Կրթակարգ է ու` լի՜քը խնդիրներ

by

Ոստիկանության ակադեմիային ծառայածնե՞ր են պետք

ՀՀ ԱԺ պատգամավորներին են դիմել շուրջ 800 շրջանավարտի ծնողներ, որոնց բողոքը քննարկման առարկա է դարձել ԱԺ գիտության եւ կրթության մշտական հանձնաժողովի անդամների մոտ: Ծնողների բողոքն առնչվում է, մասնավորապես, “Ոստիկանությունում ծառայության մասին” օրենքում վերջերս կատարված փոփոխությանը, համաձայն որի, այսուհետ Ոստիկանության ակադեմիա ընդունվել կարող են միայն պարտադիր զինվորական ծառայություն անցած երիտասարդները:

ԱԺ գիտության եւ կրթության մշտական հանձնաժողովի մի շարք անդամներ որոշել են հանդես գալ առաջարկով, որը փոքր ինչ կշտկի ստեղծված իրավիճակը: Պատգամավորների առաջ քաշած տարբերակով շրջանավարտները ընդունելության քննություններին կմասնակցեն, բայց ընդունվելուց հետո կմեկնեն ծառայության եւ 2 տարի անց արդեն կշարունակեն ուսումը:

Այս տարբերակի շուրջ նույնպես քննարկումներ են ընթանում:

Ծնողները սպասում են ԱԺ նախագահի, իսկ պատգամավորները՝ կառավարության ներկայացուցչի պարզաբանումներին:

Կրթակարգը  հարմար չէ

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը հայտարարել է, որ Հայաստանում բացարձակապես հարմար չէ 12-ամյա կրթական համակարգ ունենալը, ամենաշատը պետք է լինի 11 տարի: Թեեւ Ռուսաստանն էլ է ստորագրում կրթության վերաբերյալ բոլոր պայմանագրերը, բայց 11 տարին ընտրեց: “Մեզ համար պարզ էլ չէ, թե վերջին 2 տարում ինչ են սովորեցնելու երեխաներին, դասագիրք էլ չկա: Կոչ եմ անում այս տարի կանգնեցնել ավագ դպրոցի պրոցեսն ու վերանայել, ուսումնասիրել ու նոր անցնել այդ համակարգին”,- ասել է ՀԽ նախագահը:

Վ. Մանուկյանն անդրադարձել է նաեւ բուհերում պետպատվերի տեղերը կրճատելով բանակի հարցը լուծելու փաստին: Նա ասել է, որ սխալ է նման ճանապարհով խնդրին լուծում տալը. “Եթե ընդունվում է պետպատվերով, ազատվում է բանակից: Այժմ կաշառքն աճելու է, քանի որ այդ գումարի մեջ պետք է մտնի եւ բանակից ազատվելը, եւ բուհ ընդունվելը, որի արդյունքում շատ արժանավոր երեխաներ, ովքեր ընդունվելու են վճարովի, չեն կարող հաճախել, քանի որ ի վիճակի չեն լինի վարձ վճարել”: Ուստի առաջարկում է, որ բոլորը 18 տարեկանից գնան բանակ, բանակը լինի 1,5 տարի. “Այլ ճանապարհներով էլ կարող ենք խնդիրը լուծել, բայց ես չեմ ցանկանում ավելի խորանալ այս հարցի մեջ, քանի որ Հանրային խորհրդում ստեղծվելու են տարբեր ուղղություններով խնդիրն ուսումնասիրող խմբեր, որոնք ավելի մանրամասն ու խորապես կուսումնասիրեն խնդիրը”,- հավելել է ՀԽ նախագահը, ում կարծիքով կոռուպցիոն ռիսկերը կփչացնեն կրթական համակարգը, պետությունը կզրկվի ապագա գիտականներից ու ուսյալ մարդկանցից:

Վ. Մանուկյանը նշել է, որ օտարալեզու դպրոցների ստեղծումը մի քայլ է դեպի անդունդ. “Հայաստանի համար կրթական համակարգը նույնչափ կարեւոր է, որքան բանակը, որոշ դեպքերում՝ նույնիսկ ավելի կարեւոր: Այն, ինչ օգտակար է կամ վնասկար մեր կրթական համակարգին, նույնպիսի ազդեցություն թողնում է նաեւ պետական շահի վրա”: Ըստ նրա, պետք է բազային կրթությունը լինի մայրենի լեզվով, իսկ լրացուցիչ առարկաները կարող են դասավանդել այլ լեզուներով: Նախքան որեւէ “էքսպերիմետ” անելը, պետք է նախկին փորձերին հետեւել եւ համաշխարհային փորձն ուսումնասիրել:

ԽՍՀՄ-ում պետական լեզուն եղել է ռուսերենը, իսկ Հայաստանում դպրոցների 25%-ը եղել են ռուսական, եւ ռուսական դպրոցներն ավարտածների 90%-ը խորությամբ չգիտեր հայոց պատմությունը, դժվարություններ ուներ հայերեն գրելիս, արմատներով, խորությամբ կապված չէր հայությանը: Բացի այս, կար նաեւ երկփեղկվածություն:

Այլ երկրներում կիրառվող օրինակներ նշվեցին. այն է` վճարովի դպրոցներ կան, որտեղ բազային առարակները դասավանդում են հենց մայրենիով, իսկ երկրորդական առարակները՝ այլ լեզուներով:

“Իսկ ի՞նչ փաստարկ են բերում այս գլոբալիզացիայի պայմաններում: Իբր պետք է իմանան լեզուներ, իսկ մենք չունենք որակյալ մասնագետներ, որոնք տիրապետում են օտար լեզուների: Բայց չէ՞ որ տարեկան առնվազն 100-ավոր երեխաներ ավարտելով հայկական բուհերը, իրենց կրթությունը շարունակում են այլ երկրների բուհերում, իսկ վերադառնալով Հայաստան՝ աշխատանք չունեն: Այսինքն՝ մենք մասնագետների պրոբլեմ չունենք”,- հայտնել է Վ. Մանուկյանը եւ ավելացրել, թե ինչ վերաբերում է պետական բյուջեից ֆինանսավորելուն, ապա պետությունն իր բյուջեից պետք է գումար տրամադրի միայն ազգային եւ ազգային փոքրամասնությունների դպրոցներին:

Կարծիք հայտնելով, որ օտար լեզուներով դպրոցների ստեղծումը դրսից պարտադրանք կարող է լինել, ՀԽ նախագահը նշեց. “Բոլոր հարցերում “մեզ վրա կան ճնշումներ, մենք էլ ուրիշների վրա ենք ճնշում գործադրում, այդպես չպետք է հարցին բացատրություն տալ, կա պրոբլեմ, դա պետք է լուծել այնպես, ինչպես ձեռնտու է մեր պետությանը…”:

Նարե Մշեցյան

Նախարարը նենգափոխում է ճշմարտությունը

Հայաստանում օտարալեզու կրթության ջատագովները, ի դեմս կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի, ներկայացնում են, թե այդպիսով` օտարալեզու կրթությամբ կապահովվի մրցունակ, որակյալ կրթություն:

Այսինքն` ՀՀ ԿԳ նախարարը պնդում է, թե հայերենով անհնա՞ր է որակյալ կրթություն տալը, այսինքն` եթե ֆիզիկան, քիմիան կամ երկրաչափությունը սովորում են անգլերեն, ռուսերեն կամ թուրքերեն, ապա որակյալ մասնագետներ կդառնան, իսկ հայերեն սովորելու պարագայում` ո՞չ: Ի՞նչ կանի իրեն հարգող երկիրը կրթության այսպիսի նախարարի հետ…

Մեր երկրում միշտ այս կարգի անհեթեթ իրավիճակներ են ստեղծվում, քանզի պաշտոններ են զբաղեցնում հայերենի հարգը չիմացողները: Իսկ այդպիսիք, ովքեր հայատառ խոսում են, բայց հայերենի էությունը չգիտեն, ճշմարտությունը պիտի նենգափոխեն ու մեղքը գցեն պետական ու մայրենի լեզվի վրա: Իսկ ճշմարտությունն այն է, որ հայ ազգի ու պետականության դեմ դավ է նյութվում: Առանց չափազանցության:

Աստղինե Քարամյան

Եվրա…”կրթում”

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հանդիպել է ՀՀ-ում Եվրոպական Միության խորհրդատվական խմբի թիմի ղեկավար Ռոլֆ Բյոնկեին: Նախարարը նշել է, որ Հայաստանում ԵՄ խորհրդատվական խմբի առաքելությունը հետաքրքրություն է առաջացրել ոչ միան հասարակության, այլ նաեւ քաղաքական շրջանակներում: Կրթությունն այն հարթակն է, որտեղ կայանում է Եվրոպա-Հայաստան ինտեգրումը եւ հնարավորություն տալիս ապահովել քաղաքակրթությունների մերձեցումը. ասել է Ա. Աշոտյանը:

Չնայած միջազգային համագործակցության տեսանկյունից նախարարության ներգրավվածությունն առավելագույններից մեկն է, եւ կրթական վերջին բարեփոխումները միտված են եվրոպական կրթական չափորոշիչների համապատասխանեցմանը, կրթության եւ գիտության նախարարությունը դեռեւս ներգրավված չէ խորհրդատվական առաքելության շրջանակում: Սա է պատճառը, որ ՀՀ ԿԳ նախարարն անցյալ տարի դիմել էր խնդրանքով՝ համապատասխան մասնագետ գործուղել նաեւ նախարարություն: Եվ բազմալեզու կրթության եվրաջատագով նախարարը նշել է, որ նախարարությունը այս խնդրում կարեւորում է ԵՄ կրթական ծրագրերին ՀՀ մասնակցության ընդլայնումն ու համապատասխան ներգրավվածության ապահովումը:

Ռ. Բյոնկեն էլ է կարեւորել համապատասխան փորձագետի առկայությունը նախարարությունում: Այս համատեքստում նա անդրադարձել է ապագա խորհրդատուի աշխատանքային անձնագրի հիմնական պահանջներին՝ աշխատանքների շրջանակը, առաջնահերթությունները, հիմնական ուղղվածությունը՝ հավելելով, որ փորձագետի համար անցկացվող բոլոր հարցազրույցներին կմասնակցի նաեւ նախարարության ներկայացուցիչը եւ համատեղ ուժերով փորձ կարվի գտնել բոլոր պահանջներին համապաասխանող խորհրդատու: Անդրադարձ է եղել նաեւ այն խնդիրներին, որոնց շուրջ ակնկալվում է միջազգային փորձագետի մասնագիտական խորհրդատվությունը:

Ահա այսպես էլ հայկական կրթակարգը կամաց-կամաց եվրոպականացվում է, եւ բազմալեզու հանրակրթությունը երեւի թե շուտով ամենամեղմ հակահայ դրսեւորումը կթվա այս ոլորտում…

Վահագն Նանյան

Վտանգավոր ու անպատվաբեր ձեռնարկում

ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի գիտական անձնակազմի կարծիքով, ՀՀ-ում օտարալեզու կրթությանը վերաբերող նախագիծն առերեւույթ ոչ այնքան տեսանելի, սակայն խորքային վտանգավոր եւ ազգին անպատվաբեր ձեռնարկումներից է, եւ հարկ չկա փոփոխություններ կատարել “Լեզվի մասին” եւ “Հանրակրթության մասին” Հայաստանի Հանրապետության օրենքներում:

* * *

“Չենք պահում Մաշտոցի դպրոցը, անցում ենք կատարում օտարի՞ դպրոցին”

Օտարալեզու դպրոցների բացմանը կտրականապես դեմ է արտահայտվել Աշոտ Բլեյանը: Իսկ դրանց բացումը միայն տեսականորեն է դրական գնահատում գրող-թարգմանիչ Հակոբ Մովսեսը, ում համար խիստ կարեւոր են այն միտումներն ու նպատակները, թե ինչու հենց այժմ ԿԳ նախարարությունը որոշեց օրենքում փոփոխություններ անել: Երկուստեք բանավիճում էին մամուլի ակումբներից մեկում ու հիշում Ուշինսկուն, Հեգելին, Աբովյանին, Աբեղյանին, Մանանդյանին…

Եթե նպատակը քաղաքական է կամ ինչ-ինչ մարդկանց նախապայմանները բավարարելը, ապա Հ. Մովսեսը դեմ է, իսկ եթե նպատակն արդար է, այլոց մշակույթին, քաղաքակրթությանն ինտեգրվելը, ապա նա դեմ չէ: Իսկ Բլեյանը հայտնեց, որ այսօր էլ օտար լեզվով ուսուցանովող դասարաններ կան, մյուս կողմից էլ, նախարարությունն այդպիսով բավարարում է “Տրոյկա Դիալոգ” ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի նախագահ-գործադիր տնօրեն Ռուբեն Վարդանյանի նախապայմանը, ով ցանկանում է Դիլիջանում օտարալեզու ուսումնական կենտրոն բացել:

Հ. Մովսեսը համոզված է, որ այսօր հայերենի վիճակը շատ վատ է, օտարալեզու դպրոցների ստեղծումից հետո էլ այդպես է լինելու: Նա առաջարկում է ընդօրինակել Հոլանդիայի օրինակը, որտեղ մասնավոր դպրոցներին լեզվի առումով ազատություն է տրվում, իսկ պետական դպրոցներում ուսումը հոլանդերենով պարտադիր է օրենքով: Ա. Բլեյանն այստեղ հիշեց հայտնի ասացվածքը` “չես պահում սեփական բանակդ, կկերակրես օտարինը,- այստեղ նույն բանն է, շարունակում է նա,- չենք պահում Մաշտոցի դպրոցը, անցում ենք կատարում օտարի՞ դպրոցին”: Ո՞վ այդպիսի լիազորություն ունի, հարցնում է Բլեյանը, ՀՀ-ում չկա իշխանություն, որ այդպիսի լիազորություն ունի:

Բագրատյանը` Աշոտյանին ու Զոհրաբյանին. “Ձեզ հավաքեք”

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը նույնպես դժգոհություններ հայտնեց կրթության եւ գիտության նախարար, ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանի ու ԲՀԿ-ական պտագամավոր Նաիրա Զոհրաբյանի վերաբերյալ: Նա նրանց խորհուրդ է տվել. “Ձեզ հավաքեք: Ձեզ լեզո՞ւն է խանգարում”:

“Հեռուստաեսությամբ ասում են, լավ կրթություն է պետք: Կարծես թե վատ կրթության մեղավորը հայերենն է”,- խոսելով օտարալեզու դպրոցների մասին, ասել է Բագրատյանը, ավելացնելով, որ ապշել է նախարարի ու պատգամավորի հարցադրումներից:

“Ասում են, ուզում եք լավ կրթություն, ուրեմն օտար լեզուները պետք է գան: Սա մեղադրանք է հայոց լեզվի հասցեին,- շարունակել է նախկին վարչապետը,- ես լեզվաբան չեմ, բայց կարդացել եմ Բայրոն: Ինձ հետաքրքիր է, թե ինչու է նա ուսումնասիրել հայոց լեզուն: Ես հասկացա նրան: Ինքն ասում է` ես պոետ մարդ եմ, խոսքի մարդ եմ, երբ լսում եմ լեզուն, հանգը, կառույցը, հասկանում եմ նրա կատարելությունը: Ո՞նց կարելի է այս լեզուն չսովորել”:

Ըստ Բագրատյանի, հայոց լեզուն իրեն օգնելու կոչ է անում այսօր…

Նախկին վարչապետը անդրադարձել է նաեւ տնտեսական խնդիրներին եւ չի բացառել, որ Հայաստանում ճգնաժամի նոր ալիք կլինի:

Չի բացառվում, որ Հայաստանում տնտեսական ճգնաժամը կշարունակվի: “Ձեռնարկված միջոցառումները տնտեսական ճգնաժամի հետեւանքներին պետք է վերեբերեն, ոչ թե պատճառներին, ուստի ես կարծում եմ, որ ճգնաժամը ցանկացած պահի կարող է վերակենդանանլ ու ծավալվել նոր թափով”,- ասել է Բագրատյանը, հավելելով, որ ճգնաժամն ամբողջությամբ հաղթահարված չէ նաեւ դրսում, կան երկրներ, որտեղ այն նոր դրսեւորումներով վերականգնվում է, իսկ ՀՀ-ում այդ իրադարձությունները հասնում են 6 ամիս հետո:

Ըստ նրա, արժութային շուկայում այսօր լինում են “ամպլիտուդային մեծ տատանումներ, ինչի պայամաններում ոչ մի բիզնես հնարավոր չէ զարգացնել”, իսկ եվրոյի արժեզրկումը մեծացնելու է ներկրման ծավալը ԵՄ-ից, ու ընդհանարպես ոչնչացնելու է արտահանումը դեպի Եվրոպա: “Կառավարությունը չպետք է թույլ տար եվրոյի այդպիսի արժեզրկում”,-ասաց Հ. Բագրատյանը:

Սեփ. լրատվություն

“Լուսանցք” թիվ 150, մայիսի 21-27,  2010թ.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: