Բաց նամակ ՀՀ ԿԳՆ Լեզվի պետական տեսչությանը

by


Ի գիտություն “Լեզվի մասին” ՀՀ օրենքի փոփոխությունը նախաձեռնած,
ԼՊՏ վերադաս ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի

Ինչպես հայտնի է, ՀՀ Սահմանադրությամբ եւ “Լեզվի մասին” օրենքով, մեր պետության պետական լեզուն, ավելի ճշգրիտ՝ ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱԿ ԼԵԶՈւՆ, հայերենն է։ Ցավոք, այդ օրենքն առ այսօր մնացել է հռչակագրային (դա ինձ խոստովանել է ԼՊՏ նախկին պետ Լավրենտի Միրզոյանը ինձ ուղղված մի պատասխան նամակում)։ Ամենուրեք խախտվում են պարտադիր կատարման ենթակա այս փաստաթղթերի դրույթները, այդ թվում՝ ՀՀ բոլոր հեռուստակայաններում՝ անխտիր։ Հայտնի է նաեւ, որ հեռուստատեսությանն առնչված օրենսդրական փաստաթղթերը պարտավորեցնում են հեռարձակող ընկերություններին՝ ապահովել օտար լեզուներով հաղորդումների համաժամանակյա զուգահեռ հայերեն թարգմանությունը՝ ձայնային կամ լուսային տեսքով:

Խոստովանեմ, այս պահանջը, մյուս հեռուսատաընկերությունների հետ համեմատած, ամենից շատ բավարարում է Հանրային հեռուստատեսությունը, այդ թվում՝ նրա “Հայլուր” լրատվական ծրագիրը։
Լինելով “հանրային”, իսկության մեջ՝ “պետական”, այսինքն՝ մեր բոլորի սեփականությունը, հիշյալ հեռուստաընկերության նկատմամբ ՀՀ հասարակության պահանջներն էլ պիտի որ ամենախիստը լինեն: Վերջ ի վերջո, չենք կարող թույլ տալ, որ հիմնականում մեր՝ հարկատուներիս հաշվին գոյացող ՀՀ պետական բյուջեից ստացված դրամական միջոցները հումպետս վատնվեն, առավել եւս, մեր իսկ փողերով անարգվեն մեր ազգային արժեքները, այդ թվում՝ մայրենի ու պետական ՄԻԱԿ ԼԵԶՈւՆ:

Սույն գրության խթան հանդիսացավ ուրբաթ, մայիսի 28-ի “Հայլուր”-ի երեկոյան հաղորդման ժամանակ հայոց լեզվի անարգումը: Արդարեւ, հեռուստաստուդիայից ուղիղ կապ հաստատվեց Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյի հետ, որտեղ մի քանի ժամ հետո ելույթ էր ունենալու “Եվրատեսիլ”-ի 2010թ. մրցույթին ՀՀ-ն ներկայացնող Եվա Ռիվասը։ Երեւանից խոսնակի տված հայերեն հարցերը Եվային ռուսերեն էր թարգմանում նրան Օսլո ուղեկցած մի դերասանուհի։ Իհարկե, լավ կլիներ, որ երգչուհին փոխանակ Եվրոպայի երկրներում ծիրանենիներ տնկելու, այս մի քանի շաբաթների ընթացքում մի քիչ հայերեն սովորեր։ Դա չէր արել, գուցե որեւէ մեկը նրան այդ մասին չէր էլ հուշել։ Ի՞նչ կա որ, ըստ երեւույթին, կարելի է ՀՀ-ն ներկայացնել նույնիսկ ռուսերեն խոսքով, անգլերեն բառերով, թուրքա-արաբա-պարսկական երաժշտությամբ… Համաշխարհայնացո՜ւմ է, է՜…

Վրդովեցուցիչը Ռիվասի օտարալեզու պատասխանները չէին, այլ այն, որ թե՛ Օսլոյում գտնվող դերասանուհին, թե՛ “Հայլուր”-ի տաղավարում նստած խոսնակուհին հայերենի չէին թարգմանում Եվայի խոսքերը, ինչը, նորից կրկնենք, օրենսդրական պահանջ է։ Ի՞նչ է, նրանք չգիտեի՞ն, որ Եվա Ռիվասը հայերեն խոսել չգիտի, ինչո՞ւ սկզբից համապատասխան միջոցներ չէին արել հայերեն թարգմանությունն ապահովելու համար։ Իգական սեռի սույն 3 ներկայացուցիչները երեւի չէին էլ գիտակցում, որ ոչ միայն խախտում էին ՀՀ լեզվական օրենսդրական պահանջները, այլեւ ի լուր բոլորի անարգում իսկական հայերի ազգային ու անձնական արժանապատվությունը (հայոց լեզուն, որպես հայկական ինքնության եւ մշակույթի առանցք ու հիմնական բաղադրատարր, ազգային արժանապատվությանն է առնչվում ա՛ն-մի՛-ջա՛-կա՛-նո՛-րե՛ն):

Մի պահ սպասեցի, որ հիշյալները կսթափվեն ու հայերենի կթարգմանեն Եվա Ռիվասի խոսքերը (խոսնակուհուն դա կարող էր հուշել “Հայլուր”-ի խմբագիրներից մեկնումեկը՝ նույնիսկ ուղիղ եթերի ժամանակ): Ո՛չ: Նրանք շատ հանգիստ շարունակեցին ոտնատակ տալ ՀՀ սահմանադրությունը, ՀՀ օրենքներն ու մեր արժանապատվությունը, այն էլ՝ “Անկախության” տոնի օրը։ Երբեք արդարացում չի կարող լինել այն հնարավոր փաստարկը, թե ուղիղ եթերը բավականին թանկ հաճույք է, եւ հարկավոր էր ժամանակ եւ գումար խնայել։ Նման փաստարկը քննադատության չի դիմանում։ Եթե դա իրոք այդպես էր, հարկավոր էր գումար խնայել ոչ թե հայոց, այլ՝ օտար լեզվի հաշվին։ Մյուս կողմից, հայոց լեզուն ազգային այնպիսի արժեք է, որ չի կարող չափվել դրամական որեւէ միավորով, այդ թվում՝ ՀՀ պետական, ինչ-որ չափով նաեւ ազգային խորհրդանիշ ՀՀ դրամով:

Ի տես այս խայտառակության, հաղորդումը դիտող եւ ընդամենը 2 ամիս առաջ Երեւանում հաստատված 83-ամյա մայրս մի անգամ եւս արտաբերեց իր՝ համարյա ամեն օր կրկնած խոսքը. “Տղա՛ս, հոս Հայաստա՞ն է։ Եթէ ռուսերէն չես գիտեր, այս երկիրի հեռատեսիլներէն բան մը չես կրնար հասկնալ”…

Ի՞նչ կարող էի պատասխանել մորս, երբ աղաղակող փաստը “Հայլուր”-ի տաղավարից արձանագրվում էր աշխարհով մեկ, այն էլ՝ մի քանի րոպե շարունակ…

Ուրեմն, դուրս է գալիս, որ ոմն երգչուհու համար (թող որ նրա տեղում լինի նույնիսկ ՀՀ-ի նախագահը), պարտավոր ենք հայերենից համաժամանակյա թարգմանություն կատարել, բայց հայալեզու եւ հայակիրթ, այսինքն՝ հայ մարդու համար օտար լեզվից հայերենի թարգմանելն ավելորդ շքեղություն է…

Ամո՛թ նման վերաբերմունք դրսեւորած բոլոր հայազգի անհատներին:

ՀՀ-ում օտարալեզու դպրոցների բացմանը կտրականապես դեմ ենք, բազմաթիվ այլ պատճառների շարքում, նաեւ այն պատճառով, որ օրը ցերեկով, ամենալկտի ձեւով ոտնահարվում են հայոց լեզուն եւ ՀՀ օրենքները: Նույնն է լինելու նաեւ Արմեն Աշոտյանի ջատագոված ու ոգի ի բռին պաշտպանած՝ ՀՀ կառավարության այս նախաձեռնությունը օրենքի վերածվելու դեպքում, որը, համոզված եմ, տապալվելու է եւ նույնիսկ չի քննարկվելու ՀՀ Ազգային ժողովում։ Վերոնշյալն ընդամենը մեկ օրինակ է։

Սույն բաց նամակով դիմում եմ ՀՀ ԿԳՆ Լեզվի պետական տեսչությանը՝ ՀՀ օրենսդրությամբ իրեն տրված իրավազորություններով պատժելու “Հայլուր” հեռուստածրագրի համապատասխան աշխատակիցներին, որոնք հիշյալ հաղորդմամբ կոպտորեն խախտեցին ՀՀ լեզվական օրենսդրության պահանջները։ ԼՊՏ-ի աշխատողներին խորհուրդ կտամ կատարել իրենց՝ իբրեւ մեր՝ հարկատուներիս վարձած աշխատողների վրա դրված պարտավորությունները՝ առանց հաշվի առնելու խախտողների ով լինելը, փոխանակ հրապարակներում հանդես գալու ԼՊՏ նախկին մի աշխատակցին սեւացնող, 1937թ.-ի գարշահոտող գրություններով։ Նրանցից Ա. Եսայանին հավելյալ խորհուրդ կտայի նույնիսկ չենթարկվել իր պետի պահանջին, եթե վերջինս իրենից պահանջի լռել այս օրինախախտման առթիվ, ինչպես նա արեց ավելի քան 3 տարի առաջ, երբ “Ազգ” օրաթերթի 2007թ. փետրվարի 7-ում լույս տեսած “բաց նամակով” ԼՊՏ-ից պահանջեցի պատժել ՀՀ այն ժամանակվա (նաեւ այսօրվա) մշակույթի նախարար տիկնոջը, որը կոպտորեն ոտնահարել էր հայոց լեզուն եւ մեր ազգային արժանապատվությունը։

Այս անգամ եւս խախտումը կոծկելու դեպքում, ստիպված եմ ԼՊՏ-ի՝ հիմնականում բանսարկությամբ զբաղող, մեր գումարները քամուն տվող աշխատակիցների նկատմամբ համապատասխան քայլերի դիմել, այդ թվում՝ հրապարակել հենց այդ բանսարկուներից ոմանց հեղինակած գրությունները, որոնք ապացուցում են նրանց՝ իբրեւ հայոց լեզվի շահերը պաշտպանելու կոչված պետական ծառայողի՝ անպետքությունը:

Գեւորգ Յազըճյան, Պատմ. գիտ. թեկնածու, լրագրող,
Հայ ազգայնականների համախմբման ( ՀԱՀ) Խորհրդի անդամ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: