Եղբայրական եւ կրոնական “այրումներ”
Վերջերս Թեհրանում տեղի ունեցավ մի բավական հետաքրքիր իրադարձություն՝ իրանցիները հերթական անգամ, եւ արդեն հրապարակավ, այրեցին ադրբեջանական դրոշը, իսկ Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա նեխած ձվեր նետվեցին:
Վստահաբար այս ամենը թուրք-ադրբեջանական համաթուրանական նկրտունմների հետեւանք են: Բաքուն Անկարայի հովանու ներքո սկսել է բացահայտորեն ակնարկել ոչ միայն հայկական տարածքներին տիրելու, այլեւ՝ իրանյան 2 Ադրբեջանները՝ Ադրբեջանի հանրապետությանը միացնելու մասին:
Ադրբեջանի ազգային խորհրդանիշն արդեն առանձնակի հարգանք չի վայելում հարեւան երկրներում՝ եղբայրական Թուրքիայում եւ կրոնակից՝ իսլամական Իրանում: Նախ՝ ադրբեջանական դրոշների հանդեպ անհարգալից վերաբերմունք ցուցաբերվեց թուրքական Բուրսա քաղաքում՝ անցյալ տարի Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների հանդիպման ժամանակ: Թուրք ոստիկանները մարզասերներից խլում էին ադրբեջանական դրոշները եւ նետում աղբարկղների մեջ… Սակայն ադրբեջանական դրոշի այրումը Թեհրանում ձեռք է բերում բոլորովին այլ իմաստ, երբ իրադարձությունը դիտարկվում է նաեւ Կովկասի (հայ-թուրքական հարաբերությունների սառեցում, հայ-ադրբեջանական եւ իրանա-ադրբեջանական հարաբերությունների շիկացման փորձեր) եւ Մերծավոր Արեւելքի տարածաշրջանում (թուրք-իսրայելական հարաբերությունների սրում) վերջին իրադարձությունների համատեքստում:
Իրանական նախապատրաստություն
Իրանի զինված ուժերը կանցկացնեն օդային զորավարժություններ: ԻԻՀ բանակի օդային ուժերի հրամանատարի տեղակալ, բրիգադի գեներալ Մոհսեն Դարեբաղին հայտնել էր, որ առաջիկայում երկրի զինված ուժերը պատրաստվում են անցկացնել լայնածավալ օդային զորավարժություն: Անդրադառնալով Իրանի նկատմամբ արտաքին սպառնալիքներին, նա նշել է, որ եթե Իսրայելը փորձի հարձակվել Իրանի վրա, ապա ջախջախիչ պատասխան կստանա Իրանի զինված ուժերի կողմից: Միեւնույն ժամանակ նշել է, որ Իրանի զինված ուժերը Թավրիզում (Արեւելյան Ադրբեջան) տեղակայված ռազմակայանում էսկադրա ունեն, որից կարելի է արդյունավետ օգտվել:
Այս ամենից առաջ ԻԻՀ-ն Ադրբեջանի Հանրապետության (ԱՀ) սահմանին՝ Նորդուզ շրջանի Ուչ Դիբին գյուղի մոտակայքում, ծանր զրահատեխնիկա է տեղակայել (հրետանի, հակաօդային պաշտպանության եւ հրթիռային համակարգեր), որոնք տեղակայված են լեռնային շրջաններում եւ ուղղված՝ դեպի ԱՀ:
Վերոնշյալ զորավարժության ընթացքում կօգործարկվեն F4, F5, F7 եւ SU 24 կործանիչները, ինչպես նաեւ՝ իրանական արտադրության “Միրաժ” ռազմական օդանավը:
Այս ամենին Իրանին մղում է նաեւ Բաքու-Թել Ավիվ կապը…
Թեհրանը պատրաստ է
ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեջադը հայտարարել է, թե ՄԱԿ Անվտանգության խորհուրդը հավանության արժանացնելով Իրանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանող բանաձեւը, ցույց տվեց իր իրական դեմքը: “Պատժամիջոցներ կիրառելով Իրանի նկատմամբ, նրանք ցանկանում կոծկել Իսրայելի հանցագործությունը նավատորմի դեմ եւ պաշտպանում են նրան բոլոր ասպարեզներում: Չնայած այս ամենին, հայտարարում եմ, որ իսրայելական ռեժիմի վերջը հասունացել է: Իսրայելական ռեժիմի հանցագործությունները պատմության ընթացքում հայտնի են”,- ընդգծել է ԻԻՀ նախագահը, հավելելով, թե չնայած ստեղծված իրավիճակին, իր երկիրը միշտ էլ պատրաստ է խնդիրները լուծել բանակցությունների միջոցով:
Կարեն Բալյան
Իրանն իր դրամական պահուստները եվրոյից վերածում է դոլարի
Իրանի կենտրոնական բանկը իրականացնում է տնտեսական նոր ռազմավարություն, որը կայանում է երկրի մոտ 45 մլրդ. եվրո դրամական պահուստի վերածումը դոլարի եւ ոսկու: Այս մասին հաղորդել է իրանական “Press TV” հեռուստաընկերությունը:
Իրանը ԱՄՆ-ի սեմ հանդես գալով, հրաժարվել էր նաեւ ամերիկյան դոլարն օգտագործելուց, սակայն կենտրոնական բանկի նոր քաղաքականության պատճառ է հանդիսացել Եվրոպայում վատթարացող տնտեսական վիճակը (մասնավորապես Հունաստանում, ինչը բերեց միջազգային շուկայում եվրոյի զգալի արժեզրկմանը):
Իսկ իրանական “Ջամե ջամ” օրաթերթի տեղեկացմամբ, երկրի ԿԲ-ի մշակած տնտեսական նոր ռազմավարությունն ընթանալու է երեք փուլով, որից առաջինն արդեն մեկնարկել է: Այլ մանրամասներ նոր ռազմավարության հետ կապված չի հաղորդվում:
Սեփ. լրատվություն
“Լուսանցք” թիվ 154, հունիսի 18-24 2010թ.
Թողնել պատասխան