Ադրբեջանի խորհրդարանն օրերս արտահերթ նիստում ընդունել է երկրի ռազմական հայեցակարգը: Այն բաղկացած է 75 մասից եւ ներառում է 7 հիմնական դրույթ: Փաստաթղթում արտացոլվել են Ադրբեջանի ազգային անվտանգությանը, տարածաշրջանում ռազմական սպառնալիքներին, արագ տեմպերով զինվելուն առնչվող հարցեր, ինչպես նաեւ Ադրբեջանի ԶՈւ պարտավորությունները, միջազգային ռազմական համագործակցությունը եւ տարածաշրջանում Ադրբեջանի առաջնահերթությունները:
Հայեցակարգում Հայաստանը կրկին ներկայացվել է որպես “ագրեսոր”, ներառվել են նաեւ այն խնդիրները, որոնք ծագում են դրա հետեւանքով: Ներկայացված են անվտանգության ահռելի ռիսկերը:
Նախատեսում են նաեւ որոշակի բացառություններ երկրի տարածքում օտարերկրյա ռազմական բազաների տեղակայման առումով: Փաստաթղթում ասված է, որ անհրաժեշտության դեպքում Ադրբեջանը իրեն է վերապահում վերոհիշյալ լիազորությունները:
Եվ այսպես՝ մենք Ադրբեջանի “հայեցակարգային թշնամին” ենք եւ մեր դեմ այդ երկրում կարող են ստեղծվել ռազմաբազաներ: Սա արդեն լուրջ ահազանգ է՝ հատկապես վերջերս բարձրացված համաթուրքական “թոհ ու բոհից” իրապես զգուշանալու եւ հակընդդեմ լուրջ քայլեր նախաձեռնելու առումով:
* * *
ԼՂՀ ՊԲ նախարար Մովսես Հակոբյանը անդրադառնալով ադրբեջանցիների կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերին ու ռազմատենչ հայտարարություններին՝ ասել է. “Ադրբեջանա-արցախյան հակամարտության գոտում հրադադարի հաստատումից հետո պաշտոնական Բաքուն միշտ էլ հանդես է եկել նման ռազմատենչ հայտարարություններով: Դա անակնկալ չէ, իսկ Արցախը եւ զինված ուժերը եղել եւ մնում են այն համոզման, որ մեր տարածաշրջանում պատերազմը դեռ շարունակվում է: Այստեղ խնդիրը ծավալների մեջ է… Իսկ ավելի լայնածավալ առճակատումների Արցախի զինված ուժերը պատրաստ են”:
Հայաստանն ավանդաբար շատ ուժեղ բանակ է ունեցել
Ստոկհոլմի Համաշխարհային խաղաղության հետազոտության ինստիտուտը հրապարակել է աշխարհի տարբեր երկրների ռազմական բյուջեների աճի վերաբերյալ զեկույց, որտեղ նշվում է, որ 2009թ. աշխարհում սպառազինման վրա արվող ծախսերը ավելացել են 5,9%-ով՝ հասնելով 1,5 տրիլիոնի:
Ամերիկյան հեղինակավոր մի պարբերական, վկայակոչելով այդ զեկույցը, գրել է, որ ԱՄՆ-ն շարունակում է մնալ ռազմական ուժերի վրա ամենաշատ ծախսող երկիրը, որին հաջորդում է Չինաստանը: Ռազմական բյուջեները աճել են մասնավորապես նավթով հարուստ երկրներում:
Մատնանշվել է նաեւ Ադրբեջանը: Այս երկրում ռազմականացման վրա ծախսերը 2000թ. մինչեւ 2009թ. աճել են 471%-ով: “Դա պոտենցիալ վտանգ է ստեղծում”,- ասել է զեկույցի համահեղինակներից Սեմ Պերլո-Ֆրիմենը եւ հավելել. “Չնայած անխուսափելի ոչինչ չկա սպառազինության աճի մրցավազքում՝ դա կարող է պատերազմի հանգեցնել”:
Ամերիկյան պարբերականը գրել է, որ Կենտրոնական Ասիայում Ադրբեջանը նավթից ստացված եկամուտներն ուղղել է ռազմական ուժերի, մասնավորապես Հայաստանի հետ սահմանում ուժերի վերազինմանը: Այս համատեքստում պարբերականը գրել է. “Ի դեպ, Հայաստանն ավանդաբար շատ ուժեղ բանակ է ունեցել եւ բացի այդ, ունի նաեւ բարենպաստ աշխարհագրական դիրք”: Վկայակոչվել է Միջազգային ճգնաժամային խմբի նախորդ տարվա զեկույցը, որում նշվել է, որ Ադրբեջանի ռազմականացումը հնարավոր է Հայաստանի հետ “նուրբ հաշտությունը” դնի վտանգի տակ: Ադրբեջանը Հայաստանի հետ բռնոցի է խաղում, — ասել է Սեմ Պերլո-Ֆրիմենը` խոսելով Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության մասին:
Արտակ Հայոցյան
Արցախի հերթական Ազգային Ժողովը
Հունիսի 10-ին տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը, որի ժամանակ ընտրվել է ԼՂՀ օրենսդիր մարմնի նախագահը: Գաղտնի քվեարկությամբ 29 կողմ, 3 դեմ ձայներով (մեկ ընտրաթերթիկ անվավեր է ճանաչվել) ԱԺ նախագահ է ընտրվել Աշոտ Ղուլյանը, ով ղեկավարել է նաեւ 4-րդ գումարման խորհրդարանը:
Թողնել պատասխան