Արցախի անկախությունը` շահեկան տարբե՛ր կողմերի համար

by


Օրերս ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այցելել էր Երեւան՝ ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի ԱԳ նախարար Կանատ Սաուդաբաեւի հետ հանդիպելու համար: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը: Առանձնազրույցը տեւել է մոտ կես ժամ: Այնուհետեւ, ԼՂՀ նախագահը զլմ-ներին հայտնել է, որ առաջարկել է նոր ուղղություն մտցնել բանակցային գործընթացում. “Ադրբեջանը բազմիցս առաջ է քաշում եւ հիմնականում քննարկում տարածքային ամբողջականության թեման: ԵԱՀԿ նախագահին առաջարկել եմ տարածքային ամբողջականությունից հարցը տեղափոխել միջազգային իրավական հարթության քննարկման: Նման մոտեցումը հնարավորություն կտա արդյունքներ արձանագրել բանակցային գործընթացում եւ վերջնականապես մոտենալ հարցի խաղաղ կարգավորմանը”:

Ինչ վերաբերում է Մադրիդյան փաստաթղթի նորացված տարբերակին, ապա ըստ Բ. Սահակյանի, թեեւ իրենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից չեն ստացել դա եւ ընդհանրապես շրջանառության մեջ դրված մյուս փաստաթղթերը, սակայն լավատեղյակ են նոր կետերի բովանդակությանը: “Այդ բոլոր փաստաթղթերի քննարկման փուլերում կա մեկ անհրաժեշտություն. այն է` ԼՂՀ-ի մասնակցությունը: Կարծում եմ, որ առանց Արցախի մասնակցության՝ այդ փաստաթղթերի հետագա մշակումն ու քննարկումն անհնար է”,- ասել է ԼՂՀ նախագահը: Իսկ Կ. Սաուդաբաեւը խոստացել է հաշվի առնել Ստեփանակերտի այս տեսակետը եւ քայլեր ձեռնարկել Արցախին՝ վերստին բանակցություններին մասնակցելու հնարավորություն տալու համար:

Ադրբեջանի ներկայիս ռազմատենչ կեցվածքը որակվել է որպես ահաբեկչության նոր ձեւ, եւ ԵԱՀԿ գործող նախագահը տեսնում է այն կառույցը, որը կգործադրի որոշակի լծակներ ու Ադրբեջանին կբերի դեպի կառուցողական ուղի: Հանդիպման ժամանակ հատուկ կարեւորվել է այն փաստը, որ շատ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների անդամներ ու նաեւ ԵԱՀԿ-ի ներկայացուցիչները տարածաշրջան այցի ժամանակ Արցախ-ԼՂՀ չեն այցելում:

ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը նույնպես նշել է, որ ԼՂ-ի բանակցային գործընթացում “Առանց ԼՂՀ-ի անմիջական մասնակցության խնդիրը չի կարգավորվելու: ԼՂ հիմնախնդիրը լուծվելու է միայն ԼՂՀ ժողովրդի կամքով”: Բանակցություններին ԼՂՀ-ի մասնակցության անհրաժեշտության մասին արդեն խոսում են նաեւ միջնորդները, սակայն գործընթացը շարունակվում է առանց Ստեփանակերտի: “Մենք մանդատ չենք տվել ՀՀ իշխանություններին, որ բանակցություններում ներկայացնեն ԼՂՀ-ն”,- այս առումով ասել է Մ. Հակոբյանը:

Արցախյան կողմը անտրամաբանական է համարում ազատագրված տարածքները հանձնելու վերաբերյալ բոլոր խոսակցությունները` թե պաշտոնական, թե շարքային քաղաքացիների մակարդակով: Արցախի ժողովուրդը բազմիցս ապացուցել է, որ իրեն հնարավոր չէ պարտադրել: Եթե նույնիսկ ՀՀ իշխանությունները պարտադրեն, ապա ԼՂՀ-ն հայկական զորքերը դուրս չի բերի ազատագրված տարածքներից, քանի որ Ստեփանակերտում վաղուց գիտակցում են, որ ԼՂՀ-ն անկախ ու ինքնիշխան պետություն է:

Եվ չնայած Արցախում շատերը լուրջ են վերաբերում Ադրբեջանի պաշտոնյաների ռազմատենչ հայտարարություններին եւ չեն կարծում, որ դրանք ներքին սպառման համար են, այնուամենայնիվ վստահ են, որ առիթի դեպքում արժանի հակահարված կտան հակառակորդին:

Իսկ Բաքվում գտնվելու ժամանակ ԵԱՀԿ գործող նախագահ Կ. Սաուդաբաեւը վերահաստատել էր ԵԱՀԿ պատրաստակամությունը՝ ԼՂ հակամարտության կարգավորմանը նոր թափ հաղորդելու եւ Մինսկի խմբի միջնորդնելուն աջակցելու համար: “Մենք մեծ կարեւորություն ենք տալիս Հարավկովկասյան տարածաշրջանին եւ միջազգային աջակցությանը՝ ուղղված տարածաշրջանային երկրների մարտահրավերները լուծելուն”,- ասել է Կ. Սաուդաբաեւն Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո: Եվ ավելացրել է, թե “խնդրի խաղաղ կարգավորումը՝ նախ եւ առաջ հիմնված կողմերի միջեւ առկա փոխադարձ վստահության եւ համաձայնության վրա, չունի այլընտրանք”:

Ղազախստանը առաջին հետխորհրդային երկիրն է, որը ստանձնել է ԵԱՀԿ-ի նախագահությունը եւ Կանատ Սաուդաբաեւը, ով նաեւ Ղազախստանի պետքարտուղար-ԱԳ նախարարն է, ասել է. “Մենք բոլորս ցանկանում ենք օգտագործել մեր ժողովուրդների նման պատմությունը եւ մտածելակերպը, ինչպես նաեւ մեր երկրների նախագահների միջեւ առկա վստահությունը, լավ փոխհարաբերությունները, որպեսզի հասնենք հնարավոր հաջողության երկարաձգվող հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելու հարցում”: Այսպես ԵԱՀԿ-ն սատարում է Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի ջանքերին՝ կողմերի միջեւ վստահություն ստեղծելու ողղությամբ:

Այնուամենայնիվ, արցախյան խնդրի դիվանագիտության մեջ բավականին բարդ իրավիճակ է ստեղծվել, ինչը գալիս է նաեւ Սոչիում նախագահների վերջին հանդիպմանը հաջորդած իրադարձություններից:
Փաստորեն, ՌԴ-ն նախաբան մտցրեց մադրիդյան սկզբունքների փաստաթղթերի մեջ եւ առաջարկեց կողմերին, որ իրենց տեսակետներով հանդես գան ու այդ տեսակետների հիման վրա ձեւավորվի նորացված մի փաստաթուղթ: 2 շաբաթ անց հանկարծ ու շտապ Ադրբեջանի կողմից քայլ արվեց՝ հայտարարվեց, որ Մադրիդյան սկզբունքներն ընդունելի են, չնայած երկար ժամանակ Բաքվի մոտեցումն անորոշ էր: Եվ հիմա հետաքրքիր ու նոր իրավիճակ է ստեղծվել: Այս քայլը հնարավոր է մի փորձ է ռուսաստանյան նախաբանային առաջարկից խուսափելու համար, երեւի Բաքվում մտածել են, որ հակառակ դեպքում կարող է ինչ-որ նոր գործընթաց սկսվել, որը կհանգեցնի մի նոր փաստաթղթի, ուստի՝ Ադրբեջանը քայլ արեց հետ՝ մինչեւ նոր պայմանավորվածությունները:

Հիմա վերլուծաբաններից ոմանց կարծիքն այնպիսին է, որ Հայաստանն ու Ադրբեջանը գերտերությունների ճնշման ներքո ստիպված կլինեն ստորագրել հաշտության այնպիսի փոխզիջումային համաձայնագիր, որն ընդունելի չի լինի ո՛չ հայ եւ ո՛չ էլ ադրբեջանցի ժողովուրդների համար, եւ հնարավոր է ներքաղաքական ցնցումներից խուսափելու ու համաձայնագիրը ընդունելի դարձնելու նպատակով կարճատեւ տեղային պատերազմ սկսվի՝ կանխապես որոշված ելքով: Իհարկե, կան նաեւ կարծիքներ, որ չի բացառում ռազմական գործողությունների վերսկսումը, բայց միանշանակ բացառում է փոխհամաձայնեցված պատերազմի սանձազերծումը: Սակայն, արցախյան հակամարտության լուծման ռազմական տարբերակի հավանականությունը քիչ է համարվում, քանի որ առկա է գերտերությունների՝ ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի միջեւ փոխըմբռնում, եւ ամենակարեւորը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունները շարունակվում են: Կարծիքներ էլ կան անվերահսկելի պատերազմի եւ անկանխատեսելի հետեւանքների մասին: Բայց դա ավելի քիչ հավանական է համարվում:

Այս տեսակետներին զուգահեռ կարեւորվում է այն հանգամանքը, որ 15-16 տարի է հայերս հաղթել ենք պատերազմում, բայց տակավին չենք կարողացել ընդունելի դարձնել ակնհայտ արդյունքը, որն էլ այսքան ձգձգում է հիմնախնդրի լուծումը: Ուստի, սեղանին դրված փաստաթուղթը նախ եւ առաջ չի համապատասխանում ներկա իրողություններին եւ կողմերին վերադարձնում է 1990-ականների սկիզբ՝ հաշվի չառնելով, որ իրավիճակը լիովին փոխվել է: Պատերազմ է եղել 30 հազ. զոհերով, հայկական կողմը հաղթել է, ԼՂՀ-ում ավելի քան 15 հազ. կմ2 տարածքով պետություն է ստեղծվել, որի բնակչությունը պետականաշինության 15 տարի է անցել: Եվ ամբողջ աշխարհում այս ընթացքում բազմաթիվ ազգային ինքնորոշման դեպքեր են արձանագրվել, առաջացել է մասամբ ճանաչված պետությունների երեւույթը՝ հանձինս Կոսովոյի, Հարավային Օսիայի եւ Աբխազիայի (ինչ-որ տեղ նաեւ՝ Մերձդնեստրի, Կիպրոսի թուրքական հանրապետության եւ այլն): Այսինքն՝ աշխարհն է որոշակի փոխվել, իսկ ԼՂՀ խնդրով միջնորդները, որոնք զբաղված են այս հակամարտության կարգավորմամբ, փորձում են այն վերադարձնել ելքային դիրքի, որը ոչ մի կապ չունի այսօրվա իրողությունների հետ: Այսպես փորձ է արվում վերացնել հակամարտության հետեւանքը եւ ոչ թե պատճառը:

Եվ չնայած վերոնշյալ բոլոր տարաբնույթ ջանքերին, ադրբեջանցիները չեն դադարում պատերազմելուց խոսել, ուստի՝ Արցախում ամեն դեպքում հոգեբանորեն պատրաստվում են պատերազմի, քանզի ճիշտ է այն մտածումը, թե՝ ուզում ես հաղթել, պատրաստ եղիր պատերազմի:

Այս ամենին զուգընթաց տեղի են ունենում նաեւ ֆինանսա-տնտեսական ոլորտի ազդեցություններ: ԱՄՆ-ի սենատը նոր օրենք է ընդունել, որը վտանգավոր է Ադրբեջանի պետական նավթային ընկերության համար: Այդ օրենքը ԱՄՆ նախագահ Օբամային թույլ է տալիս նոր պատժամիջոցներ կիրառել ԻԻՀ-ի նկատմամբ, բայց կարող են գործադրվել նաեւ այն ընկերությունների նկատմամբ, որոնք բենզին եւ այլ տեսակի վառելիք են մատակարարում Իրանին, ինչպես նաեւ այն ապահովագրական ընկերությունների եւ տանկերների սեփականատերերին, ովքեր ապահովում են վառելիքի ներմուծումը Իրան: Ադրբեջանի պետական նավթային ընկերությունն անցյալ տարվա ընթացքում գազ է մատակարարել Իրանին:
Նախատեսված է, որ կողմերը 2010թ. եւս կշարունակեն գազի մատակարարման հետ կապված գործարքները: Բաքուն փորձում է դիվերսիֆիկացնել գազի արտահանման ուղիները եւ Իրան են արտահանում նաեւ նավթ ու նավթամթերք:

“Նավթ՝ տարածքների դիմաց” ռազմավարությունը այսպիսով կարծես էլ չի գործում: Չնայած Բաքվին բազմիցս զգուշացրել էին, որ Լեռնային Ղարաբաղը ոչ ոք չի հանձնի նավթի դիմաց: Բայց Ադրբեջանը հուսախաբված է, Արեւմուտքի դիրքորոշումը այլեւս գործնական չի թվում ադրբեջանցիներին, ուստի, նրանք նոր խաղ են սկսել Ռուսաստանի ու Իրանի հետ: Այստեղից էլ՝ Արեւմուտքի, հատկապես ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի արագ հակաքայլերն են, որոնք ընթանում են հայկական կողմի հետ բարիդրացիական մոտեցումների ցուցադրությամբ, ինչը նկատվեց նաեւ վերջերս Լոնդոնում՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցի ժամանակ: Իսկ իսրայելա-ամերիկյան լոբբին ուժեղացրել է ճնշումը ինչպես թուրքական, այնպես էլ ադրբեջանական կողմերի վրա եւ վերստին արծարծում է Հայոց ցեղասպանության ճանաչման թեման…

Եթե թուրքական կողմը լուրջ խնդիրներ ունի լուծելու հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված, ապա ադրբեջանական կողմը խնդիրների առաջ է կանգնել արցախյան հարցում: Ուստի, հայկական կողմը կարող է լուրջ եւ ազդեցիկ խաղացող դառնալ տարածաշրջանում, եթե ճիշտ հաշվարկի քայլերն ու իրավիճակի հնարավոր փոփոխությունը:

Անկարան չի ցանկանում հայ-թուրքական հարաբերություններն առանց ադրբեջանամետ (կամ համաթուրանամետ) նախապայմանների շարունակել, իսկ Բաքվում ասում են, թե Ադրբեջանը թուրքական պետություն է եւ նրա ռազմավարական նշանակության բնագավառները ղեկավարող մարդկանց արյունը պետք է լինի ազգի արյունից, ի լրումն պաշտոնական պարտավորությունների՝ նրանց սիրտն էլ պետք է ցավի ազգի համար:

Այսպես՝ էթնոմաֆիաները հզոր շարժում են սկսել ե՛ւ Թուրքիայում ե՛ւ Ադրբեջանում: Չնայած կողմերն այնպես են անում, որ իբր պետք չէ Հայաստանի ու Թուրքիայի մերձեցման գործընթացը կապել Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հավանական ռազմական գործողությունների վերսկսման հետ: Եվ Արեւմուտքի ու Ռուսաստանի ներկա մոտեցումներին թուրք-ադրբեջանցիները փորձում են հնարավորինս մեղմ հակադրվել, բայց համաթրքական ժանիքն ի ցույց դնել:

Կարծում ենք` այժմ հայկական դիվանագիտությունը լուրջ եւ վճռական քայլեր պետք է անի, քանի դեռ թուրքական ցեղախմբերը չեն կարգավորել հարաբերությունները Բրյուսելի, Վաշինգտոնի եւ Մոսկվայի հետ:

Եվ իզուր չէ, որ զլմ-ները գրում են Արցախի կողմից Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախության հնարավոր ճանաչման մասին, ինչը վստահաբար փոխադարձ կլինի եւ տարածաշրջանում նոր իրավիճակ կստեղծի: Հայաստան, Վրաստան եւ Ադրբեջան եռյակի հետ կարող են տարածաշրջանային ակտիվ խաղացողներ դառնալ Արցախը, Աբխազիան եւ Հարավային Օսիան:

Հայկ Թորգոմյան

“Լուսանցք” թիվ 137, փետրվար 19-25 2010թ.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: