Հայոց ցեղասպանությունը` առանցքային հարց հայ-թուրքական կոչված արձանագրություններում

by


Թուրքիայի եւ Իսրայելի շահերը…
Թուրքական թերթերը նշել են, որ թեեւ Թուրքիայի ու Իսրայելի հարաբերությունները վերջին շրջանում աննախադեպ լարվածության են հասել, այնուամենայնիվ, երկու երկրների արտգործնախարարությունների միջեւ օրերս առաջին անգամ խորհրդակցություններ են տեղի ունեցել կովկասյան եւ ռուսական թեմաներով:
Իսրայելի ԱԳՆ Եվրասիայի հարցերով խորհրդականի օգնական, Թուրքիայում Իսրայելի նախկին դեսպան Փինհաս Ավիվին, անդրադառնալով այդ խորհրդակցություններին, Հայոց ցեղասպանության վերաբերյալ մասնավորապես ասել է. “Մեր պաշտոնական դիրքորոշումը չի փոխվել: Դա մի հարց է, որը պետք է լուծվի միայն Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ”:

…Իսրայելի եւ ԱՄՆ-ի շահերը
ԱՄՆ-ի Կոնգրեսի ազդեցիկ անդամներից մեկը՝ ծագումով հրեա սենատոր Ժոզեֆ Լիբերմանը, Ամերիկայի հայկական համագումարին հղած իր նամակում մեծապես կարեւորել է Հայոց ցեղասպանության ճանաչումն ԱՄՆ-ի կողմից՝ ընդգծելով, որ դա ոչ միայն երկրի արտաքին քաղաքականության առանցքային հարց է, այլեւ ներազգային բարոյականության տեսանկյունից էական խնդիր է:
Ժ. Լիբերմանն ընդգծել է, որ նախորդ դարասկզբին Օսմանյան թուրքերի կողմից շուրջ 1,5 միլիոն հայերի բնաջնջումը անհրաժեշտ է դիտել իբրեւ մարդկության դեմ գործած մեծագույն ոճիր` ցեղասպանություն:
Իսկ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում մարտի 4-ին քվեարկության է դրվելու Հայոց ցեղասպանության ճանաչման N252 բանաձեւը: Հայոց ցեղասպանությունը ճանաչել եւ դատապարտել են Ուրուգվայը, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Բելգիան, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Կանադան, Վատիկանը, Ավստրալիան, ԱՄՆ-ի 44 նահանգները եւ միջազգային մի շարք հեղինակավոր կառույցներ:
Եվ ահա, ԱՄՆ-ի Ներկայացուցիչների տան Արտաքին Հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանը որոշել է մարտի 4-ին քվեարկության դնել Հայերի Ցեղասպանությունը դատապարտող 252-րդ բանաձեւը:
Ցեղասպանության բանաձեւի համահեղինակներ են Ադամ Շիֆը, Ֆրանկ Փալոնը, Բրեդ Շերմանը եւ այլք:
Այսպիսով, Վաշինգտոնը քայլ է կատարում՝ Թուրքիային հասկացնելով, որ “ԱՄՆ-ն մասնակից չի լինի Հայոց ցեղասպանության իրողությունը հերքելու նրանց բարոյազուրկ քաղաքականությանը”. կարծում են ԱՄՆ-ի Հայ դատի գրասենյակում:
Առաջիկայում նաեւ հայերն աշխատելու են ամերիկյան երկու հայտնի կուսակցությունների ներկայացուցիչների հետ, բանաձեւը հաջողությամբ հասցնելու ոչ միայն Արտաքին Հարաբերությունների հանձնախումբ, այլեւ մինչեւ ներկայացուցիչների տան լիագումար նիստ”:

Շվեյցարիան էլի տուգանել է…
Թուրքական զլմ-ները հայտնում են, որ 3 տարի առաջ քեմալիզմի քարոզչությամբ զբաղվող միությունների կազմակերպած ժողովի ժամանակ “Հայոց ցեղասպանության մասին պնդումները սուտ են” հայտարարությամբ հանդես եկած երեք թուրքեր քրեական պատասխանատվության են ենթարկվել: Վերջին դատն ավարտվել է օրերս: Դատարանի որոշմամբ՝ Բեռնի եւ Ցյուրիխի թուրքական քեմալիստական միությունների նախագահներ Էթհեմ Քայալը եւ Հասան Քեմալը դատապարտվել են 4-ական, իսկ “Աշխատավորական կուսակցության” ներկայացուցիչ Ալի Մերջանը՝ 6 ամսվա ազատազրկման:
Սակայն, այդ պատժատեսակը փոխարինվել է դրամական տուգանքի՝ մեղադրյալները ընդհանուր առմամբ պարտավորվել են վճարել 12.600 շվեյցարական ֆրանկ:
Դատավոր Քրիստոֆ Սփիեսը նախազգուշացրել է, որ հանցանքի կրկնման դեպքում ներկայիս մեղադրյալները կդատապարտվեն արդեն 3 տարվա ազատազրկման: Հայոց ցեղասպանության իրողությունը ժխտելու համար պատասխանատվության ենթարկված այդ թուրքերը դժգոհել են, որ թուրքական պետությունն իրենց անպաշտպան ու միայնակ է թողել շվեյցարական դատարանի առջեւ:
Մասնավորապես Էթհեմ Քայալը դատի ավարտից հետո նշել է, թե դառնացած են միայն այն բանից, որ Թուրքիան հիմա իրենց կողքին չէ:
Բելգիայում ու Շվեյցարիայում Հայոց ցեղասպանության ժխտումը համարվում է քրեորեն պատժելի արարք՝ 45 հազար եվրո տուգանքից մինչեւ 1 տարվա ազատազրկում պատժաչափով:
Վերոնշյալ դատը բողոքարկվել էր թուրքերի կողմից, սակայն, շվեյցարական վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել ցեղասպանությունը ժխտող թուրքերին դատապարտելու վճիռը…

…Արձագանքել են Թուրքիայում
Ցեղասպանությունը ժխտելու համար Շվեյցարիայում դատապարտված թուրքերի հարցը հայտնվել է Թուրքիայի մեջլիսի օրակարգում:
Թուրք խորհրդարանականները բողոքում են, որ Հայոց ցեղասպանությունը հերքելու համար Շվեյացարիայում քրեորեն հետապնդվել են “Աշխատավորական կուսակցության” անդամ Ալի Մերջանը, Ցյուրիխի եւ Բեռնի քեմալիստական միությունների նախագահներ Էթհեմ Քայալը ու Հասան Քեմալը:
Խորհրդարանականները Թուրքիայի վարչապետից ցանկացել են պարզաբանում ստանալ, թե արդյոք թուրքական պետությունը փորձելու է տեր կանգնել շվեյցարական դատարանում դատապարտվող իր քաղաքացիներին, հանդես գալո՞ւ է որեւէ պաշտոնական նախաձեռնությամբ:
Ըստ երեւույթին բողոքողները նեղվել են, որ դատապարտվածներից Էթհեմ Քայալը դատի ավարտից հետո ասել էր. “Մենք դառնացած ենք միայն այն բանից, որ Թուրքիան հիմա մեր կողքին չէ”:

…Իսկ Երեւանը զարմացնում է
Վերաքննիչ դատարանում տեղի է ունենալու Հայոց ցեղասպանության եղելությունը վիճարկող հրապարակման հերքումը պարտավորեցնելու, ցեղասպանություն բառի չակերտավոր կիրառումն արգելելու եւ բարոյական վնասը հատուցելու պահանջի մասին “Արարատ” ռազմավարագիտական կենտրոնի Վերաքննիչ բողոքի քննությունը:
Այս ռազմավարագիտական կենտրոնը հայցադիմում էր ներկայացրել Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով “Կովկասի ինստիտուտ”-ին պարտավորեցնել հերքել Հայոց ցեղասպանության եղելությունը վիճարկող հրապարակումը, արգելել ցեղասպանության բառի չակերտավոր կիրառումը եւ վնասի փոխհատուցում պահանջել:
Սակայն այս դատարանում նախորդ տարվա դեկտեմբերի 4-ին քաղաքացիական գործի վարույթը կարճվել էր:
Իսկ Վերաքննիչ դատարանը համարում է, որ Վերաքննիչ բողոքը ենթակա է վարույթ ընդունման, քանի որ այն համապատասխանում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի պահանջներին, ու բացակայում են նույն օրենսգրքի 213-րդ հոդվածով նախատեսված Վերաքննիչ բողոքը վերադարձնելու հիմքերը:
Պատասխանող կողմը “Կովկասի ինստիտուտ” հիմնադրամն է, որը 2008թ. Երեւանում հրատարակել է “Կովկասյան հարեւանություն. Թուրքիան եւ Հարավային Կովկասը” վերնագրով գիրքը, որի խմբագիրը ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն է:
Մենք, ի վերջո, պետք է հաշիվ տա՞նք մեզ եւ մեր ժառանգներին, թե ինչպես ենք պաշտպանել հայոց պատմության ամենամռայլ դրվագներից մեկի դատը: Ավելին` պե՞տք է մեր նախնիների հոգիներին հաշվետու լինենք այս հարցում, թե՞ … միայն այլոց ենք հաշվետու:

Հայկ Թորգոմյան

* * *

Ցեղասպանության հարցը կշահարկվի՞
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի նստավայրում՝ Չանքայայում, գումարվել է Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի նիստ, որն ընթացել է Ա. Գյուլի նախագահությամբ: Նիստում քննարկվել է Հայաստանի հարցը: Մասնակցել են վարչապետ Թայիփ Էրդողանը, Գլխավոր շտաբի պետ Իլքեր Բաշբուղը եւ խորհրդի անդամ այլ նախարարներ ու բարձրաստիճան զինվորականներ:
Քննարկումների օրակարգում ընդգրկվել են նաեւ երկրի ներքին ու արտաքին քաղաքականությանն առնչվող հարցեր: Անվտանգության խորհրդի նիստում, Հայաստանի հարցին զուգահեռ, քննարկվել են նաեւ ՔԲԿ-ի (Քրդական բանվորական կուսակցություն) դեմ պայքարի, Իրաքի, Կիպրոսի եւ Հունաստանի հետ կապված հարցեր:
Այս քննարկումների որոշմամբ է, որ ԱՄՆ-ում Թուրքիայի նորանշանակ դեսպան Նամըք Թանը ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային իր հավատարմագրերը հանձնեց փետրվարի 24-ին:
Թուրք դեսպանը ծրագրել է հանդիպել եւ կոնգրեսականների եւ հրեական լոբբիի ազդեցիկ անդամների հետ Հայոց ցեղասպանության բանաձեւի՝ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում մարտի 4-ին նախանշված քվեարկությունը կանխելու համար:
Հայոց ցեղասպանության բանաձեւի ընթացքը դադարեցնելու համար Վաշինգտոնը Անկարայից պահանջում է սկսել թուրքական մեջլիս ուղարկված արձանագրությունների վավերացման գործընթացը: Մի՞ թե նորից շահարկվելու է ցեղասպանության հարցը, այսինքն՝ խնդիրը դրվում է այսպես՝ կա՛մ արձանագրությունները կա՛մ ցեղասպանության բանաձեւը:

Նարե Մշեցյան

“Լուսանցք” թիվ 138, փետրվարի 19- մարտի 4 2010թ.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: