Անգլիան դեռ մութ Ալբիոն է

by

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Լոնդոնում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպում է ունեցել բրիտանական պաշտոնատար անձանց եւ թագավորական ընտանիքի անդամների հետ: Նա նաեւ հանդիպել է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք ժամանած հայազգի գործարարների ու ճանաչված հասարակական գործիչների. “Վստահ եմ, որ մեր բոլոր ուժերի համադրմամբ հնարավոր կլինի հաղթահարել առկա խնդիրները եւ հաստատակամորեն առաջ ընթանալ մեր ազգային իղձերի իրականացման ճանապարհով: Վստահ եմ, որ գալու է այն օրը, երբ Հայաստանի Հանրապետության պետական դրոշը՝ եռագույնը, նույնպիսի խինդ ու հպարտություն կառաջացնի աշխարհասփյուռ յուրաքանչյուր հայի մոտ, ինչպես Արարատի խորհրդանիշը”,- նշել է ՀՀ նախագահը:
Մեծ Բրիտանիան կամ ինչպես հաճախ է նշվում՝ Անգլիան, միշտ էլ աչքի է ընկել ոչ հայանպաստ տրամադրություններով եւ առավել հաճախակի աջակցել է Թուրքիային կամ Ադրբեջանին: Այժմ էլ անգլիական կողմը դեռ սերտորեն համագործակցում է թուրք-հրեական դաշինքի հետ, իսկ Կովկասի տարածաշրջանում, եվրոպական բաժանումների պայմաններում, վերստին համագործակցում է Ադրբեջանի հետ: Հայաստանյան ուղղությունը կանոնակարգում է Ֆրանսիան, վրացականը՝ Գերմանիան:
Այժմ տարածաշրջանային նավթա-գազային կռիվներում բրիտանական տնտեսական կազմակերպությունները որոշակի խոչընդոտների են հանդիպում Ադրբեջանում, ուստի՝ կփորձեն Հայաստանի հետ խաղեր տալով դաս տալ Բաքվին: Իսկ թե այդ դասն ինչպես կավարտվի, քանզի Ադրբեջանը կարծես դեմ չէ հարաբերությունները կարգավորել Մոսկվայի հետ, դեռեւս կպարզվի: Սրան կարող է նպաստել նաեւ ՎՈւԱՄ-ի կազմաքանդումը, եթե Ուկրաինայի նորընտիր ռուսաստանամետ նախագահը դուրս բերի իր երկիրը ՎՈւԱՄ-ի կազմից եւ կրկին հայտնվի ԱՊՀ-ում: Գուցե նաեւ Ադրբեջանը հայտնվի ԱՊՀ-ում…
Այս իրադարձություններից հետո միայն հստակ կլինի` Հայաստանը կարո՞ղ է ակնկալել մեր հանդեպ միշտ “սառը” բրիտանական համագործակցության “տաքացում”, թե՞ ամեն բան կմնա նույնը…
Իսկ գուցե բրիտանական “տաքացումը” հանգեցնի ռուսաստանյան “սառեցմա՞ն”… Ուստի՝ անկախ տաքացումներից կամ սառեցումներից, որ ուղղությամբ էլ դրանք կատարվեն, անհրաժեշտ է կողմնորոշվել միայն մեր ազգային նպատակների լուծման առաջնահերթությամբ:
Հատկապես, երբ Թուրքիայի ԱԳ նախարար Ա. Դավութօղլուն օրերս հայտարարել է, որ առաջիկայում լուրջ քայլեր են կատարվելու հարավային Կովկասում: Ինչ-որ քայլեր էլ նախատեսվում են Միջին Ասիայի հանրապետություններում:
Թուրք նախարարը չի կարծում, որ Հայաստանի հետ ստորագրված արձանագրությունների եւ հարաբերությունների կարգավորման գործընթացում թուլացել է Անկարայի քաղաքական կամքը. “Մենք շարունակում ենք քաղաքական զորեղ կամք ունենալ հարավկովկասյան տարածաշրջանում հաստատուն խաղաղություն եւ կայունություն ապահովելու նպատակով ամեն տեսակ ջանքեր գործադրելու համար”: Կարծում ենք` Երեւանը ոչ պակաս կամք կդրսեւորի արտաքին քաղաքական խնդիրներում:

Վահագն Նանյան

Հայկական հարձակու՞մ, թե՞ ինքնապաշտպանություն

Պատերազմը վտանգավոր է բոլորի համար
ԼՂՀ հակամարտության թեժացումը մարտահրավեր է ոչ միայն հակամարտության մեջ ներգրավված կողմերի համար, այլեւ` ամբողջ միջազգային հանրության, հատկապես` տարածաշրջանում խոշոր ներդրումներ իրականացրած ընկերությունների համար. այսպես է կարծում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: “Հարավային Կովկասում շարունակվում է սպառազինությունների մրցավազքը, ընթանում է մեծ թափով: Այս մրցավազքը խիստ վտանգավոր է. վտանգավոր է Հարավային Կովկասի բոլոր ժողովուրդների համար, Եվրոպայի ու տարածաշրջանում շահեր ունեցող տերությունների համար, Կովկասում ներդրումներ կատարած կորպորացիաների համար, բոլորի համար: Սովորական սպառազինությունների համար գոյություն ունեցող բոլոր թույլատրելի չափաքանակները գերազանցող Ադրբեջանն այսօր որեւէ լուրջ գնահատականի, ըստ էության, չի արժանանում: Իսկ այն զենքը, որն այսօր կուտակում է Ադրբեջանը, եթե նույնիսկ չկրակի Ղարաբաղի հետ պատերազմում, ապա միեւնույն է՝ ինչ-որ տեղ կրակելու է: Հարցն այն է, թե որտեղ եւ երբ: Երբ առաջատար պետությունները մեծ գումարներ են ծախսում նավթ գնելու համար, չեմ կարծում, թե այդ երկրների համար պետք է միեւնույնը լինի, թե ինչի վրա են ծախսվում իրենց գումարները: Փաստն այն է, որ հենց այդ գումարները կարող են այնուհետեւ դառնալ շատ ավելի մեծ վտանգների աղբյուր, ինչի օրինակներ մենք տեսել ենք”,- ասել է ՀՀ նախագահը:
Մեծ Բրիտանիան, իսկ ավելի պարզ՝ բրիտանական նավթային ընկերությունները Ադրբեջանում արտաքին ներդրումների ծավալով գերազանցում են մյուս երկրներին, եւ բրիտանական իշխանությունները պետք է փորձեն իրենց ազդեցությունն օգտագործել՝ Ադրբեջանի իշխանություններին ավելի կառուցողական եւ ընդունելի հարթություն տեղափոխելու համար:

Արցախը կհայաթափվի Նախիջեւանի պես
ՀՀ նախագահն արտահայտվել է նաեւ Նախիջեւանի հարցով` այն շաղկակապելով արցախյան խնդրին: “Ադրբեջանը սպառել է իր կազմում ինքնավար կարգավիճակով փոքրամասնությունների գոյատեւման հանդեպ վստահության պաշարը: Նա ի վիճակի չի եղել եւ այսօր էլ ի վիճակի չէ նման ինքնավարությանը նույնիսկ ներքին անվտանգության երաշխիքներ տալու: Մեկ այլ հայկական ինքնավարություն էլ կար Ադրբեջանի կազմում՝ Նախիջեւանը, ի՞նչ եղավ. մեկ հայ էլ չմնաց: Արդյո՞ք այդպիսի երաշխիքները կարելի է հիմք ընդունել: Կասեք` այն ժամանակվա Ադբեջանն ուրիշ էր, հիմիկվանը` ուրի՞շ: Այս “ուրիշ” Ադրբեջանի պայմաններում 18 տարվա ընթացքում նույն Նախիջեւանում ավելի շատ հայկական-քրիստոնեական կոթողներ են ոչնչնացվել, քան նախորդ 70 տարիների ընթացքում: Իսկ մշակութային ժառանգությունը պաշտպանող միջազգային կազմակերպություններն ուղղակի ոչինչ անել չկարողացան. նրանց Ադրբեջանը նույնիսկ այցելել եւ ավերված հայկական կոթողները, կատարված վանդալիզմի հետեւանքները տեսնել արգելեց”,- նշել է Ս. Սարգսյանը:
ՀՀ նախագահը իր հրապարակային ելույթներում տարանջատում է նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը՝ հայ-թուրքական արձանագրություններում, ասելով, որ ցեղասպանության դատապարտման պայքարը շարունակվելու է, եւ իզուր են թուրքական պաշտոնյաները այն (ինչպեսեւ՝ Արցախի խնդիրը) կապում արձանագրությունների վավերացման հետ: Բայց ՀՀ նախագահը չպետք է մոռանա, որ ինչպես “ուրիշ” Ադրբեջան չի լինում, այնպես էլ՝ “ուրիշ” Թուրքիա…

Արտակ Հայոցյան

Աշխուժանում է նաեւ Ռուսաստանը

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն օրերս ընդունելով Ռուսաստանի Դաշնության վարչապետի առաջին տեղակալ Իգոր Շուվալովին, կարեւորել է այդ այցը երկու երկրների միջեւ հարաբերությունների ամրապնդման համատեքստում եւ վստահություն է հայտնել, որ նոր թափ կհաղորդվի երկկողմ համագործակցությանը:
2010թ.-ն ԱՊՀ-ում հայտարարվել է գիտության եւ նորարարությունների տարի, ուստի, քննարկվել են նաեւ համատեղ միջոցառումների իրականացման հարցեր: Մասնավորապես, նշվել է, որ արդեն անցկացվում են համատեղ հետազոտություններ կենսաքիմիայի, նեյրոքիմիայի, մոլեկուլյար կենսաբանության, բժշկական գենետիկայի, քիմիական ֆիզիկայի եւ այլ ոլորտներում:
Քննարկվել են նաեւ Հայաստանում միջուկային բժշկության զարգացման եւ հայ-ռուսական նորարական կենտրոնի բացման հեռանկարները:
ՀՀ վարչապետն ընդգծել է, որ բարձր տեխնոլոգիաների զարգացումը Հայաստանի տնտեսության առաջնահերթություններից է, եւ ձեւավորված ավանդույթների առկայությունը փոխշահավետ համագործակցության խորացման մեծ հնարավորություն է ընձեռում: Եվ չնայած տնտեսական ճգնաժամին՝ Հայաստանը շարունակում է կատարել ԱՊՀ շրջանակներում իր ստանձնած բոլոր պարտավորությունները, իսկ ֆինանսական ներդրումները կատարվել են նախատեսված ժամկետից շուտ:
Անդրադարձ է եղել նաեւ Հայաստանում ռուսական ընկերությունների գործունեության խնդիրներին, էներգետիկայի, տրանսպորտի ու այլ ոլորտներում համագործակցության ընթացքին:

Գոհար Վանեսյան

”Լուսանցք”Թիվ 136, փետրվարի 12 — 18, 2010թ.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: