Վրաստանում “կարուսելն” է կիրառվում

by

“Հայկականությունը Ջավախքում փոխարինվեց վրացական գործոնով”

Վրաստանում գործող “Բազմազգ Վրաստան” հասարակական կազմակերպությունը պահանջում է անվավեր ճանաչել Ջավախքի, Մարնեուլիի, Նինոծմինդայի 6 ընտրատեղամասերի ընտրությունների արդյունքները: Այս կազմակերպության 320 դիտորդներ դիտորդական առաքելություն են իրականացրել Ջավախքի տարածաշրջանում եւ շրջանի ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին 50-ից ավել դիմում-բողոքներ են ներկայացրել:

Խախտումները եղել են բազմապիսի: Դիտորդներն արձանագրել են լցոնումների դեպքեր, հանձնաժողովի անդամները միջամտել են քվեարկության ընթացքին, քվեատուփի թաքցնելու դեպքեր են եղել, ինչպես նաեւ կիրառվել է հայտնի “կարուսել” մեթոդը: Որոշ խախտումների վերաբերյալ նաեւ արձանագրված տեսանյութ կա:

Այն, որ 2010թ. մայիսի 30-ին Ջավախքում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններն անցել են օրինախախտումների, կեղծիքների, վախի ու բռնաճնշումների պայմաններում, այդ մասին հենց ընտրությունների օրն իսկ հայտնել են նաեւ Ջավախքի հայկական հասարակական -քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչներն ու իրենց թեկնածություններն առաջադրած մարդիկ:

Ըստ որոշ մեկնաբանների, վերջին այս ընտրություններով վրացական իշխանությունները հերթական փորձը կատարեցին՝ թուլացնելու եւ զրոյացնելու հայկական գործոնը Ջավախքում: Տեղական ինքնակառավարման ժողովներից ամենատարբեր մեթոդներով դուրս մղվեցին Ջավախքի շահերի պաշտպան վերջին գործիչները, որոնք նախընտրական շրջանում եւ ընտրությունների օրը “ընտրառազմաճակատում” մնացել էին մեն-մենակ:

Թե ինչով է տարբերվելու Ջավախքի նախկին ղեկավարությունը ներկա՝ Վրաստանի ՆԳ-ի կողմից բռնի ուժով ձեւավորված ղեկավարությունից, մեկնաբանների կողմից մեջբերվել է լեգենդար հեղափոխական Էռնեստո Չէ Գեվարայի զինվորներից մեկի՝ 1950-ականներին հնչեցված այս միտքը. “Փաստորեն ԽՍՀՄ -ի ենթակայությունը մեզ համար այնքան էլ ամերիկյանից լավը չի լինելու”:

Հայկական շրջանակները դեռ չեն հասցրել անգամ սթափվել, թե ինչպես այդքան արագընթաց կերպով հայկականությունը Ջավախքում փոխարինվեց վրացական գործոնով: Հայոց պատմության մեջ ձեւավորված տխրահռչակ ավանդույթի համաձայն՝ ժամանակն է, որպեսզի սկսվի այս դժբախտության պատճառների քննումը` փնտրելու մեղավորներին:

Ինչ վերաբերում է միջազգային դիտորդներին, ապա նրանց կողմանակալ բնութագիրը կարելի է տալ հռչակավոր աշուղ Ջիվանու մեկ պատկերավոր արտահայտությամբ. “Նրանք այնպես մարդիկ են, խավար կասեն արեւին / Արդարությունը ի՞նչ է, չեն գիտեր ամենեւին”:

Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններում հայերի մասնակցության մասին նշվել է, որ այստեղ ընտրություններին մարդկանց մասնակցության ցածր ցուցանիշ է գրանցվել այն ընտրատեղամասերում, որտեղ հայերով բնակեցված են եղել: Իսկ նախորդ ընտրություններում հայերի մանակցությունը զգալիորեն բարձր է եղել: Սա թույլ է տալիս ասել, որ Թբիլիսիի հայկական ասամբլեայի կոչը՝ բոյկոտել կուսակցական ցուցակները, ազդեցություն ունեցել է:

Ի դեպ, այս անգամվա ընտրություններում իշխող “Ազգային շարժում” կուսակցության համամասնական ցուցակում գերակշռում են ադրբեջանցի թեկնածուները: “Եվ սա այն դեպքում, երբ Թբիլիսիում հայերի թիվը 80 հազարից անցնում է, իսկ ադրբեջանցիները այնտեղ ընդամենը 8 հազար են: Սա մեծ ապտակ է հայկական համայնքին եւ փորձ ցույց տալ, որ հայկական համայնքի հանդեպ Վրաստանի իշխանությունների վերաբերմունքն այսպիսին է”,- կարծիք է հայտնում Թբիլիսիի հայկական համայնքի ներկայացուցիչը:

Արման Դավթյան

“Լուսանցք” թիվ 151, 152, 03 -09 Հունիս, 2010թ.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s