Վասն Ընկերության

by

Մի անգամ Արարիչը կանչեց իր մոտ Լույսին եւ հայտնելով, որ խավարը նրանից գանգատվում է, հանդիմանեց վերջինիս հալածելու համար:
— Օ՜, Հայր Արարիչ,- զարմացավ Լույսը,- ես խավարին հալածելու չնչին իսկ միտում չեմ ունեցել: Ընդհակառակը, լսել եմ նրա մասին, փնտրում եմ` ընկերություն առաջարկելու համար, սակայն ամենուր նայում եմ, նա չկա ու չկա:
Բյուրիցս ավաղ, սակավ չի լինում, երբ ընկերության պարզ առաջարկը վախ է պատճառում:
Ընդունման դեպքում վախով ուղեկցվում եւ, վերջ ի վերջո, գժտման հանգեցնում: Եվ որպես օրենք, գժտվելուց հետո թուլակամ մարդը հակադարձում է ընկերոջ մասին իր իսկ գործածած նախկին գովքերը:
Լինում է նաեւ, որ վախկոտ մարդը պաշտպան փնտրելով, իր բարերարին միառժամանակ ընկեր է կոչում, իր առաջացրած հարցերը լուծում ու անհետ կորչում:
Վախով ընդունված կամ էլ համեմված Ընկերությունը երկար չի տեւում:
Հաճախ է լինում, որ վախ կոչվածը կասկածի տեսքով ընկերոջ սիրտը հետո է մտնում եւ ուժգին գետնում:
Իսկ վախկոտ մարդը ամեն անձում է թշնամի փնտրում:
Հաճախ է լինում, որ մարդ կորցնում է յուր զգացականը, եւ դադարելով ընկերոջն զգալ, ենթադրում է, թե այդ նա է սառել:
Պատահական չէ, որ զգացականի կորուստը մարդուն մղում է դեպի զգացմունքայնություն:
Արթնացի՛ր, Հայ մարդ:
Անընկեր մարդը նույն անաստվածն է:
Գտի՛ր Աստծուդ Ընկերներիդ մեջ:
Ձուլվի՛ր Աստծուդ՝ Ընկեր լինելու քո կարողությամբ:
Ընկեր լինում է միայն ուժեղը, իսկ ուժն արդյունք է Ընկերասիրության:
Ընկերոջ ուժը քեզ օգնություն է՝ ոչ պաշտպանություն:
Ընկեր լինում է միա՛յն Ազնիվը:
Ազնվությունը ամենայն Սիրո արտահայտումն է:
Ընկերությունը տարիքի, սեռի, պաշտոնի, տեղի սահմաններ չունի:
Քեզ առաջարկված Ընկերությունը երբեք մի՛ մերժիր:
Քո առաջարկած Ընկերությունը երբեք մի՛ դրժիր:

Անդրանիկ Աթոյան

* * *
Հ. Գ. — Հեղինակը վարում է Դասական Յոգայի առողջարարական եւ ճանաչողական վարժանքներ: Ունի համապատասխան վկայագիր:
Նաեւ զբաղվում է Ու-շու արեւելյան մարտարվեստով:
Հետաքրքրվողները կարող են դիմել 095.78-91-13 հեռախոսահամարով:

* * *
Եթե
Եթե կարող ես անվրդով մնալ, երբ ողջ աշխարհը
Գլուխը կորցրել ու դրա համար քեզ է նախատում,
Եթե կարող ես ինքդ քո հանդեպ պահել հավատդ,
Երբ հարազատդ, ընկերդ, կինդ քեզ չեն հավատում,
Կամ թե կարող ես առանց հոգնելու սպասել ու սպասել,
Կամ էլ խաբվելով՝ ինքդ չխաբել,
Ատվելով՝ չատել,
Ու բարեգործի դիմակ չհագնել, իմաստուն տեսքով չշաղակրատել,
Եթե կարող ես երազներ հյուսել ու չստրկանալ դրանց հմայքին,
Եթե կարող ես մտածել, սակայն չդարձնել մտքերն իմաստը կյանքիդ,
Եթե կարող ես սառնասիրտ մնալ
թե՛ Հաղթանակի, թե՛ Փորձանքի մեջ
Ու տարբերություն չդնել բնավ այդ երկու խարդախ ստահակների մեջ.
Եթե կարող ես տեսնել, թե ինչպես քո շիտակ խոսքը,
Խաբեբաները խեղաթյուրում են, որ հիմարներին ծուղակը գցեն,
Կամ թե ինչպես է կրակը լափում ողջ կյանքիդ գործը,
Ու չվհատվել, մոխիրներից քեզ մի նոր երգ հյուսել.
Եթե կարող ես ողջ ունեցվածքդ հավաքել մեկից
Ու բախտախաղի դնել՝ հույսերդ էլ հետը միասին,
Տանուլ տալ, հետո ամեն ինչ սկսել ամենասկզբից‘
Չտրտրջալով, չբղավելով կորստիդ մասին.
Եթե կարող ես սրտիդ, նյարդերիդ ու մկաններիդ
Ծառայել ստիպել, երբ վաղուց մարել, անուժ են դարձել,
Այնքան, մինչեւ քեզ վերջին ուժերդ լքեն առհավետ‘
Բացի Կամքիցդ, որ նրանց ասի. “Էլի՛ դիմացեք”.
Եթե կարող ես անաչառ մնալ, երբ ժողովուրդներ են քեզ հետեւում,
Արքաների հետ սեղան նստելիս՝ խիղճդ չթողնես դռան ետեւում,
Չգոռոզանաս, վերից չնայես ո՛չ բարեկամիդ, ո՛չ էլ թշնամուդ.
Եթե քեզ հարգեն, քո խոսքին անսան, բայց կուռք չսարքեն, չաստվածացնեն,
Ու թե կարող ես անդարձ սլացող րոպեի վաթսուն վայրկյանը լցնել
Արդար քրտինքիդ վաթսուն կաթիլով,‘ չկորցնելով մի ակնթարթ իսկ,
Քոնը կլինի ամբողջ աշխարհը, նրա վրայի բոլոր գանձերը,
Եվ որ ավելին, շատ ավելին է՝ դու Մարդ կլինես, սիրելի որդիս:

Ռեդյարդ Կիպլինգ

“Լուսանցք” թիվ 142, մարտ 26 — ապրիլի 1, 2010թ.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: