Ջավախքում արտագաղթի խնդիր կա

by

Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհրդի նախաձեռնությամբ վերջերս կազմակերպվել էր “Սամցխե-Ջավախք-Ծալկա տարածաշրջանի հայապահպանությունը եւ ջավախահայության իրավունքների պաշտպանությունը” թեմայով սեմինար-քննարկում:
Միջոցառմանը զեկուցումներով հանդես եկան ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը, ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, “Նորավանք” ԳԿՀ փորձագետ Թամարա Վարդանյանը, “Միտք” վերլուծական կենտրոնի փորձագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը եւ փորձագետ Ռոբերտ Թաթոյանը:
Զեկուցողները նշեցին, որ այսօր Վրաստանի իշխանություններն անընդհատ ոտնահարում են ջավախքահայության քաղաքական, լեզվական, հոգեւոր եւ մի շարք այլ իրավունքներ, այդ իսկ պատճառով սեմինարը միտված է բարձրաձայնելու ջավախքահայության առջեւ ծառացած խնդիրները:
Կոչ արվեց ՀՀ իշխանություններին ու միջազգային կազմակերպություններին անհապաղ միջոցներ ձեռնարկել` ջավախահայության նկատմամբ վրացական իշխանությունների խտրական քաղաքականությունը կասեցնելու ուղղությամբ՝ երաշխավորելով հայ բնակչության անվտանգությունը:
Նշվեց, որ առաջնահերթ պահանջում են ջավախքահայ ակտիվիստների նկատմամբ քաղաքական հետապնդումների անհապաղ դադարեցում, հայոց լեզվին՝ հայերի համախումբ բնակության շրջաններում տարածաշրջանային լեզվի կարգավիճակ տալ, ինչպես նաեւ Վրաստանում Հայ առաքելական եկեղեցու իրավական կարգավիճակի ու հայ տաճարների վերադարձման խնդրի լուծում:
Խոսվեց նաեւ վրացական իշխանությունների հայաթափման քաղաքականության մասին, որ վերջին տարիներին թիֆլիսահայ համայնքն ավելի շատ բռնել է ուծացման ճանապարհը, քան արտագաղթի: Ջավախքում ուծացման ծավալներն այնքան մեծ չեն, որքան արտագաղթը, իսկ թիֆլիսահայ համայնքի պարագայում այն ավելի ուժեղ է: Ջավախքում արտագաղթն այսօր մեծ խնդիր է. ահազանգում են Հայաստանից:

Արման Դավթյան

Ե վ ր ո պ ա

Ու՞մ` ինչքա՞ն կհասնի 7 մլն-ից

Եվրոպական հանձնաժողովը “EAST-INVEST” նախագծի շրջանակներում 7 մլն. եվրո բյուջեով մրցույթ է հայտարարել, որին կարող են մասնակցել ԵՄ “Արեւելյան գործընկերություն” ծրագրում ընդգրկված երկրները: Այդ նախագծով նախատեսվում է բարելավել ծրագրում ներառված երկրների բիզնես միջավայրն ու խթանել Եվրամիության ու “Արեւելյան գործընկերության” երկրների միջեւ ներդրումային հոսքերը:
Նպատակ է դրված նաեւ աշխուժացնել ԵՄ եւ “Արեւելյան գործընկերության” երկրների պետական ու մասնավոր կառույցների երկկողմ շփումները: Նախագիծը պետք է նպաստի Եվրամիության եւ “Արեւելյան գործընկերության” երկրների միջեւ փորձի փոխանակմանը, բիզնեսի, առեւտրային, մաքսային գործընթացների հեշտացմանն ու ներդրումային հարաբերությունների բարելավմանը, նաեւ՝ մանր ու միջին բիզնեսի ներուժի զարգացմանը:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2010թ. մարտի 4-ն է:
ԵՄ “Արեւելյան գործընկերություն” ծրագրում ընդգրկված են հետխորհրդային 6 երկրներ՝ Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Մոլդովան եւ Ուկրաինան:

Անի Մարության

“Լուսանցք” թիվ 138, փետրվարի 19- մարտի 4 2010թ.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: