Ռուսաց լեզվի հայ դիցալեզվային ակունքը

by


Հայտնի փաստ է` ազգային լեզուները կրողն են ինչ-ինչ դիցաբանա-արխետիպային, առասպելա-տիեզերաբանական խորհուրդների (իմաստների), որոնց վերհանումը տանում է հեռավոր այն ժամանակները, երբ ազգային լեզուն որպես այդպիսին գոյություն չուներ, այլ կար որպես ընդհանուր ցեղային լեզու, կամ էլ որպես այդ լեզվի բարբառ: Ազգային լեզվի հիմնային-արմատային այդ շերտի վերհանում-պարզաբանումը շատ բան կարող է տալ տվյալ լեզվի, դրա առանձին բաղադրիչների խորքային իմաստները հասկանալու համար:
Այս` դիցաբանա-արխետիպային կտրվածքով համեմատելով միմյանց հետ հայոց եւ ռուսաց` ցեղակից (արիական) այդ լեզուները,-դրանցում ոչ քիչ ընդհանրություններ կարելի է երեւան բերել` դրանից բխող հետեւանքներով հանդերձ:
Ընդ որում, հայոց եւ ռուսաց առօրեական լեզուների միջեւ ընդհանրությունները համեմատական լեզվաբանությունը վաղուց է նկատել (Աճառյանի բառարանում այդպիսի բազմաթիվ ընդհանրություններ են նկատվել): Սակայն այստեղ այդպիսի ընդհանրությունների ցուցադրումը չէ մեր նպատակը: Մեր խնդիրը հայոց եւ ռուսաց լեզուների դիցաբանական առնչությունների, երկու լեզուներում ինչ-ինչ ընդհանրական դիցաբանական խորհուրդների առկայության փաստի ցուցադրումն է,- մի բան, որ հետազոտողների ուշադրությունից մինչեւ այժմ վրիպել է (բացառությամբ Սլակ Կակոսյանի, ով իր “Հայոց լեզվի խորհրդարան”-ում մասնակիորեն անդրադարձել է այդ խնդրին):
— Հայ դիցաբանության հիմնային խորհուրդն է Արա-ն` արարող զորություն, արարիչ նշանակող բառ-խորհուրդը: Անունը լեզվաբանորեն կազմված է ար (նշանակում է արարում, սերում) եւ ահ (նշանակում է գերագույն զորություն) բառարմատներով` Ար-ահ (ա բացարձակ հնչյունը, չեզոքացնելով հ հնչյունը, վերջիվերջո ստացվում է Արա): Ռուսաց դիցաբանական լեզվում Արա խորհուրդը նախասկզբնապես արտահայտվել է Яр (Ярила) ձեւով, իսկ ավելի ուշ` Перун (П-эр/ар-ун) լեզվական բաղադրությամբ: Ռուսական դիցաբանական բառարանում շՐՌսՈ բառ-խորհրդի մասին կարդում ենք. “Սլավոնական դիցաբանական անձ է, որը խորհրդանշում է արարումը, պտղաբերումը, սեռային զորությունը: Յարիլա անունը սերում է յար արմատից, որ նշանակում է պտղաբերում, բերքատվության առավելագույնը ապահովող` արարող, ստեղծող ուժի բարձրագույն դրսեւորում”: Այսինքն` ակնհայտ է մեր Արա-ի (Ար-ի) եւ սլավոնների Յարիլա-ի (յար-ի) կապը: Նույնը` Արա-ի եւ Պերունա-ի վերաբերյալ ասած, այն տարբերությամբ, որ վերջինում ավելացել է ուն/ան բառարմատը, որ նշանակում է ծնում, պտղաբերում: Ինչպես հայոց, այնպես էլ ռուսաց լեզվում լեփ-լեցուն են Ար (Յար) բառարմատով կազմված բառերը: Օրինակ. հայոց լեզվում` Արարատ, Արմեն, արյուն, արգանդ,…, ռուսաց լեզվում` армия, арена, аристократ, аромат, артист, барин (համապատասխանում է մեր բարոն-ին): Եվ վերջապես, ում հայտնի չէ ռուսաց լեզվի` միստիկական նշանակություն ձեռք բերած Ура -ն, որը համապատասխանում է հայոց լեզվի Արա՜-ին. հանգամանք, որն է պատճառը այդ բառ-խորհրդի՝ հայի համար հարազատանալուն:
— Հայ դիցաբանական լեզվում իր բացարձակ նշանակությամբ երկրորդ բառարմատը ան/ին/ուն-ն է, որ նշանակում է ծնունդ (ծնել), պտուղ, պահպանում, սնում: Այդ բառարմատով հայոց լեզվում կազմված բազմաթիվ բառ-խորհուրդներ կան. Անահիտ, նան, սան, Միհրան, Անուշ, հայոց ազգանվան յան-ը… Ռուսաց լեզվում մերինին համապատասխանող ан/ин/он/ун -ը նույնպես հաճախ է արտահայտվում: Օրինակ. Ваня, Иван, славон, россиянин, женщина, истина եւ այլն:
— Հայ դիցաբանական լեզվի առանցքային բառարմատներից է աստ/իստ/ուստ-ը, որ նշանակում է բացարձակ, գերագույն տիեզերական խորհուրդ: Հայոց թե՛ դիցաբանական եւ թե՛ ընդհանուր լեզվում այդ բառարմատով ձեւավորված բազմաթիվ բառ-խորհուրդներ կան` Աստված, Աստղիկ, Հայաստան, իմաստ, աստղ, հարուստ, դաստիարակ եւ այլն: Ռուսերենում հայերենի աստ/իստ/ուստ-ին համապատասխանում է аст/ист/уст/ост -ը, որը նույնպես հայերենին մոտ իմաստներով բազմաթիվ բառակազմություններում արտահայտվում է: Օրինակ` мудрость, астральный, юрист, прелесть, история, исток, истина, новость, страсть… Ըստ Աճառյանի, ость մասնիկը կա ռուսերենի շուրջ 2500 բառերում: Եվ փաստորեն, մեր աստ-ին համապատասխանող ость -ը ռուսաց լեզվի հիմնային բառարմատներից է:
— Ռուսաց դիցաբանական լեզվում հայերենի աստված բառ-խորհրդին համապատասխանում է бог -ը: Սակայն, պարզվում է, հայերենում նույնպես бог -ը գործածվում է, թեեւ բագ ձեւով ու բաղադրություններում: Օրինակ` բագին (նշանակում է Աստծո տաճար), Բագավան (նշանակում է Աստվածների բնակավայր), Բագրատ (նշանակում է աստվածատուր, որը համապատասխանում է ռուսերենի Богатыр -ին):
— Հայոց դիցարանի աստվածություններից է Վահագնը` տիեզերական հուրի խորհուրդը մարմնավորող աստվածը: Լեզվաբանորեն Վահագն-ը կազմված է Վահ բառով (գերագույն զորություն, աստված) եւ ագ (հուր) արմատով` Վահ-ագ-ն, եւ նշանակում է Գերագույն հրե զորություն, հուր աստված: Ռուսական դիցարանում մեր Վահագնին համապատասխանում է Սվարոգը, նույնպես` հուր աստվածը: Այդ մասին է ասում նաեւ Վահագն եւ Սվարոգ բառ-խորհուրդների ընդհանուր բառարմատը` ագ-օգ-ը, որ երկու լեզուներում էլ նշանակում է հուր, կրակ: Ինչպես հայոց, այնպես էլ ռուսաց լեզվում օգ/ագ/իգ/էգ եւ դրան համապատասխանող հուր/հըր (ռուսերեն` ог/ег/иг »х хр/хур/хор) դիցալեզվային բառարմատով կազմված կան բազմաթիվ բառեր. հայերենում օրինակ` կրակ, Վահագն, քուրա, Արեգ, թագ, հրածին եւ այլն, ռուսերենում` Сварог, огонь, бог, Олег (մեր Արեգ-ին է համապատասխանում), храбрый, храм, хороший… Նկատենք նաեւ, որ ռուսական դիցարանում կա Հուր աստծո մեկ այլ անվանում եւս` Խորս (Խրես), որի առաջին բառարմատը` Խոր/Խըր-ը, ըստ երեւույթին, նշանակում է հուր:
— Հայկական դիցարանում տիեզերական օրենք-օրինաչափությունը, կարգ ու կանոնը, չափ ու կշռույթը, համերաշխությունը մարմնավորող ու հովանորող աստվածությունը Միհրն է: Ճիշտ է, ռուսական դիցաբանությունում բուն Միհր աստվածաբանական խորհուրդը չենք տեսնում, բայց ռուսաց լեզվում այն, այնուամենայնիվ, արտահայտված է: Օրինակ` мир, мыр, мера, դրանցով կազմված բառերում…
— Հայոց լեզվի նախատիպարային բառարմատներից է ազ/եզ-ը, որն արտահայտում է ծագում, զորություն, վեհություն, մաքրություն, որակ իմաստները: Այդ բառարմատով ձեւավորված բազմաթիվ բառեր կան հայոց լեզվում: Օրինակ` ազգ, ազնվական, Արազ, Հայկազ, ազատ, լեզու, ազդ, բազե եւ այլն: Ռուսաց լեզուն եւս լեփ-լեցուն է մեր ազ-ին համապատասխանող ռուսերեն аз/из/яз/ац… բառարմատով կազմված բառեր. օրինակ` язык, язычник, азбука, князь, ясный, азарт, взгляд (взглянуть), жизнь, нация եւ այլն:
— Հայոց դիցարանում իմաստության աստվածն է Տիրը: Բառ-խորհուրդը լեզվաբանորեն կազմված է տ-հունչարմատով (որոշակիացման, որակավորման, իմաստավորման իմաստ է արտահայտում) եւ իր բառարմատով, որը հնչյունափոխված ար-ն` Արա Արարչի արարող էությունը արտահայտող բառ-խորհուրդն է: Հայոց լեզվում տիր-ի հնչյունափոխված ձեւերով կազմված մի շարք բառեր կան. օրինակ` տրամաբանություն, տիրել (ըստ երեւույթին` բառը նախասկզբնապես առարկայի իմաստին հասու դառնալու իմաստ է արտահայտել), տեր (մեր նախնիները տեր են անվանել միայն նրան, ով նաեւ իմաստության Տիր աստծո որակն է ունեցել), տրական, տրաքել, տրոհել, տրամաչափ, տրամադիր, տրոփել, տրտունջ, տարր, տարանջատ եւ այլն: Ռուսական դիցաբանական հիշողությունից Տիր աստծո խորհուրդը, ճիշտ է, կորսվել է, բայց եւ այնպես` ռուսաց լեզվում այն այս կամ այլ կերպ պահպանվել է: Զորօրինակ` традиция, трактат, трактовать, трамплин, транскрипция, трон (տեղ, որտեղ իմաստուն արքան, կառավարիչն է բազմել), тропинка, Троян (ռուս միջանդարյան ասքում` “Ասք Իգորի ճակատամարտի մասին”-ում այսպես է անվանվել 11-12 դարերում իմաստունի համբավ ձեռք բերած երգասաց-բանաստեղծ Բոյանը), трусить (այսինքն` ոգեթափ լինել, տիրական որակից զրկվել), ըստ երեւույթին` նաեւ труд -ը եւ այլն:
— Հայոց դիցարանում տիեզարական դրական աստված զորություններին հակոտնյա ուժերը անվանված են դեւ, վիշապ (խորհրդակիր արմատը վիշ-ն է, որը այլ ձեւեր էլ ունի` վաշ, վիժ, վեճ…), Յահվահ (խորհրդակիր արմատներից գլխավորը‘բացասական իմաստ արտահայտող յահ-ն է, որը հնչյունափոխված ձեւերով էլ է գործածվում): Այդ անուններով, դրանց խորհրդակիր արմատներով ձեւավորված բազմաթիվ բառեր կան հայոց լեզվում. դիվական, դիվաբարո, դիվածին, դավել, դավանանք (տիեզերական դրական ուժերի պաշտամունքն արտահայտող հավատքների հակոտնյան), դիվոտել, դիվապաշտ, վիժել, վիշապաքաղ, վեճ, վիճահարույց, ջրվեժ, վաշ-վիշ, վիշտ, վիժվածք, վիճակ, յախկ (բարբառային), ախ-վախ եւ այլն: Ռուսաց լեզվում եւս մենք այս կամ այն կերպ տեսնում ենք հիշատակված բառ-խորհուրդներն ու բառարմատները: Օրինակ` див (այսպես բացասականորեն է “Ասք Իգորի ճակատամարտի մասին”-ում անվանվում պոլովցիներին` “դիվածիններին” հովանավորող ուժը, որը, պարզ է, հայերենի դեւ-ն է), давить (ինչ-որ իմաստով՝ հայերենի դավել-ուն է համապատասխանում), дивный, давление, давно, дьявол, девать, выжать, выжечь, выжига, ехидный…
— Հայ հավատքային լեզվի բառ-խորհուրդներից են հավատ-ը (խորհրդակիր արմատը ավ-ն է, որ նշանակում է կյանք, հոգի, ուժ, էություն, խորհուրդ), ավետ-ը (ավետել-ը), ավետարան-ը: Պարզվում է` ռուսաց լեզվում եւս այդ խորհուրդները (խորհուրդների բառարմատները) ինչ-որ ձեւերով արտահայտված են: Օրինակ` вера, ведьма, ведомый, ведение (введение), видеть, ведать, видимый, видный…
Այսպիսի զուգահեռների ու համապատասխանությունների ցուցադրությունները անընդհատ կարելի է շարունակել։ Բայց բավարարվենք հիշատակվածներով:
Այդ զուգահեռ ու համապատասխանող կողմերից որն է որից սերել ու ածանցվել, որն է որի համար մայր-լեզվական հիմք ծառայել: Հարցի` հիմնովին պատասխան տալը թողնելով գալիքում հարցով զբաղվող մասնագետներին` այդ կապակցությամբ, այնուամենայնիվ, մեկ-երկու ընդհանուր կարգի նկատառում հայտնենք: Պարզ լեզվաբանական “հոտառությունն” ասում է այն մասին, որ եթե երկու լեզուներում նմանատիպ լեզվական ձեւեր կան եւ լեզուներից մեկում այդ ձեւերի իմաստը (լեզվաբանական-արմատական, հավատքային, գաղափարական…) անորոշ է, պարզ-հասկանալի չէ, նրանում այդ ձեւերի, լավագույն դեպքում, բացատրությունն է միայն տրվում (այդ դերն է կատարում այդ լեզվի բացատրական բառարանը), իսկ մյուսում` նաեւ իմաստային մեկնությունը,- ապա, պարզ է, որ երկրորդի ձեւերն են առաջինի հիմքը հանդիսանում: Շատ բան ասող է, այդ առումով, ռուս բանասիրության հետ հետեւյալ պատահածը: Վերեւում հիշատակեցինք, որ “Ասք Իգորի ճակատամարտի մասին”-ի դրվագներից մեկում խոսք է գնում ինչ-որ բացասական ուժի` ” Див “-ի մասին (“збися див ” արտահայտության մեջ): Եվ ահա ասքագետներից մեկը` Ալ. Յուգովը, Վլ.Դալի բառարանում եւ սլավոնական կենդանի լեզվում չգտնելով ” Див ” բառը` սխալմամբ կարծում է, որ այդ բառը պարզապես дивний (վայրի) ածականի կրճատ ձեւն է: Այն դեպքում, երբ եթե գիտնականին ծանոթ լինեին հայոց կենդանի ու գրավոր լեզուները, ապա կիմանար, որ դրանցում դեւ բառը (“դիվական” եւ նմանատիպ ածական բառերում այն հենց “դիվ”-ի էլ փոխարկվում է) հնուց ի վեր գոյություն ունի, եւ, հետեւաբար, այդ բառի (արիական նախալեզվի “դեւ” բառ-խորհրդի) արտահայտություններից է ռուսերենի ինչպես Див -ը, այնպես էլ` дивний -ը, որոնցից առաջինը ռուսական ասքը գրելու ժամանակներում տակավին օգտագործվող բառաձեւ է եղել, իսկ երկրորդը մինչեւ մեր օրերը օգտագործվում է:
Կամ էլ վերցնենք նույն ասքում երեք անգամ հանդիպող Троян (կամ` Траян) բառը: Հետազոտողները, դարձյալ ռուսաց լեզվում չգտնելով այդ բառի բացատրությունը, եւ անտեղյակ լինելով նախաարիական (հայկական) լեզվի “Տիր” բառ-խորհրդին, ասքի Троян (Траян) բառին ինչ իմաստ ասես չեն վերագրել: Այն դեպքում, երբ ասքի այն կոնտեքստը, որտեղ բերվում է այդ բառը, վկայում է այն մասին, որ ասքը գրողը բառը օգտագործել է իմաստունի, Տիր-ական խորհրդապաշտության (այդ կոչումը հեղինակը “իմաստուն Բոյանին” 11-12դդ. ռուս երգասաց — բանաստեղծին է վերագրում) իմաստով, մի դեպքում, եւ իմաստապաշտության իմաստով (Трояанова век արտահայտության մեջ, որ փաստորեն նշանակում է իմաստապաշտ դար)` մյուս:
Այնպես որ, ընդամենը մի փոքր տեքստում ռուսաց լեզվի` այդ երկու բառերի իմաստային ըմռնման հետ կապված այդ անորոշությունները, եւ հայոց լեզվի օգնությամբ դրանք հաղթահարելու հնարանքի գտնումը ասում է այն մասին, որ ռուս լեզվաբանները ռուսաց լեզվի որոշ բառերի արմատական, բուն իմաստները վերծանելու համար այլ ելք չունեն, քան հայոց լեզու գալը: Այդ դեպքում, գուցե, կբացվի նաեւ ռուսաց լեզվի այնպիսի բառ-խորհուրդների գաղտնիքը, ինչպիսիք են` ռուս-ը(Ռուսիա-ն), Վանյա-ն ու Իվան-ը, (ռուս ազգին երբեմն տրվող այդ ընդհանրական անունները, ինչպես մեզ տրվող Արա-ն ու Արմեն-ը), սլավոն-ը: Գաղտնիքի հիմնավոր գաղտնազերծումը թողնելով տարբեր կարգի հետազոտողների միացյալ համակողմանի ու խորը ուսումնասիրությանը, այստեղ, այդ կապակցությամբ, այնուամենայնիվ, մեր վարկածը առաջ քաշենք:
— Ռուս (Ռուսիա) բառ-խորհուրդն, ըստ երեւույթին, առաջացել է արիական նախալեզվի ռասա (ցեղ) բառ-խորհրդից: Վերջինս, իր հերթին, լեզվաբանորեն առաջացել է Արա / Ռա (այս անցումը մենք հաճախ ենք տեսնում, ինչպես, օրինակ, եգիպտական դիցաբանությունում, որտեղ Արարիչը հենց Ռա էլ կոչվում է), եւ աս (նշանակում է բացարձակ սերում, ծագում, բացարձակ որակ) բառարմատներից: Ռուս, հետեւաբար, նշանակում է արարչական ծագում (սերում), արարչական որակ ունեցող մարդատեսակ (աստվածամարդ), հար նման հայ հավատքային լեզվի Արմեն եւ Հայ բառ-խորհուրդներին, որոնք նույնպես այդ իմաստն ունեն: Ըստ երեւույթին` արիական նախալեզվում մեր արարչածին ցեղատեսակը նույն իմաստն արտահայտող տարբեր ձեւերով է անվանվել, որոնցից է եւ ռուս-ը: Շատ բան ասող է, այս առումով, այն, որ Հայկական լեռնաշխարհի հին թագավորություններից մեկի` Վանի թագավորներից մեկը կոչվել է Ռուսա (ի դեպ, ռուսագիտության մեջ նույնպես ռուս ազգի անվան եւ Վանի թագավորի անվան կապի այս վարկածին մենք հանդիպում ենք): Նկատենք նաեւ, որ հայոց լեզվում կա ռես (տանուտեր) բառ-խորհուրդը, որի եւ ռուս-ի իմաստային կապը նկատելի է:
— Ռուսագիտության մեջ կա վարկած, ըստ որի ռուս ազգի նախահայրենիքը եղել է Հայկական լեռնաշխարհի Վանի թագավորությունը, որից ելնելով էլ Իվան եւ Վանյա (այսինքն` Վանից եկած, վանեցի) անունների իմաստը բացատրվում է: Կարծում ենք, ուշադրության արժանի վարկած է…
— Ինչպես հայտնի է, արիական ծագում ունեցող ազգերի մի ամբողջությունը անվանվում է սլավոն: Ըստ մեզ` լեզվաբանորեն բառ-խորհուրդը կազմված է նախաարիական (նախահայկական) լեզվի ս հունչարմատով (ս-ի անցումն է զ-ն, օրինակ` զկարմրիկ բառում), լավ (բառի ավ արմատը նշանակում է ուժականություն, էություն, կյանք…) բառով եւ ան/ոն բառարմատով (նշանակում է ծնունդ, պտուղ, սերում): Եվ, հետեւաբար, սլավոն-ը նշանակում է ուժածին, կենսածին:
Այնպես որ, կարծում ենք, դեպի հայոց լեզու (հատկապես հայոց լեզվի դիցաբանական շերտեր) գալը ռուսաց լեզվին շատ բան կարող է տալ:

Քուրմ Մանուկ

Հ.Գ.- խմբ. կողմից — Որոշ տեսակետների համամիտ չլինելով` սույնը տպագրում ենք քննարկման ակնկալիքով:

“Լուսանցք” թիվ 143, ապրիլի 2-8, 2010թ.

Advertisements

One Response to “Ռուսաց լեզվի հայ դիցալեզվային ակունքը”

  1. Աշոտ Says:

    Ըստ իս, հոդվածն ոչ մի գիտահանրամատչելի արժեք չի ներկայացնում:
    Բերված “փաստարկների” մեծամասնությունը ուղղակի ռուսերեն լավ չիմանալու, կամ “վառ” երևակայության արդյուքն են:
    Այն, որ հայերեն և ռուսերեն լեզուները նույն լեզվընտանիքին են պատկանում (իսկ դա նշանակում է սկզբանավորվել են նույն պրոտո-հնդևրոպական նույն լեզվից) վաղուց ապացուցված է և կարիք չկա կրկին ապացուցել, մանավանդ նման թույլ և ակնհայտ ոչ մասնագիտական համեմատություններով: Հենց մենակ “Իվան-Վանյան” արդեն հերիք է. Վանյա(ռուս.)=Իվան(ռուս.)=Իոան(ռուս. և այլ եվրոպական)=Հովնան(հայ.)=Յոխան(գերմ.)=Խուան(իսպ.)=Ժուան(պորտ.)=Յանուշ(սլավ.) և այլն աստվածաշնչից տարածված անուններ են: Միգուցե կապ կա Վան քաղաքի հետ :))) Սակայն նշեմ, որ “վան” ինքնին պրոտո-հայկական լեզուներում ըստ երևույթին նշանակել է “քարե շինություն, շենք”: Այստեղից ել վնացել է “ավան”-ը ինչպես նաև “վանք”-ը (“ք” = “ներ” ժամ.` հոգնակիակերտ ածանց է): Փաստորեն Իվան=Քաղաքացի :))))))))))))))

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

w

Connecting to %s


%d bloggers like this: