Հակոբ Սանասարյանի հեղինակությամբ լույս է տեսել “Հայոց եկեղեցու պատմությու՞ն, թե՞ հուդայականության եւ սիոնիզմի ձեռնարկ” գիրքը: Գրքի առաջին հրատարակության սպառումից հետո անմիջապես երկրորդ հրատարակումն է եղել:
Գրքի հեղինակը մտահոգված է, որ “ՀՀ հանրակրթական դպրոցի 4-10-րդ դասարաններում դասավանդվող “Հայոց եկեղեցու պատմություն” առարկայի անվան տակ իրականում քարոզվում են հուդայական եւ քրիստոնեական կրոններ”: Այդ մտահոգությունը Հ. Սանասարյանը ներկայացնում է հանգամանալից մեջբերումներով եւ դրանց վերլուծություններով:
Իսկ վերլուծություններից հետո, ամփոփման բաժնում Հ. Սանասարյանը նշում է, որ “դասագրքի հեղինակները մի յուրահատուկ երկյուղածությամբ ու ակնածանքով են շարադրում հրեա ժողովրդի պատմությունը եւ, ընդհանրապես, Իսրայելի մշակույթին վերաբերող նյութերը, երբեմն էլ հօգուտ հրեա ժողովրդի, աստվածաշնչյան հորինվածքները ձեւափոխելով ու գունազարդելով: Փաստորեն, հայ մանուկներին փորձում են դարձնել հուդայականության զինվորներ, այսինքն՝ զինվորներ, որոնք կերտում են սեփական կորուստը… Հայոց ազգային հավատը ոչնչացվեց ավելի քան 1700 տարի առաջ, իսկ դրան փոխարինած օտար ու քայքայիչ գաղափարախոսությունը մարմնավորող կառույցն առ այսօր կոչվում է Հայոց եկեղեցի: Այժմ էլ փորձում են նույն ճակատագրին արժանացնել Հայոց դպրոցին. անվամբ… Հայոց, սակայն իրականում ապազգային…”: Այնուհետեւ հեղինակը պետական պատասխանատու այրերին եւ մտահոգ մարդկանց կոչ է անում. “Դպրոցներում եւ ուսումնական մյուս հաստատություններում դասավանդվող այս առարկան պետք է ենթարկվի մանկավարժության տրամաբանությանն ու ոգուն: Իսկ իրական մանկավարժությունը կոչված է մարդուն հասու դարձնել կյանքի բնականոն զարգացումը, ինչպես նաեւ էթնիկական առանձնահատկության պահպանումը, այն դեպքում, երբ “Հայոց եկեղեցու պատմություն” առարկան ոչ գիտական գիտելիքներ է մատուցում”: Ըստ հեղինակի, այդ առարկայի դասավանդումը եւ ապա դասագրքերը գիտական ու հասարակական համակողմանի քննարկման նյութ պետք է դարձնել, “թե չէ ինչ հիմնավորմամբ ու իրավունքով, մի քանի անհատների (անկախ նրանց գրաված դիրքից) ցանկությամբ, դպրոց է մտնում հակամանկավարժական եւ մարդու միտքը խեղող այդ առարկան”:
Հիշեցնենք, որ “Լուսանցք”-ի էջերում մի քանի անգամ արդեն իսկ ներկայացվել են հիշյալ դասագրքերից մեջբերումներ ու վերլուծություններ:
Անի Մարության
“Լուսանցք” թիվ 148 մայիսի 7-13, 2010թ.
Թողնել պատասխան