Հայ-թուրքական թեժացում

by


Իշխանական կոալիցիան ապրիլի 22-ին հայտարարություն է արել Հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ: ՀՀ ԱԺ-ում 3 կուսակցությունների քաղաքական խորհուրդներն ընդունել են համատեղ հայտարարություն՝ ԱԺ-ում հայ-թուրքական արձանագրությունների հետագա քննարկման եւ վավերացման հնարավորության վերաբերյալ:

“Վերջին 2 տարիների ընթացքում ՀՀ նախագահը ՀՀ ԱԺ-ի քաղաքական մեծամասնության աջակցությամբ հետեւողական քայլեր իրականացրեց առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունների հաստատման ու զարգացման ուղղությամբ: Այդ գործընթացին իրենց ակտիվ ավանդը բերեցին ԱՄՆ-ն, Ռուսաստանի Դաշնությունը, Ֆրանսիան, Շվեյցարիան: Աշխարհի բազմաթիվ երկրներ դրականորեն արձագանքեցին այդ նախաձեռնությանը՝ ընդգծելով դրա բացառիկ կարեւորությունը տարածաշրջանային կայունության հաստատման ու առկա հիմնախնդիրները քաղաքակիրթ երկխոսությամբ լուծելու հարցում:

Հայկական կողմի կառուցողական ջանքերը եւ միջազգային հանրության ակնկալիքները շարունակաբար բախվեցին թուրքական կողմի անհետեւողական, խուսափողական դիրքորոշումներին, շարունակական նախապայմանների առաջադրման քաղաքականությանը, որը փակուղի մտցրեց 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների խելամիտ ժամկետներում վավերացման գործընթացը: ՀՀ ԱԺ-ի քաղաքական մեծամասնությունն անընդունելի է համարում թուրքական կողմի, մասնավորապես՝ վարչապետ Էրդողանի վերջին օրերի հայտարարությունները, որոնցով կրկին հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը Թուրքիայի խորհրդարանի կողմից անմիջական կախվածության մեջ է դնում ԼՂՀ-Ադրբեջան հակամարտության կարգավորումից:

Միաժամանակ, նկատի ունենալով, որ թուրքական կողմի հրաժարումն առանց նախապայմանների խելամիտ ժամկետներում արձանագրությունները վավերացնելու պարտավորություններից իմաստազրկում է այս փուլում դրանց վավերացման գործընթացի հետագա շարունակումը ՀՀ Ազգային ժողովում, անհրաժեշտ է համարում այդ գործընթացի առկախումը, եւ որպես ըստ անհրաժեշտության քննարկվող հարցի՝ դրանց քննարկումն Ազգային ժողովի քառօրյա նիստերի օրակարգերից հանելը՝ մինչեւ թուրքական կողմը պատրաստ կլինի առանց նախապայմանների գործընթացի հետագա շարունակման”, — նշված է համատեղ հայտարարությունում:

Իր ապրիլի 12-ի ուղերձը գրեթե նույն բովանդակությամբ էր կազմել նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով հավելեց, որ առայժմ “սառեցվում” են հայ-թուրքական արձանագրությունները, բայց ՀՀ-ն իր ստորագրությունը հետ չի կանչում, քանի որ ձգտում է այս հարցի կարգավորմանը եւ խաղաղության: Ս. Սարգսյանը նշեց նաեւ, որ խելամիտ ժամկետներն արդեն անցել են եւ Թուրքիային հնարավորություն չի տրվի այս անգամ էլ Հայոց ցեղասպանության խնդիրը շահարկել:

Կարծիք կա, որ այս հայտարարությունը Թուրքիայի համար հարմար որոշում է: Արտաքին քաղաքականության հարցերով փորձագետ թուրք Յալըմ Էրալփը ասել է, թե “ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ավելի վաղ հայտարարել էր, որ իրենք արձանագրությունների հետ կապված որոշում են կայացրել եւ շուտով հայտարարելու են այդ մասին: Թուրքիայի վարչապետ Էրդողանը Վաշինգտոնում հայտարարեց, որ Անկարան տեր է արձանագրությունների տակ դրած ստորագրությանը: Հայերն ավելի վաղ ստորագրությունը հետ կանչելու առնչությամբ մի օրենք ընդունեցին: Սակայն սա այդ դեպքը չէ:
Ստորագրությունները հետ չեն կանչվում, միայն սառեցվում է արձանագրային գործընթացը: Թուրքիայում էլ, ըստ էության, արձանագրային գործընթացը սառեցված է: Այդ պատճառով Հայաստանի կայացրած որոշումը, դատելով Թուրքիայում տիրող իրավիճակից, հարմար որոշում է: Այն տպավորությունն է ստեղծվում, որ երբ թուրքերը տեղից շարժվեն, հայերը նույնպես գործի կանցնեն”,- հայտարարել է թուրք նախկին դիվանագետը:

Թուրքիայի ԱԳՆ-ն եւս արձագանքել է ՀՀ Ազգային ժողովի օրակարգից արձանագրությունների հարցի հանելու մասին կոալիցիոն ուժերի հայտարարությանը: Էստոնիայում գտնվող Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն զանգահարել է վարչապետին եւ իրազեկել այդ մասին: Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Բուրաք Օզուրգերգինն էլ հանդես է եկել հայտարարությամբ: “Մենք այժմ քննարկում ենք այդ այդ հարցը:
Վերլուծում ենք այդ հայտարարության բովանդակությունը եւ որոշում, թե ինչ քայլեր պետք է կիրառենք”:

Հայկական կողմի կառուցողական ջանքերը եւ միջազգային հանրության ակնկալիքները բախվեցին թուրքական կողմի անհետեւողական, խուսափողական դիրքորոշումներին, շարունակական նախապայմանների առաջադրման քաղաքականությանը, որը փակուղի մտցրեց 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների խելամիտ ժամկետներում վավերացման գործընթացը…

Իսկ հայ-թուրքական արձանագրությունների ի սկզբանե դեմ արտահայտվող քաղաքական դաշինքը նույնպես հայտարարություն է ընդունել, որին մասնակցել են 12 կուսակցության եւ շուրջ 80 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ (այդ թվում՝ Հայ Արիական միաբանությունը եւ Հայ ազգայնականների համախմբումը): Այս ժողովում ընդունվել է մի հայտարարություն, որում ասված է, թե պետք չէ վավերացնել այդ արձանագրությունները, իսկ եթե իշխանությունները ինչ-ինչ պատճառներով պետք է գնան այդ քայլին, ապա անհրաժեշտ է վերապահումներ անել եւ պետք է իսպառ բացառել թուրքական կողմից հնչող նախապայմանները: Հայտարարությունն, այնուամենայնիվ, ավարտվում է արձանագրությունների հետկանչման որոշմամբ.
“- ՀՀ Նախագահից պահանջում ենք՝ դադարեցնել արձանագրությունների կնքման գործընթացը՝ չեղյալ հայտարարել հայկական կողմի ստորագրությունները:
— Հակառակ դեպքում ՀՀ Նախագահից եւ ՀՀ Ազգային ժողովից պահանջում ենք ՀՀ Սահմանադրությանը համապատասխան իրականացնել Սահմանադրական դատարանի որոշումը եւ ՀՀ-Թուրքիա արձանագրությունները չվավերացնել առանց սույն հայտարարության մեջ նշված վերապահումների:
— Միաժամանակ ՀՀ Ազգային Ժողովի քաղաքական մեծամասնությունից պահանջում ենք վերանայել “Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին” եւ “Ազգային ժողովի կանոնակարգ” ՀՀ օրենքներում փոփոխություններ նախատեսող օրինագծի վերաբերյալ բացասական դիրքորոշումը:
— ՀՀ Ազգային Ժողովից պահանջում ենք ընդունել Հայոց Ցեղասպանության ուրացման համար քրեական պատասխանատվություն սահմանող օրինագիծը:
Ներկայացված պահանջները չկատարելու դեպքում արձանագրությունների կնքման դեմ համախմբված ուժերը պատրաստակամություն են հայտնում ազգային շահերին սպառնացող ստեղծված վտանգի դեմ ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով ազգային գերակա շահերով պայմանավորված պայքարելու` մինչեւ ստեղծված վտանգների լիակատար վերացումը”:

Վահագն Նանյան
Արման Դավթյան

“Լուսանցք” թիվ 146, ապրիլի 23-29, 2010թ.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: