Համաթուրանական նոր խարդավանքներ եւ հակադարձման անհրաժեշտություն

by

Դեռ մայիսի 20-ին պաշտոնական Անկարան դատապարտել էր մայիսի 23-ին ԼՂՀ-ում խորհրդարանական ընտրությունների անցկացումը: Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունում ասված էր, թե Անկարան “չի ճանաչելու ղարաբաղյան ընտրությունների արդյունքները”, քանի որ, իրենց ձեւակերպմամբ, դրանք իրավական հիմք չունեն: “Ընտրությունների անցկացումը միջազգային իրավունքի նորմերի, ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի բանաձեւերի եւ ԵԱՀԿ Մինսկի Խմբի սկզբունքների խախտում է”,- հայտարարել էին թուրքերը:

Ավելի վաղ նույնաբովանդակ հայտարարությամբ հանդես էր եկել Ադրբեջանի ԱԳՆ-ն: Իսկ ահա, Հայաստանի խորհրդարանի մի շարք պատգամավորներ միջազգային դիտորդների հետ մասնակցել են ԼՂՀ ԱԺ հերթական ընտրություններին:

Այսպես Անկարան այլեւս բացահայտ, հայ-թուրքական կոչված արձանագրությունների՝ Երեւանի կողմից սառեցումից հետո անգամ, շարունակում է արցախյան խնդրին խառնվելու իր յուրատեսակ “չեզոք” քաղաքականությունը, ինչը կրկին փաստում է` թուրքը թուրք է եւ նրա հետ պետք է խոսել միայն նախապայմաններով եւ կտրուկ:

Անկարան ադրբեջանցի կոչված կովկասյան թուրք-թաթարներին աջակցում է ոչ միայն Հայաստանի, այլեւ՝ Իրանի դեմ հարցերում: Այսպես Անկարան արդեն բացահայտ աջակցում է նաեւ իրանցի թյուրքախոս ազերիների անջատողական քաղաքականությանը:

Արդեն հստակ է, որ Թուրքիան փորձում է փոքր եղբոր` Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումներին աջակցելով վերստին առաջ քաշել պանթուրքիզմի տեսլականը… Այս առումով թուրքերը ոչ միայն աշխուժացել են Արցախի ուղղությամբ, այլեւ հաճախակի են դարձրել այցերը Նախիջեւան: Թուրք-ադրբեջանական աքցանի դեմն առնելու համար այժմ կարեւոր է համարժեք աշխուժացնել հայ-իրանական կապերը: Առավել եւս, որ թյուրքական աքցանը փորձում է կտրատել ոչ միայն Հայաստանն ու Արցախը, այլեւ Իրանը (հեռահար դրված է նաեւ Վրաստանի մասնատման խնդիրը՝ Աջարիա եւ Աբխազիա)…

Անկարայում ապրող իրանցի թյուրքախոս ադրբեջանցիներին պայքարի դուրս գալու կոչեր են արվել: Հավաքներ են կազմակերպվում “Հանուն միացյալ Ադրբեջանի ազգային շահերի պաշտպանության”, “Ո՛չ պարսիկների հակաթյուրքական շովինիզմին” եւ այլ կարգախոսների ներքո: Ցույցեր են կազմակերպել ընդդեմ պարսկալեզու մամուլի՝ մասնավորապես “Իրան” օրաթերթի, որն, ըստ իրանցի ադրբեջանցիների, 2006թ. մայիսի 22-ին իրենց ազգային արժանապատվությունը վիրավորող հոդված էր տպագրել:

Իրանի հյուսիսային (Արեւելյան Ադրբեջան, Արեւմտյան Ադրբեջան եւ Արդեբիլ) նահանգներում իրավիճակն ապակայունացնելու եւ վերոնշյալ թյուրքախոս թյուրք-ադրբեջանցիներով բնակեցված նահանգներն Իրանից անջատելու պանթյուրքական (համաթուրանական) գաղափարախոսության նպատակներին էր անդրադարձել իրանական “Թաբքնաք.իռ” կայքը, որտեղ ներկայացվում էին վերոնշյալ գաղափարախոսության 7 հիմնական նպատակային քայլերը:

Դրանք են` 1. Լեզվական հակասություններ առաջացնել իրանցի թյուրքախոս ադրբեջանցիների շրջանում: 2. Քայլ առ քայլ քաղաքական ֆեդերալիզմի պահանջ ներկայացնել: 3. Առաջ քաշել էթնիկ ֆեդերալիզմի պահանջ: 4. Պատմական Ադրբեջանի անջատում Իրանից: 5. Միացում Ադրբեջանին: 6. Միավորված Ադրբեջանի միացումը Թուրքիային: 7. Պանթյուրքական գաղափարախոսության հիմնական նպատակի իրագործում՝ Մեծ Թուրանի ստեղծում:

Իրանական կողմը ինչքան էլ փորձում է Պարսկաստան եւ պարսիկ հասկացությունները փոխարինել Իրան եւ իրանցի ձեւակերպումներով, միեւնույնն է` թյուրքական տարրը չի ճանաչում պարսիկների իշխանությունն ու տարածքները եւ ամեն գնով պայքարելու է պանթուրքիստական ծրագրերի իրականացման համար:

Սա ինչքան շուտ հասկանան Թեհրանում, այնքան ավելի հեշտ կլինի եւ Իրանի եւ Հայաստանի համար…

Միատարր Հայաստանին չկարողանալով բազմազգ Իրանի նման “նեղել”, Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն Սփյուռքի հետ երկխոսություն սկսելու մասին հայտարարությամբ փորձեց ջլատման ալիք սկսել հայության ներսում… ՀՀ-ի հետ չէր ստացվում, հետեւաբար փորձեցին դա անել մեր Սփյուռքի հետ: Իսկ Թուրքիայի վարչապետ Էրդողանի՝ ԼՂՀ 2 շրջանների վերադարձի մասին հայտարարությունը հերթական թուրքական խաղն է: Հասկացել են, որ 7 ազատագրված շրջանների վերադարձը անհնար է, ուստի փոխել են պայքարի ձեւը՝ Արցախը մաս-մաս վերազավթելու համար:
Թուրքիան Արցախի հարցում ակնկալիքներ ունի ոչ միայն ՌԴ-ից, որի հետ վերջերս կրկին փորձում է բարեկամանալ: Սակայն, ՌԴ-ն աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը այնպես, ինչպես միջազգային իրավունքի մյուս հիմնարար սկզբունքներին եւ նորմերին, ասենք՝ ազգային ինքնորոշման իրավունքին: “Մոսկվան չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ պետություն”,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն, բայց հավելելով. “Ղարաբաղի ապագա կարգավիճակը պետք է որոշվի առանց ուժի կիրառման եւ Մինսկի գործընթացի շրջանակներում՝ բոլոր կողմերի միջեւ քաղաքական բանակցությունների արդյունքում”: Իսկ մայիսի 23-ին տեղի ունեցած ԼՂՀ ԱԺ ընտրությունների մասին ՌԴ պաշտոնյան ասել է, թե “Մոսկվան չի կարծում, որ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ընթացքը կարող է կախված լինել Ղարաբաղում ընտրությունների անցկացումից”:

Անկարան շարունակում է ավելի աշխուժացնել ջանքերը Թեհրանի միջուկային հարցը դիվանագիտական խաղաղ ճանապարհով լուծելու ուղղությամբ` այսպիսով կանգնելով ԱՄՆ-ի (առհասարակ Արեւմուտքի) ու Իրանի “մեջտեղում”՝ համապատասխան խաղեր նախապատրաստած ունենալով յուրաքանչյուր կողմի համար:

Թուրքերը նաեւ փորձում են եռակողմ հանդիպման՝ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ: Եվ հայ-թուրքական կոչված հարաբերություններում կարծես նոր գործընթաց է սպասվում: Կարծիք կա, որ երկկողմանի հարաբերությունների հաստատման հարցը մշտառկա խնդիր է 2 հարեւան երկրների համար, եւ այդ հարցում տնտեսական ու ռազմավարական շահեր ունեն գերտերությունները ու ձեռք չեն քաշի այս հարցից: Թուրքիայում վստահ են, որ Հայաստանն այսօր գործընթացը մերժելու կարողություն չունի եւ խնդիրն այլ ուղղությամբ պետք է տարվի:

Այս առումով մեծ տեղ է հատկացվում քարոզչական պատերազմին, որն ավելի նկատելի է հայ-ադրբեջանական կողմում, քան՝ հայ-թուրքական: Քարոզչական պատերազմ վարում է բացառապես Ադրբեջանը (Թուրքիան այս առումով գործում է ոչ բացահայտ), եւ Հայաստանի, Արցախ-ԼՂՀ-ի ու Ադրբեջանի միջեւ տեղեկատվական պատերազմը դադարեցնելու հայկական կողմի կոչերն անիմաստ են, քանզի թշնամանքի քարոզչություն տանելը դարձել է հատկապես ադրբեջանական կողմի կայուն գործելաոճը:

Չնայած այս ամենին, թուրք-ադրբեջանական անբաժան եղբայրությանը, հայ-իրանական կողմը կարող է լուրջ եւ նպատակային պառակտիչ պայքար ծավալել: Հատկապես, որ թուրք-ադրբեջանական միությանը դեմ են նաեւ աշխարհի գերտերությունները եւ տարածաշրջանի երկրները:

Անկարան ժամանակին եւ հիմա էլ հայտարարում է, թե Թուրքիան, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Թուրքմենստանը եւ Ուզբեկստանը “տեղավորվում” են “1 ազգ — 6 պետություն” կարգախոսում: Բայց իրականում “1 ազգ — 2 պետությունը” նույնիսկ չի գործում: Թուրքիայի եւ Ադրբեջանի եղբայրության մասին խոսակցությունները ամենեւին էլ միշտ չէ, որ արտացոլում են այդ երկրների հարաբերությունների իրական վիճակը: Այսպես են կարծում նաեւ օտար տեսաբանները: “Հավերժական բարեկամության” երդումները, “1 ազգ — 2 պետություն” կարգի բոլոր ձեւակերպումները խոսակցություններ են հանրության համար: Իրականում ամեն ինչ այլ կերպ է, ինչպեսեւ պետք է լիներ՝ յուրաքանչյուրը մտահոգ է իր շահերով: Ամենաթարմ վկայությունը Թուրքիայի վարչապետի վերջին հայտարարություններն էին, ինչը տեղի ունեցավ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիեւի գլխավորած պատվիրակության՝ Անկարայում տեղի ունեցած հանդիպմանը:
Թուրքերը կարծում են, որ Բաքուն պետք է “շահիդների պուրակ”-ում նորից բարձրացնի թուրքական դրոշները, որոնք բարձրացվել էին 1918թ. Ապշերոնի թուրքական բռնազավթման ժամանակ զոհված զինվորների հիշատակին եւ իջեցվել էին Անկարայի ու Երեւանի միջեւ մերձեցման գործընթացի սկսվելուց հետո: Հետո Ռ. Թ. Էրդողանը պահանջել է, որ Ադրբեջանը Քրդական աշխատավորական կուսակցությունը ճանաչի որպես ահաբեկչական կազմակերպություն, եւ վերջապես, Ադրբեջանը պետք է փոխի Թուրքիայի հետ վիզային ռեժիմը… Եվ էլի այլ հարցեր: Թուրքական կողմը հակված է կարծել, որ Բաքուն անվստահություն ունի Անկարայի հանդեպ:

Եվ ահա, միայն այս եւ այլ հարցերի կարգավորման դեպքում է Անկարան պատրաստ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ զրույցի ժամանակ ադրբեջանցիների համար “բարեխոսել Ղարաբաղի հարցով”: Եթե դրոշները “շահիդների պուրակ” վերադարձնելը բարդ չէ, ապա Բաքվի համար շատ ավելի դժվար է հայտարարել Քրդական աշխատավորական կազմակերպությունը ահաբեկչական կազմակերպություն եւ հեշտ չէ Իլհամ Ալիեւի համար վերացնել վիզաները: Քրդերի պարագայում դա Ադրբեջանը կդարձնի նրանց ոխերիմ թշնամին՝ համապատասխան հետեւանքներով (իբր հայերը քիչ էին…), իսկ վիզաների պարագայում տեղի կունենա թուրք գործարարների զանգվածային ներհոսք Բաքու, ինչը արագ դուրս կմղի ադրբեջանցի գործարարներին, “քանի որ ադրբեջանական բիզնես-վարպետության գագաթնակետը մոսկովյան շուկաներում մաղադանոս վաճառելն է”… Իր հերթին Ռուսաստանն ու Եվրոպան էլ են փորձում խաղալ Թուրքիա-Ադրբեջան հակասությունների վրա, իսկ ԱՄՆ-ն ձգտում է Թուրքիայի վրայից վերացնել ադրբեջանական ազդեցության գործոնը: Վաշինգտոնում կայացած Գլոբալ միջուկային անվտանգության գագաթաժողովի շրջանակներում Օբամա-Էրդողան հանդիպումով սկսվել է այդ քաղաքականությունը: Օբամայի վարչակազմը ցանկանում է կյանքի կոչել հայ-թուրքական արձանագրությունները եւ այդ պատճառով Թուրքիայի վրայից ադրբեջանական ազդեցության գործոնը չեզոքացնելու լուրջ ուղիներ է որոնում:

Հայկ Թորգոմյան

Հ.Գ. — ԵԽԽՎ-ի ընդունած 2216 բանաձեւնը հետեւանք է եւ մեր արտաքին դիվանագիտական անգործության, եւ թուրք-ադրբեջանական եռանդուն գործունեության: Եվրոպայում հայկական լոբբինգը թերեւս թերացավ իր աշխատանքներում, հանգստացել էին կարծես, եւ ընդունվեց ամեն դեպքում վտանգավոր բանաձեւ…: Դրանով պահանջվում է հայկական ուժերի անհապաղ հեռացումը բոլոր “ադրբեջանական գրավված տարածքներից”, նաեւ “Հարավային Կովկասի հակամարտություններում ՌԴ-ի ու ԱՄՆ-ի հետ դերակատարություն է տրվում Թուրքիային:
Նախագիծը ներկայացվել էր հունվարին, սակայն այս ընթացքում ադրբեջանա-թուրքական կողմը կատարել է լուրջ աշխատանք, իսկ մեր դիվանագիտությունը զբաղվել է երկրորդական գործերով… Դրա հետեւանքով է, որ “գրավյալ տարածքները հանձնելու” կոչ է արել նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ բռնի տեղահանման եւ փախստականների հարցերով օգնական Վալտեր Կալինը:
Իսկ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պակ Կի Մունը շտապեց հանդես գալ մեկ այլ հայտարարությամբ, թե “Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի իրավասության տակ է… հետեւաբար, ՄԱԿ-ը որեւէ լիազորություն չունի միջամտելու հակամարտության լուծման գործընթացին”…
Չհոգնեցի՞ն խաղալով այս միջազգային “դիվանագետները”…

“Լուսանցք” թիվ 151, մայիսի 28-հունիսի 4, 2010թ.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: