռուսաստանին չհաջողվեց Վրաստանի վերառազմականացումը կասեցնել, իսկ նախագահ Սահակաշվիլին դեռ չի հեռանա քաղաքական ասպարեզից, քանի որ կարողացավ Արեւմուտքի “դաբրոյով” ճնշել վրացական մեծաքանակ ընդդիմությանը:

Մոսկվան, ըստ զլմ-ների, մի քանի անգամ նախկինում առաջարկել էր Երեւանին քննարկել Ջավախք-Աջարիա համադաշնությամբ Վրաստանից անկախացման խնդիրը, ինչը մերժվել է մեր առաջին երկու նախագահների կողմից: Այժմ այդ հարցը կարող է վերհանվել, եթե Հայաստանը կարողանա լուրջ երաշխիքներ տալ Մոսկվային՝ իր հետագա կողմնորոշումների եւ տարածաշրջանային նկրտումների մասին: Իզուր չէ, որ Ռուսաստանը հայ-թուրքական հարաբերություններին զուգահեռ ծավալում է ռուս-թուրքական եւ ռուս-ադրբեջանական քննարկումներ: Իսկ վերոնշյալ տարբերակը ամրացնում է Հայաստանի միջազգային դիրքերը տարածաշրջանում (ռազմա-քաղաքական եւ տնտեսական առումներով), Թուրքիային կտրում է համաթուրանական ցամաքային (Վրաստանով՝ Ադրբեջան-Միջին Ասիա) կապից, Հայաստան-Ջավախք-Աջարիա-Սեւ ծով առանցքով դառնում է տարանցիկ երկիր Եվրոպա-Ասիա համագործակցության մեջ, առաջնային դիրք գրավելով Կովկասում՝ նպաստում է Եվրոպա-Մերձավոր Արեւելք կապին (եւ՛ արաբական երկրների, եւ՛ Իրանի հետ) եւ այլն: Սա մի քանի խնդիր է լուծում.

1. Ռուսաստանը փորձում է ռուս-թուրքական մերձեցմամբ տարածաշրջանում մնալ միակ գերտերությունը (դուրս մղելով ԱՄՆ-ին ու եվրոպական համագործակցությանը), միաժամանակ հանդուրժել, որ Թուրքիան մնա տարածաշրջանի միակ փոքրիկ-գերտերությունը:
Սա էլ իր հերթին մի քանի հարց է արծարծում: Մոսկվայի հետ հարաբերություններն ամրացնելու խնդիր են ունենում եւ՛ Հայաստանը եւ՛ Իրանը: Առաջինը կփորձի հայ-ռուսական հարաբերություններով հակակշռել ռուս-թուրքական համագործակցությանը, իսկ երկրորդը՝ նույն հակակշռման նպատակով կփորձի Մոսկվայի օգնությամբ Իրանը դարձնել տարածաշրջանային փոքրիկ-գերտերություն (այստեղից էլ՝ հայ-իրանական եւ ադրբեջանա-իրանական հարաբերությունների առկա զուգահեռ ընթացքն է):
2. Ռուսաստանը փորձում է ռուս-ադրբեջանական մերձեցմամբ արդեն ամրագրել իր դերը Հայաստանի եւ Իրանի հետ հարաբերություններում ու նաեւ դերակատարում ունենալ համաթուրքական դաշինքում (օգտագործելով նաեւ Ղազախստանի եւ Թուրքմենստանի դերը):

Երեւանում վերջերս կայացած հայ-վրացական բանակցությունները ԱԳ նախարարությունների մակարդակով (մինչ այդ հանդիպել էին երկրների նախագահները) ստացավ “շատ դժվար բանակցություններ” անունը, որում վստահաբար քննարկել են Հայաստանի ու Վրաստանի հնարավոր քայլերը՝ վերոնշյալ ծավալումների դեպքում:

Իսկ Սեւ ծովում գերիշխող Ռուսաստանն ու Թուրքիան վստահաբար կփորձեն ուժեղացնել իրենց դիրքերը արդեն ցամաքում՝ տարածաշրջանում: Թուրքերը (Կովկասում զուգահեռ) հարաբերությունները կարգավորում են նաեւ արաբական երկրների հետ (Սիրիա, Լիբանան եւ այլն) եւ Իսրայելին մեղադրում են պաղեստինյան ցեղասպանության մեջ: Սա թույլ է տալիս Կովկասում եւ Մերձավոր Արեւելքում իր դիրքերը թուլացրած Ռուսաստանին խաղալ նաեւ թուրքական խաղաքարտով (ինչը մտնում է հենց թուրքական ծրագրերի մեջ): Այս խաղաքարտը կարող է օգուտ բերել Մոսկվային նաեւ Միջինասիական (հիմնականում՝ թյուրքալեզու) տարածաշրջանում, որտեղ նույնպես թուլացել են Ռուսաստանի դիրքերը:
Եթե Հայաստանը եւ Իրանը կարողանան համատեղ լուրջ հակախաղ սկսել թուրք-ադրբեջանական խաղի դեմ, ապա ռուսաստանյան “հակակշիռը” կաշխատի հօգուտ Երեւան-Թեհրան կապի: Առանձին վերցրած Հայաստանը եւ Իրանը չեն կարող հակակշռել համաթուրանական քայլերին (ինչը կարող է ուժեղացվել համաարաբական քայլերով), որը ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Արեւմուտքի շահերը կտանի թյուրքական “երակի” ուղղությամբ…

Ուստի՝ Հայաստանը պետք է լուրջ եւ (Իրանի հետ ծրագրերից բացի) սեփական խաղ էլ ունենա թերեւս, քանի որ ռուս-հայ-իրանական առանցքը եթե անգամ հնարավոր է գերիշխի ռուս-թուրք-ադրբեջանական կապի վրա, ապա արեւմտյան-թուրք-ադրբեջանական (նաեւ՝ վրացական) կապին դժվար թե լիովին հակակշռի արեւմուտք-հայ-իրանական համագործակցությունը, քանզի Իրանը լուրջ խնդիրներ ունի Արեւմուտքի հետ:

Թերեւս միայն եվրոպական ուղղության հետ կարող են համագործակցել Երեւանն ու Թեհրանը, որն էլ դեռ ճանապարհ ունի անցնելու, ինչը հաստատ կուժեղացնի ամերիկյան տարաբնույթ ճնշումները նաեւ Հայաստանի վրա: Նաեւ սրա մասին պետք է մտածի Երեւանը:

Ամեն դեպքում` ճիշտ է սեփական խաղն ունենալ, քան ուրիշի խաղում խաղալիք լինել:

Հայկ Թորգոմյան

“Լուսանցք” թիվ 135, Փետրվարի 5-11, 2010թ.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: