Հայ Թուրքական

by

Էրդողանը եւ տիկնիկները
Կարճ ժամանակ առաջ Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության ահաբեկչության դեմ պայքարի ստամբուլյան կոմիտեն ոստիկանության ուժերի հետ համատեղ իրականացված գործողությունների արդյունքում կանխել են Ռեջեբ Թայիփ Էրդողանի դեմ մահափորձը: Թուրքական “Միլիեթ” պարբերականը տեղեկացրել էր, որ անվտանգության աշխատակիցները այդ կասկածանքով ձերբակալել են 1 կնոջ եւ 3 տղամարդու:
Ըստ անվտանգության ծառայության` վերջինները ծրագրել են վարչապետի մահափորձը եւ դրա համար հատուկ պատրաստություն են անցել Հունաստանում: Նախնական վարկածով, պայթուցիկները պահվել են 2 տիկնիկների մեջ: Ծրագրվել է, որ մահափորձը իրականացվողները տիկնիկը ձեռքին մոտենալու էր Էրդողանին: Հանցագործների բնակարանում խուզարկության ժամանակ հայտնաբերվել են նռնակներ, պայթուցիկ նյութեր մամուլի ներկայացուցիչների կեղծ վկայականներ, նույնականացման քարտեր: Վերջինների միջոցով էլ հենց հանցագործները ծրագրել են մոտենալ վարչապետին:

ԱՄՆ-ի դեսպանի երազը
Հայ-թուրքական սահմանի բացումը, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների նորմալացումը դրական կազդեն 2 երկրների տնտեսությունների զարգացման վրա, “Հայ-թուրքական հարաբերություններ եւ միջսահմանային ռեգիոնալիզմ” թեմայով քննարկման ժամանակ ասել է ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպան Մարի Յովանովիչը:
Նա նշել է, որ շատերն են խոսում, թե սահմանի բացումը բացասական ազդեցություններ կունենա հայկական շուկայի վրա, “այդ բոլոր խնդիրները պետք է հաշվի առնել, չթերագնահատել հնարավոր մարտահրավերները: Բայց ակնհայտ է, որ սահմանի բացման դրական հետևանքներն ավելի մեծ կլինեն”: Նրա խոսքով, ոչ մի երկիր չի կարող զարգանալ եւ լինել ինքնաբավ` ունենալով փակ սահմաններ եւ կախված լինելով միայն մեկ միջանցքից: Սահմանի բացումով կնվազեն տնտեսական ու տրանսպորտային ծախսերը, կաճի մրցակցությունը, կբարձրանա հայկական ապրանքների որակը, արտահանման ծավալները, Հայաստանի առջեւ կբացվի 70-միլիոնանոց շուկա:
Դեսպանը նաեւ նշել է, որ հայկական ընկերությունները պատրաստակամություն են հայտնել մալուխներ քաշել եւ հեռահաղորդակցության կապ ապահովել, Հայաստանը պատրատ է էլեկտրաէներգիա արտահանել Թուրքիա:
Իսկ դեսպանը արդյո՞ք չի մոռացել այն վտանգները նշել, որոնք կապված են Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման, Հայոց պահանջատիրության-հայրենատիրության, “70-միլիոնանոց շուկա”-ի մեզ կլանման եւ էլի նման խնդիրների հետ:

Հայաստանի եւ Թուրքիայի կազմակերպությունները Թուրքիային կոչ են անում
ազատվել Թուրքիայի ՔՕ 301 հոդվածից

Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) Հայաստանի eu Թուրքիայի անդամ կազմակերպությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որը ներկայացրել է Թուրքիայի Մարդու իրավունքների պաշտպանության հիմնադրամի նախագահ Յավուզ Օնեն: “Համոզված ենք, որ մարդու իրավունքների պաշտպանությունը Թուրքիայում եւ Հարավային Կովկասում տարածաշրջանի բոլոր երկրներում խաղաղաստեղծ գործընթացի, հաշտեցման եւ բարի դրացիական հարաբերությունների գրավականն է եւ նպատակ ունի երաշխավորել սահմանների բոլոր կողմերում բնակվող անձանց անվտանգությունը, բարեկեցությունն ու արժանապատվությունը:
Կոչ ենք անում Հայաստանի եւ Թուրքիայի իշխանություններին եւ հասարակություններին համատեղել ջանքերը եւ ապահովել այնպիսի միջավայր եւ գործընթացներ, որ թույլ կտան հատուցել անցյալում տեղի ունեցած մարդու իրավունքների ոտնահարումների, այդ թվում` ազգության, կրոնի եւ այլ հիմքերով խտրականության համար, ինչպես նաեւ հավատարիմ մնալ միջազգային իրավական փաստաթղթերով ամրագրված մարդու իրավունքների պաշտպանության չափանիշներին”,- ասված է հայ եւ թուրք կազմակերպությունների համատեղ հայտարարության մեջ:
Կազմակերպությունները տարածաշրջանում դեպի մարդու իրավունքները հարգանքն ապպահովելու նպատակով հայցում են խոսքի ազատություն բոլոր երկրներում եւ առաջարկում են հրաժարվել բոլոր այն օրենքներից եւ գործողություններից, որ սահմանափակում են խոսքի ազատությանը, մասնավորապես` հայ-թուրքական երկխոսությանը խոչընդոտող Թուրքիայի Քրեական օրենսգրքի 301 հոդվածից: Այնուհետեւ հայտարարությունը շարունակվում է. “Հորդորում ենք Թուրքիայի եւ Հայաստանի իշխող եւ ընդդիմադիր բոլոր քաղաքական ուժերին կատարել իրենց պարտքը եւ ձեռնարկել 2 պետությունների եւ հասարակությունների միջեւ հարաբերությունները կարգավորելուն ուղղված բոլոր անհրաժեշտ քայլերը, մասնավորապես իրականացնելով դիվանագիտական հարաբերություններ հաստատելու եւ սահմանները բացելու վերաբերյալ երկկողմանի արձանագրությունը: Այս ուղղությամբ առաջընթացը եւ Թուրքիայում ժողովրդավարական ձեւըափոխումների գործընթացը բարենպաստ միջավայր կձեւավորեն Հայոց Ցեղասպանության ցավալի խնդրին անդրադառնալու համար:
Մենք դատապարտում ենք տարածաշրջանի պետությունների որոշ կառույցների ռազմատենչ հավակնություններով սնվող թշնամանքի բոլոր ձեւերն ու դրսեւորումները:
2 հասարակությունների միջեւ կամուրջներ կառուցելու նպատակով կոչ ենք անում 2 պետություններին իրականացնել ներառական քաղաքականություն եւ հրաժարվել սահնապափակող մոտեցումներից կյանքի բոլոր ոլորտներում:
Կոչ ենք անում 2 երկրների կառավարություններին եւ քաղաքացիական հասարակություններին խթանել հավասար եւ արդար վերաբերմունք բոլոր, այդ թվում` մամուլի, կրթության, վարչարարության, իրավակիրարկման եւ հանրային կյանքի այլ ոլորտներում”:
Ասուլիսում FIDH նախագահ Սուեր Բելասենը իր հերթին նշեց, որ FIDH-ի 7-րդ համագումարը, իր տուրքը մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ողջունում է Հայաստանում եւ Թուրքիայում իր անդամ կազմակերպությունների ջանքերը եւ իր լիակատար աջակցությունն է հայտնում Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի 37-րդ կոնգրեսի համատեքստում ընդունված համատեղ հայրարարությանը, մասնավորապես, հայտարարության մեջ նշված գործողությունների հեռանկարներին:
Ինչպես տեղեկացրեց Հայաստանի Քաղաքացիական հասարակության ինստիտուտի նախագահ Արտակ Կիրակոսյանը, հայկական կողմից հայտարարությանը միացել են Եվրոպական ինտեգրացիա ՀԿ-ն, Կովկասի ինստիտուտը, Տարածաշրջանային զարգացման եւ քաղաքացիական հասարակության ինստիտուտը, իսկ թուրքական կողմից` Մարդու իրավունքների ընկերակուցթյունը (IHD, Թուրքիա) եւ Մարդու իրավունքների Թուրքիայի հիմնադրամը (HRFT, Թուրքիա):

Թուրքը ցեղասպան եւ եղբայրասպան է…
Ըստ ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանի, ՀՀ-ն որպես պետություն պատրաստ է միաժամանակ 2 գործընթաց իրականացնել, բայց խնդիրներ են ծագում ու “ՀՀ-ն չի կարող միաժամանակ եւ ԼՂ-ի հիմնախնդրի կարգավորման եւ հայ-թուրքական հարաբերությունների բարելավմամբ զբաղվել”: Նա ասել է, որ մեր քաղաքական ուժերը ներգրաված չեն ոչ հայ-թուրքական եւ ոչ էլ ԼՂ-ի հիմնախնդրի կարգավորման գործընթացներում, այլապես գոնե քաղաքական ուժերի համար պետք է գաղտնազերծված լիներ, թե ինչ է կատարվում այդ գործընթացներում: Վ. Խաչատրյանը երկար ժամանակ ուսումնասիրել է թուրք ժողովրդին եւ հայտնաբերել, որ այն մյուսներից տարբերվում է ցեղասպանություն իրականացնելու ընդունակությամբ. “Շատ դժվար է գտնել մի ազգի, որն ապրած լինի Թուրքիայում եւ ենթարկված չլինի ցեղասպանության”:
Նա ծանոթացել Է Կոստանդնուպոլիսը թուրքերի կողմից նվաճելուց մի քանի տարի հետո հրապարակված օրենքներին եւ զարմացել. “Այնտեղ կետ կար, որը վերաբերում էր եղբայրասպանությանը: Տասնյակ տարիներ շարունակ թուրք հասարակությունն ապրել է եղբայրասպանության օրենքով: Այսինքն, նա ով դարձել է Թուրքիայի սուլթանը, պետք է դրան հասներ, երբ սպաներ իր բոլոր եղբայրներին”: Ուստի, թուրքերն այսօր բավականին հեռու են եվրոպական արժեքներից եւ Եվրոպան լուրջ խնդիրների առաջ է կանգնելու 70 մլն.-անոց Թուրքիային իր կազմում ընդունելու դեպքում:

Վանի բնակիչները պատրաստվում են դիմավորել հայերին
Վանեցիները պատրաստվում են ինչպես հարկն է դիմավորել ու պատվել այն հայերին, որոնք սեպտեմբերի 19-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցում տրվելիք պատարագին մասնակցելու համար աշխարհի տարբեր երկրներից մեկնելու են Վան:
Տեղական թերթերից մեկը նույնիսկ “Վան եկող հայերի առջեւ բացում ենք մեր տան դռները” խորագրով արշավ է սկսել, որին իրենց աջակցությունն են հայտնել քաղաքապետարանն ու հասարակական կազմակերպությունները:
Մեծ է նաեւ Վանի բնակիչների ոգևորվածությունը: Նշված թերթը, որ լույս է տեսնում թուրքերեն, քրդերեն, ֆրանսերեն եւ անգլերեն լեզուներով, սեպտեմբերի 19-ին հրապարակվելու է նաեւ հայերեն լեզվով: 2 օրվա ընթացքում 300 լրատվամիջոցներ լուսաբանելու են այդ իրադարձությունը: Դեռ 4 ամիս կա Սուրբ Խաչում կազմակերպվելիք կրոնական արարողությանը, բայց արդեն Վանի հյուրանոցները գրեթե բոլոր համարները նախապես պատվիրված են:
Հիշեցնենք, որ պատմական Հայաստանի Վան նահանգի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղցին 2007թ. վերանորոգումից հետո գործում է որպես թանգարան: Գմբեթը խաչազուրկ է: Այս տարի սեպտեմբերի 19-ին եկեղեցում մատուցվելու է պատարագ ու այդուհետեւ տարին 1 անգամ կրոնական արարողություն է կազմակերպվելու:
Վանը եղել է Արեւմտյան Հայաստանի 6 նահանգներից մեկը (Բիթլիս (Բաղեշ), Էրզրում (Կարին), Խարբերդ, Դիարբեքիր, Սեբաստիա (Սվաս)): Վանի նահանգը զբաղեցնում է մոտ 40 հազար քմ տարածք, բնակչությունը` մինչեւ Մեծ եղեռնը 350.000 մարդ էր, որից 200.000-ը հայեր էին: Այսօր բնակչության մեծամասնությունը քրդեր են: Բաժանված է 2շրջանի (սանջակ)` Վանի եւ Հաքքարիի: Նահանգի կենտրոնը Վան քաղաքն է, որն Արեւմտյան Հայաստանի կենտրոնական եւ հայաշատ քաղաքներից է: “Գեղեցկություն՝ ահա այդ աշխարհի անունը մի բառով”,- ասել է պատմաբան Լեոն Վանի մասին:

Սեփ. լրատվություն

“Լուսանցք” թիվ 153, հունիսի 10-16, 2010թ.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: