Իսրայելն ու Ադրբեջանը` ու՞մ դեմ

by


Իսրայելն անընդհատ փորձում է բարեկամական հարաբերություններ հաստատել Ադրբեջանի եւ հետխորհրդային տարածքի մահմեդական այլ երկրների հետ: Իսրայելի, Ադրբեջանի եւ Ղազախստանի միջեւ առկա հարաբերությունները ծառայում են որպես հրեական պետության եւ մահմեդական երկրների միջեւ համագործակցության ձեւ: Ադրբեջանի նախագահի եւ Իսրայելի ԱԳ նախարարի մի հանդիպման արդյունքում ձեռք էր բերվել համաձայնություն առ այն, որ Իսրայելի նախագահը Բաքու պաշտոնական այց կատարի, որն իրականացավ անցյալ տարի: Այցը Բաքվում անցկացվել էր “ամենաբարձր մակարդակով եւ մեծարանքներով”,- աղմկել էին ադրբեջանական զլմ-ները:
Իրանի ներկայիս վարչակարգը, որը ձգտում է ստեղծել միջուկային զենք եւ դառնալ ազդեցիկ երկիր Մերձավոր Արեւելքում, հայտնի չէ, թե ինչպես կվերաբերվի նման պարբերական այցերին: Պարսից Ծոցի երկրների եւ Իսրայելի միջեւ աճող լարվածության պայմաններում Իրանին հարեւան՝ աշխարհիկ մահմեդական Ադրբեջան այցելելու Իսրայելի նախագահին արված հերթական հրավերը վերահաստատում է, որ այդ 2 երկրները կերտում են ռազմավարական հարաբերություններ: Այս երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են Ադրբեջանի (1992թ.) անկախացումից կարճ ժամանակ անց: Մեկ անգամ չէ, որ Իսրայելի բարձրատիճան պաշտոնյաները աշխատանքային այցով եղել են Ադրբեջանում:
Ադրբեջանի եւ Իսրայելի միջեւ հարաբերությունների գլխավոր ոլորտը էներգետիկ անվտանգությունն է: Ներկայում Իսրայելի նավթի 20%-ը մատակարարում է Ադրբեջանը: Երկկողմ առեւտրում նավթաքիմիկատների բարձր համամասնության արդյունքում Ադրբեջանից ներմուծման ծավալը կազմում է 3,5 մլրդ. դոլար: Կա նաեւ ադրբեջանական բնական գազը Թուրքիայի միջով Հայֆա մատակարարելու ծրագիր: Ծրագրեր կան տարբեր ոլորտներում՝ գյուղատնտեսությոան, բժշկության բնագավառում գիտական հետազոտությունների եւ բարձր տեխնոլոգիաների, արդյունաբերության եւ այլն:
2008թ. մայիսին Բաքվում տեղի ունեցավ իսրայել-ադրբեջանական գործարար համաժողով:
Գրեթե նույն ժամանակ Թել-Ավիվում կազմակերպվեց համաժողով՝ ավելի քան 20 ադրբեջանական կազմակերպությունների եւ տնտեսական զարգացման նախարարության պաշտոնյաների մասնակցությամբ: Համաժողովի առանցքային մասն Իսրայելի արտահանման ինստիտուտի եւ արտահանումն ու ներդրումը խրախուսող Ադրբեջանի հիմնադրամի (AzPromo) միջեւ համագործակցության համաձայնագրի ստորագրումն էր: Այս համաձայնագիրը համակարգում է երկկողմ առեւտուրն ու ներդրումները:
2009թ. Իսրայելում տեղի ունեցավ միջազգային գյուղատնտեսական ցուցահանդես (Agritech), որին մասնակցեց նաեւ ադրբեջանական պատվիրակությունը:
Դեռ 2008թ. սեպտեմբերի վերջին Ադրբեջանն արդեն համաձայնեց Իսրայելից գնել զենք ու զինամթերք: Հրեական զլմ-ները գրեցին, որ “Ադրբեջանը կգնի իսրայելյան զենք, ներառյալ զինամթերք, ականանետեր եւ հարյուրավոր միլիոն դոլար արժողությամբ ռազմական ռադիո-սարքավորումներ: Սա առաջին հրապարակային հաստատումն էր 2 երկրների միջեւ աճող ռազմավարական հարաբերությունների, թեեւ այդ հարաբերություններն սկիզբ են առել դեռեւս Ադրբեջանի անկախության առաջին տարիներին:
Այս քաղաքականությունը բացահայտում է Ադրբեջանի նվիրվածությունն արեւմտյան կողմնորոշմանը եւ անկախությունը Մոսկվայից եւ Թեհրանից:
Իսրայելը փորձում է հիմնել սերտ հարաբերություններ այն երկրների հետ, որոնք այս տարածաշրջանի զարգացումներում ուժգնորեն ազդում են Մերձավոր Արեւելքի կայունության վրա: Սա պայմանավորված է աշխարհագրորեն մոտ գտնվելու եւ գերազանցապես մահմեդական բնակչության հանգամանքով եւս: Այսպես՝ Կենտրոնական Ասիայի (Ղազախստան, Ուզբեկստան, Թուրքմենստան, Ղրղզստան) եւ Ադրբեջանի պարագան համընկնում է հրեական շահերի հետ: Իսկ սա նշանակում է սիոնիզմ-պանթուրքիզմ (հաշվի առնենք նաեւ իսրայելա-թուրքական հարաբերությունները) նորովի ծավալում, որն ակնհայտորեն ու միշտ վտանգավոր է լինում Հայաստանի ու հայության համար: Կասպից ծովի շրջանը կարող է պարարտ հող դառնալ մահմեդական արմատականության եւ միջուկային զենքի տարածման համար: Այս փաստերը նույնպես համախմբում են Իսրայելին այդ պետությունների վերնախավերի եւ աշխարհիկ միջին խավի հետ: Իսկ տարածարջանի բնական պաշարներն էլ ավելի գրավիչ են դարձնում այս երկրների հետ նպատակային համագործակցությունը:
Այսպես Իսրայելը ձգտում է Եվրասիայում եւ, մասնավորապես, Հարավային Կովկասում ամերիկյան ռազմավարությունն իրականացնելու համար կարեւոր միջնորդ դառնալ եւ դերակատարում ստանձնել: Իսրայելի ազդեցությունը նախկին խորհրդային ճամբարի երկրների եւ Ռուսաստանի վրա նույնպես ընդլայնվում է: Իսրայելի նախագահի հնարավոր այցն Ադրբեջան Իրանի կառավարության մոտ տարակուսանք է առաջացնում, իրանական կողմը նույնիսկ սպառնացել է Ադրբեջանին՝ ասելով, որ “Իսրայելի նախագահի այցը կլինի սխալ քայլ”:
Կարծում ենք` այս իրավիճակը պետք է հուզի ոչ միայն իրանական, այլեւ մեզ՝ հայկական կողմին, քանզի իսրայելական աշխուժացումները որեւէ տարածաշրջանում ուղեկցվում են “տաք” եւ “սառը” պատերազմներով…
Զլմ-ները վերջերս գրել են, որ Ադրբեջանի բարձրաստիճան զինվորականների պատվիրակությունը գաղտնի այցելել է Իսրայել: Ադրբեջանական պատվիրակությունն այցելել է Իսրայելի ռազմա-արդյունաբերական մի շարք ձեռնարկություններ եւ բանակցել է երկրի ռազմական ապահովման կառույցների հետ: Այցելության այլ մանրամասներ (ինչպես նաեւ ադրբեջանական պատվիրակության կազմի մասին) հրապարակումներ չկան:
Նախկինում, հաշվի առնելով Իրանի եւ իսլամական այլ երկրների դիրքորոշումները, Ադրբեջանը զինվորական պատվիրակություն, այն էլ գաղտնի, չէր գործուղել Իսրայել, եւ իսրայելա-ադրբեջանական հարաբերությունները կարծես որոշակիորեն դանդաղել էին:
Սակայն, ըստ ադրբեջանական զլմ-ների, հատկապես ռազմական ոլորտում, Ադրբեջանի եւ Իսրայելի միջեւ համագործակցության նոր որակներ են ձեւավորվում: Անցյալ տարի 2 երկրների միջեւ ստորագրվեցին ռազմական համագործակցության վերաբերյալ մի շարք համաձայնագրեր, մասնավորապես, Իսրայելի աջակցությամբ Ադրբեջանում պետք է կառուցվի անօդաչու հետախուզական ինքնաթիռների եւ արդիական ռազմական տեխնիկայի գործարան:
Ըստ իսրայելական աղբյուրների, այդ համաձայնագրերը կյանքի կոչելու համար 2 երկրների միջեւ վերջին տարիներին ընթանում են գաղտնի բանակցություններ:
“Հնարավոր է, որ ադրբեջանցի զինվորականների Իսրայել կատարած այցելությունը համագործակցության շրջանակներում է: Սակայն, կասկած չկա, որ Իսրայելի հետ Ադրբեջանի համագործակցությունը պետք է անհանգստացնի հարեւան երկիրներին: Մոտ ապագայում ակնկալվում է նաեւ Իսրայելի արտգործնախարարի Բաքու այցելությունը”,- գրում է ադրբեջանական մամուլը:

Հայկ Թորգոմյան

”Լուսանցք”Թիվ 136, փետրվարի 12 — 18, 2010թ.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: