Շամիրամի բարդույթ կամ իգական հաննիբալիզմ

by

Պատմական զուգահեռներ, որ էպոսներից մեր օրերն են հասնում

Կենսաբանական միեւնույն տեսակի առանձնյակների՝ միմյանց խժռելու, ոչնչացնելու երեւույթն ընդունված է անվանել հաննիբալիզմ: Դա դիտվում է թե ցածրակարգ եւ թե բարձրակարգ կենդանիների` սարդերի, շնաձկների, գայլերի մոտ: Ինչպեսեւ` մարդկանց շրջանում: Հաննիբալիզմի յուրաքանչյուր դրսեւորում ունի իրեն հատուկ դրդապատճառային համակարգը, որի հենքը բնազդային գործոններն են: Հաննիբալիզմի դրսեւորումները կարելի է դասակարգել ըստ սեռային, տեսակային, մարդկանց մոտ նաեւ անձնային, կրոնական, կենցաղային, ռազմաքաղաքական եւ այլ հատկանիշների: Ընդհանուր գծերով արական ագրեսիվությունը վարքի բնական առողջ մակարդակում չի վերածվում էգի դեմ ուղղված հաննիբալիզմի: Արական ագրեսիվությունն ունի ներսեռային ուղղվածություն՝ պայմանավորված բազմացման հետ առնչվող մրցակցությամբ, ասենք, առյուծների խմբում ավելի կենսունակները ոչնչացնում կամ խմբից հեռացնում են թույլ մրցակիցներին` էգերի մոտ բազմացման բնազդն ակտիվացնելու համար: Պայմանավորված տեսակի գենդերային զարգացմամբ՝ առանձնակի հետաքրքրություն է իգական ագրեսիայի եւ հաննիբալիզմի ուսումնասիրումը:
Տրիբոլիում բզեզների պոպուլիացիայի վրա կատարված գիտափորձերը ցույց են տվել, որ, սննդաքանակի փոքր պաշարով պայմանավորված, էգերը սկսում են խժռել ոչ միայն իրենց ձվերը, այլեւ սպանում են թրթուրների որոշակի քանակություն: Էգը թողնում է այնքան ձու կամ թրթուր, որոնց համար կբավականացնի սննդի առկա պաշարը: Դրանով էգ օրգանիզմը սերնդի մի մասի համար իրական հնարավորություն է ստեղծում վերածվելու առողջ եւ հասուն բզեզների:
Վ. Ի. Լունկեւիչը նկարագրում է հացաբզեզների՝ արուների մեռնելը էգերին բեղմնավորելուց հետո: Այս երեւույթը հատուկ է նաեւ շատ ձկնատեսակների, որոնք ձկնկինթ դնելուց հետո մեռնում են եւ ամբողջ կենսատարածքը թողնում աճող սերնդին: Որոշ տեսակի միջատների (սարդեր, աղոթարարներ) էգերը բեղմնավորումից հետո խժռում են արուներին: Նման ձեւով էգը լուծում է`
ա. բազմացնան նոր փուլ մտած իր օրգանիզմի համար սննդի հարցը,
բ. տվյալ կենսատարածքում նույն որձի կողմից իրեն մրցակից այլ էգի չբեղմնավորելու հարցը,
գ. ծնվելիք ձագերին ներտեսակային մրցակցությունից առավելագույն պաշտպանության հարցը:
Թռչունների էգերը, հանդես բերելով ընտրողականություն, սպանում են հիվանդ ճտերին: Նույն կերպ են վարվում էգ խոզերը թույլ, հիվանդ ձագերի հետ: Էգ գայլը սովի դեպքում ուտում է առավել թույլ ձագերին, որպեսզի ուժեղներին կաթ տա, իսկ վտանգի դեպքում, առաջին հերթին, փրկում է առավել ուժեղ ձագին: Հնդկական կոբրան, որ սնվում է օձերով, շուրջ 60 օր հերթապահում է իր ձվերի մոտ, սակայն ձագերի ծնվելուց անմիջապես առաջ հեռանում է, որպեսզի չուտի նրանց:
Ըստ Վին-Էդվարդսի տեսության, կենդանական յուրաքանչյուր տեսակ ձգտում է վերարտադրել իրեն այնպիսի քանակությամբ, որպեսզի լրիվ զբաղեցնի իր բնակատեղին առանց գերբնակեցման: Համաձայնելով այս տեսությանը՝ նկատենք միայն, որ վերարտադրման մեխանիզմում, գործընթացում, եթե արուները կենսատարածքին տիրանալու, էգին բեղմնավորելու համար մեկը մյուսին անմիջականորեն վնասում են կամ խժռում, ապա էգերի մոտ, որպես օրինաչափություն, բացակայում է անմիջական ներսեռային պայքարը:
Սոցիալական կազմակերպվածության հոմեոստատիկ տեսությունը բացատրում է պոպուլիացիայի պահպանման մեխանիզմը, ըստ որի՝ կենդանիների սոցիալական կյանքի բոլոր ձեւերն առաջ են եկել որպես միջոցներ իրենց տեսակի տեղաբաշխման խնդիրը լուծելու համար: Ցածրակարգ կենդանիների մոտ դրանք վարքի բնազդային, ինքնաբերաբար եւ անգիտակցաբար գործող մեխանիզմներ են:
Բնական է ենթադրել, որ մարդու, որպես կենսաբանական տեսակի, վարքում որոշակի իրավիճակներում դրսեւորվում են բնազդային հիմքով պայմանավորված ֆիզիկական եւ հոգեկան ագրեսիայի դեպքեր: Ըստ հոգեբան Ա. Նալչաջյանի, “մարդկային հասարակության մեջ եւս բնակչության աճի ու տեղաբաշխման խնդիրներն առաջ են գալիս եւ լուծվում են մի շարք կենսաբանական ու մշակութային, կամածին եւ ոչ կամածին մեխանիզմների օգնությամբ”: Մարդկային ագրեսիվ վարքագիծը՝ պայմանավորված բազմացման գործոններով, մարդիկ նկարագրել ու քննարկել են անհիշելի ժամանակներում: Այդպիսով նման իրադարձությունները, երեւույթները մտել են առասպելներ, հեքիաթներ, պատմվածքներ, դրամաներ եւ արտահայտվել մշակութային այլ դրսեւորումներում:
Կին-երեխա-տղամարդ հարաբերությունները Հին աշխարհում արտացոլվել են Միջագետքում (Սենաար, Աքքադ, Ասորիք), Արարատում, Հին Եգիպտոսում, Հելլադայում:
Որպես խնդրո առարկա կամ նախապատմություն, պահպանված ստեղծագործություններից կերպարների գունեղությամբ առանձանանում է հատկապես Ասորեստանի թագուհի Շամիրամի անվան հետ կապված առասպելը: Պետք է նշել, որ տվյալ կերպարը հավաքական է եւ սերտորեն առնչվում է սենաարցիների (շումերներ) եւ արարատցիների առասպելներին ու պատմական դեպքերին:
Ըստ “Գիլգամեշ” էպոսի, Իշտար աստվածուհին սիրահարվում է իր ազգական Դումուզ (Թումուզ) գեղեցկատես երիտասարդին ու ամուսնանում նրա հետ: Հետո դավաճանում է Դումուզին եւ նրան ուղարկում հանդերձյալ աշխարհ՝ իր քույր-աստվածուհու մոտ: Հետագայում նա սկսում է սիրահետել Ուրուկ (Արեկ) քաղաքի թագավոր, մարդաստված Գիլգամեշին: Իր սերը մերժած Գիլգամեշին Իշտարը փորձում է սպանել տալ Էնկիդու անտառամարդու միջոցով: Մահափորձը չի ստացվում: Էնկիդուն ու Գիլգամեշը սկզբում կռվում են, բայց հետո տուրք տալով բանկանությանը՝ եղբայրանում են: Իշտարն այս անգամ որոշում է սպանել երկուսին էլ: Այդ նպատակով հոր օգնությամբ Երկիր է ուղարկում Երկնային ցուլին: Եղբայրները սպանում են ցուլին, սակայն ծանր վիրավորված էնկիդուն զոհվում է: Գիլգամեշը որոշում է ոչ թե վրեժխնդիր լինել Իշտարից, այլ հաղորդակցվել նախնիների իմաստությանն ու Ուտնափիշտիմից իմանալ անմահության գաղտնիքը:
Հետագայում Նինվեում Իշտարը նույնացվեց գեղեցկուհի Շամիրամի հետ: Շամիրամն ամուսնանում է Նինվեի արքա Նինոսի հետ եւ որդի է ունենում: Նրան կոչում է Նինուաս: Շամիրամը սպանում է ամուսնուն ու տիրանում գահին: Որդին հեռանում է տանից, Շամիրամը սիրո եւ ամուսնության առաջարկ է անում Հայոց Արա Գեղեցիկ արքային: Արան, պաշտպանելով իր երկիրը բաբելոնյան բարքերից, Շամիրամին հայտնում է, որ ինքը չի դավաճանի կնոջն ու մերժում է առաջարկը: Մերժված Շամիրամը որոշում է բռնությամբ տիրանալ Արային եւ արշավում է Հայաստան: Նախնիների բարքերն ու իր ընտանիքը պաշտպանող Արա Գեղեցիկը ճակատամարտում զոհվում է: Շամիրամը փորձում է կենդանացնել Արա Գեղեցիկի դիակը, որպեսզի բավարարի իր մարմնական ցանկությունը: Հետո սկսում է հուռութքներով դյութել հայ տղաներին: Նինվեում ապստամբում է ու գահին տիրանում Նինուասը: Հարազատ որդուց հալածվող Շամիրամը վերածվում է աղավնու, համբարձվում երկինք ու դառնում աստվածուհի:
Այս առասպելում կնոջ կողմից տղամարդու ոչնչացմանն ուղղված ցանկությունն ու դրա իրականացման փորձն է:
Հիմք ընդունելով “Շամիրամ” գրական կերպարի հնությունը, խորությունն ու գունեղությունը՝ նպատակահարմար ենք գտնում բազմացման գործոններով պայմանավորված, կնոջ կողմից իր տեսակի մյուս ներկայացուցիչների ոչնչացմանն ուղղված հոգեվիճակն անվանել “Շամիրամի բարդույթ”: Հիշատակված օրինակներում իգական ագրեսիան ուղղված է ամուսնու, իր սերը մերժած տղամարդու եւ ամուսնու իրավահաջորդ որդու դեմ: Իգական ագրեսիան արտացոլված է նաեւ հելլենական առասպելներում: Հերակլեսի կինը՝ Դեյանիրան, անհանգստանալով, որ ամուսինը կամուսնանա ուրիշ կնոջ՝ Իոլեի հետ, ամուսնուն է ուղարկում իր ձեռքով հյուսած մի թիկնոց: Թիկնոցին քսում է Նեսոս կենտավրոսի արյունը՝ հուսալով, որ այդպես կվերադարձնի ամուսնու սերը: Դեյանիրան չգիտեր, որ այդ արյունը վարակված է Լերնեյան հիդրայի թույնով:
Հերակլեսն իր վրա գցելով թիկնոցը՝ թունավորվում է: Աստվածները մահամերձ հերոսին տանում են երկինք, անմահություն են պարգեւում եւ ամուսնացնում: Անսահման է լինում Հերակլեսի որդու՝ Հելիոսի զայրույթն ու վիրավորանքը՝ ուղղված մորը: Նա ասում է.
— Օ՜, ինչպես կուզենայի երեքից մեկը գոնե տեսնել. կամ դու կենդանի չլինեիր, կամ ուրիշը քեզ մայր կոչեր եւ ոչ թե ես, կամ ավելի խելամիտ լինեիր, քան ես: Իմացիր, ուրեմն, դո՛ւ եղար ամուսնուդ՝ իմ հոր մահվան պատճառը:
Դե, իսկ “Ոդիսականում” կախարդուհին տղամարդկանց վերածում է խոզերի` նրանցով սնվելու համար: Աստվածաշնչում նույնպես կան խնդրո առարկա պատկերներ: Օրինակ, Ռաքելը՝ Հովսեփի եւ Հակոբի մայրը, նախընտրում է խելացի Հակոբին որսորդ Հովսեփից: Օգնում է Հակոբին խաբել հորը եւ արժանանալ հայրական օրհնանքին: Հակադրվելով ամուսնուն՝ մայրն օգնում է ինտելեկտուալ զավակին՝ ամրացնել սոցիալական դիրքերը:
Հերովդեան ուզում էր ամուսնանալ մահացած ամուսնու եղբոր հետ: Եվ իր ամուսնությանը խանգարել փորձող բարոյագետ Հովհաննես Մկրտիչի ոչնչացմանն են ուղղված Հերովդիայի ջանքերը (Մարկոս, գլ. 6): “Եվ Հերովդիան նրա դեմ ոխ էր պահում եւ ուզում էր սպանել նրան եւ չէր կարողանում: Որովհետեւ Հերովդեսը Հովհաննեից վախենում էր նրան արդար ու սուրբ մարդ ճանաչելով”: Սակայն, այնուամենայնիվ, դստեր` Սաղոմեի օգնությամբ Հերովդիան ստանում է Հովհաննես Մկրտիչի գլուխը:
“Հազար ու մեկ գիշեր” հեքիաթաշարի հերոսուհիներից մեկն ամորձատում է իրեն լքած տղամարդուն: Մեկ այլ հերոսուհի իր ամուսնուն կիսով չափ քարի է վերածում, քանի որ սա մահացու վիրավորել էր կնոջ հոմանուն: Իգական ագրեսիայի ուշագրավ դրվագ կա նաեւ Ֆիրդուսու “Շահնամե” էպոսում: Իրանի շահի՝ Քեհ Քաուսի երկրորդ կինը սկսում է սիրահետել Սիավուշին՝ Քեհ Քաուսի որդուն: Սիավուշը մերժում է վավաշոտ թագուհու սերը: Թագուհին Սիավուշին ոչնչացնելու համար նրան զրպարտում է արքայի մոտ: Զրպարտված որդին պետք է անցներ կրակի միջով, այսինքն՝ ենթարկվեր մահացու փորձաքննության: Սիավուշն անցնում է կրակի միջով ֆիզիկապես անվնաս, բայց հոգեպես վիրավորված՝ հեռանում է հայրական տնից: Իգական ագրեսիայի դրվագներ կան նաեւ հայոց “Սասունցի Դավիթ” էպոսի համահավաք բնագրերում եւ մշակումներում: Բախումները հիմնականում հետեւյալ կերպարների միջեւ են` ա. տարբեր ցեղամայրեր՝ Արմաղան եւ Իսմիլ Խաթուն, բ. Սասունցի Դավիթ եւ նրա հորեղբոր կին Սառյե, գ. Սասունցի Դավիթ եւ Արտատեր Պառավ, դ. Սասունցի Դավիթ եւ Չմշկիկ Սուլթան, ե. Սասունցի Դավիթ եւ Խանդութ Խանում, զ. Սասունցի Դավիթ եւ իր Դուստրը՝ Չմշկիկ Սուլթանից, է. Փոքր Մհեր եւ մոլորված հարս (ջուր փնտրող):
Արմաղանի եւ նրա հակառակորդ Իսմիլ Խաթունի միջեւ պայքարը ծպտված է: Վերջինս որդի ունենալու համար Մեծ Մհերին հարբեցնելով՝ պահում է իր տանը: Մհերը սթափվում է այն ժամանակ, երբ պատահաբար լսում է, թե ինչպես է Իսմիլն իրենց որդուն՝ կրտսեր Մսրա Մելիքին խրատում՝ քանդել հայի տունը: Մեծ Մհերը, թողնելով որդուն եւ օտար ցեղի կնոջը, վերադառնում է պապենական տուն: Որդի ունենալուց հետո մահանում են ինքն ու կինը: Նրա որդին՝ Մանուկ Դավիթը, անցնում է հորեղբոր՝ Ձենով Օհանի խնամքի տակ: Պատանի Դավթին սիրահետում է հորեղբոր կինը՝ Սառյեն: Դավթին առաջարկում է իր գլխին ջուր լցնել՝ հուսալով, որ Դավիթը կտեսնի իր մարմինն ու իրեն կցանկանա: Բայց տեսնելով, որ Դավիթն աչքերը փակած է ջուր լցնում ու իրեն չի նայում՝ արյունոտում է դեմքն ու զրպարտում Դավթին սեռական նկրտումների համար: Դավթի առաջ փակվում է հայրական տան դուռը: Դավիթը, հորեղբորն ասելով, որ նա իր լիրբ կնոջից խաբված է, հեռանում է քաղաքից: Ավելորդ չէ նշել, որ ցեղի կացարանից հեռացվելն անհատի համար հավասար էր ոչնչացման: Հետաքրքիր իրողություն է այն, որ էպոսում բեղունության արական խորհրդանիշ Ջրհոս Վերգոն եւս ապաստան չի տալիս եղբորորդուն: Դավիթը գնում ու ապաստանում է Արտատեր Պառավի մոտ:
Սասունցի Դավիթը նշանվում է Չմշկիկ Սուլթանի հետ, սակայն արձագանքում է Խանդութ Խանումի սիրո հրավերին: Սկզբում նա մենամարտում է զինվորի շոր հագած Խանդութի հետ: Երբ Դավիթը գետնում է նրան ու պատրաստվում սպանել, Խանդութը բացում է կուրծքը եւ խնդրում խնայել իր կյանքը: Դավիթը թուրն իջեցնում է ու ամուսնանում նրա հետ: Տարիներ անց, Դավիթը սպանվում է իր այն աղջկա ձեռքով, որ ծնել էր իր կողմից լքված Չմշկիկ Սուլթանը: Այն բանից հետո, երբ Փոքր Մհերը փակվում է Ագռավաքարում, Համբարձման գիշերը նրա քարայրն է մտնում մի մոլորված հարս, որ տանից դուրս էր եկել ջուր կամ լույս գտնելու: Փոքր Մհերը նրա հետեւից դուրս չի գալիս իր ապաստանից՝ սպասելով մարդկային մտավոր ու բարոյական առաջընթացին:
Սասնա տան տղամարդիկ կարող են ջարդել բանակներ, զոհվել կնոջ ձեռքով, բայց զենք չեն ուղղում նույնիսկ հակառակորդ երկրի կանանց դեմ՝ Իսմիլ Խաթուն, Չմշկիկ Սուլթան, Մսրա Մելիքի քույր:

Այլազգիների հետ կապերը մեզ համար աղետ են դառնում

Կնոջ կողմից ամուսնուն սպանելու վերաբերյալ տեղեկություններ է հաղորդում Ալեքսանդր Մակեդոնացու կենսագիրներից Ռուֆուսը: “8. (Կնոջ) կեղծ հնազանդությունից խաբված Սպիտամենը հրամայում է օրը ցերեկով խնջույք սկսել. նրան, գինուց ու կերակրից ծանրացած, քունն աչքերին տանում են ննջասենյակ: Կինը համոզվելով, որ նա խոր քնած է, մերկացնում է հագուստի տակ պահված սուրը եւ գլխատում ամուսնուն: Մյուս կողմից (Մակեդոնացու) մոտ զազրանք է առաջացնում այն, որ կինը նենգորեն սպանել էր մի մարդու, ով այդքան սիրել է իրեն, իր զավակների հորը: 15. Այդ ոճրագործության առաջացրած նողկանքն ավելի ուժեղ գտնվեց, քան շնորհակալության զգացումը եւ արքան հրամայեց ասել նրան (Սպիտամենի կնոջը), որ նա հեռանա ճամբարից…”:
Կնոջ ագրեսիայի վերաբերյալ շատ գունեղ գործ է ստեղծել Հովհաննես Թումանյանը՝ հանձին “Թմբկաբերդի առումը” պոեմի: Մեր քննարկվող թեմայի հետ է առնչվում Հովհ. Թումանյանի հետեւյալ գրառումը. “Երբ մարդը (ամուսինը) հաղթվել է՝ միշտ կինը հաղորդակից է եղել թշնամուն”:
Այս առումով հետաքրքիր գործ է ստեղծել Վերածննդի շրջանի գրականության սկզբնավորողներից Մատթեո Բանդելլոն: Նրա “Կոմսուհի դի Չելլան” նովելում հերոսուհին որոշում է սպանել իր սերը մերժած տղամարդուն: Նպատակին հասնելու համար սիրային կապ է ստեղծում ուրիշ տղամարդու հետ: Եվ այս մեկին դրդում է սպանել առաջինին:
Ըստ Շեքսպիրի, առողջ, բանական կինն ընդունակ չէ մահափորձի, դրա համար նրա էությունը պետք է փոխվի: Լեդի Մակբեթն իր ազգական Դունկան թագավորին սպանելուց առաջ օգնության է կանչում չար ոգիներին. “Եկեք, ոգիներ,/ Դուք, որ մահադավ մտածումներին սպասարկում եք,/ Անսեռեցեք ինձ. լցրեք ինձ այստեղ գանգից գարշապար, Ամենավայրագ անողորմությամբ: Թանձրացրեք արյունս:/ Եկեք, կանացի իմ ստինքներիս,/ Եվ փոխարկեցեք իմ կաթը մաղձի,/ Ով սպանության Դուք պաշտոնյաներ”:
“Սասունցի Դավիթ”-ում, երբ հակառակորդ երկրի կանայք՝ Իսմիլն ու նրա դուստրը, վկայակոչում են իրենց կանացի այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք են մայրությունն ու քույրությունը, ապա կարողանում են ազդել հայ տղամարդու վրա, որպեսզի նա իջեցնի իր զենքը: Բայց բավական է, որ կինը զենք վերցնի ու նենգորեն նետահարի տղամարդու թիկունքը, Սասունցի Դավթի գոռոցն իսկ մահաբեր Է դառնում նման կնոջ համար, նույնիսկ եթե դա հարազատ աղջիկն է:
Հայ իրականությունում սեռային հողի վրա զարգացող ընտանեկան կոնֆլիկտներին արձագանքել են նաեւ Շիրազը (“Մոր սիրտը”), Զորյանը (“Խնձորենու այգին”), գեղանկարիչ Վարդգես Սուրենյանը… Ի դեպ, ըստ հոգեբան Ի. Ստեփանյանի, իգական ագրեսիայի ցայտուն օրինակ են գրեթե բոլոր հեքիաթներում առկա չար վհուկներն ու ջադու պառավները:
Թերթելով հազարամյակների էջերը, քննելով համաշխարհային դասականների գործերը՝ առանց դժվարության կարելի է նկատել, որ քննարկվող երեւույթը արվեստի գործերի մեջ մուտք է գործել մարդկային սովորական կենցաղից: Կենցաղային փոխհարաբերություններում գրեթե ամեն օր մարդիկ առնչվում են այս երեւույթին: Մարդիկ սիրում են, ատում, պաշտում, հիասթափվում, դյութում-դյութվում, պարզապես առօրյա կենցաղային խնդիրները լուծելիս առանձնակի վերլուծության չեն ենթարկում իրենց նախանձը, խանդը, մրցակցությունը, քանի դեռ այն ձեռք չի բերել ծանր ողբերգական գծեր: Ուշագրավ են հարս ու սկեսուր, հարս եւ տալ, տեգոր կանայք, զոքանչ-փեսա հարաբերությունները: Երբ ամուսնանում է տղամարդը, նրա մայրն ու կինը սովորաբար սկզբում շատ հպարտ ու երջանիկ են: Սակայն դա երկար չի տեւում, երբ` ա. սկեսուրը հարսի ու թոռների մեջ չի տեսնում իր եւ որդու կենսաբանական ու սոցիալական շարունակությունը: Հարսին սկսում է դիտարկել որպես իր շատ վատ մրցակից, ձգտում է նրան երկրորդական պլան մղել ներընտանեկան կյանքում կամ էլ իրենց տանից հեռացնել, որ նախկինում միայն իր կենսատարածքն էր, բ. հարսը սկեսուրի մեջ չի տեսնում իր սոցիալական հիմքը եւ դադարում է սկեսուրին ընդունել որպես իր զավակների եւ ամուսնու կենսաբանական ակունք: Նա հիանում է իր երեխաներով ու երկրորդական պլան է փորձում մղել սկեսուրին, երբեմն եւ՝ ամուսնուն:
Խախտվում է ընտանիքի սովորութային հիերարխիան, որը հավասարակշռված էր պահում երեխաների բնականոն զարգացման գործընթացը:
Փեսա-զոքանչ հարաբերություններում կնոջ մայրը, ձգտելով իր աղջկան ավելի ապահով ու պաշտպանված տեսնել, փորձում է գերազանցության հասնել ոչ միայն փեսայի, այլեւ նրա ամբողջ ընտանիքի նկատմամբ: Կենցաղում կանայք իրենց ամուսնուն անիծում են, “թաղում-հանում” են, “հողում են գլուխը” կամ էլ չարությունն ուղղորդում երեխաների դեմ: Հայտարարում, որ իր լակոտը “այլանդակ” հորն է քաշել, երազում են “թաղել արեւը”, “պատանքը կարել”, “քոքը կտրել” եւ այլն: Կենցաղային որոշ կոնֆլիկտներ կարող են վերածվել ողբերգությունների եւ կարիք ունենալ իրավաքրեական միջամտության…
Շարունակենք խնդրո առարկա օրինակները: Շամիրամյան առասպելաշարում որդու հասունանալով՝ Շամիրամի մոտ թուլացել է մայրական բնազդը: Ամուսնու մեծանալը տվյալ կնոջ մոտ առաջացրել է անբավարարվածության զգացում, Շամիրամի համար ամուսնական կապը դադարել էր ցանկալի լինել եւ, որպես փոխադարձ պարտականությունների համակարգ, վերածվել էր բռնության կապանքի: Շամիրամը գիտեր, որ արքունիքից իր ամուսինը կամավոր չի հեռանա, ուստի սպանում է նրան ու հրավերք ուղարկում Արա Գեղեցիկին, ինչպես նման այլ վիճակում Իսմիլ Խաթունը՝ Մեծ Մհերին: Շամիրամը զորքի միջոցով սպանում է իր հետ ամուսնանալ չցանկացող, ուրիշ կնոջ ամուսնուն` դրանով իսկ թուլացնելով մրցակից կնոջ դիրքը, իսկ արդեն երեխա ունեցած Իսմիլ Խաթունին Մեծ Մհերն այլեւս պետք չէր, եւ նա հորդորում է իր զավակին “հանգցնել հայի լույսը”, իսկ լույսի խորհրդանիշը ինքը՝ Արեւ Մհերն էր: Արա Գեղեցիկը, որ հնում երկրագործ հայերի մեռնող ու հարություն առնող աստվածն էր, համարժեք նենգությամբ չի արձագանքում Շամիրամին: Որպես հայ տղամարդ եւ արքա, իրեն թույլ չի տալիս դավաճանելու կնոջը ու իր գիրկն ընդունել ամուսնասպան թագուհուն: Ամուսնանալով Շամիրամի հետ՝ նա Հայոց աշխարհ կներմուծեր բաբելոնյան բարքեր: Հետագայում Տիգրան Մեծը եւս մերժում է Փյունիկիայի թագուհու ամուսնության առաջարկը՝ նախընտրելով նրա դեմ պատերազմելը:
Այնքանով, որքանով Մեծ Մհերը ռազմիկ հայերի արեւ-աստվածն էր, ապա ենթադրելի է, որ Իսմիլ Խաթունի եւ նրա միջեւ կապը, գինարբուքը, Իսմիլի վրեժի կոչը ռազմավարի վերածված կնոջ եւ նրան տիրացող ռազմիկի միջեւ ավելի վաղ ժամանակներում ընթացած փոխհարաբերությունների արձագանքն է էպոսում: Ժողովրդի գնահատմամբ՝ նման կապը վերածվում է աղետի, այսինքն՝ խստորեն դատապարտվել է հայոց մեջ:
Ի տարբերություն տղամարդկանց, կանանց միջեւ բազմացման բնազդով պայմանավորված ագրեսիվությունը՝ ուղղված մեկը մյուսի ոչնչացմանը, հիմնականում անմիջականորեն չի դրսեւորվում: Այն հանդես է գալիս միջնորդավորված: Կռիվը, սպանությունը կնոջ փոխարեն իրականացնում են այլ մարդիկ կամ խորհրդանշական իրերը՝ զորքը, զավակը, Ոսկե խնձորը, թունավորված խնձորը, թիկնոցը: Ըստ էության տրոյական պատերազմը երեք կանանց միջեւ մղված պատերազմի արդյունք է: Հայհոյելիս՝ կինն իրեն վերագրում է արական հատկանիշներ կամ վկայակոչում իր ազգականների առնականությունը: Երբ կինը գնում է կռիվ կամ սպանության, ապա նա իր “ես”-ը քողարկում է զինվորի կամ ծերացած կնոջ հագուստով (ծերացած կինն այլեւս պետք չունի կռվել սիրո համար): Նման վարքագիծը խորթ է տղամարդկանց: Կենցաղում, երբ տղամարդը նենգ պայքարի մեջ է մտնում, ապա հասարակությունը դա գնահատում է “ոչ ասպետական վարքագիծ”, եւ նա որակվում է որպես անբարո մարդ:
Ամփոփելով իգական սիրախաղային ակտիվությունը սեռական ագրեսիվության վերածվելու վերաբերյալ վերը բերված գեղարվեստական եւ կենցաղային օրինակները` կարելի է նկատել, որ բնականոն դրսեւորման մեջ այն ուղղված է տղամարդուն գրավելուն եւ երեխաներ ունենալուն: Ընդ որում, տղամարդը կնոջ կողմից դիտվում է ոչ միայն զուգավորող, այլեւ իրենց երեխաների կենսասոցիալական պաշտպան: Կին-երեխա-ամուսին հարաբերությունները սովորաբար բնականոն են զարգանում այն դեպքերում, երբ թե կինը, թե տղամարդը գենետիկական ու բարոյական հակվածություն ունեն դեպի մոնոգամ կապը, ինչպես օրինակ, արագիլների կամ կարապների մոտ է:

Աշոտ Մանուկյան

“Լուսանցք” թիվ 138, փետրվարի 19- մարտի 4 2010թ.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: