Թուրքական սադրանք
Թուրք-իսրայելական հարաբերությունները միշտ էլ ազդեցություն են ունենում Հայաստանի վրա՝ լավ կամ վատ, քանզի տարածաշրջանային շատ հարցեր առնչվում են այդ հարաբերություններին, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության ճանաչման եւ Արեւմտյան Հայաստանին վերաբերող հարցերը:
Թուրքիայի ձգտումները հետզհետե ավելի են մեծանում եւ ուղղվում են դեպի իսլամական աշխարհ՝ դեպի արեւելք: Ըստ այդմ, չպետք է մոռանալ, որ իսլամական կրոնական դրոշի ներքո համախմբումը միշտ էլ Հայաստանի համար ծանր վիճակի է վերածվել… Վերջերս դա հավաստեց նաեւ “Իսլամական կոնֆերանս”-ի հերթական հավաքը, երբ թուրքերն ու ադրբեջանցիները Արցախի հարցով ոչ հայանպաստ բանաձեւ առաջադրեցին:
Երեւանը պետք է գիտակցի, որ չնայած Թուրքիան հռչակել է Եվրամիությանը ինտեգրվելու կարգախոս, սակայն հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում, Եվրոպային ու իսլամական աշխարհին ինտեգրվելու ճանապարհին վարում է բազմակողմանի քաղաքականություն: Եվ Անկարայի համար այլեւս առաջնային է իսլամական աշխարհի հետ համերաշխությունը, արեւելյան ճակատում գերակա դիրքեր գրավելու ցանկությունը, քան եվրոպական արժեքներն ու եվրոպական չափորոշիչները: Դրա համար էլ Թուրքիան ավելի հակված է արեւելքի՝ իսլամական կողմին:
Վերջին թուրք-իսրայելական բախումից Հայաստանի համար դրական կողմեր կարող են լինել: Քնեսեթում նորից կակտիվանա Հայոց ցեղասպանության բանաձեւի քննարկումը եւ հրեական լոբբին կարող է ավելի չեզոք դիրք գրավել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդրում՝ արեւմուտքում՝ եվրոպական երկրներում եւ ԱՄՆ-ում:
Թուրք-իսրայելական առճակատումը ռազմական գործողությունների դեռ չի հանգեցնի, քանի որ, ինչպես միշտ, Թուրքիան դիվանագիտություն կցուցաբերի ու Իսրայելի վրա պատժամիջոցներ կկիրառի, սակայն հետագայում կարող են լուրջ “անակնկալներ” լինել:
Թուրքիան հատուկ է այս անգամ Պաղեստինին աջակցելու հարցում դիմադրություն ցույց տվել, որպեսզի հրեական կողմի հետ բախում առաջանա: Եվ սա կարող է կրկնվել:
Թուրքական հակերությունԵրբ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվեցին Ստամբուլից Գազայի հատված մարդասիրական օգնություն տեղափոխող “Մավի Մարմարա” թուրքական նավի վրա, ինչ հետեւանքով եղան զոհեր ու վիրավորներ, թուրք հակերները (համակարգչահեններ) սկսեցին գրոհել Իսրայելի պետական, հասարակական ու բանկային հաստատությունների կայքերը: “Կոտրած” կայքերում հակերները հաղորդագրություն են թողնում այն մասին, որ Իսրայելի արարքները խիստ դատապարտելի են ու իրենք շարունակելու են գրոհել նրանց կայքերը:
Թուրք հակերների նպատակն է այդ կերպ Իսրայելին նյութական մեծ վնաս հասցնել: Սա էլ պատերազմի մեկ այլ ձեւ է:
Թուրքական զրույց
Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան գի Մունի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: Կողմերը խոսել են թուրք-իսրայելական միջադեպի մասին: ԱՄՆ նախագահ Բ. Օբաման նույնպես Թուրքիայի վարչապետի հետ զրուցելու ցանկություն էր հայտնել, եւ այն տեւել է 1 ժամից ավելի:
Թուրքական մոտեցում
Թուրքիայի վարչապետը Իսրայելի իշխանություններից պահանջել է անհապաղ վերջ տալ Գազայի “անմարդկային շրջափակմանը”: Այս հայտարարությունը արվել է երկրի խորհրդարանում: Արդեն իսկ հստակեցվում է, որ թուրքերը փորձում են արեւելքի օժանդակությամբ (հատկապես իսլամական եւ արաբական աշխարհների) արեւմուտքին պարտադրել սեփական քաղաքական ծրագրերը…
Արտակ Հայոցյան
Բախումից առաջ` “ռազբորկաներ”
… Իրավական կյանքում
Գազայի հատվածում իսրայելական զինուժի կողմից թուրքական նավատորմի վրա հարձակմանն ի պատասխան Անկարան մտադիր է քայլեր ձեռնարկել Իսրայելի նկատմամբ անհրաժեշտ պատժամիջոցներ կիրառելու համար, հնարավոր է համարվում նույնիսկ Հաագայի միջազգային դատարան դիմելը: Երկրի իշխող “Արդարություն ու զարգացում” կուսակցության ներկայացուցիչ Հուսեին Չելիքն ասել է. “Մենք պատրաստ ենք ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը, նունիսկ դիմել միջազգային ատյանների”: Նա Իսրայելի գործողությունները բնութագրել է որպես “դեսպոտիզմ”: Իսկ Թուրքիայի վարչապետը խաղաղ մարդկանց սպանությունները որակել էր որպես “խայտառակություն” եւ նշել, որ դրանք անպատասխան չեն մնալու:
… Մարզական կյանքում
Թուրքական ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը կասկած է հայտնել, որ Եվրոպայի 2016թ. առաջնության եզրափակչի վայրի որոշման հարցում վերջնահաշվում ճակատագրական է եղել Իսրայելի ֆեդերացիայի նախագահ Ավի Լուզոնի ձայնը:
Ինչպես հայտնի է, Ֆրանսիայի օգտին քվեարկել են ՈւԵՖԱ-ի գործկոմի 7 անդամներ, իսկ Թուրքիան ստացել է 6 ձայն: Այսպես Իսրայելի ֆեդերացիայի ղեկավարը “վրեժխնդիր” է եղել Թուրքիայի ղեկավարության քաղաքական հարձակման համար: Իսկ Լուզոնը թուրքերի կասկածներն անհեթեթություն է անվանել եւ հիշեցրել է, որ ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեի քվեարկությունը գաղտնի է եղել:
Վահագն Նանյան
Թուրք-քրդական արյունալի բախում Հաքքարիում
Թուրքիայի հարավ-արեւելյան Հաքքարի նահանգի Չուքուրջա շրջանում տեղակայված թուրքական սահմանապահ զինուժը բախվել է քուրդ գրոհայինների հետ: Թուրքական “Միլլիյեթ” (Milliyet) թերթը նշում է, որ փոխհրաձգությունը սկսվել է քրդերի կողմից: Զինված ընդհարման հետեւանքով վիրավորել է թուրքական բանակի 2 եւ սպանվել 1 զինվոր: Թուրքական բանակի լրացուցիչ լեռնադեսանտային ստորոբաժանումներ են ուղղարկվել բախման գոտի:
Գաղտնի՞ ռազմաբազաներ
Ադրբեջանական ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը վերջերս հայտնել է, որ “Ադրբեջանի տարածքում գաղտնի ռազմակայանների տեղակայման հարցը երբեք այդքան սուր դրված չի եղել: Չնայած, վերջին օրերին մի շարք հեղինակավոր պարբերականներ գրեցին, որ հարցն արդեն լուծված է”:
Իսկ մի շարք զլմ-ներ հայտնել են, որ ԱՄՆ-ն գաղտնի ռազմաբազաններ է հիմնում Վրաստանում, Թուրքիայում, Ադրբեջանում եւ Ուզբեկստանում՝ գաղտնի ռազմական գործողություններ իրականացնելու եւ ամբողջ աշխարհում որոշակի տեղեկություններ հավաքելու նպատակով:
Ընդ որում՝ նշվում է, որ այդ օպերացիայի մեկնարկն արդեն իսկ ստորագրվել է ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարության գեներալ Դեվիդ Պետրեուսի կողմից:
Ու. Ջաֆարովն ասել է, որ առաջին հերթին նման ռազմաբազաների անհրաժեշտություն կա Վրաստանում, բայց ոչ Ադրբեջանում: Նշել է նաեւ, որ եթե հրապարակված երկրների շարքում կա Ադրբեջանի անունը, ապա դա չի նշանակում, որ ԱՄՆ-ի մտադրությունները 100%-ով իրականացվելու են:
“Սակայն մենք չպետք է մոռանանք այն մասին, որ մեր հարեւանները՝ Ռուսաստանն ու Իրանը միանգամայն բացասական կվերաբերվեն այդ համաձայնությանը”,- ասել է փորձագետը:
Հիշեցնենք, որ Վաշինգտոնն ու Մոսկվան հակամարտում են նաեւ Արցախում եւ ազատագրված տարածքներում ռազմաբազաներ հիմնելու համար…
Արման Դավթյան
Գազայի ապաշրջափակում է պահանջում Էրդողանը
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իսրայելի իշխանություններից պահանջել է անհապաղ վերջ տալ Գազայի “անմարդկային շրջափակմանը”: “Ռոյթերզ”-ի տեղեկացմամբ, նման հայտարարությամբ Թուրքիայի վարչապետը հանդես է եկել երկրի խորհրդարանում:
“Լուսանցք” թիվ 151, 152, 03 -09 Հունիս, 2010թ.
Թողնել պատասխան