Մայիսի 28-Ի Առթիվ — Ամրապնդենք Նոր Անկախություւնը

by

Արցախի անկախությունը` ճանաչման շեմին

Արցախում տեղի ունեցած ԱԺ ընտրությունների ակտիվությունը բարձր է եղել: Ըստ ԿԸՀ-ի հրապարակած տվյալների, հաղթել է “Ազատ Հայրենիք” կուսակցությունը: Վերջինիս օգտին քվեարկել է ընտրություններին մասնակցած ԼՂՀ քաղաքացիների 45.8%-ը: Այդ կուսակցությունը գլխավորում է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը: 2-րդ տեղում է Արցախի ժողովրդավարական կուսակցությունը, որին իրենց ձայնն են տվել 30.7%-ը, իսկ Դաշնակցությանը՝ 18.3%-ը: Արցախի Կոմկուսը հավաքել է 5.34%: Արցախի ընտրական օրենգրքով, խորհրդարան մտնելու անցողիկ շեմը 6%-ն է:

Ընտրությունների մասնակցությունը եղել է բավականին բարձր՝ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների մոտ 70%-ը: Ընտրությունների ընթացքին հետեւել են ՀՀ-ից եւ արտերկրից դիտորդական առաքելություն իրականացնող 100-ից ավելի դիտորդներ: Ընտրություններն անցել են միջազգային չափանիշներին համապատասախան. սա` ըստ դիտորդ՝ Սլովակիայի Ազգային Խորհրդի պատգամավոր, Ազգային Խորհրդի առաջին նախագահ Ֆրատիշեկ Միկլոշկոն: Եվոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանի դիտորդական առաքելության ընթացքում ընտրություններն անցել են միջազգային ստանդարտներին համապատասխան:

Այս դիտորդները եկել են նախնական համաձայնության, որպեսզի Եվրոպայում ստեղծեն Եվրոպական միության Հարավային Կովկասի եւ Արցախի համար ռազմավարական կենտրոն եւ ամենաբարձր մակարդակով կազմակերպեն Արցախի անկախության ճանաչման գործընթացը:

Արցախ-ԼՂՀ-ի նախագահ Բակո Սահակյանը հանդիպել է խորհրդարանական ընտրությունների ընթացքին հետեւելու նպատակով Արցախ ժամանած ՀՀ պաշտոնական դիտորդական պատվիրակության անդամներին: Նա կարեւորել է ՀՀ-ի դիտորդների մասնակցությունը՝ այն համարելով ներհայկական կապերի ամրապնդման անհրաժեշտ գործոններից:

ՀՀ- ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության շենքում զլմ-ների ներկայացուցիչներին հանդիպելով` միջազգային դիտորդների կարգավիճակով մասնակցած “Public International Law and Policy Group” կազմակերպության ներկայացուցիչներ Մայքլ Կովական, Մարիեկե դը Հունը եւ Քերստին Միկալբրաունը նույնպես դրական են արձագանքել ԼՂՀ ԱԺ ընտրություններին:
“Այս ընտրություններով ԼՂՀ քաղաքացիներն հերթական անգամ ապացուցեցին ազատ ու անկախ ապրելու իրենց կամարտահայտման վճռականությունը”,- այսպես է գնահատել ԼՂՀ ԱԺ մայիսի 23-ի ընտրությունները ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Ըստ նրա՝ ԼՂՀ ժողովրդի սեփական ճակատագիրը որոշելու անքակտելի իրավունքի ճանաչումը կենտրոնական տեղ է զբաղեցնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներկայացրած` հիմնախնդրի կարգավորման առաջարկներում, որոնց հիմամբ ընթանում են բանակցությունները. “Միջազգային հանրությունն առավել քան պետք է շահագրգռված լինի ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում գործ ունենալու ԼՂ-ի ժողովրդի կողմից ընտրված իշխանությունների հետ, առավելեւս, որ դա նախատեսված է ԵԱՀԿ Մինսկի համաժողովի անցկացման մասին մանդատով”:
Մի շարք մեկնաբանների պնդմամբ, ԼՂՀ-ն շատ ավելի կայացած է, քան շատ այլ երկրներ, որոնք ֆորմալ առումով ճանաչված են:

ԼՂՀ-ում խորհրդարանական ընտրությունների առնչությամբ մեկնաբանությամբ է հանդես եկել ՌԴ ԱԳՆ-ն: Նախարարության ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոյի հայտարարությունում մասնավորապես ասված է. “ՌԴ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող իր գործընկերների հետ սերտ համագործակցությամբ այսուհետ եւս կօգնի հայերին ու ադրբեջանցիներին, որպեսզի նրանք հնարավորինս շուտ հասնեն ղարաբաղյան հանգույցի փոխզիջումային հանգուցալուծմանը”: Հիշեցնենք, որ 2009թ. դեկտեմբերին ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի, ինչպես նաեւ Մինսկի խմբի համանախագահ երկրներ ՌԴ-ի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի արտաքին գերատեսչությունների ղեկավարները հանդես էին եկել համատեղ հնգակողմ հայտարարությամբ, որտեղ հանձնառություն էին ստանձնել հակամարտության խաղաղ կարգավորումն առաջ տանել միջազգային իրավունքի 3 հիմնարար սկզբունքների հիման վրա. ազգերի ինքնորոշում, տարածքային ամբողջականություն, ուժի եւ դրա սպառնալիքի չկիրառում:

ԼՂ-ի հակամարտության ռազմական փուլը ծագել է 1991թ., երբ ի պատասխան տեղի բնակչության ինքնորոշման պահանջի, ադրբեջանական իշխանությունները փորձեցին հարցը լուծել՝ խորհրդային անվտանգության ուժերի (ԿԳԲ-ի հատուկ ջոկատներ) կողմից անձնագրային ռեժիմի իրականացման քողի տակ էթնիկ զտումներ իրականացնելով եւ լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու ճանապարհով, որը բերեց հազարավոր զոհերի ու զգալի նյութական կորուստների: 1994թ. կնքվեց զինադադար: Ներկայումս հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցությունները ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդությամբ՝ 2007թ. նոյմբերին վերջիններիս կողմից ներկայացված մադրիդյան առաջարկությունների հիման վրա:

Իսկ Ադրբեջանը մինչ այսօր չի կատարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993թ. 4 բանաձեւերը` շարունակելով տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի հրահրումը եւ կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը:

Արման Դավթյան

* * *
“Մայիսի 23-ի ԼՂՀ խորհրդարանական ընտրությունները չեն կարող ճանաչվել միջազգային հանրության կողմից”,- հայտարարել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն: Կազմակերպությունը վերահաստատել է իր լիարժեք աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբին եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված համանախագահների ջանքերին:
ԵԽ նախարարների կոմիտեն հակամարտության մեջ ներգրավված բոլոր կողմերին կոչ է արել ակտիվացնել իրենց ջանքերը՝ ԵԽ-ին անդամակցելիս Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից ստանձնած պարտավորություններին համապատասխան խաղաղ լուծում գտնելու համար:

* * *
Մայիսի 28-ը մեր արժանապատվության տոնն է
“Այսօր մենք, գնահատելով 1918 թվականի մայիսի 28-ի եղելությունը, պետք է մեր թույլ տրված սխաներից դասեր քաղենք եւ նոր, ճիշտ ձեւով կառուցենք մեր անկախ հանրապետությունը”,- ասել է քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը: Նրա խոսքով, Արամ Մանուկյանի կերպարը մեզ սովորեցրեց, թե ինչպես պետք է հայրենասեր լինել` “Նա ինձ համար շատ կարեւոր կերպար է, դրա համար էլ ես ստեղծել եմ նրա երկու հուշարձան, որոնցից մեկը դրվել է Երեւանում` Ներքին գործերի նախարարության շենքի դիմաց, իսկ մյուսը տեղադրված է Կապանի կենտրոնական հրապարակում, քանի որ նա ծնունդով Կապանից էր”:
Իսկ գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը մայիսի 28-ը համարում է մեծագույն խորհրդանշական տոն, որը մեր արժանապատվության տոն է, որը պետք է մեծ ուրախությամբ եւ ոգեւորությամբ նշել:
Ժողովուրդների կյանքում “անկախ պետականությունը բարձրագույն արժեք է”, բոլոր այն ժողովուրդները, որոնց մշակույթը չի բերել հասցրել անկախ եւ ազգային պետականության, այդ մշակույթի մեջ սխալ մի բան կա, նշում է Մ. Տեր-Գուլանյանը: 1-ին հանրապետությունը մեր ժողովրդի փրկությունն էր եւ արժանապատվությունը, “քիչ տեւեց, ընդամենը 2 տարի, սակայն այն մեր նոր պետականության հիմքը դրեց, պետականության այն գաղափարի հիմքը, որը շուրջ 600 տարի մոռացել էինք”,- հայտնել է հրապարակախոսը:
Մերուժան Տեր-Գուլանյանի խոսքով, 1-ին հանրապետությունը եւ այդ ժամանակաշրջանը յուրացված են մեր մշակույթում, Խորհրդային ժամանակշրջանի Հայաստանի2-րդ Հանրապետությունը նույնպես յուրացվել է մեր մշակույթում, իսկ 3-րդ հանրապետությունը մեր մշակույթում լավ չի յուրացվել, “սակայն դրա ժամանակը դեռ գալու է, այսօր ՀՀ պետությունը լրջագույն կայացած պետություն է, մենք պետք է ամենք ամեն ինչ, որ հզորացնենք մեր պետությունը”,- ասել է նա:

* * *
“Ի՞նչ կլինի եթե Ղարաբաղը հայտարարի Ադրբեջանին` ճանաչել իր անկախությունը”
“Մենք ԼՂՀ ճանաչման գործընթացը պիտի սկսեինք վաղուց”,- այս մասին խոսել է ԼՂՀ նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը:
“Ճիշտ է ինձ համար մի անընդունելի տարբերակ կար, թե միանգամյա խորհրդարանական ակտի միջոցով հայտարարություն կատարի ԱԺ-ն, որ ճանաչում է ԼՂՀ-ն”,- ասել է նա եւ հավելել, որ եւս մի տարբերակ է վերջերս առաջ եկած այն նախաձեռնությունը, որ “Ղարաբաղը պիտի ճանաչել տան ԼՂՀ-ի եւ ՀՅԴ-ի ներկայացուցչությունների միջոցով արտերկրում”:
2 մոտեցումներն էլ քաղաքական չեն, վերջին հաշվով եւ’ ներկայացուցչությունները, եւ’ դաշնակցությունը միշտ խոսել են այն մասին, որ անհրաժեշտ է ճանաչել ԼՂՀ-ն, “Նրանք, ովքեր պետք է ճանաչեին, չեն ճանաչել եւ չեն ճանաչում շատ կոնկրետ իրավիճակում, այս տեսանկյունից մինչեւ մենք իրավիճակը չփոխենք, մինչեւ մենք մեր գործողություններով չստիպենք, որ ուրիշներն այս իներտ վիճակից դուրս գան, մենք չենք կարող ակնկալել, թե որեւէ մեկը կարող է ճանաչել ԼՂՀ-ն”,- ասել է Ա. Մելիքյանը:
“Օրինակ Ղարաբաղը հայտարարի Ադրբեջանին` եթե չճանաչեք մեր անկախությունը, մենք պատերազմ ենք հայտարարելու ձեզ: Ի՞նչ կանի Ադրբեջանն այս դեպքում, որեւէ մեկը չգիտի, ոչ էլ ես գիտեմ,- նշել է Ա. Մելիքյանը:

Սեփ. լրատվություն

“Լուսանցք” թիվ 151, մայիսի 28-հունիսի 4, 2010թ.

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: