Հակամարտություն՝ հնարավոր հայանպաստությամբ

by

Թուրք-իսրայելական հակասությունը կամ լավ խաղարկվող սիոնա-համաթրքական մի հերթական միջադեպ է, ինչը կավարտվի երկկողմանի հաշտեցմամբ, երբ Անկարան ու Թել Ավիվը կկարողանան իրենց ռազմա-քաղաքական եւ այլ շահերն ապահովել տարածաշրջանում, կամ էլ, եթե իրապես նոր միջազգային բախում է հասունանում, ապա Երեւանը լրջորեն խորհելու եւ նոր իրավիճակում նորովի խնդիրներ առաջադրելու գործեր պիտի նախաձեռնի:

Իսրայելում Թուրքիայի դեսպանատան մոտ հրեաների կազմակերպած բողոքի ցույցերը հավաստեցին, որ ամեն դեպքում հակաթուրքական ալիք հնարավոր է արագորեն բարձրացնել եւ սրել իրավիճակը տարածաշրջանում: Հրեա ցուցարարները հայտարարում էին. “Դուք՝ թուրքերդ, ասում եք, որ Երուսաղեմը Պաղեստինի մայրաքաղաքն է, իսկ մենք ասում ենք, որ Անկարան Հայաստանի մայրաքաղաքն է”: Նույնիսկ զլմ-ները նշում էին, թե “զարմանալի չէ, որ այսօր շատ են հիշատակում Հայաստանը”:

Ի պատասխան հրեաների “ընդվզման”, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է, թե պաղեստինյան արմատական “Համաս” շարժումը ահաբեկչական կազմակերպություն չէ, այլ ընդամենը դիմադրողական շարժում է, որը պայքարում է իր հողերի պաշտպանության համար: “Եվ նրանք հաղթել են,- ասել է Էրդողանը,- ես հայտարարել եմ ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչներին, որ չեմ համարում “Համաս”-ը ահաբեկչական կազմակերպություն: Իմ կարծիքը չեմ փոխել, եւ այսօր նրանք իրենց հողերն են պաշտպանում”:

Այս առումով թուրքական զլմ-ներն ահազանգել են, թե Անկարան արդեն պետք է սպասի ԱՄՆ կոնգրեսում Հայոց ցեղասպանության բանաձեւի հաստատմանը: “CNNTurk”-ի գլխավոր խմբագիր, թուրք հայտնի վերլուծաբան Մեհմեթ Ալի Բիրանդը համոզված լինելով, որ Իսրայելի ռազմածովային ուժերի հարձակումը թուրքական “Navi Marmara” նավի վրա ոչ միայն խարխլելու է Անկարա-Թել Ավիվ հարաբերությունների հիմքերը, այլեւ տարածաշրջանում հավասարակշռությունը փոխելու է ու բոլորովին նոր իրավիճակ է ստեղծելու, նկատել է տալիս, թե փաստորեն Թուրքիան ու Իսրայելը թշնամանալու ճանապարհին են: Թշնամանքը խորացնելու փոխարեն թուրքերը պետք է գիտակցեն, որ Իսրայելն ու հրեական լոբբին կարող են իրենց վնաս պատճառել ամենատարբեր հարցերում: Վերլուծաբանը համառոտ թվարկել է այն վտանգները, որոնցով հրեաները կարող են սաստել Անկարային.
1. Համաշխարհային մամուլի եւ լրատվական այլ ցանցերում կհրապարակվեն նյութեր այն մասին, թե Թուրքիան թիկունք է դարձրել Արեւմուտքին եւ սկսել է հետաքրքրություն ցուցաբերել Իրան-Համաս-Իսլամ եռանկյունու նկատմամբ: Այդ մասին կգրվեն բազմաթիվ զեկույցներ, կհրավիրվեն համաժողովներ: Անկարան որքան էլ ջանա հակառակվել այդ թյուր տեղեկատվության տարածմանը, ապարդյուն կլինի, քանի որ հրեական լոբբին կկասեցնի թուրքերի քարոզչական արշավը:
2. Կսկսվի լայնորեն տարածվել ու քննարկվել այն թեման, թե Թուրքիայում ֆինանսական ներդրումներ կատարելը վտանգավոր է եւ մեծ ռիսկեր է պարունակում:
3. Թուրքիան արդեն պետք է սպասի, որ Հայոց ցեղասպանության բանաձեւը ԱՄՆ կոնգրեսում կընդունվի: Հայտնի է, որ հրեաները հեշտությամբ կարող են այդ հարցում հաջողության հասնել:
4. Իսրայելը կավելացնի իր աշխատանքները Քրդական բանվորական կուսակցության (ՔԲԿ) հարցում: Մասնավորապես, “Mosad”-ը (հրեական հետախուզություն) կընդլայնի իր գործողություններն այդ ուղղությամբ:
5. Իսրայելի ամենաազդեցիկ զենքը Վաշինգտոնի վրա ներգործել կարողանալու ուժն է: Հրեական լոբբին, ամերիկյան լրատվացանցի եւ կառավարական ամեն մի հաստատության վրա ազդելու իրենց ուժից օգտվելով, կարող է վատացնել ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները:
Բիրանդի պնդմամբ` այս ցանկը կարելի է շարունակել: Եվ այսպես, քանի որ Իսրայելը հրեական լոբբիստական ուժերի միջնորդությամբ ջանալու է Թուրքիային հարված հասցնել վերջինիս թույլ տեղերից, ուրեմն ի՛նչ պետք է անի Անկարան այդ դեպքում: Հոդվածագրի դիտարկմամբ` հարկավոր է օրինակ, որ Թուրքիան նոր նավատորմիղ չուղարկի Գազա, չավելացնի հակաիսրայելական բոցաշունչ ճառերի թիվը, թույլ չտա հակաիսրայելական տրամադրությունների զարգացում եւ ցուցարարներին չթողնի չափն անցնել:

Իսկ Տորոնտոյում գործող “Հայ դատ”-ի գրասենյակը ինտերնետային ստորագրահավաք է սկսել, որի նպատակն է Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփին ստիպել G-20 գագաթաժողովի օրակարգում ներառել Հայոց ցեղասպանության վերաբերյալ հարցը: Նշենք, որ գագաթաժողովն անցկացվելու է Տորոնտոյում հունիսի 26-27-ը, որին մասնակցելու է նաեւ Թուրքիայի վարչապետը: Կանադայի վարչապետին “Հայ դատ”-ի կողմից ուղարկված նամակում բարձրացվել են հետեւյալ հարցերը. 1. վերահաստատել Հայոց ցեղասպանության ճանաչումը եւ խրախուսել ցեղասպանությունը դեռեւս չճանաչած պետություններին ճանաչելու այն, 2. ճնշում գործադրել ցեղասպանությունը դեռեւս հերքող Թուրքիայի վրա, որպեսզի սա ոչ միայն ճանաչի ցեղասպանությունը, այլեւ ապահովի ցեղասպանության զոհերի հետնորդների փոխհատուցումը, 3. ինչպես նաեւ Թուրքիայի կառավարությունից պահանջել Քրեական օրենսգրքի 301 հոդվածի չեղյալ հայտարարում: G-20 գագաթաժողովի օրակարգում այսպիսի քննարկումները կարող են “շահավետ” դիտվել ներկայումս նաեւ Թել Ավիվի համար:

Եվ ահա, առաջին հրեական արձագանքներում նշվեցին, որ “Խաղաղության նավախումբ”-ը թուրքական կազմակերպություն է եւ սերտ կապեր ունի “Համաս” պաղեստինյան շարժման հետ: Այս մասին հայտարարել է ՌԴ-ում Իսրայելի դեսպան Աննա Ազարին. “Մենք տեղյակ ենք այդ կազմակերպության մասին: Այն վաղուց կապված է “Համաս”-ի հետ եւ ֆինանսական աջակցություն է ցուցաբերում վերջինիս”,- ասել է դեսպանը: “Այն, ինչ տեղի ունեցավ Միջերկրական ծովում, կազդի մեր հարաբերությունների վրա Թուրքիայի հետ”,- հավելել է ՌԴ-ում Իսրայելի դեսպանը` այնուամենայնիվ նշելով, թե կարծում է, որ կհաջողվի հաղթահարել “վատ մթնոլորտը” 2 երկրների միջեւ:
Դեսպանը նաեւ ընդգծել է, որ Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների բարդացումը 2 օրվա պատմություն չէ, այն շարունակվում է վերջին 1-1,5 տարվա ընթացքում: Իսկ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հակադարձելով Էրդողանին` նշել էր. “Ահաբեկչության աջակիցներին էր տեղափոխում այդ նավը”:

Էրդողանն էլ ներքին ու արտաքին անվտանգության հարցերով կառավարության հատուկ նիստ էր գումարել եւ քննարկել թուրքական նավի վրա իսրայելական զինուժի հարձակման եւ Իսքենդերունում քուրդ գրոհայինների ահաբեկչության հետ կապված հարցեր: Վճռվել է շարունակել ահաբեկչության դեմ պայքարը եւ արագություն հաղորդել այդ ուղղությամբ տարվող աշխատանքներին:

Թուրքիայի վարչապետը, ելույթ ունենալով երկրի խորհրդարանում, նույնիսկ հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է Իսրայելի դեմ պատերազմին: “Մենք ոչ մեկին խորհուրդ չէինք տա փորձել Թուրքիայի համբերությունը, եւ նա, ով կփորձի մեզանում թշնամի ստանալ՝ կհասնի դրան: Մենք կարող ենք ջերմ եւ հավատարիմ ընկերներ լինել, սակայն կարող ենք լինել կոշտ եւ ուժեղ թշնամիներ”: Նա թուրքական նավի դեմ իրականացրած Իսրայելի ռազմածովային ուժերի գործողությունը որակել էր իբրեւ “պետական մակարդակի տեռոր”, քանի որ իսրայելցի ուժայինները մարտական զենք էին բանեցրել “մարդասիրական բեռ տեղափոխող նավի ուղեւորների դեմ”:

Այս որակմանը նույնպես անդրադարձել է Նեթանյահուն, ասելով, որ դեպի Գազայի հատված շարժվող թուրքական նավում գտնվել է “Համաս” ահաբեկչական խմբավորմանն աջակցող ծայրահեղականների մի խումբ, որոնց վնասազերծելը իսրայելցի զինվորների պարտքն էր: Եվ դա հումանիտար օգնություն տեղափոխող նավ չէր: Իսրայելի վարչապետը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ նավի վրա գտնվողները փորձել են իսրայելցի զինվորներին նավից ցած նետել, խլել նրանց զենքերն ու սպանելու մտադրությամբ կրակ բացել: “Ուզում եմ բոլորին հարցնել: Այդ զարգացումներին նայելով կարելի՞ է ասել, որ նավերում գտնվողները խաղաղասերներ էին: Այդ մարդիկ բռնության եւ տեռորի աջակիցներն էին: Հարկ է բացեիբաց ասել, որ մեր զինվորները ջանացել են իրենց կյանքը փրկել, եւ ես հպարտանում եմ նրանց գործողություններով”,- նշել է Նաթանյահուն:

Հիշեցնենք, որ Գազայի հատված մարդասիրական օգնություն տեղափոխող 6 նավերը տեղափոխել են 600 մարդու եւ 10 հազ. տոննա մարդասիրական բեռ: Եվ արդեն հայտնի միջադեպի ժամանակ զոհվել է ավելի քան 16 մարդ, վիրավորվել՝ մոտ 50-ը:

Միջադեպի մասին տեղեկանալուց հետո անմիջապես Թուրքիայի ԱԳՆ է կանչվել Անկարայում Իսրայելի դեսպանը, ում պաշտոնապես բողոքի նոտա է հանձնվել: Բողոքի ցույցեր են կազմակերպվել դեսպանատան մոտ, որից հետո Իսրայելի ԱԳՆ-ն կոչ էր արել Թուրքիայում բնակվող իսրայելցիներին՝ անվտանգությունից ելնելով անմիջապես գնալ հայրենիք: Եվ դիվանագիտական առաքելության ներկայացուցիչներն իրենց ընտանիքներով սկսել են Անկարայից հայրենիք վերադառնալ:

ԱՄՆ-ում գտնված ժամանակ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն քննադատել էր ԱՄՆ-ի իշխող վարչակազմին՝ Գազայի հատված օգնություն տեղափոխող նավատորմի վրա Իսրայելի հարձակման վերաբերյալ մեղմ դիրքորոշում ունենալու համար: “Թուրքիան հիասթափված է Իսրայելի գործողությունների նկատմամբ ԱՄՆ-ի արձագանքի վերաբերյալ իր սպասելիքներից,- ասել է նա,- մեր դաշնակիցներից ոմանք պատրաստ չեն Իսրայելին դատապարտելու, իսկ մենք ուզում ենք, որ նրանք հայտնեն հստակ դիրքորոշում այս առումով”:

Այս հակամարտությունը լրջորեն մտահոգել է նաեւ Ադրբեջանին, քանի որ Բաքուն երկարաժամկետ ծրագրեր էր նախաձեռնել Թել Ավիվի հետ: Ադրբեջանում մի շարք հասարակական եւ քաղաքական ուժեր, տարբեր գործիչներ հանդես են եկել հայտարարությամբ, որում կտրուկ դատապարտել են Իսրայելի գործողությունները: Ադրբեջանում կարծում են, որ թուրքալեզու պետությունները եւս համապատասխան մակարդակով իրենց դիրքորոշումը կներկայացնեն:

Ոգեւորություն կա նաեւ արաբական աշխարհում, սակայն այստեղ կա նաեւ մտահոգություն, որ արաբներին իրենց նվիրվածությունը հավատացնելու համար թուրքերին արյուն էր պետք…
Մեզանում նույնպես կարծիք կա, որ արաբական ընդվզող հատվածն այնքան էլ չհավատաց Թուրքիային, եւ այս քայլով նաեւ միտում կար թուլացնել Իրանին, որպեսզի Թուրքիան ունենա առավել մեծ հնարավորություններ տարածաշրջանում, Մերձավոր Արեւելքում:

Ըստ երեւույթին այսպես են կարծում նաեւ Իսրայելում, եւ այդ երկրում Թուրքիայի դեսպանը, չնայած դեռ առկա հակամարտությանը, վերադարձել է Անկարա: Հասկանալի է դառնում, որ Իսրայելը չի ցանկանում խզել կապերը Թուրքիայի հետ եւ գուցե նաեւ այլ ծրագրեր ունի` պայմանավորված թուրքական ներքին խնդիրներով:

Պաշտոնական Անկարան չնայած շարունակում է խիստ քննադատական, դատապարտող հայտարարություններ հասցեագրել Իսրայելին, այնուամենայնիվ, նույնպես փոքր-ինչ մեղմել է տոնը: Թուրք արտահանողների խորհրդի լիագումար նիստին մասնակցած վարչապետ Էրդողանը հերթական անգամ անդրադառնալով Միջերկրական ծովում տեղի ունեցած արյունալի միջադեպին, ասել է, որ իրենք խնդիր ունեն ոչ թե Իսրայելի ժողովրդի, այլ իշխանությունների հետ:
“Հակասեմականության գաղափարը չարաշահելու միջոցով ջանալ կոծկել սպանությունները, այլեւս համոզիչ չեն: Իսրայելի քաղաքականությունն արդեն աշխարհում ավելի շատ հակազդեցության է արժանանում”,- ասել է Էրդողանը` ընդգծելով, որ իրենք խաղաղություն են կամենում եւ իրազեկելու են իսրայելական իշխանությունների հանցագործության մասին: “Նման քաղաքականությամբ Իսրայելն իր անվտանգությունը երաշխիքի տակ չի առնում, այլ սպառնալիքի տակ է դնում: Իր շուրջը թշնամություն է տարածում”,- ասել է Թուրքիայի կառավարության ղեկավարը:

Անդրադառնալով նորից արաբական աշխարհին՝ նշենք, որ ամեն դեպքում իշխում է այն տեսակետը, որ արաբները չեն համախմբվի Թուրքիայի շուրջ: Դա կսրի Թուրքիա-Իրան հարաբերությունները, ինչը այսօր գոնե ձեռնտու չէ Անկարային: Թերեւս արաբական աշխարհը չի կարող մերձենալ Թուրքիային. նրանք շատ տարբեր ազգեր են, նաեւ հավատի մեջ նույնաբնույթ չեն ու շատ տարբեր շահեր ունեն տարածաշրջանում:

Այնուամենայնիվ, թուրքական այս “շարժը” արթնացրեց շատ արաբների: Նույնիսկ Պաղեստին-Իսրայել հարաբերություններում գրեթե չեզոք դիրք բռնած Եգիպտոսում պետական խորհրդին կից գործող Վերին վարչական դատարանը հաստատել է Առաջին ատյանի դատարանի որոշումը` եգիպտոսի քաղաքացիությունից զրկել նրանց, ովքեր ամուսնացած են Իսրայելի քաղաքացիների հետ: Դեռ 2009թ. Առաջին ատյանի դատարանն այդպիսի որոշում էր ընդունել պատգամավորական պահանջով, որը նախաձեռնվել էր եգիպտական խոշոր ընդդիմական “Եղբայր մուսուլմաններ” շարժման կողմից:

Իսկ Մարոկկոյի մայրաքաղաք Ռաբաթում բողոքի ակցիա է անցկացվել ընդդեմ Իսրայելի գործողությունների՝ կապված Գազայի հատված հումանիտար օգնություն տեղափոխող նավերի հետ: Այսպիսի բողոքի ցույցեր եղել են գրեթե բոլոր արաբական երկրներում:

Ի միջիայլոց, վերջերս դեպի Գազայի հատված ընթացող իռլանդական մի նավ էլ է բերման ենթարկվել իսրայելական ուժերի կողմից: Իսրայելական զինվորականները կալանել են Գազայի համար նախատեսված հումանիտար օգնության բեռով իռլանդական “Ռեյչըլ Կորրի” նավը, իսկ հայտնաբերված հումանիտար օգնությունը համապատասխան ստուգումներից հետո ուղարկվել է Գազայի հատված ցամաքային ճանապարհով:

Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի Թուրքիա կատարած այցի ընթացքում, ըստ ամենայնի, հստակեցվել են նաեւ Իսրայելի հետ հարաբերությունների խնդիրը եւ հետագա քայլերը, չնայած հաղորդվում է միայն, որ այցի ընթացքում ստորագրվել են մի շարք երկկողմ փաստաթղթեր՝ Թուրքիա ադրբեջանական գազի մատակարարման շուրջ:

Մեր այս անդրադարձը փորձեցինք ամփոփել Հայաստանի հրեական համայնքի ղեկավարների ինչ-որ մի տեսակետով, սակայն պարզվեց, որ համայնքի նախագահը հրաժարվել է մասնակցել որեւէ ասուլիսի՝ համայնքի խորհրդի որոշմամբ, որում նշված է, որ պետք է ձեռնպահ մնալ այդ խնդրի շուրջ որեւէ գնահատական տալուց. ասել է համայնքի նախագահ Ռիմա Վարժապետյանը, ով միայն նշել է. “Անհանգստանում եմ, քանի որ կարող եմ ասել այնպիսի բան, ինչն էլ կհանգեցնի Ադրբեջանի, Թուրքիայի հետ հերթական սկանդալի: Չեմ ցանկանում քաղաքական խնդիրների շուրջ խոսել, ձեռնպահ եմ մնում”: Կարծիք կա, որ նրան խորհուրդ են տվել չխառնվել քաղաքական հարցերին:
Ինչեւէ, եւս մեկ անգամ կրկնենք, որ թուրք-իսրայելական հակամարտությունը եթե նրանց հերթական խաղը չէ, ապա կարող է նպաստավոր իրավիճակներ ստեղծել Հայաստանի համար, որին պետք է պատրաստ լինել, որից պետք է առավելագույնս օգտվել:

Հայկ Թորգոմյան

“Լուսանցք” թիվ 153, հունիսի 10-16, 2010թ.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: