Իշխանությունների` եկեղեցուց վախը. պատմություն եւ արդիականություն

by

Լսի՛ր Պապ թագավորին. “Դու իմ տունս քանդեցիր, ինձ վառեցիր”
(թագավորի խոսքը Ներսես կաթողիկոսին` ըստ Փավստոս Բուզանդի)

Ճշգրտեմ. խոսքը հիմար ու խելապակաս, թե իրեն, թե եկեղեցուն չճանաչող “իշխանության”` եկեղեցուց վախի մասին չէ, ով վախեցած է ծնվել, աչքին անընդհատ գոռնափշտիկ է երեւում, ում, հետեւաբար, եկեղեցու “դժոխքը”, “գեհենի բաժինը”, “աստվածային պատիժը” այն աստիճան է սարսափեցնում, որ պատրաստ է այդ ամենից հեռու մնալու համար եկեղեցու ամեն մի քմահաճույք կատարել: Խոսքս ինքնապահպանման բնազդ ունեցող, “խոհուն” իշխանավորի վախի մասին է, ով քրիստոնեությունից լրիվ հեռու լինելով ու դրա ինչ լինելը բնավ չհասկանալով, այնուամենայնիվ, գիտի` ումից է վախենում, ինչու է վախենում եւ թե ինչ պետք է անի, որ իրեն վախեցնողը իր օձագլուխ գավազանը հանկարծ գետնին չխփի… Այս երկրորդը, քրիստոնեությանն ու դրա եկեղեցուն ներքուստ անգամ հակառակ լինելով` այնուամենայնիվ վախենում է` թելադրված գոյության պայքարի իր տրամաբանությամբ ու մարտավարությամբ… Այս վախն էլ է վախեցողին աստիճանաբար ի կորուստ տանում, բայց դա համեմատաբար տանելի վախ է:
Որոշակիության համար փաստերի լեզվով խոսենք` թե հայոց պատմությունից եւ թե մերօրյա կյանքից վերցված: Նախասկզբնական վախի (անվանենք դա տրդատյան վախ) մասին մի փոքր հանգամանորեն խոսենք,-վախ, որից սկսվեցին մյուս բոլոր վախերը:
297թ. Հռոմի եւ Պարսկաստանի միջեւ 40 տարով կնքված Մծբինի հաշտության պայմանագրով, որում թելադրող կողմը առաջինն էր, Տրդատը Հռոմի կողմից հռչակվեց Հայոց թագավոր, եւ նա, հռոմեական մի ամեհի բանակի գլուխն անցած, եկավ Հայաստան` տեղի պարսկամետ հայ ընդդիմությունը ճնշելու եւ Հռոմի տիրապետության տակ հռոմեա-հայոց թագավորությունը գլխավորելու: Պայմանագիրը Հռոմին իրավունք տվեց Հայաստանի ռազմավարական առումով կարեւոր երեք քաղաքներում զորակայաններ հիմնել: Այդ պայմանագրով Պարսկաստանին արգելվեց դույզն անգամ խառնվել Հայաստանի գործերին: Հայաստանը ու նրա, փաստորեն, դրածո թագավորը վասալային կախման մեջ ընկան Հռոմից: Թագավորության գործերը ըստ կայսերական պլանի կարգավորելուց հետո Տրդատը, սակայն, համարձակություն ունեցավ ինչ-որ չափով ինքնուրույն քայլեր ձեռնարկել. օրինակ, հայ ազգային հեթանոսական հավատքը, որը որոշ ընդհանրություններ ուներ պարսկական զրադաշտականության հետ, ամրապնդել: Դա Հռոմին գրգռեց: Եվ նա մտածեց Տրդատից վրեժ լուծել: Լայն պլանով նրա հետապնդածը, իհարկե, հայոց թագավորության վերացումն էր: Տրդատի ուժը երկրի ուժն էր, իսկ երկրի ուժը նրա հավատքի մեջ էր: Ահա եւ Հռոմը որոշեց Տրդատի երկրի հավատքին էլ գլխավորապես կպնել, այն վերացնել ու դա փոխարինել կայսրության` ամեն մի տուն քանդող կրոն-գաղափարախոսությամբ` քրիստոնեությամբ: Դա անելու համար Հռոմը Հայաստանում բավականաչափ ուժեր ուներ. ա/ իր իսկ` Տրդատի կողմից Հռոմից բերած բանակը եւ Հայաստանում հաստատված զորակայանների ուժերը, բ/ վաղօրոք Հայաստանում եկած-հաստատված կամ բերված կամ էլ աքսորված այլազգիների ու ժողովուրդների հոծ բազմությունները (օրինակ, պահլավիկ Կամսարականներն ու Ամատունիները, սեմածին հրեաներն ու ասորիները, ճենազն Մամիկոնյանները): Սրանց մեջ երկրի բնիկների նկատմամբ առավել չարությամբ էին լցված հատկապես դեռեւս Տիգրան Մեծի ժամանակ Բարզափրան Ռշտունու կողմից Հռոմի արվարձաններից որպես գերի Հայաստան բերված հրեաները (սրանք գլխավորապես ապրում էին Վանում, Տիգրանակերտում եւ Հայաստանի սրտում` Վաղարշապատ մայրաքաղաքում ու Արտաշատում…): Սրանք, ըստ Խորենացու, առաջինը “սուրբ Գրիգորի եւ Տրդատի ժամանակ հավատալով Քրիստոսին” (մեր կողմից արդեն հավելելով ասենք), հենց կազմեցին ընդդեմ Հայաստանի ու հայոց հավատքի ներքին ապստամբական գլխավոր ուժերից մեկը: Հռոմը Հայաստանի հավատափոխությունը գլուխ բերելու համար ընտրած ուներ մի “անփոխարինելի” ղեկավար` Տրդատի “սիրելի գրագիր” (…) Գրիգորիսին, ով իր ափեափ լցված անձնական ու տոհմական վրեժն ուներ Տրդատի ու նրա երկրի հանդեպ:
Պատմական մանրամասների մեջ չմտնելով (դրանք բազմիցս լուսաբանվել են “Հայ-արիներ”-ում ու “Լուսանցք”-ում)` ընդհանուր կարգով նշենք, որ 301թ. նախօրյակին Հայաստանում ընդդեմ Տրդատի, նրա երկրի ու հավատքի ձեւավորվել էր օտարականների ապստամբական մի հզոր բանակ (ըստ պատմիչ Հովհան Մամիկոնյանի` մոտ 150 հազարի հասնող): Այդ բանակը Հայաստանի կենտրոնում` Վաղարշապատում ու Արտաշատում իր եղեռնական գործն անելով (ավերել, թալանել էին Վաղարշապատը, սպանել էին քաղաքի բնակիչներից շատ-շատերին, գերել էին ամբողջ արքունիքն ու թագավորի հետ մայրաքաղաքից որսի դուրս եկած շատ-շատ նախարարների ու իշխանների…)` Տրդատ թագավորին ու նրա նախարարներին կանգնեցրել էին երկընտրանքի առաջ. կամ` “դարձի” գալ (այդպես, փաստորեն, ընդունել երկրի աստիճանական մահը), կամ էլ` ականատես լինել եղեռնի շարունակությանն ու դրա` իր լրումին հասնումին (այսօրվա եզրույթով` ցեղասպանությանը): “Ինձ տեսիլք երեւաց այս գիշեր. մի մարդ1 եկավ պատմեց ինձ, թե ձեզ (հայերիդ,-Ս.Մ.) վրա հասած հարվածներից բժշկություն չի լինի2, եթե մարդ չուղարկեք Արտաշատ քաղաքը` այնտեղից բերելու կապյալ Գրիգորին3: Նա գալով կսովորեցնի ձեզ ցավերից բուժվելու դեղը4″,-ասում է թագավորի քույրը իր պես գերի հայերին (Ագաթանգեղոս): “Տեսիլքը” Խոսրովադուխտին “հինգ անգամ” էլ է հայտնվում եւ “սպառնալիքով կրկնում”, որ իր ասածի պես չվարվելու դեպքում “մեծամեծ տանջանքներ կկրի, եւ մարդկանց ու թագավորին հարվածները առավել եւս կսաստկանան մահվամբ ու պես-պես տանջանքներով…” (նույնը): Վերջ ի վերջո` Տրդատ թագավորը տեսնելով համակենտրոնացման ճամբարում իր պես տեսակ-տեսակ կտտանքների ենթարկվող հայրենակիցների տանջանքները եւ լսելով նրանց` իրեն ուղղված` ելք գտնելու աղաչանքները, չդիմանալով կոտրվում է եւ որոշում Գրիգորիսին “խնդրել”. “Ես էլ ձեզ հետ (որպես գերի,-Ս.Մ.), որպես ձեզանից մեկը, ձեր օգուտը (Գրիգորիսից,-Ս.Մ.) կխնդրեմ եւ դուք սրտանց խնդրեք ձեր բժշկությունը”,-ասում է նա (Ագաթանգեղոս): Այնուհետեւ, հանուն ընդհանուր “օգուտի”, թագավորը նախարարների եւ իշխանների, մյուս գերիների “հավանությամբ” որոշում է “գործը երանելի Գրիգորի ձեռքը հանձնելու (այսինքն` թագավորից դառնում է Գրիգորիսի կամակատարը,-Ս.Մ.), որպեսզի նախկին հայրենի հնամենի եւ նախնիների ու իր կողմից Աստված անվանված չաստվածները անհիշատակ դարձնի, մեջտեղից ջնջի”: Իսկ դա ասում է այն մասին, որ Տրդատը, նրա նախարարներն ու իշխանները քրիստոնեությունը չեն ընդունել (էլ չասած ընդհանրապես հայի մասին, որի մասին է վկայում այն, որ նա կենաց մահու դիմադրություն ցույց տվեց այդ կրոնը տարածողներին): Հայաստան քրիստոնեությունը մուտք է գործել ստիպողաբար ու հարկադրանքով, որից արյան գետեր են հոսել: Հայը այդ կրոնը ընդունել է առերեւույթ, ձեւականորեն, տարածաշրջանային ու տեղային ինչ-ինչ հանգամանքների բերումով` այլ ճար չունենալով: Իսկ իրականում նա շարունակել է ապրել իր հնամենի հայրենական հավատքով: Սա “հայ” հիմար պատմաբանը, ով սքեմավորի ազդեցության տակ հակառակն է պնդում, պետք է իմանա: Այդպիսինի մտքի աչքը քրիստոնեական պատմիչի արտահայտած, շա՜տ բան ասող, խոստովանանքը խոթենք. “Վաղուց ի վեր, երբ նրանք (ոչ հայ պատմիչն ասում է հայերի վերաբերյալ,-Ս.Մ.) քրիստոնեության անունն ստացան, այդ կրոնը հանձն առան հարկից ստիպված5` իբրեւ մի մարդկային սովորություն, իբրեւ մի մոլորություն, առանց ջերմեռանդ հավատի… Նրանք… իրենց ժամանակը մաշում էին պարսավելի (նկատի է առնում հեթանոսական,-Ս.Մ.) կրթություններով, հին հեթանոսական սովորություններով… Նրանք սիրում էին իրենց առասպելների երգերը, վիպասանությունները, նրանցով կրթվում էին, նրանց հավատում էին, նրանց մեջ հարատեւում” (Բուզանդ): Լսու՞մ ես, քո հայրենի հավատքը ուրացող “հայ” պատմաբան, հայը քրիստոնեությունը չի ընդունել: Քրիստոնեությունը հայի` որպես թե ավանդական ու պապական կրոն ներկայացնող եկեղեցական, դու՛ էլ լսիր: Դու՛ էլ իմացիր, որ հայը էն գլխից արգահատանք է ունեցել քո կրոնի նկատմամբ:
Այն, թե ինչ բերեց Տրդատի, հայ նախարարների ու իշխանների վախը` մարտիրոսվելու վճռականություն չունենալը երկրի գլխին,-պատմությունն իմացողն արդեն գիտի: Եկեղեցին իր ոչ հայ սպասավորների միջոցով դարձավ երկրի` թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ դատաիրավական, թե՛ հոգեւոր ու մշակութային տեր-տիրակալը: Թագավորության մեջ քայքայիչ մի եկեղեցի-պետություն առաջացավ, որը թագավորությունը աստիճանաբար դեպի մահ տարավ: Վայ նրան, ով ընդդիմանում էր եկեղեցու կամքին ու հանդգնում էր հագուրդ չտալ նրա նյութապաշտական մղումներին: Իրավիճակը լավ է ներկայացրել հայ հանճարը` Գրիգոր Նարեկացին. “Իրենց չնչին, չքոտի տեղով ոչ միայն ռամիկների ու խառնիճաղանճների,/ Այլեւ ահագին հզոր թագավորների կփախցնեն նրանք6,/ Կհանեն վերը` դստիկոնը բարձր ապարանքների (ինչպես Տրդատին բարձրացրին,-Ս.Մ.) / Եվ կամ բացօթյա կբնակեցնեն (այդպես վարվեցին Տրդատի հետ,-Ս.Մ.): / Շատ քաջեր անգամ, որոնք իշխեցին ամբոխների վրա / Եվ ժողովուրդների տիրեցին, եւ ազգերի քաղաքներ առան, / Խոստովանում են պարտությունն իրենց զորեղ ձեռքերի, / Թե` “Որովհետեւ չկարողացանք մեզանից հզորների բռնությանը դիմադրել, / Այդ պատճառով էլ խույս տվինք ահա եւ հասանք այստեղ”7″: Բնականաբար, Տրդատից հետո Արշակունի թագավորական դինաստիա (իսկ լայն կտրվածքով` հայ ազնվականություն ու պարզապես հայ) – եկեղեցու գլուխ կանգնած Գրիգորիսի տոհմ թշնամանքը շարունակվեց: Եվ այդ թշնամանքից քիչ արյուն չհոսեց. մեկը մեկին ոչնչացրեց: Սակայն… Գրիգորիսի տան հիմնած եկեղեցին մնաց: Նկատենք նաեւ, որ Արշակունյաց դինաստիա-Գրիգորիսի տոհմ (եկեղեցի) թշնամանքը խիստ ձեռնտու էր թե՛ Հռոմ-Բյուզանդիային եւ թե՛ Պարսկաստանին, քանզի այդպես այդ երկրները երկուսին էլ պահում էին իրենց ազդեցության ներքո:
Չնայած կար արյունարբու եկեղեցուց ու նրա վրիժառու առաջնորդներից վախն ու սարսափը, այնուամենայնիվ, դա հայերին ստիպում էր նաեւ ինչ-ինչ ռիսկային հակաքայլեր անել: Արշակունի հայ թագավորները, նախարարներն ու իշխանները եւ պարզապես հայերը, չկարողանալով արմատախիլ անել եկեղեցին, իրենց վրեժն ուղղում էին նրանց առաջնորդների կամ առանձին եկեղեցական սպասավորների դեմ: Այդպիսի փաստերը լեփ-լեցուն են:

1 Խոսքը ապստամբների կողմից հայ գերիների ճամբար ուղարկված մի պատվիրակի մասին է:
2 Այսինքն` ամբողջովին դեպի մահ կգնաք:
3 Սա, վաղօրոք, Տրդատի հրամանով բանտ էր նետվել:
4 Այդ “դեղը”, փաստացի, երկիրը աստիճանաբար դեպի մահ տանող քրիստոնեությունն էր:
5 Այսինքն` չեն ընդունել, այլ` արտաքին ճնշման ազդեցության տակ ընդամենը “հանձն են առել”:
6 Մանավորապես նկատի է առնվում “հանդերձյալներին”` սեւ կնգուղավորներին “հիշեցնողները”:
7 Նարեկացին այստեղ բերում է միջնադարյան հայ եղեռնապատումից մի դրվագ:

Ահա թե ինչպես “ընդունեցին” Արշակունի թագավորները, նրանց նախարարները եւ պարզապես հայը եկեղեցու առաջնորդներին: Նրանք, այլ ճար չունենալով, ստիպված էին անհատական վրիժառությամբ իրենց ոխը եկեղեցուց հանել:
- Գաղտնիության շղարշով է պատված եկեղեցու հիմնադրի` Գրիգորիսի մահը: Նա, ըստ Խորենացու, իր կյանքի վերջին շրջանում լեռներում “երկար տարիներ աներեւութաբար ապրելով”` այդտեղ էլ մահանում է: Թե՛ իր հոտից նրա կտրվելն ու մեկուսանալը եւ թե՛ նրա մահը հաստատ հայի վրիժառության պարագայով է պայմանավորված:
- Գրիգորիսին հաջորդող Արիստակեսը սպանվում է հայազուն Արքեղայոս անվամբ մեկի կողմից, ով Չորրորդ Հայքի վերակացուն էր (Խորենացի): Այդ սպանությանը Արշակունի տան մատը հաստատ խառն է եղել:
- Արիստակեսին հաջորդող Վրթանես կաթողիկոսի դեմ Տարոնում “լեռան բնակիչները նախարարների թելադրությամբ դավ են սարքում` կամենալով նրան սպանել”: Բայց մահափորձը չի ստացվում: Դրա հետեւանքը լինում է այն, որ հայկազուն հին երեք նախարարական տոհմեր (Բզնունյաց, Մանավազյան եւ Որդունի) ոչնչացվում են (տես Խորենացի), որում էլ, դժվար չէ ենթադրել, եկեղեցու մատն է խառը եղել:
- Նույն մեր Խորենացին վկայում է, որ Փայտակարանում եպիսկոպոս նշանակված “Գրիգորի սերնդից” Գրիգորն սպանվում է տեղի հայերի կողմից:
- Գրիգոր անվամբ մեկ այլի` Աղվանքի ու վրաց կողմերի եպիսկոպոս նշանակված Վրթանեսի որդու մահվան մասին էլ հիշենք. սրան էլ սպանել է տալիս տեղի թագավորը` նրան ձիու պոչից կապելով եւ մինչեւ մահանալը քարշ տալով:
- Վրթանեսից հետո նրա աթոռը ժառանգում է Հուսիկ որդին, ում այդ ժամանակվա Արշակունի թագավոր Տիրանը հրամայում է “ճիպոտներով այնքան երկար ձաղկել”, որ այդ ծեծից նա մահանում է (տես Խորենացի):
- Նույն Տիրան թագավորը կախաղան հանելով` սպանել է տալիս նաեւ, դեռեւս Գրիգորիսի կողմից քորեպիսկոպոս նշանակված, ոմն Դանիելի (տես Խորենացի):
- “Մեծ Ներսես” հորջորջված կաթողիկոսի` “Հունաստան գնալիս իրեն տեղապահ նշանակած Խադը” Արշակ թագավորի հրամանով “ծեծվում ու քարկոծվում է” եւ մի կերպ կենդանի է մնում:
- Թշնամանալից են լինում նաեւ Պապ թագավորի եւ Ներսես կաթողիկոսի հարաբերությունները: Մի օր թագավորը, արտահայտելով իր տոհմական թշնամանքը, եւ թեեւ կար “Հունաց թագավորի ահը”, այնուամենայնիվ, համարձակություն է ունենում նրան ասելու. “Դու իմ տունս քանդեցիր, ինձ վառեցիր” (Բուզանդ), (այս եւ հաջորդիվ ընդգծումներն իմն են): Եվ չկարողանալով տանել իր “տան թշնամուն”` նրան օրերից մի օր թունավորելով սպանել է տալիս (տես Բուզանդ): Այս ամենը մի՞թե քրիստոնեությունը կամովին ընդունելու մասին են վկայում:
Հարց է առաջանում. Արշակունի թագավորները բնական ատելությամբ լցված լինելով Գրիգորիսի տան նկատմամբ` ինչու՞ էին հանդուրժում նրա գոյությունը իրենց կողքին, ավելի ստույգ` իրենց գլխին: Այլ ելք չունեին` Գրիգորիսի տան թիկունքին կանգնած էր Բյուզանդիոնը, որին նրանք դեմ չէին կարող դուրս գալ, քանզի նույն այդ կայսրությունը նաեւ իրենց թիկունքին էր կանգնած եւ պաշտպանում էր իրենց` տոհմական թշնամի պարսկական Սասանյան դինաստիայից: Արշակունյաց թագավորական դինաստիան փրկելու խնդիրը կար. ահա եւ Արշակունի թագավորները հանուն դրա համակերպվում էին իրենց թշնամու ու դրա հիմնած եկեղեցու` իրենց երկրում անցանկալի գոյության իրողության հետ: Իսկ այդ թշնամին Արշակունյաց թագավորական դինաստիայի գոյությունը երկար չհանդուրժեց. Հայաստանում հաստատվելուց կարճ ժամանակ անց նա նրան վերացրեց (դրանից կարճ ժամանակ անց ինքն էլ, իհարկե, վերացավ. Սահակ Պարթեւը եղավ Գրիգորիսի տան վերջին արու զավակը…):
Գանք, սակայն, Հայաստանյայց եկեղեցու արածներին, որոնք հայ իշխանավորի (եւ ընդհանրապես հայի) մեջ անասելի վախ գցեցին, որից նա տակավին մեր օրերում չի կարողանում ազատվել:
Գրիգորիսից հետո նրա հիմնած եկեղեցին հետեւողականորեն շարունակեց նրա “գործը”` հայի նկատմամբ կենսաբանական ու հոգեւոր եղեռնը, հայի ուծացումը, հայազունների (հատկապես` հայ ազնվականության) ոչնչացումն ու հայրենիքից վտարումը, եկեղեցու առանց այդ էլ անչափելի հարստությունների բազմապատկումը, երկիր այլազունների ու խառնածինների բերումը եւ դրանց` Հայաստանի հարուստ վայրերի հատկացումը, եկեղեցու ռազմական ուժերի ամրապնդումը, հայ-հայ թշնամանքների սարքումը, երկիր հային թշնամի բանակների գայթակղում-բերումը եւ այլն: Հայոց սուրբ հողը դարձավ եկեղեցու ոտքի կոխան, նա էր ամեն ինչի սկիզբն ու վերջը (երկիրը մի փոքր շունչ էր քաշում պարսից տիրապետության ժամանակ միայն): Եվ ստացվում էր` ամբողջ երկիրը արարում, ստեղծում, քրիտինք էր թափում` անկշտում եկեղեցուն պահելու համար: Դա բացորոշ արտահայտվեց հատկապես “Ներսես Մեծ” հորջորջվող կաթողիկոսի ժամանակ: Խորենացին գրում է, որ հնուց ի վեր Հայաստանում “բորոտները հալածվում էին իբրեւ օրենքով պիղծ ճանաչված մարդիկ, ուրուկներին էլ փախուստի էին ենթարկում, որպեսզի ախտը նրանցից ուրիշների վրա չփոխադրվի1, նրանց կացարաններն անապատներն էին եւ ամայի տեղերը… Բացի դրանցից, հաշմանդամները չէին խնամվում, անծանոթ հյուրեր չէին ընդունվում, օտարականները պաշտպանություն չէին գտնում”: Ներսես կաթոողիկոսը, սակայն, իր լրումին հասցնելով Գրիգորիսի սկսածը, ամենալավագույն պայմանները ստեղծեց թափառաշրջիկների, մուրացկանների, ախտավորների ու օտարականներ համար. “Նա,-գրում է մեր նույն պատմիչը` Խորենացին,-հրամայեց, որ ամեն մի գավառում շինեն աղքատանոցներ, որպեսզի հունաց հիվանդանոցների նման մխիթարություն լինեն մարմնով վշտացածներին: Այս հիվանդանոցների վրա բաշխեց ավանները եւ ագարակները, որպեսզի իրենց արտերի արդյունքներից, արածող անասունների կթից ու բրդից բաժին հանեն եւ պարտավորաբար նրանց պետքերը հոգան… Նույնպես սահմանում է, որ բոլոր գյուղերում իջեւաններ շինվեն օտարականների համար, սնունդի տեղեր որբերի եւ ծերերի համար եւ խնամք չքավորների համար: Շինում է նաեւ անապատ եւ անմարդաբնակ տեղերում եղբայրանոցներ եւ մենաստաններ (այդ թվում` կուսանոցներ,-Ս.Մ.) եւ մենակյացների համար խրճիթներ”: Բուզանդն էլ ավելացնում է, որ “Ներսեսի…տարիներին Հայաստանի բոլոր սահմաններում չէր կարելի տեսնել աղքատներին մուրալիս. այլ այն ժամանակ նրանց հանգստի տեղերը, այսինքն` ուրկանոցները, բոլոր մարդիկ նրանց համար անում էին այն ամենը, ինչ-որ պետք է նրանց: Հենց այնտեղ նրանք առանց կարիքի էին ու լիացած”: Նկատենք, որ պատմիչների հիշատակած այդ բոլոր` խնամքի արժանացողները ոչ հայեր էին, քանզի հայերը դրա կարիքը չունեին: Եվ կաթողիկոսը իր այդ քայլով, փաստորեն, դարձավ այդպիսիններին Հայաստան հրապուրող-բերողը: Նա շարունակում էր իր կրոնի հիմնադրի` խեւապաշտությունը, հիվանդապաշտությունը, կուսապաշտությունը եւ նման այլ` մարդու բնությանը անհարիր պաշտամունքի ձեւերը իրականացնողը,-ինչ կարող ես ասել:
Կարելի է ասել` այդ Ներսեսի ժամանակ երկիրը վերածվել էր ուրկանոցներ, բորոտանոցներ, այլեւայլ ախտավորանոցներ, հյուրանոցներ կառուցող ու դրանք պահող մի երկիր: Էլ ինչպե՜ս թագավորը այդ կաթողիկոսին չասեր, թե “տունս քանդեցիր”` մի պահ մոռանալով նրա ահն ու սարսափը: Քանի որ խոսք եղավ Ներսես կաթողիկոսի մասին, հիշենք Բուզանդի` նրա մասին մեկ այլ ասած էլ: Ներսեսը “ում անիծում էր` նա անիծվում էր”: Հիրավի` նա անիծեց Արշակունյաց թագավորական դինաստիան եւ… այն վերացավ (իհարկե, դա չպետք է հասկանալ զուտ անիծելու իմաստով. նա իր չափով գործնականորեն ամեն ինչ արեց թագավորության վերջը տալու համար):
Եկեղեցական այդ անե՜ծքը… Եթե հնուց եկող “հոգեւոր” մի բան եկեղեցին կատարելության է հասցրել, ապա դա անեծքն է: Եվ հայ իշխանավորը որքա՜ն է վախեցել եկեղեցական անեծքից` պատմությունից ու իր ապրած իրականությունից իմանալով, որ այդ անեծքը վաղ թե ուշ իրականանում է, այսինքն որ` սնահավատությունից անցնելով իրականության ոլորտ` անիծողը ամեն ինչ անում է իր անեծքը կյանքի կոչելու համար:
Այս առումով Սյունյաց տան պատմիչ Ստեփանոս Օրբելյանը իր “Պատմության” մեջ մի շատ բան ասող փաստ է հիշատակում: Սյունյաց մի իշխան եկեղեցուն մի կալվածք է “նվիրում”, որն ահա թե ինչպես է հիմնավորում. “Սա ես հանձնեցի իմ կամքով եւ ոչ թե հարկադրանքով… կամ թե չէ հարբած լինելով, այլ երկյուղ կրելով առաջին հայրապետներից2, իշխաններից ու սոսկալի նզովքներից… սրտիս սիրով տվեցի իմ հոգու փրկության համար”: Եկեղեցուց վախեցած հայ իշխանավորը գիտեր, որ երկրի տեր-տիրակալը եկեղեցին է եւ բավարարում չտալ նրա ընչաքաղցությանը, կնշանակեր զրկվել ոչ միայն իր ամբողջ իշխանությունից, այլեւ` իր ու իր տոհմի կյանքից:
Մի բան, որ անտեսեցին շատ-շատ հայ թագավորներ, նախարարներ, իշխաններ եւ իրենց ամեն ինչով կորստյան մատնեցին: Օրինակ, Ներսես կաթողիկոսի ժամանակ իր իշխանությունը վայելելու թվացողությունն ունեցող Հայր մարդպետը` զտարյուն հայազունը:
Բուզանդը պատմում է, որ մի օր նա իր պաշտոնի բերումով այցելում է եկեղեցուն պատկանող Աշտիշատ: Այցից հետո կաթողիկոսի տված ճաշկերույթի ժամանակ “երբ նա խմեց ու հարբեցավ (եւ կորցրեց զգոնությունը,-Ս.Մ.)… հարբած դրությամբ սկսեց նախատինք թափել Տրդատ թագավորի վրա, Հայոց Արշակունի թագավորների` կենդանիների եւ մեռածների վրա, նրանց ցեղի եւ արմատի վրա: “Ինչպե՞ս, ասում էր նա, այսպիսի տեղերը տվել են կանանց շորեր հագած հոգեւորականներին եւ ոչ թե տղամարդկանց”… Ասում էր. “Մենք այդ տեղերը կքանդենք. այստեղ պետք է արքունի ապարանք շինել””: Կաթողիկոսը, լսելով դա եւ անցնելով իր “աստծո” փեշի տակ, պարզ է, անիծում է ասողին, ասելով` “Ով որ ագահաբար աչք է դնում եւ ցանկանում է նրան (“աստծուն”,-Ս.Մ.) նվիրվածին3` նա չի հասնի այն նպատակին, ինչ-որ սպառնաց, այլ նրա գործած բազմաթիվ մեղքերը նրա մտադրությունը կխափանեն”: Եվ անեծքը իրականանում է. “Տիրոջ բարկության դատաստանը կատարվում է”, եւ Հայր Մարդպետը եկեղեցու գործակալներից մեկի` ոմն Շավասպի կողմից սպանվում է:
Եկեղեցին հայ իշխանավորի (եւ ընդհանրապես հայի) մեջ իր ահն ու սարսափը տարածում էր նաեւ իր սրբերով` Հակոբով, Կարապետով, Գեւորգով, Սարգսով…` Հայաստանում 301թ. ու դրանից հետո արյան գետեր հոսեցնողներով ու դրանց նվիրված տոներով: Եվ նա հասավ նրան, որ հայը սկսեց այդ “սրբերով” իր երեխաներին անգամ վախեցնել. “Սբ. Սարգիսը կգա…”, “Սբ. Կարապետը կգա…”…
Եվ 301-ից ի վեր հայ իշխանավորի մեջ մտած այդ վախը սերնդեսերունդ փոխանցվել եւ հասել է մինչեւ մեր օրերի իշխանավորը: Դե, եկեղեցին էլ միշտ հավատարիմ է մնացել իր վախեցնելու գործառույթին ու զինանոցին:
Այսօրվա հայ իշխանավորն էլ է եկեղեցուց վախեցած: Եվ դրա հիմքերը նա ունի (թեեւ դրանք այնքան ահասարսուռ չեն, որքան հին ժամանակներում): Եկեղեցին հնուց ժառանգած ու օրավուր աճող ահռելի հարստությունների է տիրում, որոնք անհամեմատ գերազանցում են պետականին: Ժամանակակից աշխարհում տակավին տիրում է նյութակռապաշտությունը, եւ եկեղեցին իր անչափելի նյութական հարստություններով ինչե՜ր ասես կարող է անել. իշխանավոր առնել-ծախել-փոխելը… նրա համար ի՜նչ են որ:
Մանավանդ որ նրա թիկունքին կանգնած է ժամանակակից հզոր գաղափարա-կրոնական ուժը` “Էկումենիկ ուղեգիծ”-ը ու դրա հովանավոր զանազան գերհզոր մասոնական ուժեր:
Եվ զարմանալի չէ, որ մերօրյա իշխանություններից եկեղեցին ինչ պահանջում է (պահանջում եւ ոչ խնդրում…)` տարածքներ, պետական հովանավորության տակ գտնվող հուշարձաններ ու շենքեր, հայ հոգեւոր ու մշակութային կյանքում մենատիրություն, եկեղեցաշինությանը զարկ տալ, հենց պետության կրոնականացում (կրոնապետության հաստատում) եւ այլն, ստանում է:
Եվ որքան իշխանավորը թույլ է լինում, այնքան եկեղեցին իր ցանկությունների մեծ բավարարում է ստանում:
Բայց պետք է ասել նաեւ, որ այսօրվա Հայաստանյայց եկեղեցին,
իր անձնակազմի առումով, միջնադարյանը չէ. նրա կազմը զգալի չափով հայացել է (կամ էլ` նրա խառնածին անդամների արյունը սերնդեսերունդ ինչ-որ չափով մաքրվել է), որը եւ հնարավորություն է տալիս մեր օրերի հայ իշխանավորին (եթե, իհարկե, նա գիտակցում է իր հայ լինելը) իր հինավուրց “վախը չափել” (կամ` “չափել տալ”), դրանով ձերբազատվել իր ավելորդ վախից եւ եկեղեցու հետ նստել մի կլոր սեղանի շուրջ:
Եվ միասին մտածել հայ տեսակի պահպանության ու նորոգումի մասին:

1 Մի՞թե սխալ էր արվում:
2 Պատկերացնու՞մ եք` երկյուղ է կրել անգամ առաջին հայրապետերից, այսինքն` Գրիգորիսից ու նրա սերունդ կաթողիկոսներից……
3 Ըստ կաթողիկոսի` դուրս է գալիս` իր “աստվածը” ագահ չէր, որ բռնագրավել էր Հայաստանի հողերի մեծ մասը……

Սերգեյ Մանուկյան
ԵՊՀ փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի դոցենտ

“Լուսանցք” թիվ 149, մայիսի 14-20, 2010թ.

About these ads

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s


Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 84 other followers

%d bloggers like this: