90-ականների սկզբներին Հայաստանում մի պատմություն էր շրջանառում, որ մի ինչ որ ֆրանսիացի լրագրող հրաժարվել է մեր ցայտաղբյուրից (պուլպուլակ) ջուր խմել, քանի որ այդ ջրի համար չի վճարել: Եվ շատերը զարմացած, դրա մեջ իմաստ եւ առաքինություն էին տեսնում, այլ ոչ տգետ ոտնձգություն՝ մեր Էությունից բխող արժեքների հանդեպ:
Եվ ցայտաղբյուրի այս պատմությունը մեր՝ օտարի կողմից շեղամեկնության դատապարտվող արժեքներից միակը, եւ առավել եւս առաջինը չէ:
Օտարի դատարկ խոսքով մեր Էությունը դատարկելը դարերի տարեգրություն ունի:
Իսկ մենք ունենք այդ տարեգրություններից դառնացած ու ծանրացած վիճակագրություն:
Օտարների առաքինություններն ու թերությունները զննելը եւ այդ ուսումնասիրությունների հետեւանք հանդիսացող թեր ու պռատ հետեւությունները “ջրիկ” լինելով հանդերձ, կարողանում են մեր հասարակության բավականին ստվար հատվածի մտածելակերպը կարծրացնել:
Մարդիկ կորցրել են սեփական ուշադրության տերը լինելու կամքը, ունակությունը, զգացողությունը:
Չեն զգում մարդիկ, որ ուրիշի առաքինություններին չափազանց ուշադիր լինելով կարող են կորցնել սեփական առաքինություններին տրամադրելու ժամանակը:
Չեն զգում մարդիկ, որ ուրիշի առաքինությունները շալակելով կորցնում են սեփական առաքինությունների թեթեւությունը:
Չեն զգում մարդիկ, որ ուրիշի թերությունների վրա ուշադրություն ծախսելով կարող են մսխել սեփական թերությունները շտկելու ժամանակը:
Չեն զգում մարդիկ, որ ուրիշի թերություններից կառչելով դառնում են դրանց ակամա բեռնակիրը:
Վաղու՛ց չեն զգում:
Այդպես անզգա դարեր են անցել:
Շատ արհավիրքներ մենք չենք շրջանցել՝ զի չենք զգացել: Եվ այդ պատճառով դրանցից բխած ցավն ենք զգացել ու շատ ողբացել:
Արթնացիրր, Հայ մարդ:
Քո հիշողության վրա շերտ կապած սեւ փոշին սրբիր:
Շատ ես ողբացել, սակայն լավ գիտցիր, որ չես որբացել:
Քեզ մարմին տվող ու Շունչ պարգեւող Դիցերն անմահ են:
Եվ այդ Դիցերի կրծքում տրոփող Սերն անսպառ է:
Եվ քո ուղղությամբ ճառագվող Սերը չի մարել երբեք ու չի մարելու:
Բավ է այդ Սերը փնտրես գրքերում, կամ էլ վաղանցուկ հիմար կրքերում:
Բավ է այդ Սերը առեւտուր կարծես:
Պարզապես զգա:
Նախնեացդ նման եղիր զգայուն, զգոն ու զգացող:
Դիցերիդ զգա եւ Դիցամորը, որին քո Նախնիք ի թիվս բազում Սուրբ կոչումների, անվանում էին Մայր Զգացողությանց:
Անդրանիկ Աթոյան
Հ.Գ. — Հեղինակը վարում է Դասական Յոգայի առողջարարական եւ ճանաչողական վարժանքներ: Ունի համապատասխան վկայագիր: Նաեւ զբաղվում է Ու-շու արեւելյան մարտարվեստով:
Հետաքրքրվողները կարող են դիմել ընդունարան՝ (010)23-97-87, բջջ.՝ 095.78-91-13 հեռախոսահամարներով:
Էլ.հասցե՝ areguny@gmail.com
“Լուսանցք” թիվ 146, ապրիլի 23-29, 2010թ.
Թողնել պատասխան