Արդար վրեժի հաղթանակը

by


Ծնվել է Երզնկայի Ներքին Բագառիճ գյուղում, ուր եւ ստացել է նախնական կրթությունը: Այնուհետեւ ուսումը շարունակել է Երզնկայում եւ Կ. Պոլսի Կեդրոնական վարժարանում:
1913թ. փոխադրվում է Սերբիա, բայց շուտով անցնում Կովկաս՝ մասնակցելու կամավորական շարժմանը: Կովկասյան ճակատում թուրքերի դեմ կռվում էր Սեպուհի (Արշակ Ներսիսյան) վաշտում (կամավորական 1-ին ջոկատ, հրամանատար` Անդրանիկ):
Հայ ժողովրդի ողբերգությունը խորապես ցնցեց Սողոմոնին, եւ նա՝ լի վրեժխնդրությամբ, ձեռնամուխ եղավ թուրք դահիճներին պատժելու սրբազան գործին: “Նեմեսիս” գործողությունը իրականացնելու վիճակահանության ժամանակ նրան բաժին ընկավ գլխավոր դահիճ Թալեաթ փաշան:
Թուրքիայի պարտությունից հետո, 1919թ. հունիսին, Ստամբուլի ռազմական դատարանը մահվան էր դատապարտել Իթթիհատի պարագլուխներին՝ Թուրքիան պատերազմի մեջ ներքաշելու եւ քրիստոնյա հպատակների տեղահանում եւ ջարդ կազմակերպելու համար: Սակայն, թուրք դահիճը ճողոպրել էր Գերմանիա եւ թաքնվում էր Ալի Սալիհ բեյ անվան տակ: Հենց Բեռլինում էլ նրան հայտնաբերում է Սողոմոն Թեհլերյանը: 1921թ. մարտի 15-ին Շառլոտենբուրգ թաղամասի Հարդենբերգ փողոցի N-17 տան առջեւ խիզախ հայորդին գնդակահարում է Թալեաթ փաշային…
“…Իմ հայ ժողովուրդ, ես տեսա քո մեծագույն ողբը, դրա համար էլ կատարեցի այդ: Իմ եղբայր վրիժառուներ, եղեք անհանգիստ ու զգոն, դուք էլ որոնեք թուրք գիշատիչներին ամենուր, միշտ ու բոլոր ժամանակներում…”:
1921թ., հունիսի 2, Բեռլին: Մի հատված Սողոմոն Թեհլերյանի դատավարությունից (գաղտնի խորհրդական Շուլցի կատարած հարցաքննությունից).
— Ուրեմն Պարսկաստանի՞ց եք:
— Ոչ, պարսկահպատակ չեմ:
— Երեկ այդպես եք հայտարարել:
— Այո, եկել եմ Բեռլին պարսկական անցագրով, բայց թուրքահպատակ եմ, Երզնկայի Բագառիճ գյուղից:
— Ինչո՞ւ այդ կեղծիքին դիմեցիք:
— Կեղծիք չէ, այլ՝ անհրաժեշտություն: Ջարդերից հետո ոչ մի հայ չի կարող թուրքական անցագիր ստանալ:
— Որտե՞ղ եք սովորել:
— Երզնկայի ազգային վարժարանում:
— Այդ դպրոցի վկայականը բավակա՞ն էր, արդյոք, այստեղ համալսարան ընդունվելու համար:
— Ոչ, ուզում էի ազատ ունկնդիր լինել:
— Գերմաներեն գիտե՞ք:
— Այո, որքան հնարավոր էր սովորել 3 ամսվա ընթացքում:
— Գիտե՞ք, թե ով է Ալի Ասլիհ բեյը, որին սպանել եք երեկ՝ Հարդենբերգ փողոցի N-17 տան մայթին:
— Այո, Թալեաթ փաշան:
— Ի՞նչը ձեզ հարկադրեց այդ ոճիրը գործելու:
— Ոճրագործը ես չեմ, այլ՝ Թալեաթը: Նա բնաջնջեց մեր ժողովուրդը, ես կարող եմ ձեզ պարզել նրա գործած սարսափները՝ Պոլսից մինչեւ Դեր Ձոր:
— Ովքե՞ր օգնեցին ձեզ սպանելու Թալեաթ փաշային:
— Ոչ Ոք:
— Ո՞ր կազմակերպության հրահանգով կատարեցիք այդ գործը:
— Անձնապես:
— Անձնական ի՞նչ հաշիվ ունեիք Թալեաթ փաշայի հետ:
— Շատ մեծ: Նրա հրամանով էր, որ բոլոր հայերի հետ միասին սպանվեցին մայրս, եղբայրս եւ բոլոր ազգականներս: Այդ օրերից ի վեր ես ապրել եմ միայն Թալեաթից վրեժ լուծելու հույսով:
— Երբվանի՞ց ի վեր էիք հետապնդում այդ գաղափարը:
— 1915թ.-ից սկսած, բայց Թալեաթի հետքը գտնելու աշխատանքը ձեռնարկել եմ 3 տարի առաջ…
— Ինչպե՞ս իմացաք, որ Թալեաթ փաշան Բեռլինում է:
— Պատահաբար, մի թերթի մեջ կարդացի:
— Ինչպե՞ս գտաք Թալեաթ փաշային Բեռլինում:
— Փետրվարի վերջին կենսաբանական այգու մոտ մի օր հանկարծ թուրքերեն խոսակցություն լսեցի: 3 երիտասարդ թուրքերից մեկը փաշա անվանեց հաղթանդամ մի մարդու, որ զրուցում էր նրանց հետ: Բաժանվելու պահին երիտասարդ թուրքերը համբուրեցին նրա ձեռքը: Վերջինը շատ նման էր Թալեաթին, որին ճանաչում էի թերթերում տպագրված նկարներից: Հետապնդեցի նրան մինչեւ Հարդենբերգ փողոցի N-4 տունը: Մի քանի օր հետո սենյակ վարձեցի նրա տան դիմաց: Վերջին 10 օրում առիթներ ունեցա ստուգել, որ փաշա կոչվածը Թալեաթն է: Մարտի 15-ին, երբ տնից դուրս եկավ, խփեցի:
— Ուրեմն, դուք ընդունո՞ւմ եք, որ սպանությունը կատարել եք կանխամտածված:
— Իհարկե:
— Ես հասկանում եմ, որ վրեժի գաղափարը կարող է ձեզ մղած լինել այդ գործին, բայց մի՞թե ձեր խիղճը չի տանջում սպանությունը կատարելուց հետո:
— Ընդհակառակը, սիրտս լցվում է գոհունակությամբ, որ վերջապես 2 միլիոն անմեղ զոհերի վրեժը լուծված է:
— Ուրեմն` դուք եկել եք Բեռլին ոչ թե ուսանելու, այլ Թալեաթ փաշային սպանելո՞ւ:
— Բեռլինում մեքենագիտություն սովորելու մասին ես երազում էի դեռ պատերազմի նախօրյակին, բայց ամեն բան տակնուվրա եղավ…
— Գիտե՞ք, որ օրենքով ձեզ սպառնում է մահապատիժ:
— Այո, բայց գործս հաջողությամբ կատարելուց հետո ինչ ուզում է, թող լինի:
— Ե՞րբ որոշեցիք ձեռնարկել սպանությունը:
— Մորս անհայտ գերեզմանով երդվել էի Թալեաթին սպանել: Երբ ձեռքս ընկներ, անպայման պիտի սպանեի:
— Պատմեցեք, թե ինչպե՞ս սպանեցիք Թալեաթ փաշային:
— Մարտի 15-ի առավոտյան պատուհանից հանկարծ տեսա, որ Թալեաթը դուրս եկավ փողոց ու գնաց դեպի վար: Ատրճանակս առա, վրա հասա: Զուգահեռ մայթով արագ գնացի առաջ, երբ բավականին ետ մնաց, անցա մյուս մայթը, հետ դարձա նրան դիմացից խփելու համար: Բայց 1-2 քայլ մնացած, հանկարծ նա զգաց, սարսափահար նայեց, ուզեց թեքվել, խուսափել, երբ գամեցի գլխին:
Եվ 1921թ. հունիսի 2-ին, գերմանական դատարանը, Լեմբերգի նախագահությամբ, անպարտ ճանաչեց Սողոմոն Թեհլերյանին: Այդ արդար դատավճռում մեծ գործ կատարեց վրիժառուի դատապաշտպան, գերմանացի արեւելագետ դոկտոր Յո. Լեփսիուսը: Այդ նա էր, որ դեռ ջարդերի շրջանում հրատարակեց ցեղասպանությունը դատապարտող “Գաղտնի տեղեկագրեր Հայաստանի ջարդերուն” աշխատությունը:
Արդարացված Թեհլերյանը երկար տարիներ ապրել է Հարավսլավիայի մայրաքաղաք Բելգրադի Դալմատինսկա փողոցի 78 տանը: 1945թ.-ից հետո բնակություն է հաստատել ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում, որտեղ էլ մահացել է ուղեղի արյունազեղումից, 1960թ. մայիսի 23-ին:
Նրա պատվին ԱՄՆ-ի Սան-Ֆրանցիսկո քաղաքում երախտապարտ հայերը հուշարձան են կանգնեցրել:

Պատրաստեց `
Հակոբ Մանջյանը, Վանաձոր

“Լուսանցք” թիվ 143, ապրիլի 2-8, 2010թ.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: