Կենսաթոշակային բարեփոխումների համապատկերում օրերս հանրային քննարկման ներկայացվեց “Պետական կենսաթոշակների մասին” օրինագիծը: Միջոցառումը կազմակերպել էր ԱԺ-ՀԿ համագործակցության “Հանրային ցանցի” համակարգող “Արազա” հ/կ-ն: Օրինագծի քննարկմանը կանդրադառնայի, եթե միայն այդ քննարկումը չսկսվեր… “Հայր մեր”-ով…
“Ամենակարեւոր բաները մարդիկ միմյանց ասում են առանց բարձրախոսի”. Ենգիբարյանի խոսքերը հիշեցի: Ու միանգամից հիշեցի մեր եկեղեցականներին: Նրանց գործունեությունն այնքան անգույն է դարձել, որ նրանց աղոթքներն էլ են այդպիսին` բարձրագոչ, մարդու սրտին չհասնող, ինքնանպատակ…
Տարիներ առաջ Քանաքեռ ՀԷԿ-ի բացումն էր վերանորոգումից հետո: Միջոցառմանը մասնակցելու էր եկել այդ ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Գնացել էի այցը լուսաբանելու: Երբ եկեղեցականին տեսա, զարմացա. ի՞նչ կապ ունի նա ՀԷԿ-ի հետ, ի՞նչ պիտի ասի: Սկսեցի լսել: Բառեր, բառեր, բառեր… Անիմաստ, անտեղի, որոնք ոչ մի ընդհանուր եզր չունեն ՀԷԿ-ի ու Աստծո միջեւ: Վերջում էլ եկեղեցականը թե` “Տեր, օրհնեսցե զշարժիչս այս”: Պատկերացնու՞մ եք, ինչ ճիգ եմ գործադրել` փռթկոցս պահելու: Ռ. Քոչարյանն էլ մի պահ ծիծաղեց: Գուցե դա էր լսել: Ծիծաղի ուրիշ առիթ չկար…
Այդ օրվանից հետո ինքնաբերաբար սկսեցի լսել եկեղեցականներին տարբեր միջոցառումներին, թաղումներին, հարսանիքներին:
Տոնի հանդեսներին ու վշտի օրերին ասված բառերի ու հնչերանգների միջեւ ոչ մի տարբերություն: Թաղման ժամանակ թե` մեռելի հոգին պիտի գնա, չեմ հասկանում ինչու, Երուսաղեմ, տոնի ժամանակ թե` մարդիկ պիտի այնքան արժանավայել ապրեն, որ մահից հետո գնան դարձյալ Երուսաղեմ: Բայց նրանց լսող չկա` ոչ մեռելատանը, ոչ հարսանիքին, որ զարմանան ու դեռ հարց էլ տան: Դե, սովորություն է, կանչում են տերտերին: Դե տերտերն էլ, սովորություն է, պիտի աղոթի: Անկենդան դեմքով, ձայնով, բառերով:
Իսկ Աստված չի լսում: Ինքնանպատակ աղոթքները տեղ չեն հասնում:
Հետաքրքիր է, Աստված ինչ կապ ուներ Քանաքեռ ՀԷԿ-ի հետ: Պիտի վերեւից իջներ, միացնե՞ր շարժիչը: Կամ` եթե մեր էներգետիկները լավ աշխատած չլինեին ու ինչ-որ սխալի պատճառով ՀԷԿ-ը այդ օրը չմիանար էներգահամակարգին, պիտի եկեղեցականն ասեր` Աստվա՞ծ չուզեց:
Կամ` ինչու պիտի, ասենք, ես` հայս, ամբողջ կյանքս այնպես ապրեմ, որ հոգիս ընկնի Երուսաղեմ: Եվ ինչ է նշանակում այդ “այնպես”-ը` լա՞վ, վա՞տ, ազնի՞վ, անազնի՞վ: Հայի հոգին Երուսաղե՞մ պիտի ընկնի…
Եկեղեցականների՜ն ինչ կա. մարդիկ լինեն, բարձրախոս լինի, իրենք էլ աղոթեն: Վերջերս էլ արդեն օրինագծերի քննարկան ժամանակ են աղոթում: Ինչու՞: Որ Աստված իջնի ու բարձրացնի՞ կենսաթոշակները:
Ի՜նչ կարեւոր է: Եկեղեցականի՜ն ինչ: Նա հո գիտի, որ իրեն չեն լսում: Չեն հավատում: Որ անգամ լսողին նա չի կարող հավատացնել, որ իր խոսքը ճշմարիտ է:
Չի՛ կարող: Քանզի ի՛նքն էլ իրեն չի հավատում, իր ասածի՛ն չի հավատում: Իր աղոթքի՛ն չի հավատում: Որովհետեւ իր աղոթքն աղոթք չէ, բառերի կույտ է: Բարձրախոսով ասված…
Այս պահին ես, գոնե եկեղեցականից ավելի հավատով, դիմում եմ Աստծուն:
Թող Աստված մի անգամ լսի այդ անհավատավոր եկեղեցականներին ու օրհնի նրանց շարժիչը` ուղեղի շարժիչը շարժի, որ մտածել սովորեն:
Որ աղոթքը տարբերեն “աղոթքից”:
Որ շշնջոցը տարբերեն գոռոցից:
Որ հոգու խոսքը տարբերեն անգիր արած տողերից:
Որ հասարակ մարդու տունը մտնեն, ոչ թե պաշտոնյաների հետեւից միջոցառումներով վազ տան:
Որ հայի հոգուն Հայաստանում “թողնեն”, ոչ թե Երուսաղեմ, կամ մեկ այլ տեղ “գցեն”:
Որ ընդհանրապես հեռու մնան երկնային բաներից խոսելուց: Քանզի իրենցը երկրայինն է ու` ոչ ավելին…
Որ հասկանան, որ ինձ նման մեկը մի օր իրենց լսել կարող է ու կարող է նաեւ չզսպել ծիծաղը… Ու ծիծաղից հետո հիասթափվել, հուսահատվել եւ, ի վերջո, զզվել:
Որ ըմբռնեն, որ ինքնանպատակ աղոթքները տեղ չեն հասնում:
Եվ որ Աստված վաղու՜ց հոգնել է իր “սպասավորներից”:
Արմենուհի Մելքոնյան
“Լուսանցք” թիվ 140, մարտի 12-18 2010թ.
Թողնել պատասխան