Տրնդեզին ընդառաջ (որը երբեք քրիստոնեական տոն չի դառնա)

by


Փետրվարի 13-ին Էրեբունի պատմական ամրոցի տարածքում կկայանա Տրնդեզի տոնակատարություն: Կմասնակցեն Հայ Արիական միաբանության (ՀԱՄ) եւ Հայ ազգայնականների համախմբման (ՀԱՀ) անդամներն ու այլ հեթանոս հայեր:
Կլինի ծիսակատարություն, որը կիրականացնեն ՀԱՄ Հոգեւոր խորհրդի քրմերի թեկնածուները:
Փա՜ռք Հայ Աստվածներին եւ բարի վերադարձ…

“Լուսանցք

Տ ր ն դ ե զ

Արի Մանը (Մարդը) հավաքեց Արիներին՝ դիմեց նրանց.
— Սիրելի ազգակիցնե՛ր, ես Վահագն Աստծուն եմ տեսել, Վահագնի մոտից եմ գալիս եւ Վահագնի աստվածային պատգամն եմ բերել ձեզ: Շուտով Աստվածային Երկունք է լինելու, եւ ապա գալու է Վահագնը, փրկելու մեր Ցեղը Վիշապի պիղծ ճիրաններից: Եկե՛ք Արագած լեռան հազար ու մի գանձերը պեղենք եւ Աստվածային Երկունքի կրակով կռենք մեր զորության թուր-կեծակին: Գարնան առաջին Արեւով կգա Վահագնը, կօծի մեր թուր-կեծակին, եւ մենք կհաղթենք Չարի Տիտաններին եւ կազատենք մեր Արարատը:
Սակային չլսեցին Արիները Մանին: Սկզբից բռունցք ճոճեցին վրան, հայհոյեցին, անհավատ եւ անհնազանդ անվանեցին: Հետո սկսեցին ծաղրել նրան, համարեցին խելագար ու հեռացան:
Արի Մանը մնաց միայնակ: Եվ միայնակ գնաց գանձեր պեղելու: Փորում էր նա Արագածի կուրծքը: Նրա բրիչի հարվածները արձագանք էին տալիս լեռնաստանով մեկ: Նա շտապում էր՝ շուտով սկսվելու էր Աստվածային Երկունքը, եւ ինքը պետք է պատրաստ լիներ:
Արի Մանի բրիչի հարվածները, արձագանք տալով, գրգռում էին կասկածամիտ Արիների հետաքրքրասիրությունը: Ամբոխը հավաքվում էր Արի Մանի շուրջը: Ծաղրում էին նրան, հայհոյում, երբեմն նաեւ քարեր շպրտում նրա վրա: Բայց ամենին անհաղորդ, Արի Մանը համառորեն շարունակում էր պեղել:
Արի Մանի այդ ինքնավստահ համառությունը ճնշում էր ամբոխին: Ամբոխը սսկվում էր: Հեգնանքը տեղի էր տալիս երկյուղալի զգուշավորության: Արիներն այլեւս չէին ծաղրում Արի Մանին, քար չէին նետում նրա վրա. մի ներքին երկյուղով նահանջում էին ու հեռվից դիտում էին Արի Մանին` առանց հասկանալու, թե ինչ է անում: Միայն ներքին զգացողությամբ կռահում էին, որ մի շատ ահավոր բան է նյութում: Եվ որքան զգուշանում էին, այնքան նրանք ընկճվում էին Արի Մանի զորության առջեւ:
Արի Մանը իր մեջքը ուղղեց միայն այն ժամանակ, երբ պեղված հազար ու մի գանձերը բազմագույն ճառագում էին առավոտյան արեւի տակ: Նա սրբեց ճակատի քրտինքը ու նայեց երկինք:
Հեռվում, շատ հեռվում կարծես մի կարմիր նուռ էր պայթել, եւ հյութը ծորում էր ներքեւ: Հասկացավ Արի Մանը, որ Երկունքը սկսվում է: Նա դիմեց հավաքված ամբոխին, որ երկյուղից չէր հանդգնում մոտենալ նրան:
— Արինե՛ր,- կանչեց Արի Մանը,- նայե՛ք երկինք, Աստվածային Երկունքն է սկսվում, մեր զորության արշալույսն է բացվում:
Արիները նայեցին երկինք եւ սարսափած վայնասուն բարձրացրին.
— Աստծո պատի՜ժն է սա, Արի Մանի կատարած ահավոր մեղքի համար Վիշապ Աստվածը պատժում է բոլորիս. — սա աշխարհի վե՜րջն է…
Եվ փախան Արիները, մտան տները, ամուր փակեցին դռներն ու լուսամուտները:
Դրսում սկսվել էր Աստվածային Երկունքը, իսկ տներում սարսափած Արիները խավարի մեջ հուսահատ աղոթում էին:
Աստվածային Երկունք էր:
Երկնի երկունքից, Երկրի երկունքից եւ ծիրանագույն ծովի երկունքից, ծիրանի ծովում եղեգն էր երկնում: Եղեգան փողից ծուխ էր ելանում, եղեգան փողից բոց էր ելանում՝ հուր աստվածային, երկինք էր ձգվում, հասնում արեւին եւ միահյուսվում արեւի բոցին: Արեւը երկնից կրակ էր ցայտում ճաճանչների տեղ, բազում կայծակներ իրար էին խաչվում՝ հոշոտում երկնի կապույտը լազուր, որոտն էր ահեղ արձագանք տալիս աստղերից վերեւ: Երկունքի ցավից Երկիրն էր տնքում, հողն էր կտրատվում ուժգին ցնցումից ու Երկրի խորքից՝ հրաբուխ ժայթքում, եւ հուժկու ալիք ահեղ ոռնոցով գրոհում էին մայր ցամաքի վրա: Երկո՜ւնք էր, Երկո՜ւնք Աստվածային:
Սարսափած Արիները փակված էին տներում, ողբում էին աշխարհի վերջը, անիծում էին Արի Մանին, անիծում էին Երկունքը, որպես չարագուշակ նախախնամություն: Ծնկի իջած, աղոթում էին Վիշապին, որ պատժի Արի Մանին, ոչնչացնի նրան եւ փրկի իրենց:
Բայց անզոր էր Վիշապը Երկունքի զորությունը կանխելու: Վիշապը ինքն էր սարսափած ոռնում` իր մոտալուտ մահը կանխազգալով:
Եվ միայն Արի Մանն էր ողջունում Աստվածային Երկունքը: Նա վազեց ծովափ, եղեգան փողից ժայթքող աստվածային կրակով իր ջահը վառեց: Եվ ջահը ձեռքին շրջում էր տնե տուն, բախում էր դռները եւ կանչում.
— Հե՜յ, Արինե՛ր, բացե՛ք ձեր դռներն ու լուսամուտները, աշխարհի վերջը չէ սա, աշխարհի սկիզբն է: Վահա՜գն է ծնվում՝ փրկության Աստվա՛ծ: Դո՛ւրս եկեք, փայտե՛ր դիզեք, խարույկնե՛ր վառեք աստվածային կրակով, Տրնդե՛զ սարքեք. — թող աստվածային կրակով բացվեն ձեր աչքերը, թող ձեր սրտերը բոցկլտան այս կրակով: Օծվե՛ք այս աստվածային կրակով եւ վերականգնե՛ք ձեր մեջ աստվածային զորությունը:
Շատ քիչ դռներ բացվեցին: Միայն զորավորները հանդգնեցին նայել աստվածային կրակին: Խարույկներ սարքեցին ու վառեցին աստվածային կրակով: Այդ կրակը խփեց նրանց դեմքերին, եւ նրանց միջից բոլորովին չքացավ սարսափը, զորացան նրանք եւ իրենց աստվածներ զգացին: Պար էին բռնում տրնդեզված կրակի շուրջ, ձոներգեր էին հյուսում, փառաբանում էին Արային ու Վահագնին, իսկ ջահել հարսները, որ մայրանալու կարոտ ունեին, թռչում էին այդ աստվածային կրակի վրայով, օծելու համար իրենց արգանդը, որ իրենք էլ ծնեն Վահագնանման Արի զավակներ:
Իսկ Արի Մանի ահեղ մուրճի հուժկու հարվածները արձագանքում էին ողջ Արարատում եւ Վիշապի գանգերի մեջ: Արի Մանը հազար ու մի գանձերն էր հալեցնում տրնդեզված աստվածային կրակով եւ դարբնում էր իր թուր-կեծակին:
Շատ քիչ Արիներ՝ միայն նրանք, ովքեր օծվեցին տրնդեզված աստվածային կրակով ու զորացան, միայն նրանք միացան Արի Մանին:
Քառասուն օր աստվածային կրակը տրնդեզված պահպանվում էր, եւ քառասուն օր իրենց աստվածայնությունը զգացած Արիները պարում ու երգում էին այդ կրակի շուրջը: Եվ քառասուն օր Արարատում զրնգում էին մուրճերի հարվածները՝ Արի Մանը մի խումբ զորացած Արիների հետ կռում էր փրկության աստվածային զենքը:

Հատված “Ուխտագիրք Արորդյաց”-ից
(հեղ.` հանգուցյալ քրմապետ Սլակ Կակոսյան)

”Լուսանցք”Թիվ 136, փետրվարի 12 — 18, 2010թ.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: